Անելք Թունել

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

Այսօր մարտի մէկն է, գարնան առաջին, եւ Նիկոլ Փաշինեանի հերթական քայլարշաւի, օրը: Քայլարշաւը գուցէ գարնան սկզբից աւելի յաջող ստացուի, որովհետեւ նուիրուած է 2008-թուականի մարտի 1-ի իրադարձութիւնների բացայայտման զգայացունց թեմային: Միամիտ մէկն այս պահին կարող է մտածել. Նիկոլ Փաշինեանը որպէս ընդդիմադիր պահանջելու է գործի բացայայտումը՞, թէ՞ որպէս երկրի ղեկավար խոստանալու է, որ այն կը բացայայտուի, մանաւանդ որ ամիսներ առաջ յայտարարել էր թէ «մարտի 1-ը» բացայայտուած է:

ի հարկէ այս գործի բացայայտումը ցանկանում են գրեթէ բոլորը եւ ենթադրում եմ, այդ գրեթէ բոլորը ցանկանում են գործի ամբողջական բացայայտումը: Օրինակ ինձ համար հետաքրքրութիւն ներկայացնող անպատասխան հարցերի թւում են այն հանգամանքները թէ.

-10 սպաննուածների թւում ո՞վ էր աւտոմատով կրակողը Լէօ փողոցի որսորդական խանութի առջեւ կանգնած ներքին գործերի զինծառայողի վրայ, եւ ով էր նռնակ նետել ոստիկանութեան կապիտանի ոտքերի տակ,

-ու՞մ պատուէրով էին նախապէս պատրաստուել հարիւրաւոր երկաթէ ձողերն ու ոզնիները, որոնք ակտիւօրէն գործադրուեցին տուեալ օրը,

-երբ Լէօ-պռոշեան խաչմերուկը փակած ոստիկանութեան անզէն զինծառայողների շղթան ճեղքելու համար երեք մեքենայ քշուեց նրանց վրայ, պռոշեանով դէպի վեր ձգտելով ի՞նչ նպատակակէտի էր ցանկանում հասնել ցուցարարների տուեալ զանգուածը,

-ինչու՞ այնուամենայնիւ միջոցառումների առաջնորդները մարտի 1-ի կէսօրին չընդունեցին քաղաքի տարբեր վայրերից մէկում, այդ թւում Մատենադարանի առջեւի հրապարակում, ցոյցերը շարունակելու իշխանութիւնների համաձայնութիւնը…

Հարցերը շատ են, սակայն, տուեալ դէպքում, մեր ասելիքը ուրիշ թեմայով է:

-Ժողովրդային շարժման ճանապարհով իշխանութեան եկած ուժը հանրահաւաք է կազմակերպում նախորդ իշխանութեան դէմ`11-տարի առաջ տեղի ունեցած իրադարձութիւնների համար:
-երկրորդ անգամ կալանաւորուած է տուեալ ժամանակահատուածում իշխանավարած նախագահը:

-Վերոնշեալ եւ այլ պատճառներով քրէական մեղադրանքներ են յարուցուել կամ նման գործերի մէջ, առայժմ որպէս վկաներ, ներգրաւուած են նախկինում պաշտօնավարած պաշտօնեաներ, գործարարներ, զինուորականներ, որոնց թւում են երրորդ նախագահը, երկրորդ եւ երրորդ նախագահների հարազատները:

-Նոր իշխանութեան պաշտօնավարման շրջանում քրէական գործեր են յարուցուել բազմաթիւ գիւղապետերի, դպրոցների տնօրէնների պետական պաշտօնեաների դէմ:

-Անցանկալի պաշտօնեաներից փորձ է արւում ազատուել քրէական գործեր յարուցելու կամ զանգուածային ճնշման ճանապարհներով:

-Դատարանները յաճախակի կայացնում են որոշումները, որոնք յետոյ բեկանւում կամ փոփոխւում են, փոխւում են մեղադրական յօդուածները, ընդ որում` այս ամէնը ուղեկցւում է բարձրագոյն պաշտօնեաների մեկնաբանութիւններով ու գնահատականներով, ինչպէս եւ ցուցարարների ուղղակի ճնշմամբ:

-Բացայայտւում են չարաշահումներ, ֆինանսական-նիւթական բնոյթի յանցագործութիւններ, սակայն մեղաւորների նկատմամբ գործեր չեն յարուցւում, վերջիններիս կողմից որոշակի գումարներ «ետ մուտք անելու» պայմանով:

-Մի շարք լրատուամիջոցներ զրկւում են որպէս խմբագրատներ ծառայող տարածքներից:

-Սոցցանցերում գործում են խմբեր, որոնց անելիքն է, հայհոյանքով ու վիրաւորանքով լռեցնելը այն մարդկանց, ովքեր կը համարձակուեն քննադատել իշխանութիւններին եւ առանձին բարձր պաշտօնեաների:

-Ուղղակի կամ անուղղակի կերպով ազդեցութիւն է կիրառւում մարդկանց նկատմամբ ովքեր քննադատում են իշխանութիւններին եւ նրանց կատարած այս կամ այն քայլը:

-Երկրում վերացուած չեն, այսպէս կոչուած, յեղափոխականների եւ հակայեղափոխականների միջեւ պահպանուող բաժանարարները:

-Երկրի ողջ իշխանութիւնը փաստականօրէն տնօրինող իշխանութիւնը կայացնում է որոշումներ հաշուի չառնելով հանրային տրամադրութիւնները եւ տրորելով սահմանադրութեան եւ օրէնքների սահմանները:

-Այս ընթացքում չեն դրսեւորւում երկրի սոցիալ-տնտեսական բարեփոխումների ծրագրեր ու քայլեր:

-Արձանագրուել են առաջին դէպքերը, երբ նորընտիր իշխանութեան առանձին ներկայացուցիչները կասկածւում են կոռուպցիոն բնոյթի գործարքների մէջ:

Եթէ անհրաժեշտ է, որ շեշտուի ապա այս դէպքում էլ շեշտենք, որ ի հարկէ բոլոր տեսակի յանցագործութիւնները պէտք է բացայայտուեն եւ մեղաւորները կանգնեն պատասխանատուութեան առաջ` անկախ մարդկանց նախկին ու ներկայ կարգավիճակներից, արարքների կատարման ժամկէտներից: Նոյնքան աներկբայ պէտք է լինի նաեւ այն հանգամանքը, որ մարդկանց նկատմամբ մեղադրանքներ առաջադրուեն հիմնաւոր ապացոյցների դէպքում, առանց բացառութեան պահպանելով անմեղութեան կանխավարկածի սկզբունքը:
եւ այնուամենայնիւ:

Այն թուարկումները, որ արուեցին վերեւում արդեօ՞ք ծանօթ չթուացին ընթերցողին: Արդեօ՞ք նոյնանման պատմութիւններ յայտնի չեն այլ վայրերից եւ այլ ժամանակներից:

Մեր երկիրը չի՞ գնում նոյն խոտոր ճանապարհով, որով գնացել են ուրիշները եւ գիտենք ուր են հասել: Այս ճանապա՞րհն է արդեօք միակ այլընտրանքը ներքին ու արտաքին բազմաթիւ մարտահրաւէրների:

Առանց չարախնդալու կամ վախեցնելու ուզում եմ արձանագրել համեստ կարծիքս` սա ընթացք է մի թունելի միջով, որը ելք չունի:

Թերեւս կարելի է վիճել միայն հանգուցալուծումների ժամկէտների վերաբերեալ:

Leave a Comment

You must be logged in to post a comment.