«Վերելք»-ը յոյս ստեղծեց նրանց համար, ովքեր ցանկութիւն ունեցան պայքարելու եւ յաջողութեան հասնելու
Սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Վերելք»-ի 3-րդ թողարկման ամփոփիչ միջոցառումը։
Շուրջ 8 ամիս տեւած ծրագրի առաջին փուլում արցախցի երիտասարդները հնարաւորութիւն են ունեցել ոլորտի լավագոյն մասնագէտների կողմից վարուող 12 դասընթացներում զարգացնել իրենց մասնագիտական կարողութիւններն ու հմտութիւնները, ինչպէս նաեւ ձեռք բերել նոր գիտելիքներ։
Կազմակերպուած քննութեան արդիւնքում ծրագրի ընտրուած 87 մասնակիցներից երկրորդ փուլ անցան 35-ը, որոնք էլ բաժանուեցին խմբերի, ստացան համապատասխան առաջադրանքներ եւ պատրաստուեցին այն ժիւրիին ներկայացնելու համար։
Միջոցառման առաջին կէսին 7 խմբեր ժիւրիին ներկայացրեցին իրենց պատրաստած բիզնես ծրագրերը։
Ժիւրիի կազմում էին ՀՅԴ Բիւրոյի անդամ Յովսէփ Տէր-Գէորգեանը, Yerevan City-ի Գլխաւոր oպերացիոն տնօրէն Վաչէ Տէր-Ղուկասեանը, «Հալէպ» խանութների ցանցի հիմնադիր Ալին Մսրլեանը եւ «Օփթիմայզ քոնսալթինգ» ՍՊԸ գործադիր տնօրէն Հրայր Պարսումեանը։
Ժիւրիի կողմից մասնակիցներին տրուած անհատական եւ խմբային միաւորների, մասնակիցների կուտակած ներկայութեան միաւորների եւ քննութեան միաւորների հանրագումարով որոշուել են ծրագրի 9 շահառուները, ովքեր առաջին 9 ամենաբարձր միաւորներ հաւաքած մասնակիցներն էին, իսկ առաջին 3 մասնակիցները ճանաչուել են որպէս ծրագրի յաղթողներ եւ «Վերելք»-ի կողմից արժանացել են դրամական պարգեւների։
Վերելքի բոլոր 3 փուլերը յաղթահարած 25 մասնակիցները ստացել են հաւաստագրեր։ «Վերելք»-ի կողմից շնորհակալագրեր են յանձնուել նաեւ դասընթացավարներին եւ ժիւրիի անդամներին։
«Վերելքի» ծրագրի ընտրուած շահառուներն են․
1․ Մերի Ամիրջանեան
2․ Անի Յովհաննիսեան
3․ Աննա Յակոբեան
Անգելինա Դանիէլեան
Նարեկ Հայրիեան
Մանուշակ Դանիէլեան
Աննա Աղասեան
Էլինա Գասպարեան
Մարինա Ալեքսանեան
Միջոցառման երկրորդ կէսին տեղի է ունեցել ծրագրի ամփոփումն ու նուէրների յանձնման արարողութիւնը, որին ներկայ են գտնուել ԱՀ Սոցիալական զարգացման եւ միգացիայի նախարար Վահրամ Առաքելեանը, ԱՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան անդամները, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամները, ՀՕՄ-ի Կեդրոնական եւ Հայաստանի Շրջանային վարչութեան անդամները, ՀՅԴ ԲԵԳ պատասխանատուն, «Վերելք»-ի դասընթացավարները։
Հաւաքական հզօրացման ճանապարհով է, որ պիտի կարողանանք այսօրուայ մեր այս անկումը վերափոխել վերելքի
Միջոցառման ընթացքում ելոյթ է ունեցել ՀՅԴ Բիւրոյի անդամ Յովսէփ Տէր-Գէորգեանը, ով նշեց, որ ծրագիրն իրականացնելու գաղափարը ծնուել է Արցախում, 44-օրեայ պատերազմից յետոյ, որը իրականցուեց, ապա՝ շարունակուեց նաեւ Սիւնիքում, որի նպատակը երիտասարդութեան հետ կապ հաստատելն էր՝ տրամադրելով մասնագիտական դասընթացներ, օգնելով երիտասարդներին մնալ իրենց հողի վրայ։
«Այս ծրագիրը ներառում է ՀՅԴ Բիւրոյի երիտասարդական գրասենեակի ռազմավարական մի քանի ուղղութիւններ։ Առաջինը մենք ուզում ենք նեցուկ կանգնել արցախահայ երիտասարդներին, երկրորդ՝ կազմակերպել նորարար ծրագրեր։ Ծրագիրը հիմնուած է կամաւոր աշխատանքի վրայ, ինչի համար ուզում եմ շնորհակալութիւն յայտնել բոլոր դասախօսներին, ժիւրիի անդամներին», ասել է Յ․ Տէր-Գէորգեանը։
Խօսքն ուղղելով երիտասարդներին, նա նշել է, որ ծրագրի նպատակներից մէկը երիտասարդներին հայրենիքում պահելն է, ինչի համար եւ պատրաստ են նեցուկ կանգնել երիտասարդներին, որպէսզի կարողանան արժանապատիւ կեանք ունենալ՝ հակառակ բոլոր դժուարութիւններին։
«Վերադարձի տեսլականը բոլորիս մէջ թող չմարի։ Մենք պէտք է վերադառնանք Ստեփանակերտ, Շուշի Ասկերան, եւ որպէսզի այդ ամէնն իրականութիւն դառնայ, պէտք է մեր անձնական կեանքում յաջողակ լինենք, բայց նաեւ մասնակցենք հասարակական, քաղաքական, միութենական, մշակութային աշխատանքների։ Միայն հանդիսատես չլինենք, որովհետեւ միայն հաւաքական հզօրացման ճանապարհով է, որ պիտի կարողանանք այսօրուայ մեր այս անկումը վերափոխել վերելքի», ասել է նա։
Յովսէփ Տէր-Գէորգեանը խորին շնորհակալութիւն յայտնեց ՀՕՄ-ին, առանց որի օժանդակութեան անհնար կը լինէր ծրագիրը կեանքի կոչել։ Նա նաեւ շնորհակալութիւն յայտնեց աշխարհասփյուռ հայ երիտասարդներին, ովքեր աշխարհի տարբեր անկիւններում կազմակերպել են ծրագրեր, որպէսզի գումար հաւաքեն եւ օժանդակեն «Վերելք» ծրագրին։
Վերելք»-ը արդէն դարձել է համայնք
Միջոցառմանը ելոյթ ունեցաւ նաեւ ծրագրի կառավարումը ստանձնած «Օփթիմայզ քոնսալթինգ» ընկերութեան գործադիր տնօրէն Հրայր Պարսումեանը, ով շնարհակալութիւն յայտնեց ՀՅԴ ԲԵԳ-ին ծրագրի կառավարումը Օփթիմայզին վստահելու համար։
Նա իր խօսքում նշեց, որ մեր դիմաց նոր մարտահրաւէրներ կան, որոնք աւելի ծանր եւ պարտաւորեցնող են, որի համար էլ պարտաւոր ենք յաւելեալ ճիգ թափել եւ երիտասարդների կողքին լինել։
«Մի նպատակ պէտք է լինի բոլորիս համար, այդ թւում երիտասարդների, որոնց հետ աշխատում ենք, զարգանալ, ինքնակրթուել, աւելի հզօրանալ եւ վերջում վերադառնալ։ Դա պէտք է լինի մեր նպատակը։ Մենք փորձեցինք մեր փորձառութիւնը «Օփթիմայզ» ընկերութեան միջոցով փոխանցել։ Մենք կատարեցինք մեր պարտականութիւնը, որպէսզի երիտասարդները չյուսալքուեն, չմտածեն արտագաղթի մասին, աշխատաշուկայ մտնեն, բայց նաեւ իրենք իրենց վրայ պէտք է աշխատեն եւ դառնան աւելի հզօր մասնագէտներ», ասել է Հ․ Պարսումեանը։
Նա շնորհակալութիւն յայտնեց մասնակիցներին, որովհետեւ այն ինչով-որ երիտասարդութիւնը եւ արցախահայութիւնը ուղղակի գրելու կամ խօսելու թեմա չէ․
«Այդ ամէն ինչից յետոյ իրենք իրենց մէջ համբերութիւն են գտել գալու, լսելու իմ գործընկերներին՝ դասընթացավարներին եւ մտածեն առաջ գնալու մասին, ինչը իսկապէս քաջալերերլի է», նշել է նա։
Հրայր Պարսումեանը շնորհակալութիւն յայտնեց նաեւ դասընթացավարներին եւ ժիւրիի անդամներին, ովքեր մեծ պատրաստակամութիւն դրսեւորեցին ծրագրի ընթացքում։
Նա նշեց, որ «Վերելք»-ը արդէն դարձել է համայնք, որովհետեւ մասնակիցները դասըթնացավարների շնորհիւ կարողանում են աշխատանքային փորձուսուցում անցնել, աշխատանքի ընդունուել, մասնակցել դասընթացավարների կողմից անցկացուող դասերին։
«Վերելքի շահառուներին մենք փորձելու ենք կապել գործատուների հետ, անելու ենք ամէն ինչ, որ այս ծրագրի շրջանակում անցնեն աշխատանքի եւ ՀՕՄ-ի օգնութեամբ մէկ տարուայ կտրուածքով ունենանք աշխատավարձային ֆոնդի մասնակցութիւն», ասել է Հրայր Պարսումեանը։
Շատ մեծ հնարաւորութիւն էր արցախցիներիս համար
Մասնակիցների անունից ելոյթ է ունեցել Մերի Ամիրջանեանը, ով նշել է, որ շատ լաւ է յիշում Հայաստան տեղափոխուելու առաջին օրը․
«Բոլորս շփոթուած էինք՝ առանց տուն, առանց աշխատանք եւ երբ տեսայ Վերելքի յայտարարութիւնը, իսկոյն գրանցուեցի, որովհետեւ սա շատ մեծ հնարաւորութիւն էր արցախցիներիս համար՝ մեր հմտութիւնները զարգացնելու համար։ Շնորհակալութիւն կազմակերպիչներին «Օփթիմայզ» ընկերութեանը, ՀՅԴ ԲԵԳ-ին, ՀՕՄ-ին եւ դասըթնացավարներին։ Բոլոր մասնակիցների անունից շնորհակալութիւն՝ նման հնարաւորութիւն ընձեռելու համար», ասել է նա։
Աշխատանքները շարունակական են լիենլու
Եզրափակիչ ելոյթով հանդէս է եկել ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզեանը, ով իր խօսքում նշել է, որ «Վերելք»-ի ծրագիրը սկսելու պահին Արցախում կրկին յուսահատական վիճակ էր․
«44-օրեայ պատերազմ, Արցախի կէսից աւելիի կորուստ, գաղթականներ Հադրութից, Շուշիից․ այդ իրավիճակում սկսեցինք այս աշխատանքը։ Վերելքը յոյս ստեղծեց նրանց համար, ովքեր ցանկութիւն ունեցան պայքարելու եւ յաջողութեան հասնելու, նոր պայմաններում արժանապատիւ ապրելու համար։ Ցաւօք սրտի, 2-րդ անգամ նման իրավիճակում յայտնուեցինք», նշել է նա։
Արա Պուլուզեանի խօսքով, թէեւ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը համարում են պահպանողական կուսակցութիւն, սակայն կարողանում են այս պայմաններում մթնոլորտ ստեղծել, այնպիսի մթնոլորտ, որ թէ՛ արդիական լինի, թէ՛ ժամանակի պահանջների հետ քայլի։
«Շնորհակալութիւն բոլոր մասնակիցներին։ Խոստանում եւ հաւաստիացնում եմ, որ այս աշխատանքները շարունակական են լինելու ՀՅԴ կուսակցութեան կողմից եւ, վստահ եմ, նուիրատուների ու միւս յօժարակամ եւ անհատոյց կերպով ծրագրին օժանդակողների կողմից», իր խօսքի աւարտին յայտարարել է նա։
Comments are closed.