Որ գիւղերն է առաջնահերթ պահանջում Ատրպէյճանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ անցած շաբաթ խորհրդարանում Նիկոլ Փաշինեանը ՔՊ-ի հետ հանդիպման ընթացքում խօսել է Տաւուշի այն չորս գիւղերի մասին, որոնք Ատրպէյճանն առաջնահերթ պահանջում է յանձնել իրեն։ Այդ հարցով, ի դէպ, նաեւ Միւնխում էր քննարկում եղել։ Փաշինեանը թիմակիցների հետ խօսելիս շեշտել է, որ դրանց մէջ Տիգրանաշէնը չի մտնում, բոլորն էլ Տաւուշի մարզում են։ Այսպիսով՝ յայտնի է, թէ խօսքը որ չորս գիւղերի մասին է․ Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար, Խէյրիմլի եւ Կըզըլ Հաճիլի:
Յիշեցնենք, որ դեռեւս պատերազմից մէկ տարի անց նախկին վարչապետ Հրանդ Բագրատեանը բարձրաձայնեց, թէ, իր տեղեկութիւններով, Ատրպէյճանցիներն արդէն չափագրումներ են անում նշուած գիւղերում, իշխանութիւնը, բնականաբար, հերքեց, բայց կեանքը ցոյց է տալիս, որ դրանք հեռու չէին իրականութիւնից։
Ի դէպ, Տաւուշի մարզպետ Հայկ Ղալումեանը եւս յայտարարել է, որ իրենց մարզում ատրպէյճանական գիւղեր կան։ Թէ ինչու է հիմա խօսւում չորս գիւղերի, այլ ոչ թէ ութի մասին, ինչպէս նախկինում Փաշինեանն էր յայտարարում, իշխանական մեր աղբիւրների կարծիքով՝ նշուած չորսի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ դրանց յանձնումը խնդրայարոյց չի լինի մեզ համար՝ այնպէս, ինչպէս միւսներինը, դիցուք՝ Տիգրանաշէնինը, որը փաստացի կապում է Հայաստանի մնացած մասը հարաւին։
Ալիեւն առաջնահերթ պահանջում է ոչ խնդրայարոյց տարածքները, յետոյ հանրութիւնը կ’ընտելանայ նաեւ միւսների յանձնմանը։ Այսինքն, Փաշինեանն իրականացնում է փուլ առ փուլ յանձնման ծրագիրը՝ պարբերաբար հանրութեանը վախեցնելով պատերազմով»:

Comments are closed.