Ժողովրդի Համար Նախ Ապրելու Պայմաններ Պէտք Է Ստեղծել – Հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի հետ
Նոր տարուան սեմին, «Երկիր»-ի կայքէջը հարցազրոյց մը ունեցաւ ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանի հետ, որ անդրադարձաւ անցեալ տարուան ձախողութիւններուն եւ իրագործումներուն, ինչպէս նաեւ յաջորդ տարիէն ակնկալիքներուն: Ստորեւ` հարցազրոյցը ամբողջութեամբ:
ՀԱՐՑՈՒՄ.- Պարո՛ն Մարգարեան, աւարտւում է 2013 թուականը: Որպէս ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ` ամփոփելով անցնող տարին, ինչպէ՞ս կը գնահատէք` ինչպիսի՞ն էր այն Դաշնակցութեան համար:
ՊԱՏԱՍԽԱՆ.– Գիտէք, հարցին կարելի է զանազան ձեւերով պատասխանել, բայց ամէնքս էլ մարդ ենք, եւ չես կարող կտրուել քո շրջապատից, երկրի մթնոլորտից, որպէսզի փորձես դրական գնահատականներ հնչեցնել: Մեր երկիրը հիմա մի վիճակում է, երբ համատարած աղքատութիւն է, անգործութիւն եւ արտագաղթ: Յատկապէս դա շատ նկատելի է դառնում տօնական օրերին, երբ տեսնում ես, թէ ինչքան կարիքաւոր մարդ կայ շրջապատումդ, ինչքան ընտանիքներ կան, որ յայտնուել են լուրջ կարիքի մէջ, ինչքան կիսուած ընտանիքներ կան, որ արտերկրում են, եւ այլն: Եւ սա, բնականաբար, ազդում է դատողութիւններիդ, հայեացքներիդ վրայ: Մարդը պէտք է իր մէջ ուժ գտնի, զերծ մնայ այս խնդիրներից, որպէսզի կարողանայ մէկ այլ հայեացքով գնահատել անցած տարուայ անցուդարձը: Ինչ վերաբերում է երկրին եւ ժողովրդին, պէտք է ասեմ, որ լաւ տարի չէր, որովհետեւ ոչ միայն մեր բազում խնդիրներն ու ընկերային-տնտեսական հարցերը չեն լուծուել, այլ ընդհակառակը` աւելի վատացել են: Լաւատես լինելու համար պէտք է բաւական ճիգ թափես, որ կարողանաս լաւատեսական գնահատականներ տալ, մի բան, որ անհրաժեշտ է, բայց այդքան էլ դիւրին չէ:
Ինչ վերաբերում է մեր աշխատանքներին, նշեմ, որ հակառակ բոլոր դժուարութիւններին, ընտրութիւնների արդիւնքում ունեցած ձախողութիւններին, որոնք բնականօրէն վատ էին ազդել մեր կազմակերպութեան վրայ, կարծեմ` բոլոր քաղաքական ուժերի վրայ եւս, համատարած ճնշող մթնոլորտը, որ բոլորին անկարողութեան մատնեց, թոյլ չտալով ունենալ արդար ընտրութիւններ, որտեղ կը պարզուէր ժողովրդի իրական կարծիքը, տեսակէտը, իրական համոզմունքները, հակակրանքներն ու համակրանքները, մեզ համար արդէն անցած հանգրուան է, եւ այս տարուայ ընթացքում կարողացանք այդ փուլն անցնել:
Այժմ փորձում ենք մեր մէջքն ուղղել եւ նոր պայքարի, նոր հանգրուանի, նոր աշխատանքների ենք տրամադրուած: Այս առումով տարին սկսեցինք փակել դրական առումով, այսինքն` երկրորդ կիսամեակը մեզ համար արդիւնաւէտ էր:
Հայ դատի, մեր քաղաքական աշխատանքների առումով, կարծում եմ, դրական ձեռքբերում էր երկու կաթողիկոսների ապրիլքսանչորսեան ուղերձը, որով, փաստօրէն, Հայ դատի պայքարի մէջ բացուեց մի նոր հանգրուան, որով մենք Հայ եկեղեցու իրաւունքների պաշտպանութիւնով սկսում ենք մեր պահանջատիրական նոր ժամանակաշրջանը: Թուրքիայում մնացած հայութեան բեկորների բաւական լուրջ ձգտումները դէպի արմատները եւս մեզ համար շատ կարեւոր էին: Իսկ ամենակարեւորը Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման գործընթացն էր, որ տեղի ունեցաւ մեր` Հայ դատի յանձնախմբերի տարած աշխատանքների շնորհիւ: Փաստօրէն, մենք այս տարի սկսեցինք այդ աշխատանքները եւ արդէն առաջին դրական արդիւնքները ունենք:
Կարողացանք նաեւ Արցախի Հանրապետութիւնը միջազգային եւ տարբեր պետութիւնների խորհրդարանական հարթակներում որպէս պաշտօնական կողմ ներկայացնել, հաւասար մակարդակի հանդիպումներ կազմակերպել, որը նոյնպէս առաջընթաց էր: Չնայած ղարաբաղեան բանակցութիւններում տեղի չունեցաւ որեւէ առաջընթաց, բայց դրան զուգահեռ զարգացաւ թէ՛ Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման գործընթացը եւ թէ՛ Արցախն ուղղակի կարողացաւ ներկայութիւն դառնալ եւ պետական մակարդակում առաջին քայլերն արեց միջազգային ասպարէզում: Սա, անշուշտ, մեծ ձեռքբերում էր եւ սկիզբն էր այն մեծ աշխատանքի, որ առաջիկայում դեռ պէտք է կատարենք:
Հ.- Դուք ասում էք, որ տարին ընկերային, տնտեսական առումով վատն էր, բայց իշխանութեան ներկայացուցիչները հակառակն են պնդում եւ նման գնահատականների հետ համաձայն չեն:
Պ.- Ես հեռու եմ այն մարդը լինելուց, որ կ՛ուզենամ վատը տեսնել, հակառակը` եթէ լաւ մի բան լինի, ես ճիգ կը թափեմ, որ այն տեսնեմ: Իմ տեսակն այդ տեսակն է: Ես կարող եմ զարմանալ, եթէ մէկը կարծում է, թէ ինչ-որ լաւ բան կայ: Ես հարցի մասին խօսեցի աւելի շատ զգացական կողմից, բայց երկրում այսօր որեւէ նոր արտադրութիւն չի բացուել, նոր աշխատատեղեր չեն հիմնուել, տնտեսութիւնը անկման վիճակում է: Ներդրումների առումով էլ ձեռքբերումներ չկան: Ելեւմտական կենտրոնացում կայ, ինչ-որ մի շերտի մօտ երկրի ամբողջ հարստութիւնը կենտրոնացնելու ծրագրուած աշխատանք կայ, եւ սա ոչ թէ տնտեսութիւն զարգացնելու, ոչ թէ տնտեսական ծրագիր յաջողցնելու նպատակով է, այլ ինչ որ մի արտօնեալ շերտի մօտ ողջ ելեւմտական կարողութիւնը կենտրոնացնելու ճիգ է: Հաւանաբար, այդ շերտն է, որ լաւն է տեսնում, բայց այդ շերտը այնքան փոքրաթիւ է, այնքան փոքր տոկոս է կազմում, որ հասարակական շերտ չի կարող լինել: Դա ինչ-որ խումբ է, որ համատարած բոլոր բնագաւառներում սկսում է տիրակալ դառնալ, մենաշնորհի շնորհիւ ելեւմտական կենտրոնացում է տեղի ունենում, վերանում է միջին խաւը, եւ երկրի ընկերային-տնտեսական վիճակը դառնում է յոյժ վտանգաւոր: Ով այլ կարծիքի է, թող մտնի ժողովրդի մէջ, գիւղ գնայ, ուղիղ յարաբերուի ժողովրդի հետ… Այնքան բացայայտ է դա, որ եթէ մարդ չուզենայ էլ տեսնել, աչքը կը մտնի, այսինքն` ուղղակի հնարաւոր չէ դա չնկատել: Իսկ ամենացաւալին այն է, որ որեւէ ծրագիր նկատելի չէ, որ կարող է յոյս ներշնչել, իսկ առանց յոյսի դժուար է ապրել: Մեր կառավարութիւնը այնպիսի վիճակ է ստեղծել, որ այդ յոյսն է վերանում, եւ կարծում եմ, որ առաջին հերթին պէտք է սթափուեն իրենք: Չեմ ուզում հարցին տալ քաղաքական պայքարի բնոյթ: Առաջին հերթին ակնկալիքս այն է, որ հէնց իրենք պէտք է վերանայեն իրենց մօտեցումները: Տնտեսական քաղաքականութիւնը պէտք է փոխուի: Իրենք պէտք է զգան, որ այս ժողովուրդը պէտք է կարողանայ ապրել այս երկրում, այլ ոչ թէ մտածեն` եթէ մարդիկ արտագաղթում են, ուրեմն մարդկանց հետ խնդիրն էլ է արտագաղթում: Արտագաղթն արդէն այն մակարդակի է հասել, որ ազգային անվտանգութեան խնդրի է վերածուել:
Հ.- Ին՞չ պէտք անել, որ նրանք դա զգան: Մարդիկ անհաղորդ են, չեն զգում, չեն ընդունում, որ վիճակը վատ է:
Պ.- Չեմ կարծում, որ չեն զգում, գուցէ չեն խոստովանում: Ես կարծում եմ, որ փաստերն ամէն վայրկեան ամէն մարդու աչք մտնելու չափ ցցուն են: Չեն խոստովանում: Ինչո՞ւ: Որովհետեւ այլ ծրագիր չունեն, ինչն ամենավտանգաւորն է:
Հ.- ՀՅԴ-ն այս տարի «մենք ապրելու ենք մեր երկրում» ծաւալուն ծրագրով հանդէս եկաւ: Ծրագիրը, փաստօրէն, գալիս էր օժանդակելու, օգնելու իշխանութեանը` այս վիճակից համատեղ ջանքերով լուծում գտնելու եւ դուրս գալու համար: Ի՞նչ փուլում է ծրագիրը եւ ի՞նչ հետեւանքներ ունեցաւ:
Պ.- Այդ առումով աշխատանքները դեռ շարունակւում են; Աշխատանք, որն ինչ-որ առումով ե՛ւ պայքար է, ե՛ւ աշխատանք: Բնականաբար, դրա շուրջ պէտք է կարողանանք համախմբում ստեղծել, քննարկում սկսել իշխանութեան հետ: Մենք ուզում ենք ցոյց տալ, որ իւրաքանչիւր հարց իր լուծումն ունի. արտագաղթը հնարաւոր է կասեցնել` արտագաղթին թափ տուող պատճառները վերացնելով: Եւ եթէ այս իշխանութիւնն ի վիճակի չէ ծրագիր ստեղծելու, մենք այդ ծրագիրն ենք ներկայացնում: Մենք ներկայացնում ենք ծրագիր, թէ ինչպէս արտագաղթը քաջալերող պատճառները վերացնել, որպէսզի նախ թափը կոտրուի, եւ երկրորդ` յոյս ունենանք, որ առնուազն վերջին ժամանակաշրջանում արտագաղթածները տուն վերադառնան: Երկրում ապրելու ցանկութիւնը բաւարար չէ, մարդիկ պէտք է կարողանան ապրել, այսինքն` աշխատանք պէտք է ունենան, եւ այդ հնարաւորութիւնը իշխանութիւնը պէտք է տրամադրի: Իշխանութիւնը պարտաւոր է դա անել: Եթէ դու դրանից զրկում ես քո ժողովրդին, դու չես կարող լինել այդ ժողովրդի իշխանութիւնը, իրաւունք չունես կառավարել այդ ժողովրդին: Ես չեմ ուզում ենթադրել, թէ վերեւներում, իշխանութեան մէջ չկան մարդիկ, որ կարողանան գիտակցել սրա կարեւորութիւնը: Վերջապէս պետական անձ դառնալը փէշակ չէ, դա հարստանալու միջոց չէ, դա պէտք է լինի առաքելութիւն: Եւ այդ առաքելութիւնը երկրին ու ժողովրդին ծառայելն է: Ժողովրդի համար նախ ապրելու պայմաններ պէտք է ստեղծել, ապա նաեւ` զարգացման: Եթէ այս երկու պայմանները չեն ստեղծում, նշանակում է իրենք իրենց տեղում չեն, արժանի չեն ղեկավարելու այս ժողովրդին:
Հ.- Ուզենք, թէ չուզենք, պէտք է արձանագրենք, որ երկրում ծայրայեղ յուսահատական մթնոլորտ է տիրում, եւ ընդդիմութիւնն էլ, կարծես, համախմբուած չէ: Մի դէպքում` յանձինս ՀՅԴ-ի ծրագրեր են մշակւում, ներկայացւում, որպէսզի երկիրը դուրս գայ այս վիճակից, մէկ այլ դէպքում ընդդիմադիր զանգուածներն աւելի ծայրայեղական են տրամադրուած, ընդդիմադիր այլ կուսակցութիւններ այլ ճանապարհ են առաջարկում, յեղափոխական կոչեր են հնչեցնում, բայց դրանք էլ շարունակութիւն չեն գտնում: Ինչու՞ չի ձեւաւորւում այնպիսի ընդդիմութիւն, որ կարողանայ միասնական ճակատով, ծրագրով, կազմակերպուած պահանջներ ներկայացնել:
Պ.- Ինձ թւում է` քաղաքական շատ ուժեր, անկարողութիւնից, անճարակութիւնից մղուած, հասնում են ծայրայեղութեան: Երբ տեսնում են, որ չեն կարողանում վիճակը փոխել, ծայրայեղացնում են քայլերը, բայց իրականութեան մէջ ծայրայեղականութիւնը միշտ դատապարտուած է ձախողման: Քաղաքական կուսակցութիւնների, դրանց թւում նաեւ մեր հիմնական խնդիրը, ժողովրդային լայն կազմակերպուածութիւն չունենալն է: Այսինքն` ոչ թէ պէտք է սպասել, որ պոռթկում տեղի ունենայ, ալիք բարձրանայ, եւ քաղաքական ուժերը մէկը միւսի յետեւից շտապեն այդ ալիքի գլուխը կանգնել, այլ պէտք է կարողանան գիտակից զանգուած համախմբել, կազմակերպուած գիտակից զանգուած ունենալ իրենց շուրջ: Միայն այդ ժամանակ է հնարաւոր էական փոփոխութիւնների հասնել: Եթէ նոյնիսկ այնպէս ստացուի, որ յայտնուես ալիքի վրայ, եւ այդ ալիքը իշխանափոխութեան պատճառ դառնայ, եթէ չկայ ծրագիրը, չկայ ժողովրդի իրական համակրանքը, չկայ անելիքի պատկերացումը, մէկ ամիս յետոյ այդ նոյն ալիքը կը բարձրանայ այդ նոյն իշխանութեան դէմ: Սա է իրականութիւնը: Իսկ մեր ուղղութիւնը, որ փորձում ենք ծրագրերով գալ, նախ ուզում ենք ցոյց տալ, ասել, որ ելք կայ, եւ միայն ատելութեան վրայ յենուած ալիքը չէ, որ կարող է իշխանութիւն փոխել: Պէտք է ծրագիրը, գաղափարը գիտակից պայքար շղթայագծի: Ես ծայրայեղականութիւնը մերժողը չեմ, բայց այդ ճանապարհը կարող է չորս ամսուայ կեանք ունենալ, երեք ամսուայ կեանք ունենալ: Չի կարող տարիներ շարունակ երկարել: Դա է պատճառը, որ շատ քաղաքական ուժեր արագ սպառւում են, անհետանում են, որ կարծես չեն էլ եղել, գոյութիւն էլ չեն ունեցել: Ես չեմ ուզում անուններ տալ, բայց վերջին տարիներին քանի քանիսն են այդ ալիքի վրայ յայտնուել, կանգնել եւ յետոյ անհետացել: Կարեւորն այն է, որ կարողանաս երկարատեւ կայուն ընթացք ստեղծել, որ քո ծրագրերի շուրջ կազմակերպուած ժողովուրդ ունենաս: Սա դժուարին, տքնաջան աշխատանք է, միւսը հեշտ է: Մարդը ուժ է տալիս խօսքին, կարծում է` որքան ուժեղ հայհոյի, որքան բարձր հայհոյի, այնքան հաւատ կը ստեղծի եւ իր շուրջը ժողովուրդ կը համախմբի: Բայց դա դիւրին ձեւն է եւ շատ կարճ կեանք է ունենում:
Հ.- Ընկերային ծանր վիճակում յայտնուած, արտագաղթի ճանապարհը բռնած ժողովուրդը պատրա՞ստ է երկարատեւ պայքարի:
Պ.- «Երկարատեւ»-ը համեմատական հասկացութիւն է: Ես հաւատում եմ, որ առնուազն որեւէ կուսակցութիւն, եթէ ուզում է իր ժողովրդի ճակատագրում որեւէ փոփոխութիւն բերի, պէտք է ի վիճակի լինի այդ ժողովրդի գէթ մէկ տոկոսին գիտակից կերպով կազմակերպել, կազմակերպած ուժի վերածել: Մենք ինչու՞ ենք ճիգ թափում, ծրագիր ստեղծում, փորձում համախմբել մեր շուրջը գիտակից զանգուածների: Վերջապէս կարելի է, չէ՞, ոչինչ էլ չանել բայց եթէ մենք, որպէս ընդդիմութիւն, տեսնում ենք, որ վիճակը վատ է, եւ երկիրը պէտք է այս վիճակից դուրս հանել, ուրեմն պէտք է փնտռենք ճանապարհներ, պայքարենք: Պայքար, որը պէտք է նաեւ իր ընթացքով կարողանայ վիճակ փոխել: Եթէ ես տեսնում եմ, որ այս պահին այդ վերջին հարուածը տալու հնարաւորութիւն չունեմ, ես իրաւունք չունեմ միայն բացասականով ներկայութիւն դառնալ այս երկրում: Ես պէտք է կարողանամ իմ ուժից շատ ազդել, որպէսզի փոփոխութիւններ բերեմ երկրին: Վերջին հաշուով մեր պայքարի նպատակը անպայման մեզանով իշխանութիւն ձեւաւորելը չէ, չնայած դա էլ կայ, բայց այդ ամբողջը այս երկրի եւ այս ժողովրդի համար է: Սա չի նշանակում, որ ես առկայ վիճակի հետ հաշտ եմ, ո՛չ, ես ընդամէնը իմ ուժին համապատասխան եմ աշխատում եւ միշտ յիշում եմ, որ իմ գոյութիւնն այս ժողովրդի համար է: Այնպէս չէ, որ պէտք է իշխանութիւն լինեմ, որ այս ժողովրդի համար աշխատեմ, ես կարող եմ, նաեւ ընդդիմութիւն լինելով, այս ժողովրդի համար աշխատել: Վերջին հաշուով ես վիճակը` թէ՛ ներքին եւ թէ՛ արտաքին մասով, այնքան մտահոգիչ եմ տեսնում, որ կարծում եմ` իշխանութիւնն ու ընդդիմութիւնը, նոյնիսկ իրար չընդունելով, պարտաւոր են միասնաբար ելք փնտռել` այս վիճակից դուրս գալու համար: Այսօր այն պահը չէ, որ իրար դէմ կենաց-մահու կռուի դուրս գանք: Եթէ դա հնարաւոր լինէր, ես դրանից խուսափողը չեմ, բայց եթէ հնարաւոր չէ, մենք յանուն այս երկրի, յանուն այս ժողովրդի այլ ելքեր էլ պէտք է ունենանք:
Հ.- ՀՅԴ-ն իր տեսակէտը յստակ արտայայտել է` Մաքսային միութեան հետ կապուած: Ին՞չ կարող է տալ մեզ Մաքսային միութիւնը, եւ ի՞նչ չէր կարող տալ Եւրոպական Միութիւնը, եւ ընդհանրապէս` այս եռանկիւնու մէջ որտե՞ղ կարող է յայտնուել Լեռնային Ղարաբաղը:
Պ.- Երեք հիմնական հարց կայ, որ որեւէ համարկման ժամանակ մենք պէտք է նկատի ունենանք: Այս պետութեան ինքնիշխանութիւնը պէտք է տարածուի Հայաստանի Հանրապետութեան եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան վրայ: Եւ այդ իշխանութիւնը պէտք է լինի իրական ինքնիշխանութիւն: Երկրորդ հարցը մեր անվտանգութեան հարցն է: Մեր ֆիզիքական անվտանգութեան պարագան պէտք է լուծում ունենայ այդ հարցի տարբերակի ընդունման մէջ: Եւ երրորդը ուժանիւթի հարցն է, որ այս երկիրն այդ խնդիրն ունի: Այս երեք հարցերը, ինձ թւում է, հնարաւոր է ապահովել Մաքսային միութեան միանալու դէպքում: Թէպէտ ասեմ` ասում են` սատանան մանրուքների մէջ է: Ինձ համար իսկապէս զարմանալի է կազի պայմանագրի հարցը, թէ ինչպէ՞ս է այդ պայմանագիրը ստորագրուել: Թէ ինչպէ՞ս է մարդու ձեռքը գնացել, որ այդպիսի պայմանագիր ստորագրի, եւ ի՞նչ ենք մենք ժառանգութիւն թողնում մեր յաջորդ սերնդին: Այստեղ է, որ մենք ուշի ուշով պէտք է ամէն քայլի հետեւենք, որ այս երկրի ինքնիշխանութիւնն ու անվտանգութիւնը պահպանուի: Ազգային ինքնիշխանութեան եւ անվտանգութեան հարցը բոլոր մանրուքների մէջ պէտք է յարգուած լինի, եւ մեր սկզբունքային դիրքորոշումը պէտք չէ պատճառ դառնայ, որ, ձեռքներս վեր բարձրացրած, բոլոր քայլերը մեր կողմից ընդունելի համարենք:
Հ.- Հնարաւոր համարում է՞ք, որ մի օր էլ նման մի պայմանագիր, Լեռնային Ղարաբաղի հետ կապուած, բերեն խորհրդարան` հաստատման:
Պ.- Կարծում եմ` ամէն ինչ հնարաւոր է (ծիծաղում է), բայց ես հաւատում եմ, որ նման բան չի լինի: Ժողովուրդը նման բան կուլ չի տայ: Դա անընդունելի կը լինի: Դա կը լինի վերջը: Այս ժողովուրդը վերջին 23 տարիների ընթացքում մի իրական ձեռքբերում է ունեցել, դա Արցախն է: Դա սրբութիւն սրբոցն է, եւ եթէ նման բան լինի, ժողովուրդը ոչ մէկիս չի ների:
Հ.- 2014 թուականից ի՞նչ սպասելիքներ ունէք:
Պ.- Ներկայ վիճակն այնքան ճնշող է, որ չես կարող կտրուել իրականութիւնից եւ օդում սաւառնել: Բնականաբար, միշտ յոյսն է պահում մարդուն, եւ յոյսս, հաւատքս այն է, որ պէտք է ելք գտնենք այս վիճակից, վիճակը բարելաւենք, արտագաղթի թափը կոտրենք, արտագաղթը պէտք է կարողանանք վերածել ներգաղթի, պէտք է կարողանանք երիտասարդութեան համար այս երկրում ապրելու, զարգանալու հնարաւորութիւններ ստեղծել: Մենք պարտաւոր ենք դա անել: Ես «մենք»-ով եմ խօսում, որովհետեւ հաւատում եմ, որ քաղաքական ուժի ներկայացուցիչը, այս պետականութեան մասն է կազմում: Իւրաքանչիւրս ունենք պարտաւորութիւններ մեր կարելին անելու, որպէսզի վիճակը փոխենք: Ես հաւատում եմ, որ վերջապէս ամէն ինչ իր վերջն ունի, եւ այս անկման ընթացքը, յոյս ունեմ, կը վերջանայ այս տարուայ հետ միասին: Եթէ հարցնէք` դրա համար ծրագրեր կա՞ն, չկան: Բաց կայ այս ուղղութեամբ վիճակ փոխելու վճռականութիւն, եւ, որ ամենակարեւորն է, կայ թէ՛ պայքարելու, թէ՛ հասկացուելու եւ թէ՛ յաղթելու տրամադրութիւն: Որովետեւ, կարծում եմ, վերջ պէտք է ունենայ այս ամէնը, եւ պէտք է կարողանանք այս անկման ընթացքին վերջակէտ դնել եւ յաջողութիւնների սկիզբ ազդարարել: