100 տարի անց. ի՞նչ կու տայ հայերին Թուրքիայի դէմ Կիլիկիոյ կաթողիկոսութեան սկսած դատական պրոցեսը

Ուղիղ հարիւր տարի է անցել այն օրուանից, երբ վերացուեց Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան գահը Սիս քաղաքում։ Դա Օսմանեան կայսրութեան կողմից իրականացուած ցեղասպանութեան արդիւնք էր։

Այդ ողբերգութիւնից մէկ դար անց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը յստակ յայտարարում է Թուրքիայի կառավարութեան կողմից ապօրինաբար բռնագրաւուած ունեցուածքի նկատմամբ սեփականութեան իրաւունքի վերականգնման հասնելու վճռականութեան մասին։ Կաթողիկոս Արամ Ա-ն այդ կապակցութեամբ յայտարարութիւն է արել։

1921 թուականի նոյեմբերի 25-ին Սահակ Բ. Կաթողիկոսը ստիպուած եղաւ կատարել թուրք զինուորականների կողմից իրեն ներկայացուած վերջնագրի պայմանները և ծխականների հետ լքեց Կիլիկեան Հայաստանի մայրաքաղաքը։ Կան անվիճելի ապացոյցներ, որ զինուորականները գործել են ոչ թէ սեփական նախաձեռնութեամբ, այլ կատարել են Օսմանեան կայսրութեան բարձրագոյն քաղաքական ղեկավարութեան հրամանը։ Թուրք յայտնի պատմաբան և իրաւագէտ Թաներ Աքչամը արխիւում գտել է հեռագիր, որը ներքին գործերի նախարար Թալէաթ փաշան ուղարկել էր այն ժամանակ 4-րդ դաշտային բանակի հրամանատարի պաշտօնը զբաղեցնող Ճեմալ փաշային։

Այնտեղ կարգադրութիւն է տրւում կաթոշիկոսարանի ունեցուածքի բռնագրաւման և կաթողիկոսի ու բոլոր քահանաների արտաքսման մասին։ Աքչամն այդ կապակցութեամբ բաց նամակով դիմել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Գիտնականն արդարացիօրէն նշել է. «1948 թուականից նման գործողութիւնները կոչւում են «ցեղասպանութիւն»։ Գուցէ դուք տեղեակ չէք, բայց մենք գիտենք դրա մասին։ Դուք ասում եք, որ թուրք ազգը ցեղասպանութիւն չի գործել։ Ապա պէտք է պարզել, թէ ով է նման բան արել։ Ովքե՞ր են այդ մարդիկ»։

Կիլիկիահայութեան տեղահանութիւնից հաշուած տարիներ անց Սիսի Մայր տաճարն ամբողջութեամբ ոչնչացուեց։ Սահակ կաթողիկոսն այդ ժամանակ մի խումբ քահանաների հետ թափառում էր հարևան երկրներում՝ կաթողիկոսութեան հիմնադրման համար վայր գտնելու նպատակով։ Երուսաղէմ, Հալէպ, Նիկոսիա․.. 1930-ին՝ Սիսից հեռանալուց 9 տարի անց, Կիլիկիայի Հայրապետական աթոռը հիմնադրուել է Պէյրութի արուարձանում՝ Անթիլիասում, որտեղ էլ գործում է մինչ օրս։

Դեռ ութ տարի առաջ պաշտօնապէս յայտարարուեց փաստաթղթերի փաթեթ կազմելու աշխատանքների մեկնարկի մասին։ Այդ փաստաթղթերը կոչուած են իրաւաբանօրէն հիմնաւորել Կիլիկիայի մայրաքաղաքի Սուրբ աթոռի վերադարձի պահանջները: Գործում ներգրաւուած էին միջազգային իրաւունքի հարցերում մասնագիտացած հեղինակաւոր փորձագէտներ։ Նրանց թւում էր ռուսաստանցի յայտնի իրաւաբան-միջազգայնագէտ Եուրի Բարսեղովը, որն իր մահից առաջ հասցրել էր աւարտել աշխատանքն այն նիւթերի վրայ, որոնք պէտք է դառնային հայցի հիմքը։ Պատասխանողի հետ կապուած ամէն ինչ պարզ էր։ Չէ որ դա Թուրքիայի կառավարութիւնն է՝ Օսմանեան կայսրութեան իրաւայաջորդը։ Բայց թէ յատկապէս որ իրաւական ատեանին էր պէտք ուղղել հայցը, կարծիքները տարբեր էին։ ՄԱԿ-ի Միջազգային դատարան, Հաագայի Միջազգային քրէական դատարան, Մարդու իրաւունքների Եւրոպական դատարան, Թուրքիայի Սահմանադրական դատարան, արևմտեան պետութիւնների դատարաններ…

Արդիւնքում որոշում է կայացուել նախ դիմել թուրքական արդարադատութեանը։ Այդ գործում աջակցել են Ստամբուլի առաջադէմ մտաւորականները։ Նրանց թւում է Թուրքիայում յայտնի փաստաբան Ալի Էլբեյօղլուն, որը վերջերս գիրք է հրատարակել՝ օգնութիւն հայերին, որոնք ուզում են վերադարձնել իրենց նախնիներից ապօրինաբար բռնագրաւուած գոյքը։ Հայցի կազմմանը մասնակցել է նաև Բենդալ Ջելիլ Էզմանը, որը յայտնի է դարձել Թուրքիայի համաշխարհային դատարան իր դիմումով, որով պահանջում է «ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը և դատապարտել դրա կազմակերպիչներին՝ Թալէաթ փաշային ու նրա համախոհներին»:

Խաղի մէջ ներքաշել Թուրքիային, կամ ինչո՞ւ է Ալիևը հայասիրութեան մէջ մեղադրում Մինսկի խմբին

Կիլիկիայի կաթողիկոսն ի սկզբանէ պատրանքներ չունէր թուրքական արդարադատութեան անկողմնակալութեան վերաբերեալ։ «Եթէ յաղթենք դատը, դա կը լինի մեր ժողովրդի, մեր հայրենիքի և մեր եկեղեցու յաղթանակը։ Իսկ եթէ մեզ մերժեն, մենք, միևնոյն է, կը յաղթենք, որովհետև դրանով և՛ ցեղասպանութիւն կատարած պետութեանը, և՛ միջազգային հանրութեանը ցոյց կու տանք, որ հայ ժողովուրդը միշտ պաշտպանելու է իր իրաւունքները, ինչքան ժամանակ էլ անցի», – ասել է Արամ Ա-ն՝ մեկնաբանելով հայցը։           Դիմումը, որին կցուած է եղել փաստաթղթերի 100 էջանոց փաթեթը, ներկայացուել է Թուրքիայի Սահմանադրական դատարանի քննութեանը։

Դատարանից 20 էջանոց պատասխան էր եկել, էութիւնը հետևեալն էր` Թուրքիայի Սահմանադրական դատարանը չի կարող հայցն ընդունել քննութեան։ Մասնագէտները հաստատել են, որ եզրակացութիւնը բացարձակապէս անօրինական է։ Որոշում է կայացուել վիճարկել մերժումը Մարդու իրաւունքների եւրոպական դատարանում։ Ինչպէս յայտնի է, Ստրասբուրգի դատարանը միակ ատեանն է, որին մինչ օրս յաջողւում էր ստիպել թուրքական կառավարութեանը փոխհատուցել հայերին իրենց կողմից ապօրինաբար բռնազաւթուած ունեցուածքը։ Եւրոպացի դատաւորների օբյեկտիւութիւնը կասկածի ենթական չէ։ Բայց բանն այն է, որ ՄԻԵԴ-ի կանոնադրութեամբ՝ բողոքը կարող է քննուել միայն այն դէպքում, եթէ հայցն անցել է ազգային դատական համակարգի բոլոր ատեաններով։ Նկատի ունենալով այս հանգամանքը՝ դժուար էր վիճարկել բողոքը քննելուց հրաժարուած ստրասբուրգցի դատաւորների եզրակացութիւնը։

Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի բոլոր պահանջները պահպանելու համար այս տարուայ սկզբին Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը հայց է ներկայացրել Թուրքիայի առաջին ատեանի դատարան։ Դժուար չէ կանխատեսել դատավճիռը։ Բայց բողոքարկելով այն Վճռաբեկ դատարանում և ստանալով նոյն պատասխանը՝ հնարաւոր կը լինի կրկին դիմել Ստրասբուրգ՝ արդէն յոյս ունենալով, որ գործին ընթացք կը տրուի։ Այս ամէնն ի հարկէ ժամանակատար է։ Բայց այլ տարբերակ չկայ։

Ինչպէս և կարելի էր ակնկալել՝ թուրքական Թետիսը սկսեց ժամանակ ձգել։ Առաջին ատեանի դատարանում հայցի քննութիւնը նշանակուել էր ապրիլի 21-ին, սակայն նիստն այդպէս էլ չկայացաւ։ Հայցւորի փաստաբաններին յայտնեցին, որ դատը տեղափոխուել է աշնան սկիզբ։ Արդէն ձմեռ է, բայց դատը դեռ չի սկսուել։ Ըստ ամենայնի՝ գործի քննութիւնը յաջորդ տարի նոր կը մեկնարկի։

Ի՞նչ կու տայ աշխարհի հայերին այս դատավարութիւնը։ Պարզ է, որ խնդիրը չի սահմանափակւում միայն Կիլիկիոյ կաթողիկոսարանի սեփականութեան՝ ապօրինի բռնազաւթուած տաճարների, հողակտորների ու շինութիւնների նկատմամբ իրաւունքի վերականգնման հարցով։ «Մենք գիտակցում ենք մեր պահանջի հետևանքների քաղաքական բնոյթը։ Մենք գիտենք, որ դատարանը մեր առջև նոր հեռանկարներ կը բացի դատական կարգով արդար պահանջների ներկայացման գլոբալ գործընթացի համար», – հարցազրոյցում ասել է Արամ Ա կաթողիկոսը՝ պարզաբանելով առաջադրուած խնդիրները։

Կաթողիկոսը չի արտասանել «ցեղասպանութիւն» բառը։ Բայց բոլորի համար պարզ է, որ ներկայացուած հայցի բաւարարումն անխուսափելիօրէն ցոյց կու տայ հայերի սեփականութեան կորստի պատճառները։ Հարիւր տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանութեան համար Թուրքիայի պատասխանատուութեան հարցն ինքնըստինքեան է առաջանալու։ Անկարայում դա գիտակցում են։ Հէնց այդ պատճառով էլ ձգձգում են առաջին ատեանի դատարանում գործի քննութիւնը։ Բայց վաղ թէ ուշ գործը կը հասնի Ստրասբուրգ, և այդ ժամանակ 1915-ի դէպքերի իրաւական գնահատականն անխուսափելի կը դառնայ` դրանից բխող բոլոր քաղաքական հետևանքներով։

 

Արտեոմ Երկանեան

armeniasputnik.am

Leave a Comment

You must be logged in to post a comment.