New York Times-ի Անդրադարձը Հայ Ժողովրդի Ծագումնաբանութեանը


Ըստ 5րդ դարի հայ պատմիչ Մովսէս Խորենացու «Հայոց Պատմութեան»՝ Հայաստանը հիմնադրուել էր մ.թ.ա. 2492 թուականին: Այս տարեթիւը լեգենդ է թւում, բայց Խորենացին պնդում է, որ Բաբելոն է այցելել ու ծանօթացել հին գրառումներին: Յայտնի չէ, թէ Խորենացին ենթադրել է, թէ իսկապէս տեղեակ էր այդ տարեթուի մասին, սակայն նոր գենոմային հետազօտութիւնները ցոյց են տուել, որ այդ ամսաթիւը համապատասխանում է իրականութեանը», գրում է New York Times-ը:
Գենետիկները ուսումնասիրել են Հայաստանում եւ Լիբանանում բնակուող 173 հայի գեները ու համեմատել աշխարհի այլ երկրներում բնակուող 78 մարդու գեների հետ: Գիտնականները պարզել են, որ հայերը հնագոյն ժողովուրդների խառնուրդ են, ում նախնիները այժմ ապրում են Սարդինիայում, Կենտրոնական Ասիայում եւ մի քանի այլ շրջաններում: Այդ միախառնումները տեղի են ունեցել մ.թ.ա. 3000-2000 թուականներին, ինչը համընկներում է Մովսէս Խորենացու նշած տարեթուին: Բրոնզէ դարի աւարտին, երբ միախառնուելու գործընթացն էր ընթանում, առեւտրի, պատերազմի եւ բնակչութեան հետեւանքով սկսուեց ժողովուրդների շարժը: Մ.թ.ա. 1200 թուականից յետոյ Բրոնզէ դարի արեւելեան միջերկրածովեան քաղաքակրթութիւնները յանկարծակի փլուզուեցին. իրադարձութիւն, որը թւում է, թէ յանգեցրել է հայերի՝ այլ ժողովուրդներից մեկուսացմանը: Գիտնականները նշել են, որ այդ թուականից յետոյ այլ ժողովուրդների հետ նկատելի միախառնումներ տեղի չի ունեցել:
Հետազօտողները նաեւ գենային տարբերութիւն են գտել արեւմտահայերի ու արեւելահայերի միջեւ, ինչը սկսել է զարգանալ մօտ 500 տարի առաջ: Տարեթիւը համընկնում է Օսմանեան Թուրքիայի ու Սեֆեան Իրանի միջեւ պատերազմների ու Հայաստանի՝ Թուրքիայի ու Պարսկաստանի միջեւ բաժանման հետ:
Հետազօտութիւնն անցկացրել է Քեմբրիջում գտնուող Սենգերի ինստիտուտի ծագումնաբանների թիմը՝ Մարկ Հեբերի եւ Քրիս Թայլեր-Սմիթի գլխաւորութեամբ: Նրանց նպատակն է երկար ժամանակ մեկուսացած ժողովուրդների, օրինակ հայերի, միջոցով վերականգնել մարդկութեան պատմութիւնը:
Հայերի ԴՆԹն 29 տոկոսով համընկնում է Էցիի՝ 1991 թուականին Ալպեան սառցադաշտերում յայտնաբերուած 5300ամեայ հնագոյն մարդու ԴՆԹի հետ: Մերձաւոր Արեւելքի գենետիկ առումով մեկուսացուած այլ ժողովուրդներ՝ կիպրոսցիները, սեֆարդի հրեաները, Լիբանանի քրիստոնեաները, նոյնպէս զգալի ընդհանրութիւններ ունեն Էցիի հետ, մինչդեռ թուրքերի, սիրիացիների ու պաղեստինցիների հետ՝ աւելի քիչ: Դա ցոյց է տալիս, որ հայերը եւ այլ մեկուսացուած ժողովուրդներ Մերձաւոր Արեւելքի ներկայիս բնակիչներից մօտ են նէօլիթեան հողագործներին, ովքեր 8000 տարի առաջ Եւրոպա են բերել գիւղատնտեսութիւնը:


Leave a Comment

You must be logged in to post a comment.