ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի հարցազրոյցը Լաթաքիայէն վերադարձէն ետք


 

Ապրիլի 7-ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերութեան «Երկրի հարցը» հաղորդաշարի հիւրն էր ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը:

– Այսօր մենք հնարավորութիւն ունենք լսելու տեղեկութիւններ առաջին ձեռքից, առաջին` որովհետեւ Հրանտ Մարգարեանը նոր է վերադարձել Սիրիայից: Պարոն Մարգարեան որտեղ եղաք, ինչ տեսաք, ում հանդիպեցիք եւ ինչ տպավորութիւններով վերադարաձաք:

– Եղայ Հալէպում եւ Լաթաքիայում: Այնտեղ մենք ունենք բաւական մեծ կազմակերպուածութիւն, բնականաբար իմ հանդիպակաց կողմը եղել են մեր կազմակերպութեան անդամները, Լաթաքիայում՝ նաեւ գաղթականութեան հետ: Ինչ որ առումով ես գնացել եմ ընթացիկ հանդիպման` մեր մեջ այդ հարցը քննարկելու, ընդհանրապէս սիրիահայութեան իրավիճակի օրակարգով:

– Քեսապից ինչ նորութիւններ ունէք: Այստեղ ամէնատարբեր լուրեր են հասնում:

-Իրականութեան մէջ այսօր ինչ է կատարւում , ինչ կայ Քեսապում։ Քեսապը գրաւուած է այդ ուժերի կողմից, այնտեղ հայութիւն չկայ, մի քանի տարեց անձինք են՝ տեղափոխուել են Թուրքիա: Քեսապում այսօր պատերազմ է: Քեսապը առճակատման գիծ է` մի կողմից սիրիական բանակն է, միւս կողմից՝ ընդդիմութիւնը` Թուրքիայի զօրակցութիւնն ունենալով ու անմիջական մասնակցութեամբ:

-Իսկ այն մարդիկ, ովքեր արտագաղթից յետոյ մնացել էին ու տեղափոխուել Թուրքիա` նրանց ճակատագր մասին, որեւէ տեղեկութիւն կա՞:

– Քեսապի շուրջ բարձրացուած արձագանգը այնքան մեծ է եղել, որ Թուրքիան պէտք է ամէն գնով փորձի քարոզչական նպատակով օգտագործել այդ մի քանի ծերերին, ապաստան տալ եւ չեմ կարծում, թե նրանց վտանգ սպառնայ: Հինականը ժողովուրդն է, որ գաղթական է դարձել, որ տնից – տեղից կտրուել է եւ հիմա Լաթաքիայում է:

-Ինչպէս է իրեն զգում Քեսապի ժողովուրդը Լաթաքիայում: Գիտենք , որ մի մասը եկեղեցում է տեղաւորուել, միւս մասը` իրենց կամ հարազատների: Ինչ վիճակ է, ինչի կարիք ունեն:

– Սպասողական վիճակ է: Ամէնալաւ երեւոյթն այն է, որ Քեսապցին սպասում է, որ վերադառնայ Քեսապ: Մտածում է ժամանակաւոր կեցութեան մասին է հարցը, ոչ թէ հիմնաւոր: Եւ սա լաւ է, որովհետեւ առանց Քեսապցիների` Քեսապի վերակագնումն անիմաստ է: Օրինակ, ինձ համար շատ հետաքրքիր է, այն, որ նրանք աւելի շատ մտահոգ են իրենց պարտէզներով, քան բնակարաններով: Սուրիայի վերջին դէպքերը, ռազմական իրողութիւնը նկատի ունենալով, հաշտուել են այն գաղափարին, որ բնակարանները պէտք է վնասուած լինեն, բայց յոյս ունեն, որ պարտէզները անվնաս կը մնան, որպէսզի իրենց համար կարելի դառնայ Քեսապ վերադարձը եւ Քեսապի վերականգնումը: Մեր հայ ժողովրդի առջեւ դրուած է մի խնդիր. Մենք ամէն ինչ պէտք է անենք, որ Քեսապցիները մնան Լաթաքիայում՝ Քեսապի կողքը, որպէսզի իմաստ ունենայ Քեսապի վերականգնումը: Ինչպէս ամէն մի գաղթական ժողովուրդ, բնականաբար նրանք եւս ունեն բազում դժուարութիւններ: Նրանք, ովքեր տեղաւորուել են իրենց հարազատների, բարեկամների բնակարաններում, նրանք էլ շատ հարմար վիճակի մէջ չեն ապրում: Դա ժամանակաւոր լուծում է, ոչ թէ՝ հիմնաւոր: Նրանք ովքեր եկեղեցում են, կենցաղային մեծ դժուարութիւններ ունեն, բայց այսօրուայ իրենց մտահոգութիւնը, խնդիրը եւ այն ինչ որ տանելի է դարձնում այդ պայմանները` շուտով Քեսապ վերադարձն է:

-Իսկ ինչի կարիք ունեն ամէնից շատ:

– Չեմ կարող ասել, թե մասնաւոր որեւէ բանի կարիք ունեն: Սնունդը, շատ դժուար չի իրենց համար ձեռք բերել. Տարբեր բարեգործական կազմակերպութիւններ են գործում, նաեւ Սուրիայի հայկական շտաբը, որ այս օգնութեան առումով է կազմակերպուել: Այդ առումով լուրջ խնդիր գոյութիւն չունի: Բայց գոյութիւն ունի հիմնական խնդիր`ժամանակավոր կեցութիւնը որքան կ՚երկարի, այդքանով խնդիրները կը մեծանան: Դա վերաբերում է կացարանին եւ կրթութեանը, բնականոն բոլոր խնդիրներին: Այսօրուայ դրութեամբ նրանց թւում է, որ Քեսապի ազատագրումը 7 սարերի ետեւում չի եւ իրենք կը վերադառնան իրենց գիղը:

-Պարոն Մարգարեան , սպասելի՞ էր, որ նման բան տեղի կ՚ունենա Քեսապի հետ: Այս հարցը ես յաճախ տալիս եմ, նկատի ունենալով, որ Քեսապը այս ողջ հակամարտութեան ընթացքում ընդունուած էր համարել ամէնաապահով, անվտանգ վայրը:

– Անցած մեկուկէս – երկու տարուայ ընթացքում, Քեսապը նուազագույն վնասն է կրել: Հիմնական պատճառը եղել է այն, որ համաձայնութիւն է տեղի ունեցել Սուրիայի եւ Թուրքիայի միջեւ: Եւ այդ սահմանից թափանցումների հարցը, սահմանի ապահովութիւնը ստանձնել է Թուրքիան: Սա եղել է փոխադարձ համաձայնութեամբ, որովհետեւ սուրիական բանակ գոյութիւն չի ունեցել այն նկատառումով, որ սուրիական բանակը կարող է յարձակման թիրախ դառնալ եւ յարձակումներից կարող է վնասուել նաեւ խաղաղ բնակչութիւնը: Սահմանի անվտանգութիւնը ամբողջութեամբ վերապահուած է եղել Թուրքիային: Յարձակումից մի գիշեր առաջ, սահմանապահ զօրքը քաշուել է եւ տեղի է ունեցել յարձակում: Ինչը որ կրկնակիօրէն է ապացուցում, որ այս յարձակումը եղել է թրքական պետականութեան անմիջական մասնակցութեամբ եւ համագործակցութեամբ: Ինչ վերաբերում է կանխատեսելուն` պատերազմի ժամանակ, ամէն բան կանխատեսելի է: Սուրիական պետութիւնը ունի մեծ փորձ Թուրքիային վստահելու եւ յուսախաբ լինելու առումով: Այն մասը, որ վստահում էր, հենց այդ մասում էր խնդիրը: Սակայն ինձ թւում է, որ այս գործողութիւնը շատ աւելի հեռուն գնացող նպատակ է ունեցել, քան Քեսապը: Նրանց յարձակման հիմնական նպատակը եղել է շրջափակել Քեսապը եւ ամբողջ բնակչութեանը վերցնել իբրեւ պատանդ: Պատանդ վերցնելով, իրենք պէտք է ապահովէին իրենց սուրիական զօրքի կոպիտ միջամտութիւններից: Դրան զուգահեռ նրանք գրաւում էին Քեսապի կողքին գտնուող բարձունքները, որից յետոյ սկսում էին վտանգել Լաթաքիան: Մի խօսքով իրենք հարուածում էին ալեւիներով բնակեցուած աւաններին, ցոյց տալիս թէ Ալեւիների անվտանգութիւնը որքան խախուտ երեւոյթ է: Այս հարցին կարելի է զանազան մեկնաբանութիւններ տալ, քաղաքական վերլուծութիւններ անելը մի քիչ անշնորհակալ գործ է, բայց ես հաւատում եմ նաեւ, որ այստեղ կայ Խրիմի հարց, այստեղ կայ Ռուսաստանի երկրորդ՝ խորքային ապահով նաւահանգիստը վտանգելու հարցը, Թարթուս-Լաթաքիա նաւահանգստային քաղաքների խնդիրը կար, Խրիմի դիմաց այս նաւահանգիստը կորցնելու ծրագիրը կար: Ոտքի տակ է գնացել Քեսապը, Թուրքիան ի միջի այլոց լուծել է նաեւ իր հիմնական նպատակներից մէկը` էթնիկական զտումի է ենթարկել Սուրիան, տարածքը ազատել հայերից, քրտերից, քրիստոնեաներից: Մեկ այլ կռուի, շատ մեծ կռուի զոհ է գնացել Քեսապը: Դրա համար մենք պէտք է կարողանանք ճիշդ կողմնորոշուել: Շատ կարեւոր մի հարց, որ ուզում եմ ասել, անցած երկու տարուայ ընթացքում, սուրիահայութիւնը ունեցել է մէկ քաղաքականութիւն: Մի քաղաքականութիւն, որ եղել է Սուրիայի կողքին, եղել է Սուրիայի անկախութեան կողքին, եղել է Սուրիայի զարգացման երաշխիքների կողքին, բայց դէմ է եղել եղբայրասպան կռուին, դէմ է եղել ներքին առճակատմանը, արտաքին միջամտութեանը եւ իրեն այս պատերազմի մէջ կողմ չի համարել, եւ ոչ մի ձեւով մասնակից չի դարձել այս պատերազմին, ի նպաստ մէկի՝ ընդդէմ միւսի: Եւ այս քաղաքականութիւնը արդիւնք է տուել, արդիւնք` այն առումով, որ վերջապէս այս երկու տարուայ ընթացքում, սուրիահայութիւնը իբրեւ հայութիւն, թիրախ չի դարձել: Ճիշդ է սուրիահայութիւնը շատ է վնասուել, բայց վնասուել են իբրեւ Սուրիայի քաղաքակցիներ, ոչ թէ իբրեւ սուրիահայեր, իբրեւ հայութիւն՝ առանձնաբար: Մենք միշտ պէտք է գիտակցենք, որ այս քաղաքականութիւնը պէտք է կարողանանք շարունակական դարձնել: Այսինքն Սուրիայի մեջ կռիւը մեր կռիւը չի: Պէտք չի, որ մենք այդ կռուին կողմ լինենք՝ ոչ այս եւ ոչ էլ այն կողմից: Սա է, որ մենք պէտք է գիտակցենք եւ հասկանանք եւ սուրիահայութիւնից էլ համապատասխան ակնկալիք ունենանք: Որովհետեւ այդքան ասում ենք Քեսապահայութիւն, այնինչ խօսքը մօտ երեք հարիւր ընտանիքի մասին է, երեք հազար՝ հիմնականում ծերացած հասարակութեան մասին, որովհետեւ երիտասարդութիւնը տարիների ընթացքում միշտ աշխատանքի փնտռտուքով գտնուել է ուրիայից դուրս: Մենք պէտք չունենք ոգեւորուելու, անիմաստ յայտարարութիւններ անելու, անիմաստ կտրուկ շարժումներ անելու, այլ պէտք է հասկանանք, որ սա մեր կռիւը չի: Այս կռուից վնասւում է Սուրիան եւ Սուրիայի բնակչութիւնն ընդհանրապէս, որոնց շարքում նաեւ մենք: Սա այն կռիւը չէ, որին մենք իբրեւ համայնք լինենք կողմ եւ մասնակից: Սա մենք բոլորս պէտք է գիտակցենք եւ մեր քայլերի ու յայտարարութիւնների մէջ ունենանք այն զգուշաւորութիւնը, որ աւելորդ անզգուշութիւններ չդրսեւորենք, որի գինը կարող է վճարել սուրիահայութիւնը:

– Արդեօ՞ք, այն ինչ տեղի է ունեցել Քեսապում եւ Լաթաքիայում, աւելի շատ եւ աւելի շուտ պայմանաւորուած է նրա դիրքով, ռազմավարական նշանակութեամբ եւ ոչ թէ այլ խնդիրներով, ասենք Հայաստանում տարածուած է այն տեսակետը, որ սա Թուրքիայի հակահայ քաղաքականութեան հետեւանքով է տեղի ունեցալ:

– Ինչ որ Թուրքիայի մասին ասում են, ես կողմնակից եմ եւ մենք պէտք է այդ ուղղութեամբ իսկապէս հիմնաւորուած աշխատանք տանենք: Բայց ինձ թւում է, որ Քեսապը եղել է Հիւսիսային շրջանի համեմատաբար խաղաղ վիճակի մէջ գտնուող Սուրիայի դարպասը: Այդ դարպասի հետ ինչպէս են վարուել, նաեւ փորձել են էթնիկական զտումի ենթարկել շրջանը: Ճիշդ դրա համար, մենք երկու բանում պէտք է պահանջատէր լինենք` մեկ պահանջատէր պէտք է լինենք աշխարհով մէկ Թուրքիայից, որ ապահովի սահմանի անվտանգութիւնը, եւ ետ կանչի զօրքերը, պահանջատէր պէտք է լինենք Սուրիայի պետութիւնից, որովհետեւ Սուրիայի պետութիւնը իր քաղաքացիների անվտանգութեան պատասախանատուն է: Պէտք է ակնկալել Քեսապի ազատագրումը Սուրիայի իշխանութիւնից: Եւ անիմաստ է այս հարցով այլ ակնկալիք ունենալ Քեսապցիներից, կամ փորձել հերոսի կեցուածք ընդունել: Քեսապի հարցը այնպիսի հարց էր, որ ունեցաւ մեծ միջազգային արձագանգ:

Միջազգային արձագանգը ի՞նչ ազդեցութիւն ունեցավ:

– Միջազգային մեծ արձագանգը կարող է պատճառ դառնալ, որ շահագրգռուած կողմը, որն այս անգամ կարծեմ Սուրիայի պետութիւնն է, ցանկանայ, որ հայկական գործօնը անընդհատ դերակատար մնայ այդ հակադրութեան մէջ, որովհետեւ իրենք տեսան, որ երբ հարուածեցին Քեսապին, իբրեւ զուտ հայկական տարածքի, այն ունեցաւ մեծ միջազգային արձագանգ: Ինչ-որ անցած մէկ ու կէս տարուան ընթացքում, ոչ մի շրջանի աւերածութիւնն ու անմարդաբնակ դառնալը չէր ունեցել: Ուրեմն կայ շահագրգռուած կողմ մեզ ներքաշելու մի կռուի մէջ, որը մեր կռիւը չի: Մենք պէտք է կարողանանք սա հասկանալ: Եւ պէտք է հասկանանք, որ մի գործ, որ պէտք է անի սուրիական պետութիւնը, պէտք է անի ինքը:

Սուրիական պետութիւնը պէտք է ազատագրի թէ Քեսապը, եւ թէ ապահովի Քեսապցիների ժամանակաւոր կեցութիւնը եւ հոգսերի բաւարարումը: Մենք կողքից կ՚օգնենք Քեսապցիներին, մենք կ՚օգնենք, որ այդ ժամանակաւոր կեցութիւնը աւելի հեշտ լինի, աւելի դիւրին լինի, աւելի տանելի լինի, աւելի մարդկային լինի: Այո, կ՚անենք դա: Բայց մենք պէտք է ակնկալիք ունենանք սուրիական պետութիւնից, որ հայութեան համար անվտանգութեան երաշխիք ստեղծի:

Այսինք, հայկական գործօնը բուն իրադարձութեան ժամանակ չունէր կամ այնքան էլ կարեւորութիւն չունէր, որքան իրադարձութիւններից յետոյ այս ամբողջ տեղեկատուական շրջապտոյտի մեջ:

-Այո, դա է իրականութիւնը, բոլորը շահագրգռուած են այդ գործօնը օգտագործել: Մենք պէտք է այդ գործօնը պահենք, Թուրքիայի վրա ճնշում գործադրենք , որ զօրքերը ետ քաշի Քեսապից, որ սահմանը ապահովի: Այդ գործօնը պէտք է լինի դերակատար: Սակայն պէտք է զգուշանանք, որ այդ գործօնը չծառայի այլ նպատակի: Մեր հիմնական նպատակը` Քեսապն է, Քեսապի վերականգնումը եւ ժողովրդի վերադարձը` Քեսապ: Քեսապցիները պէտք է ապրեն այդ միջավայրում, հարեւանութեամբ` մուսուլման՝ թուրքմէն ժողովրդի:

– Ինչպէ՞ս եք վերաբերւում այս ողջ միջազգային արձագանգին.Պաշտօնական հատարարութիւններ պաշտօնական Ուաշինկթընից, պաշտոնական Մոսկուայից եւ այլ տեղերից:

– Ես կարծում եմ, դա հայկական գործօնի դերակատարութեան արդիւնքն է՝ մեր ուժի ցուցադրումը: Դա վկայում է այն փաստի մասին, որ հայութիւնը կարողանում է ստեղծել միջազգային մթնոլորտ` քարոզչական, տեղեկատուական մթնոլորտ, որն անշուշտ դրական է: Մենք պէտք է կարողանանք այս մթնոլորտը օգտագործել, հիմնական հարցը լուծելու` Թուրքիայի վրայ ճնշում բանեցնելու, որ դադարեցնի օժանդակութիւնը ու ետ քաշի զօրքը եւ սահմանի վրայ ապահովութեան երաշխիք ստեղծի: Որպէսզի հնարաւոր լինի Քեսապը վերականգնել եւ Քեսապցիներին վերադարձնել իրենց բնօրրանը:

-Ինչպէս եք վերաբերւում միջազգայի մամուլի արձագանգներն` յաճախ լինում են չճշդուած տեղեկատուութիւն, ապատեղեկատուութիւն:

-Ապատեղեկատուութիւնը երկու պատճառ ունի` նախ անտեղեակութիւնը, սակայն ապատեղեկատուութեան մէջ մէկ բաժին կայ, որ կազմակերպուած է (նկարների ցուցադրում, բռնաբարուած աղջիկներ, եռագոյն հագած զինեալներ որ գնում են Քեսապն ազատագրելու), սա էլ միւս պատճառն է, երբ իրենք ուզում են հայկական գործօնը առճակատման կողմ ցոյց տալ այս պայքարում, սրանով իրենք այլ նպատակ պէտք է յաջողեցնեն: Այստեղ է, որ մենք իրենց ջրաղացին ջուր չպէտք է լցնենք:

-Իսկ Հայաստանի արձագանգը, լինի դա պետական մակարդակով` կառավարական , խորհրդարանական եւ կամ հանրային:

– Կարծում եմ դրական է եւ բնական: Ճիշդ է, այստեղ էլ կար որոշ անտեղեակութիւն, որը պատճառ դարձաւ քայլերի, որոնք եթէ չունենանային հրապարակային արձագանգ աւելի ճիշդ կը լինէր, բայց ընդհանուր առմամբ միտումը եղել է դրական, եղել է ազգային, եւ համապատասխան:

– Հայաստանում նաեւ կոչեր հնչեցին, հաւաքուել, զինուորագրուել, գնալ, պայքարել, կռուել:

-Դա գալիս է նրանից, որ մարդիկ չգիտեն ինչի մասին են խօսում: Բայց մօտեցումն ազնիւ է, ուզում են մի բան արած լինել, բայց չիմանալով մի քիչ աւելին են ցանկանում, քան կարելի է: Սա միջպետական պատերազմ է միջերկրական ծովի ափին: Գնալ դրան մասնակցել, կարծում եմ, որ մի քիչ երեւակայութիւնից էլ դուրս է: Թեեւ միտումը կարծում եմ ազնիւ է:

-Ինչ է Քեսապը ոչ միայն սուրիահայութեան, Քեսապահայութեան, այլ ընդհանրապէս հայութեան համար, որն է նրա կարեւոր առանձնայատկութիւնը:

– Կիլիկիայի թագաւորութիւնից յետոյ երկու հայաբնակ օճախներ էին մնացել` Քեսապը եւ Մուսա լեռը: Այս առումով խորհրդանշական էին, լինելով սուրիական հող , միաժամանակ մեզ համար հարազատ հայրենի հող էին: Երկար դարերի ընթացքում մշակոյթ է կերտուել, սերունդներ դաստիարակուել, նրանք մարդուժով մատակարարել են Սփիւռքի շատ ու շատ օճախներ, շատ ու շատ հաստատութիւններ: Քեսապցիների գործօնը հայակական իրականութեան մէջ աննկատ գործօն չի, մեծ գործօն է: Վեհափառ ենք ունեցել, գիտնականներ, մարդուժ, որ մեր, հայ ժողովրդի կապիտալին են մաս կազմում, բաւական մեծ տոկոս են կազմում:

-Որն է ելքը Քեսապին այս վիճակից դուրս բերելու:

-Առաջին հերթին պէտք է կարելի դարձնել Քեսապցիների ժամանակաւոր կեցութիւնը Քեսապի մօտ`Լաթաքիայում: Դրա համար համահայկական ուժերը պէտք է մոբիլիզացնել: Առանց այդ ժողովրդի Քեսապի վերականգնումը անիմաստ է: Սա առաջին ամէնակարեւոր հարցն է: Երկրորդը` քարոզչութեամբ, ցուցական աշխատանքով: Պէտք է կարողանալ միջազգային ճնշում ապահուել Թուրքիայի վրայ: Թուրքիան այս հարցում ունի բանալի դերակատարութիւն: Եւ երրորդ. մեր յարաբերական աշխատանքով պէտք է կարողանանք սուրիական պետութեանը ներկայացնել մեր ակնկալիքները` որ սահմանը ապահով լինի, Քեսապն ազատագրուած, եւ ժողովուրդն իր հետագայ կեցութիւնը պէտք է կարելի դարձնի Քեսապում:

-Ձեր թուարկած երեք ուղղութիւններով, ներկա վիճակում ինչ մակարդակի , արդիւնաւէտութեան աշխատանք է կատարուել:

-Միջազգային առումով, կատարուել է մեծ աշխատանք եւ պէտք է շարունակուի ցուցական եւ քարոզչական առումով: Քեսապի ժամանակաւոր կեցութեան առումով, կարծում եմ, որ անմիջական անհրաժեշտն արուած է: Բայց եթե այդ ժամանակն աւելի երկարի, լուրջ աշխատանք պէտք տանել: 


Leave a Comment

You must be logged in to post a comment.