ՀՅԴ-ն դուրս է գալիս կոալիցիայից եւ պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ
- (0)

Ժողովրդային շարժման արդիւնքում Հայաստանում ստեղծուել է մի իրավիճակ, որն արդէն օրեր շարունակ լարուածութեան մէջ է պահում ողջ հասարակութեանը:
Բարեբախտաբար, մինչ այս պահը հնարաւոր է եղել խուսափել իրավիճակի հանգուցալուծման վատթարագոյն տարբերակներից: Անցնող օրերի ընթացքում ՀՅ Դաշնակցութիւնը հետեւողական ջանքեր է գործադրել համախոհութեան ձեւաւորման, երկխօսութեան միջոցով երկրի ու ժողովրդի շահերից բխող ընդունելի եւ ողջամիտ լուծում գտնելու ուղղութեամբ:
Այսպէս սակայն երկար չի կարող շարունակուել: Կարող են առաջանալ լուրջ մարտահրաւէրներ: Համոզուած ենք, որ ստեղծուած իրավիճակը պէտք է հանգուցալուծուի բացառապէս սահմանադրականութեան եւ օրէնքների շրջանակներում:
Հաշուի առնելով առկայ իրավիճակը՝ յայտարարում ենք քաղաքական կոալիցիային մեր մասնակցութեան դադարեցման մասին:
Առ այդ, Ազգային ժողովը պէտք է ընտրի ժողովրդի վստահութիւնը վայելող վարչապետ, որի ձեւաւորած կառավարութեան մշակած՝ պետութեան ներքին եւ արտաքին քաղաքականութիւնը ներառող ծրագիրը պէտք է նպատակ հետապնդի՝
ա) լիցքաթափել ներքաղաքական լարուածութիւնը
բ) Յաղթահարել քաղաքական ճգնաժամը
գ) Յստակ առաջնահերթութիւններ նախանշելով երաշխաւորել կուտակուած խնդիրների լուծումը
դ) Լիարժէք ժողովրդավարական պայմանների ապահովմամբ նախապատրաստել եւ անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ: