Սփիւռքահայ Բարերարները Կրկին Նուէր Մատուցեցին Բանակին


Սփիւռքահայ բարերարների ա-ջակցութեամբ ՀՀ զինուած ուժերը համալրուեցին եւս 8 գերմանական հովուաշնով, որոնք կ՛օգնեն հսկելու հայրենիքի հիւսիս-արեւելեան շրջանների անվտանգութիւնը: Մեր սահմաններում արդէն 10 ազնուացեղ սահմանապահ հովուաշուն կայ:
Սփիւռքահայ բարերարներն ա-ռաջին երկու հովուաշները նուիրել էին գնդապետ Վահէ Յովսէփեանի հրամանատարութեամբ գործող զօրամասին դեռեւս Օգոստոսին: Առաջին օրուանից շան ձագերը սիրուեցին եւ դարձան զօրամասի պարծանքը՝ ոգեւորելով ե՛ւ զինուորներին, ե՛ւ հրամանատարական կազմին: Արու եւ էգ ձագերին պահում են առանձին-առանձին, եւ նրանք կը միաւորուեն միայն զուգաւորման ժամանակ: Նմանատիպ թանկ նուէրը օրերս զօրամաս էր բերել ԵԿՄ անդամ, ազատամարտիկ Յովհաննէս Նիկողոսեանը: Միւս 7ին էլ նա բերել էր հիւսիս-արեւելեան սահմանները հսկող զօրամասեր:
«Դիրքապահների համար լաւագոյն նուէր կարող են լինել լաւ վարժեցուած սահմանապահ շները, որոնք կը կարողանան բացայայտել թշնամու ցանկացած դիւերսանտի: Այսօր արեւմտեան երկրների շատ զինուած ուժերում շները մեծապէս օգնում են թէ՛ սահմանի անվտանգութեան ապահովմանը, թէ՛ թմրամիջոցների տարածման դէմ պայքարին, եւ ողջունելի կը լինէր, որ հայկական բանակը եւս ունենար արհեստավարժ դիրքապահ շներ: Մենք երախտապարտ ենք մեր սփիւռքահայ բարեկամներին նման աջակցութեան համար», ասաց Հ. Նիկողոսեանը:
Նրա խօսքով՝ այս գործում իրենց յատուկ ներդրումն են ունեցել Նիւ Եորքում բնակուող մեր հայրենակիցներ Կարապետ Մարգարեանը եւ Տիգրան Աղճայեանը, Կանադայի Լավալ քաղաքից՝ Վահան Մանուկեանը, Ռոբերտ Թորոսեանը եւ ազատամարտիկ Արթուր Հայրապետեանը:
«Գերմանական հովուաշները (German Shepherd) շատ խելացի են եւ տարածքի պահպանման համար՝ լաւ պատրաստուած: Յատուկ վարժեցում շներին պէտք չէ: Կենդանիները նաեւ բծախնդիր չեն սննդի հարցում: Իսկ զտարիւն լինելն էլ իր հերթին գենետիկօրէն փոխանցուող ազնուացեղ յատկանիշների երաշխիքն է», ասաց Հ. Նիկողոսեանը՝ յոյս յայտնելով, որ հայաստանցի եւ սփիւռքահայ բարերարների աջակցութեամբ հայոց բանակի մարտունակութեան ամրապնդմանը միտուած այսպիսի նուիրատուութիւնները շարունակական բնոյթ կ՛ունենան:


Leave a Comment

You must be logged in to post a comment.