Նախիջեւան. ռազմաքաղաքական հարցեր

Կարէն Վերանեան

Տարածաշրջանային հարցերու փորձագէտ

Տեղեկատուական եւ այլ հարցեր

Եթէ ուշադիր հետեւենք, վերջին երկու տասնամեակների կտրուածքով, Նախիջեւանի շուրջ ներքին ու արտաքին զարգացումներին, ապա դժուար չէ նկատել, որ այդ ուղղութեամբ մետիա տիրոյթում առկայ է տեղեկատուութեան սղութիւն։ Նախիջեւանեան գործընթացների վերաբերեալ տեղեկատուութեան խիստ սահմանափակութեան հանգամանքը թերեւս ունի ինչպէս առարկայական, այնպէս էլ ենթակայական դրդապատճառներ։ Նախ՝ տպաւորութիւն է ստեղծւում, որ նշեալ ժամանակաշրջանում տարածաշրջանային ու, առհասարակ, միջազգային գործընթացներում նուազել է Նախիջեւանի նշանակութիւնը, հետեւաբար` դրա վերաբերեալ մամուլում տեղ գտած անդրադարձները առանձնացել են տեղեկատուութեան սահմանափակութեամբ։ Միւս կողմից` թերեւս դժուար է չհամաձայնել, որ նախիջեւանեան գործընթացների ուղղութեամբ տեղեկատուական հոսքերը, խոշոր հաշուով, վերահսկելի են, ուստի այդ զարգացումների վերաբերեալ լրատուութիւնը ներկայացւում է այնքան, որքան անհրաժեշտ է, այնպէս, ինչպէս պէտք է։ Նախիջեւանի շուրջ առկայ տեղեկատուական շուկան հիմնականում վերաբերում է այդ ինքնավարութեան ռազմականացման, ռազմաքաղաքական գործընթացներին, որոնք ուղղակիօրէն պայմանաւորուած են թուրքական գործօնով։ Ի հարկէ, Նախիջեւանի վերաբերեալ մետիա անդրադարձներում հանդիպում է նաեւ ինքնավարութեան տնտեսական, հաղորդակցութեան հարցերին վերաբերող լրատուութիւն, որը, որպէս կանոն, առնչութիւն ունի Իրանի հետ, սակայն համեմատութեան կարգով նշենք, որ այն քանակական առումով զգալիօրէն զիջում է իր դիրքերը Նախիջեւանի ռազմականացման թեմատիկային։

Հաշուի առնելով Նախիջեւանում ընթացող ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական զարգացումների ու միտումների ուղղութեամբ Անգարայի ուղղակի ազդեցութիւնը եւ մասնակցութիւնը, կարծում ենք, որ նախիջեւանեան թեմատիկայով տեղեկատուական հոսքերը մեծ մասամբ վերահսկելի են, եւ այդ գործում զգալի է հենց Թուրքիայի դերը։ Ի հարկէ, Նախիջեւանի վերաբերեալ կարելի է տեղեկատուութիւն գտնել նաեւ տեղական հեռուստաընկերութեան, մի քանի ելեկտրոնային պարբերականների միջոցով, սակայն այստեղ նախ պահանջւում է մասնագիտական-հետազօտական մօտեցում, երկրորդ՝ ամենայն հաւանականութեամբ, այդ տուեալները կրկին վերահսկելի են եւ հանրայնացւում են, այսպէս ասած, «զտուելէն» յետոյ։

Այստեղից կարող ենք ասել, որ նախիջեւանեան գործընթացների վերաբերեալ մետիա դաշտում առկայ տեղեկատուութիւնը միանշանակ չէ, դրա հաւաստիութեան առարկայական խնդիր կայ, ուստի հայկական մետիա տիրոյթում միայն այդ աղբիւրների հիման վրայ դրանց ներկայացումը յանգեցնում է եւ կը յանգեցնի խնդիրների՝ տարբեր առումներով՝ տեղեկատուական, անվտանգային եւ այլն: Խնդիրն առաւել քան արդիական է եւ մտահոգիչ այն առումով, որ վերջին շրջանում նախիջեւանեան ուղղութեամբ տեղ գտած փոխհրաձգութիւնների, հայկական ու ատրպէյճանական դիրքերի առաջմղման վերաբերեալ տուեալները շատ յաճախ մեքենականօրէն արտատպւում էին հայկական մամուլում՝ հիմնուելով զուտ ատրպէյճանական-նախիջեւանեան, ինչպէս նաեւ թուրքական մամուլի վրայ։ Այդ հարցում, ի հարկէ, կարեւոր է նաեւ պետութիւն-փորձագիտական հանրութիւն-մետիա տիրոյթ փոխգործակցութիւնը, որը հնարաւորութիւն կը տայ ժամանակին վերլուծելու նման տուեալները եւ հանրութեանը ներկայացնելու հնարաւորինս հաւաստի տեղեկատուութիւն։

Վերը նշուածի ցայտուն օրինակ էին նախորդ տարուայ կէսերին նախիջեւանեան ուղղութեամբ դիրքային փոխառաջխաղացման իրադարձութիւնները։ Պաշտօնական Պաքուի հաղորդագրութիւնների համաձայն` Ատրպէյճանը Նախիջեւանում կարողացել է իր վերահսկողութեան տակ վերցնել 11 հազար հեքթար տարածք։ Իրականում սա տեղեկատուական ծուղակ էր։ Ի հարկէ, այդ փուլում ատրպէյճանական կողմը կարողացել է սահմանի որոշ հատուածներում անցնել դիրքային առաւել նպաստաւոր պայմանների, սակայն հայկական կողմը նոյնպէս դիրքային նպաստաւոր պայմաններ է ստացել այլ սահմանային հատուածներում։ Եւ այս ամէնում կարեւորագոյն հարցը նա է, որ կողմերի միջեւ դիրքային փոփոխութիւնների հետեւանքով պահպանւում է ուժային հաւասարակշռութիւնը, իսկ դա ցոյց է տալիս, որ ատրպէյճանական աղբիւրների ներկայացրած տեղեկատուութիւնը խեղաթիւրուած է, ուռճացուած։

Ուսումնասիրութեան շրջանակում կարեւոր հարցերից մէկն էլ վերաբերում է Նախիջեւանի շուրջ իրաւական, իրաւաքաղաքական հարցերին: Նախիջեւանեան հարցի ուղղութեամբ փորձագիտական դաշտում շատ է շեշտադրւում հարցի իրաւաքաղաքական, պայմանագրային կողմի կարեւորութիւնը: Կարծում ենք, որ միջազգային յարաբերութիւններում այսօր բաւական խնդրայարոյց իրավիճակ է ստեղծուել առհասարակ իրաւաքաղաքական մեքանիզմների արդիւնաւէտութեան հիմնահարցերի վերաբերեալ: Քիչ չեն դէպքերը, երբ առկայ են գործող պայմանագրեր, նոյնիսկ՝ միջազգային նշանակութեան, սակայն իրականում դրանք չեն պահպանւում: Ասելիքն այն է, որ եթէ տուեալ դէպքում Նախիջեւանի հարցում, ենթադրաբար, ունենանք ուժային հաւասարակշռութեան խախտում կամ ֆորսմաժորային իրավիճակ, չենք կարծում, որ այդ ուղղութեամբ առկայ իրաւաքաղաքական, պայմանագրային սկզբունքները, կէտերը լինեն որոշիչ:

Ռազմականացման միտումները` Նախիջեւանում

Նախեւառաջ մեզ համար առաջնահերթ խնդիր է հասկանալ՝ ի վերջոյ, Նախիջեւանը Հայաստանի դիտանկիւնից ներկայանում է որպէս ռեսո՞ւրս, թէ՞ խնդիր։ Հարցի նման ձեւակերպումը եւ դրա ուղղութեամբ անհրաժեշտ փորձագիտական վերլուծութիւններն ու գնահատականները հնարաւորութիւն կը ստեղծեն համապարփակ ու առարկայական գիտելիքներ ունենալու այդ ուղղութեամբ։ Դա, ըստ էութեան, առանձին, համապարփակ հետազօտութիւն է: Ինչեւէ, անդրադառնալով մեր նիւթին, նշենք, որ Հայաստանի անվտանգութեան տեսանկիւնից առաւել մտահոգիչ են վերջին տասնամեակում Նախիջեւանի ռազմականացման միտումները, որոնք իրենց ազդեցութիւնն են թողնում տարածաշրջանում ուժերի յարաբերակցութեան, հաւասարակշռութեան՝ մինչ այժմ գործող տիրող իրավիճակի պահպանման գործընթացի վրայ։

Նախիջեւանում ռազմատեխնիկայի կուտակման եւ սպառազինման գործընթացն աւելի աշխոյժ փուլ անցաւ յատկապէս 2016-ի ապրիլեան ռազմական գործողութիւններից յետոյ, որի հետեւանքով տարածաշրջանը յայտնուեց որակապէս նոր ռազմաքաղաքական իրավիճակում։ Փորձագիտական հանրութեան մի հատուածի գնահատականներով՝ ՆԻՀ (Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւն) ռազմականացման աշխոյժ գործընթացն ուղղակիօրէն պայմանաւորուած է Հայաստանի կողմից «Իսկանդեր» հրթիռների ձեռքբերմամբ, ասել է թէ՝ հայկական կողմը հրթիռակոծման սպառնալիքի տակ է պահում Պաքուն, ատրպէյճանական կողմը՝ Երեւանը` Նախիջեւանից:

Դժուար չէ նկատել, որ ՆԻՀ ռազմականացման գործընթացում առանձնայատուկ դերակատարում ունի Թուրքիան, որն արտայայտւում է հարցի ինչպէս ռազմատեխնիկական, այնպէս էլ ռազմաքաղաքական բաղադրիչի հարթութիւնում։ Աւելին` ՆԻՀ ռազմականացման գործընթացն ուղղորդում է հենց պաշտօնական Անգարան։

Ներկայացնենք որոշ տուեալներ. 2013-ի Դեկտեմբերի 20-ին յայտնի դարձաւ, որ ՆԻՀ 5-րդ բանակային զօրասիւնի հիման վրայ ստեղծուելու է «առանձին համազօրային բանակ», որն, ըստ ատրպէյճանական պաշտօնական աղբիւրների, ծառայելու է ՆԻՀ պաշտպանական համակարգի արդիւնաւէտութեան բարձրացման, մէկ ընդհանուր կենտրոնից կառավարման նպատակներին։ Իսկ արդէն 2014-ի Մայիսի 19-ին կայացաւ ինքնավարութեան տարածքում տեղակայուած «առանձին համազօրային բանակի» ստորաբաժանումներին նոր մարտական դրօշի տրամադրման հանդիսաւոր արարողութիւնը։ Նշենք, որ միջազգային հասկացողութեամբ, համազօրային բանակը զինուորական միաւոր է, որն ունակ է ինքնուրոյն լուծել մարտական խնդիրներ: Ի դէպ, ՆԻՀ-ում տեղակայուած զօրասիւնը բաւական մարտունակ է եղել, ինչը, թերեւս, պայմանաւորուած է զօրասիւնի՝ թուրքական զինուորական հրամանատարութեան անմիջական վերահսկողութեան տակ գտնուելու հանգամանքով։

Մտահոգիչ է նաեւ վերջին շրջանում Նախիջեւանում նոր ռազմական գնդի ձեւաւորման փաստը, որի բացման արարողութեանն անձամբ ներկայ է եղել Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Վերջին տարիներին ՆԻՀ-ում աշխուժօրէն ընթացող` ռազմական սարքերի եւ սպառազինութիւնների կուտակման գործընթացի համատեքստում խօսւում է շուրջ 300-350, իսկ որոշ աղբիւրներով` 400 միաւոր ռազմական սարքաւորումների մասին, այդ թւում՝ հրթիռային համակարգերի, հրետանու, զրահամեքենաների: Առաւել անհանգստացնող է «Սմերչ» տեսակի համազարկային կրակի համակարգերի (ՀԿՀ), թուրքական «Ռոկեթսան» ընկերութեան մի քանի միաւոր T-300 Kasirga, ինչպէս նաեւ T-122 Sakarya ՀԿՀ-ների մատակարարումը Նախիջեւանին։ Հաշուի առնելով սահմանի ոչ այնքան մեծ հեռաւորութիւնը Երեւանից (ընդամէնը 60 քլմ)՝ իսկապէս, սա լուրջ մտահոգութեան տեղիք է տալիս: 2017 թ.-ի Օգոստոսին համացանցում յայտնուեց Նախիջեւանում ատրպէյճանցիների կողմից ռուսական արտադրութեան Սու-25 ռազմական ինքնաթիռների ուսումնական թռիչքները ցուցադրող տեսանիւթ:

Ռազմական սարքաւորումների եւ սպառազինութիւնների կուտակումներին զուգահեռ, վերջին տարիներին ՆԻՀ-ում կանոնաւոր բնոյթ են ստացել զօրավարժութիւնները, որոնք անցկացւում են նաեւ Թուրքիայի հետ համատեղ։ 2014 թ.-ի Ապրիլի կէսերին ՆԻՀ-ում ատրպէյճանի իշխանութիւններն անցկացրին լայնամասշտապ զօրավարժութիւններ, որոնց մասնակցում էին օդուժը, ՀՕՊ (Հակաօդային Պաշտպանութիւն) համակարգերը, հրթիռային, հրետանային զօրքերը եւ այլ զօրատեսակներ: Զօրավարժութիւնների ընթացքում ստուգուելու էր Նախիջեւանում տեղակայուած զօրամասերի պատրաստուածութիւնը: 2016 թ.-ի Հոկտեմբերի 3-ին Նախիջեւանում մեկնարկեցին հրամանատարաշտապային զօրավարժութիւնները: Ատրպէյճանի ՊՆ հաղորդմամբ՝ զօրավարժութիւնների ընթացքում զօրամասերը եւ ստորաբաժանումներն իրականացնելու էին ՆԻՀ տարածքը պաշտպանելու խնդիրներ, փորձարկուելու էին հակառակորդի յարձակումը եւ սպառնալիքները կանխարգելելու միջոցառումներ, հրթիռահրետանային համակարգերի, օդուժի եւ սպառազինութեան այլ միջոցներով ստորաբաժանումներն իրականացնելու էին պայմանական հակառակորդի պաշտպանութեան խորքում տեղակայուած ռազմավարական թիրախների ոչնչացման խնդիրներ: Իսկ 2016 թ.-ի Նոյեմբերին Ատրպէյճանում անցկացուած լայնամասշտապ զօրավարժութիւններին տագնապի ազդանշանով ներգրաւուած էին նաեւ ՆԻՀ առանձին համազօրային բանակի ստորաբաժանումները։ Զօրավարժութիւններն անցկացւում էին յատուկ նշանակութեան շրջանակներում՝ առանձին համազօրային բանակի զօրամասերի եւ հրետանային ստորաբաժանումների փրոֆեսիոնալիզմի մակարդակի բարձրացման նպատակով։ 2017 թ.-ի Յունիսին ՆԻՀ-ում մեկնարկեցին թուրք-ատրպէյճանական համատեղ մարտավարական զօրավարժութիւններ, որոնց նպատակն էր փորձի փոխանակման միջոցով զարգացնել զօրքերի համակարգման գործընթացը, գնահատել համատեղ գործողութիւնների ներուժը: 2017 թ.-ի Նոյեմբերի երկրորդ կէսին Արցախին եւ Նախիջեւանին կից շրջաններում անցկացուեցին հերթական ատրպէյճանական զօրավարժութիւնները։ Նախիջեւանի ուղղութեամբ զօրավարժութիւնների ընթացքում ցուցադրուեցին Տ–72 հրասայլեր, «Գրադ» եւ «Սմերչ» հրթիռային համալիրներ, հրետանի, Դ–30 թնդանօթներ, թռիչքներ իրականացրին Սու-25 ռազմական ինքնաթիռները, Մի 24/35 ուղղաթիռները։

Արձագանգման քայլեր

Նախիջեւանի ռազմականացման միտումները մտահոգիչ են ոչ միայն ՀՀ պաշտպանական անվտանգութեան, այլեւ, առհասարակ, հարաւ-կովկասեան տարածաշրջանում կայունութեան պահպանման տեսանկիւնից։ Խնդրի լրջութիւնը շեշտուեց վերջին կէս տասնամեակում արցախեան ուղղութեամբ սահմանային լարուածութեան տինամիկայի եւ ապրիլեան ռազմական գործողութիւնների ֆոնին։ Միեւնոյն ժամանակ, հայկական կողմն իր հերթին վերջին շրջանում զգալի աշխատանքներ է իրականացնում ՆԻՀ-ից եկող ռազմական, ռազմաքաղաքական վտանգներն ու մարտահրաւէրները զսպելու եւ հակազդելու ուղղութեամբ։ Առանձնակի կարեւորութիւն պէտք է տալ ՆԻՀ-ի հետ սահմանին հայկական զինուժի կողմից, առանց հրադադարի ռեժիմի խախտման, նոր դիրքեր հսկողութեան տակ վերցնելու հանգամանքին (շուրջ 100 քառ. քլմ): Փորձագիտական գնահատականներով՝ Նախիջեւանի ուղղութեամբ նոր դիրքեր վերցնելու իրողութիւնն արձագանքն էր 2014 թ.-ի Յունիսի սկզբին Նախիջեւանի սահմանային լարուածութեան մեծացմանը, որի հետեւանքով հայկական կողմն ունեցաւ երկու զոհ։ Հարցի առնչութեամբ ՀՀ ՊՆ-ն (Պաշտպանութեան Նախարարութիւն) գրեթէ բաց տեքստով ակնարկեց, որ Նախիջեւանում ազատ գործում են թուրքական վարձկաններ, այսինքն՝ Թուրքիայի միջամտութեամբ փորձ է արւում Նախիջեւանի հատուածում հայ-ատրպէյճանական սահմանային իրադրութիւնը, որը մինչ այժմ համարուել է հայ-ատրպէյճանական սահմանի ամենահանգիստ հատուածը, դուրս բերել համեմատական հանգիստ վիճակից։ Հաշուի առնելով ՆԻՀ-ում Թուրքիայի ռազմաքաղաքական ներկայութիւնը, առանձին համազօրային բանակի՝ Թուրքիայի Զու-ի (Զինեալ Ուժեր) առանձնայատուկ ուշադրութեան ներքոյ գտնուելու իրողութիւնը (առկայ են թուրք սպայական բարձրաստիճան կազմ, զինուորական խորհրդատուներ)՝ հայկական կողմի վերահսկողութեան սահմանումը նշեալ դիրքերի նկատմամբ մարտավարական-դիրքային, ինչպէս նաեւ ռազմավարական լուրջ ձեռքբերում պէտք է համարել։ Արդէն խօսուեց նախորդ տարուայ կէսերին կողմերի միջեւ նախիջեւանեան ուղղութեամբ դիրքային պայքարի մասին, որի արդիւնքում կողմերը տարբեր հատուածներում կարողացան ունենալ որոշակի դիրքային նոր փոփոխութիւններ, սակայն դա չխախտեց ուժային հաւասարակշռութիւնը, ինչպէս ապատեղեկատուութեան հիման վրայ մատուցում են ատրպէյճանական աղբիւրները։

Նախիջեւանի զարգացումները լուրջ մտահոգութեան տեղիք են տալիս նաեւ Ռուսաստանին, քանի որ Թուրքիայի ռազմաքաղաքական «ներկայութեան» ընդլայնումը Նախիջեւանում ռազմավարական նշանակութեան մարտահրաւէր է Ռուսաստանին՝ սպառնալով թուլացնել վերջինիս ազդեցութիւնը Հարաւային Կովկասում։ Այս տեսանկիւնից, ՆԻՀ համատեքստում, թուրք-ատրպէյճանական կողմի ի հակադրութիւն, գրեթէ հիմնականում համընկնում են Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմաքաղաքական շահերը, ինչը փաստում են վերջին շրջանում հայ-ռուսական համատեղ հակազդման նախաձեռնութիւնները։ Տեղին է յիշատակել 2016 թ.-ի Նոյեմբերի 30-ին հայ-ռուսական միացեալ զօրամիաւորման մասին պայմանագիր ստորագրումը։ Միացեալ զօրախմբում ընդգրկուելու են Կիւմրիում տեղակայուած ռուսական 102-րդ ռազմաբազան եւ հայաստանեան ռազմական ստորաբաժանումներ, մասնաւորապէս՝ հայկական զինուած ուժերի 5-րդ բանակային զօրասիւնը։ Հայ-ռուսական միացեալ զօրամիաւորումը գործում է 2000 թուականից, եւ նոր պայմանագիրը միայն ամրապնդում է այդ զօրամիաւորման իրաւական հիմքը։ Հայկական կողմը չի թաքցնում, որ անհրաժեշտութեան դէպքում հայկական զինուած ուժերի գերագոյն գլխաւոր հրամանատարի հրամանով զորամիաւորումը կարող է պատասխանել նաեւ թուրքական կողմից եկող վտանգներին։ Կարեւոր է նաեւ ՀՀ-ի եւ Ռուսաստանի միջեւ «Հաւաքական անվտանգութեան կովկասեան տարածաշրջանում Հակաօդային Պաշտպանութեան միաւորուած տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» (ՀԱԿՏ ՀՕՊ համակարգ) համաձայնագրի իրաւաքաղաքական հենքի ձեւաւորումը (համաձայնագիրը ստորագրուել է 2015 թ.-ի Դեկտեմբերի 23-ին)։ Համաձայնագրի 6-րդ յօդուածի համաձայն՝ «Հաւաքական Անվտանգութեան Կովկասեան Տարածաշրջանում (ՀԱԿՏ) Հակաօդային Պաշտպանութեան միաւորուած համակարգի զօրքերի եւ Հակաօդային Պաշտպանութեան այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մէջ մտնող զօրքերի համատեղ գործողութիւնների համակարգումն իրականացնում է ուսաստանի ԶՈւ-ի օդատիեզերական ուժերի գլխաւոր հրամանատարը»: Համաձայնագիրը հնարաւորութիւն է տալիս օգտագործելու Ռուսաստանի ԶՈւ-ի օդատիեզերական զօրքերի ներուժը` ընդհուպ մինչեւ միջուկային զէնքի կիրառում: Համաձայնագրի օգնութեամբ հայկական կողմը կը ստանայ Հայաստանում գտնուող ՀՕՊ ռուսական ռեսուրսները, այդ թւում` կործանիչ օդուժը։

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.