Մտահոգիչ է, որ դա արւում է յատկապէս Ապրիլի 24-ին ընդառաջ. Խաչատուր Ստեփանեան

Իշխանական պաշտօնեաները աստիճանաբար, քայլ առ քայլ առաջ են բերում թուրքական ծրագրային թեզերը, փորձ անում կասկածի տակ դնել, կամ առնուազն քննարկման առարկայ դարձնել ցեղասպանութեան փաստը։ «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում նման մտահոգութիւն է յայտնել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, Խաչատուր Աբովեանի անուան պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմութեան եւ նրա դասաւանդման մեթոդիկայի ամպիոնի վարիչ, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանեանը։

Նշենք, որ նախ Նիկոլ Փաշինեանն էր երիտասարդ քպականների համար դասախօսութեան ժամանակ խուսափել Ցեղասպանութիւն արտայայտութիւնից եւ օգտագործել «Մեծ Եղեռն», «կոտորած» եզրոյթները։ Իսկ քպական պատգամաւոր Անդրանիկ Քոչարեանն էլ բարձրացրել էր մէկ դար անց Ցեղասպանութեան զոհերի նոյնականացման հարցը՝ ասելով, թէ անհրաժեշտ է հաշուառում սկսել հայերի ցեղասպանութեան զոհերի, որպէսզի ճշդուած լինեն նրանց անունները:

«Անդրանիկ Քոչարեանի ասածն աւելի վտանգաւոր է։ Ի՞նչ է նշանակում թերացել ենք, որ մինչեւ հիմա անուն առ անուն չենք ճշդել», նկատեց պատմաբանը՝ ընդգծելով, որ «Նախ՝ ցեղասպանութեան օրերից առաջ Օսմանեան Կայսրութիւնում մարդահամար չէր արւում, յատկապէս Արեւմտեան Հայաստանում, եւ ստոյգ թիւ հիմա հասկանալ, այն էլ՝ անուն առ անուն, հնարաւոր չէ։ Փաստը մնում է փաստ, որ հսկայական հայ բնակչութիւն ապրում էր Օսմանեան կայսրութիւնում՝ իրենց տներում, զբաղւում հողագործութեամբ, արհեստով, արուեստով, սպորտով, մշակոյթով։ Յիշե՛նք Վանի արծաթագործների մի ողջ համքարութեանը, յիշե՛նք այդ երկրի Մեճլիսի պատգամաւորներին, գրողներին, լրագրողներին։ Նրանք կային ու յետոյ անյայտացան այդ կայսրութիւնից, ինչպէ՞ս դա եղաւ։ Փաստը մնում է փաստ, որ ցեղասպանութիւն է եղել։ Մարդիկ տեղահանուել են, յայտնուել Տէր Զօր անապատում, սպանուել։ Տանք նաեւ իրաւական ձեւակերպումը՝ եթէ տեղի է ունեցել մարդկանց նոյն ազգային պատկանելութեան խմբի ոչնչացում, դա կը լինի 1,5 մլն., 15 մլն., թէ 1500 մարդ՝ ցեղասպանութիւն է»։

Դոկտոր, պրոֆեսորը որպէս օրինակ նշեց, որ սերպերի կողմից Պոսնիայում 7000 տղամարդու ոչնչացումը՝ արձանագրելով, որ կատարուածը ցեղասպանութիւն է, որովհետեւ նոյն ազգութեան, նոյն տեսակի խմբի պատկանող մարդկանց զրկել են կեանքից՝ տեսակը ոչնչացնելու նպատակով։

«Դա միաջազգային օրէնսդրութեան համապատասխան կոչւում է ցեղասպանութիւն», յստակեցրեց Խաչատուր Ստեփանեանը վստահեցնելով, որ թիւը կապ չունի։

Նրա խօսքերով՝ վտանգաւորն այն է, որ փորձում են տեսակէտ մտցնել, որ եթէ քիչ լինի, ուրեմն կարելի է կասկածի տակ դնել, առնուազն դարձնում են քննարկման նիւթ։

2018 թ.-ից յետոյ, ինչպէս արձանագրել Խ. Ստեփանեանը, իշխանական պաշտօնեաները աստիճանաբար, քայլ առ քայլ առաջ են բերում բոլոր թուրքական ծրագրային թեզերը։ «Փաստինֆօ»-ի դիտարկմանը, որ Անդրանիկ Քոչարեանը ԱԺ ճեպազրոյցների ընթացքում մասնաւորեցրել է, որ ուզում իր հարազատ տատի եւ պապի կողմի անունները հաշուառուած տեսնել՝ պատմաբանն արձագանգեց. «ուզո՞ւմ է, թ՛ող ճշդի, իմանայ, բայց դա այսօր, մէկ դար անց դա սարքել օրակարգ, հետն էլ ասել, որ եթէ չենք արել մինչեւ հիմա՝ թերացել ենք, ապա դրանից օգտուելու են թուրքերը։

Ըստ պատմաբանի՝ Օսմանեանի Թուրքիայի չիրականացրած մարդահամարը աւելի քան մէկ դար անց մեր կողմից իրականացնելու փորձերն իրականում արդիւնք չեն տալու։

«Եկեղեցին ունէր տուալներ, ծխական որոշ հաշուառում, բայց եղել է նաեւ մշակութային ցեղասպանութիւն, այդ մատեանները եւս շատ դէպքերում վերացուել են, ինչպէս վերացուել են շատ եկեղեցիներ։ Հիմա ի՞նչ, փաստերի ոչնչացումը չհամարե՞նք յանցագործութիւն։ Թուրքերն ի՞նչ են ասում՝ յատկապէս վերջին հաշտեցման ֆոնին, ասում են՝ «եկէ՛ք պատմաբանօրէն քննարկենք», ուզում են դա պատմաբաններին թողնելու անուան տակ, դուրս բերել քաղաքական, իրաւական, դիւանագիտական դաշտից։ Կան նաեւ հայեր, որոնք բռնի թրքացուել են, քրտացուել են։ Հիմա ի՞նչ, դա՞ էլ հաշուենք, թէ չհամարենք ցեղասպանութեան քայլերից։ Չէ, որ մահուան սպառնալիքով ազգութիւնը փոխել տալը, կամ փոքր երեխային գողանալն ու օտար մեծացնելը, էլի ցեղասպանութեան քայլերից է, նրանց ինչպէ՞ս ենք հաշուելու։ Գողացուած ու բռնի կնութեան տուած աղջիկների ինչպէ՞ս ենք հաշուելու», ասաց Ստեփանեանը՝ աւելացնելով. «Ներողութիւն 5000 զոհ ունէինք, վարչապետը պլիուս-մինիւս էր խօսում, 5000 հոգու մէջ յստակ թիւ չունէր։ Հիմա անցել է 100 տարի։ Անհնար բան, հերթական կեղծ օրակարգն են մտցնում շրջանառութեան մէջ՝ մեր հիմնական խնդիրներից շեղելու համար»։

Պատմաբանը մտահոգիչ համարեց, որ դա արւում է յատկապէս Ապրիլի 24-ին ընդառաջ։

«Անվտանգային խնդիրներ ունենք՝ ներքին անվտանգութեան, արտաքին անվտանգութեան, սոցիալական խնդիրներ ունենք, էլի շեղում են, ընդ որում՝ շեղում են կրկին թուրքական օրակարգով». նշել է Խաչատուր Ստեփանեանը։

Նա համոզուած է, որ Փաշինեանի կողմից այս օրերին անընդհատ նոր թեզերի շրջանառութեան մէջ դրուելը, տարբեր լսարաններում դասախօսութիւններ կարդալը ունեն գործողութիւնների յստակ տրամաբանութիւն։

«Կարող է ԱԺ խմբակցութիւնների ճեպազրոյցների ժամանակ անգամ իրենց քարտուղարն ասի, որ Փաշինեանը չի հերքում ու չի հերքելու Ցեղասպանութիւնը, ասի, որ իրենց օրօք է ԱՄՆ սենատը ճանաչել։ Բայց չէ, որ դա էլ է սուտ։ Իենց իշխանութեան հետ պարզապէս համընկաւ։ Իրենց իշխանութիւնը բացարձակ կապ չունէր։ Ինչ իշխանութեան են եկել՝ սփիւռքն էլ են պառակտել ու սփիւռքում գործող հայ դատի գրասենեակների աշխատանքը, ԱՄՆ-ի այդ պահի քաղաքականութիւնը բոլորովին էլ կապ չունի իրենց հետ։ Նրանք մեր ինքնութեան հետ կապուած ամէն անգամ նոր թեզ են բերում, դիսկուրս սարքում, իրական Հայաստանը պատմական Հայաստանին հակադրում, Արարատն՝ Արագածի», նշել է դոկտոր, պրոֆեսորը՝ նման քննարկումները համարելով խիստ վտանգաւոր։

Իշխանութիւնները փորձում են մոռացութեան մատնել մեր ինքնութիւնը, բայց Ստեփանեանը նկատեց, որ եթէ անգամ, մենք մոռանանք մեր ինքնութիւնը, թուքերը չեն մոռանալու, ատրպէյճանցիները չեն մոռանալու։ «Իրենք իրենց երազանքով, արհեստական թեզերով առաջ կը գան, իսկ մենք՝ մոռանալն ու հանգիստ ապրելը երազելով դժուար էլ ապրենք», ասել է Խ. Ստեփանեանը։

Comments are closed.