Հարցազրոյց աշխարհի ամենէն բարձր Քրիստոսի արձանի քանդակագործ Արտուշ Պապոյեանի հետ


 

 

 

«Ինձմէ ծնած երեխաները հայ են, ինչո՞ւ իմ ստեղծած Քրիստոսը հայկական պիտի չըլլայ». Արտուշ Պապոյեան

Այս տարուան Հոկտեմբեր 14-ին, Սուրիոյ քրիստոնէաբնակ Սէյիտնայա քաղաքին մէջ  Չեռուպիմ լերան գագաթին, ծովու մակարդակէն 2100 մեթր բարձրութեամբ, Պոլիսէն Երուսաղէմ տանող ուխտագնացութեան ճանապարհին, տեղադրուեցաւ Յիսուս Քրիստոսի «Ես եկած եմ աշխարհը փրկելու» հսկայ քանդակը, որուն բարձրութիւնը, պատուանդանին հետ միասին, 39 մեթր է, այսինքն՝ ան մէկ մեթրով կը գերազանցէ Ռիօ տէ Ժանէյրոյի Քրիստոսի յայտնի արձանը։ Ան որպէս պղնձաձոյլ Յիսուսի արձան՝ աշխարհի ամենէն մեծն է։ 

 «Ես եկած եմ աշխարհը փրկելու» արձանը կը տեսնուի՝ Յորդանանէն, Լիբանանէն, Պաղեստինէն, Իսրայէլէն:  Տեղադրման աշխատանքները տեւած են երեք օր, որուն համար Սու-րիոյ մէջ հակամարտող ուժերը ռազմական գործողութիւնները դադրեցուցած են:

Քանդակագործին համաձայն, Քրիստոսը ընդունուած է նաեւ մահմետականներուն կողմէ (Իսա), պարզապէս անոնք խաչն է որ չեն ընդունիր։ Եթէ քանդակին վրայ խաչ պատկերուէր, մահմետականներ չէին մօտենար այդ արձանին, իսկ պատուիրատուներուն նպատակը համամարդկային քանդակի մը տեղադրումն էր։ 

 Յատկանշականը այն է, որ արձանը ձուլուած է Հայաստանի մէջ, անոր մէջ օգտագործուած են հայկական զարդանախշեր։ Հեղինակը գիւմրեցի քանդակագործ Արտուշ Պապոյեանն է, որուն աշխատանքները ունին ազգային նկարագիր: «Հորիզոն»ը յայտնի քանդակագործին հետ զրուցեց հետեւեալ հարցերուն շուրջ։ 

 

 

 Հարց- Կը խնդրեմ պատմէք ձեր մասին ՝ արմատներ, մասնագիտութիւն, ստեղծագործական կեանք, յաջողութիւններ։

Պատ- Ծնուել եմ Լենինականու, այժմ Գիւմրի  1957 թուականին, արհեստաւորի ընտանիքում:

Հայրս‘ Կարապետ Պապոյեանը,  մասնագիտութեամբ խառատ էր:Մայրս‘ Օֆելիա Լաճիկեանը, մասնագիտութեամբ ուսուցչուհի: Երկուքն էլ ծնուել են Լենինականում: Հայրական կողմով բնիկ գիւմրեցիներ ենք, մայրական կողմս Գիւմրի է եկել Կարսից:

Կրթութիւնս‘ միջնակարգ դպրոց, նկարչական դպրոց, Գեղարուեստա-տեխնիկական երկամեայ ուսումնարան ,1982 թուականին աւարտել եմ Երեւանի Գեղարուեստա-թատերական ինստիտուտի քանդակագործութեան բաժինը  գերազանցութեան տիպլոմով, տիպլոմային աշխատանքս էր « Զօրավար Անդրանիկ», որն ինստիտուտի կողմից ներկայացուեց Մոսկուա, արժանացաւ պարգեւի եւ ես ԽՍՀՄ մշակոյթի նախարարութեան կողմից պարգեւատրուեցի «Ուսման եւ ստեղծագործական յաջողութիւնների  համար արծաթ մետալով:

 Կրթութիւնս ստանալուց յետոյ, մինչեւ 1984 թուականը, աշխատել եմ Հայաստանի հիւսիսային շրջանի Սեպասար եւ Ղազանչի գիւղերի դպրոցներում, որպէս կերպարուեստի ուսուցիչ:

 1985-1988թ. ԽՍՀՄ նկարիչների միութեան եւ ԽՍՀՄ Գեղարուեստի ակադեմիայի  կրթաթոշակառու էի: Ստանում էի ամենամսեայ կրթաթոշակ, հնարաւորութիւն ունենալով ազատ ստեղծագործելու եւ տարին մէկ անգամ՝ երկամսեայ ժամկէտով  մեկնում Մոսկուա մասնակցելու Խորհրդային միութեան լաւագոյն երիտասարդ նկարիչների ստեղծագործական սիմպոզիումներին:

 1985 թուականին  արդէն ԽՍՀՄ Նկարիչների միութեան անդամ էի:

 Ունեմ աշխատանքներ, որոնք գտնւում են տարբեր թանգարաններում եւ ֆոնտերում.  «պար» պրոնզաձոյլ աշխատանքը՝ Մոսկուայի Տրետեակովեան պատկերասրահում, 

«Աղաւնիներ» պրոնզաձոյլ արձանը՝ Տաղստանի ազգային պատկերասրահում:

 1988 թուականին ստացել եմ  Հայաստանի «Կոմերիտ միութեան» մրցանակը՝ «Ժամանակը եւ մարդիկ» քանդակաշարքի համար:

 1988 թուականէն սկսեալ Ղարաբաղեան շարժման մասնակից եմ եղել, մի խումբ աշխոյժ մասնակիցների հետ ստեղծել ենք Լենինականի «Ղարաբաղ կոմիտէն» եւ սկզբնական շրջանում համակարգել նրա աշխատանքները:

 1988 թուականի դեկտեմբերեան ահեղ երկրաշարժը եւ Ղարաբաղեան շարժումը իմ մէջ արթնացրեց քաղաքականութեամբ զբաղուող մարդուն:

 1990 թուականին իմ ընկերների հետ ստեղծեցինք «Առաքելութիւն» կուսակցութիւնը եւ մինչեւ 2003 թուականի կուսակցութեան լուծարման ժամանակը եղել եմ կուսակցութեան նախագահը։ 1993 թուականից մինչեւ 2003 թուականը եղել եմ  Հայաստանի Նկարիչների  միութեան Գիւմրու մասնաճիւղի նախագահը: 

1990 թուականին Ղարիպճանեան գիւղում բացուեց իմ « Քրիստոսի յայտնութիւնը» տուֆակերտ արձանը՝ նուիրուած երկրաշարժից զոհուած երեխաների յիշատակին:

 1993 թուականին Գիւմրու  Գարեգին  Նժդեհի անուան հրապարակում բացուեց  «Նժդեհ»ի  պրոնզաձոյլ արձանը:

 2000 թուականին, «Իսուզ» հիւրանոցային համալիրի տարածքում տեղադրուեց՝ «Սասունցի» եւ « Հովհարով աղջիկը» տուֆակերտ արձանները:

  2002 թուականին Գիւմրու  Անկախութեան հրապարակում տեղադրուեց  « Հայուհու» պրոնզաձոյլ արձանը, որն իր մէջ մարմնաւորում է Աստուածամօր կերպարը:

 2000-2004 թուականին Գիւմրիում տեղադրուեցին Արմենակ եւ Եղիսաբէթ Օյունճեանների կիսանդրիները, Աւետիք Իսահակեանի կիսանդրին եւ Պարոյր Սեւակի հարթաքանդակը համանուն դպրոցներում:

 2005 թուականին Ապարանի տառերի պուրակում կանգնեցուեց «Անանիա Շիրակացի» յուշարձանը:

 2006 թուականին  Գիւմրու Շերամի անուան հրապարակում կանգնեցուեց «Ջիւանի եւ Շերամ» պրոնզաձոյլ կոմպոզիցիան:

 2008 թուականին Գիւմրու Վարդանանց անուան կեդրոնական հրապարակում բացուեց « Վարդանանք» պրոնզաձոյլ արձանախումբը:

 

 

  Հարց- Յիսուսի արձանի տեղադրումը Սուրիոյ մէջ որո՞ւն նախաձեռնութիւնն է, ինչպէ՞ս եղաւ, որ ձեզ ընտրեցին զայն քանդակելու համար։

 Պատ- 2010 թուականի աշնանը Մոսկուայից ժամանած պատուիրակութիւնը Գիւմրիում հանդիպեց ինձ եւ տեղեկացրեց, որ իրենք միջազգային մեծ նախագիծ ունեն, որտեղ պէտք է քանդակուի «Յիսուս Քրիստոսի» արձանը «ես գալիս եմ փրկելու աշխարհը» գաղափարով եւ ցանկացան, որ այդ գաղափարը ես իրականացնեմ: Յետոյ իմացայ, որ քանդակը ստեղծելու մտայղացումը եւ ոգեւորողը եղած է Եուրի Գաւրիլովը‘ St. Paul and St. George Foundation    հիմնադրամի հիմնադիրը եւ նախագիծը իրականութիւն դարձաւ այդ հիմնադրամի տնօրէն Սամիր Շաքիր ալ Քաթպանի միջոցով:

 Նախագծի համակարգողն էր Մոսկուայի Հոգեւոր ակադեմիայի եկեղեցական- հնագիտական գրասենեակի վարիչ, հոգեւորական Իգոր Միխայելովը, որն էլ իր ուշադրութեան կեդրոնում էր պահում քանդակի ստեղծման ամբողջ ընթացքը:

 Այն հարցին ,թէ ինչպէս եղաւ որ ինձ ընտրեցին որպէս քանդակագործ, ես չգիտեմ: Կարող էր ցանկացած երկրի հեղինակաւոր քանդակագործ անել։ Կարող եմ ասել, որ ինձ ընտրելու հարցը եղել է Աստծոյ կամքը։ Նոյնիսկ հիմնական խորհրդատուն որ եկաւ, ասաց դա նախախնամութիւն է. հայերը առաջին քրիստոնեայ պետութիւնն են եղել, Աստուած մեզ ուղղորդեց Հայաստան։

 

 Հարց- Արձանի մասին կը պատմէ՞ք՝ ինչքա՞ն ժամանակ խլեց, որ աւարտին հասնի: Հայկական տարրեր կա՞ն արձանի մէջ:

Պատ- Արձանի ստեղծումը տեւել է մէկ տարի չորս ամիս, ես այն կերտել եմ իմ երեք որդիների‘ Կարապետի, Յովհաննէսի եւ Վահագի հետ, ինչպէս նաեւ մի քանի երիտասարդների օգնութեամբ:

Քանդակը կերտելիս ես վերեւից ներքեւ Քրիստոսի հագուստին խաչքարային ժապաւէնաձեւ նախշեր արեցի, չնայած պատուիրատուների հաւանութեանը՝  խնդրեցին հանել այդ նախշազարդերը, իրենց կարծիքով այն հայկական ազգային նկարագիր կը տար Քրիստոսին։ Նրանց նպատակը, առանց ազգային պատկանելիութեան, համամարդկային, բոլոր ազգերի կողմից ընդունուող, անկախ կրօնական դաւանանքի Աստծոյ որդու կերպարի ստեղծումն էր։ Ես չեմ կիսում այդ կարծիքը , քանի որ ազգային լինելը ոչ թէ ձեւի այլ կերպարի ներքին զգացողութեան մէջ է, ես հայ եմ, իմ մտածողութիւնը եւ զգացմունքը հայերէն է, ինձանից ծնուած երեխաներս հայ են, իսկ ինչու իմ կերտած Քրիստոսը պէտք չէ լինի հայկական:

 Արձանում Յիսուս Քրիստոսի երկրորդ գալուստն է պատկերուած ժայռի վրայ քայլ կատարելիս, առջեւը՝ ձախ ոտքի տակ ճզմուած, անշնչացած օձն է, որը չարի մարմնաւորումն է: Աստծոյ որդին իր օրհնութեամբ գալիս է փրկելու աշխարհը: Պատուանդանի ներքեւի աջ եւ ձախ մասերում  «Ադամի» եւ «Եւայի» մեղանչող կերպարներն են: Արձանը տեղադրուել է Սիրիայի Սէյիտնայա քաղաքի  «Խեռուվիմով» մենաստանի համանուն բարձունքի վրայ, այն ծովի մակարդակից բարձր է 2100 մեթր: Այնտեղով անցնում է Կոնստանդնուպոլսից մինչեւ Երուսաղէմ ուխտագնացութեան ճանապարհը: Բարձունքը երեւում է Յորդանանից, Լիբանանից, Պաղեստինից, Իսրայէլից:

  Հարց- Կ՚ըսուի, որ արձանը տեղադրելու ժամանակ երեք օր ռմբակոծումները դադրած են, ի՞նչ կ՚ըսէք այդ մասին։

Պատ- Երբ իմացայ, որ արձանը տեղադրելիս հակամարտող կողմերը երեք օրով դադարեցրել են պատերազմը՝ մտածեցի, Աստծոյ որդին իր գործը արեց:

Հարցազրոյցը վարեց՝ Նայիրի Մկրտիչեան- Տաղլեան


Leave a Comment

You must be logged in to post a comment.