Ոչնչացումից մինչեւ իւրացում. Արցախի անպաշտպան մշակութային ժառանգութիւնը
2023 թ. Սեպտեմբերի վերջերին՝ Արցախի վրայ Ատրպէյճանի յարձակումից յետոյ, 100 հազարից աւելի հայ բռնի տեղահանուել է իր հազարամեայ բնօրրանից՝ այնտեղ թողնելով ոչ միայն իր տունը, ինչքն ու ունեցուածքը, այլեւ դարերի ընթացքում կառուցած կոթողները, եկեղեցիները, մշակութային ու հասարակական նշանակութեան շինութիւնները: Դրանց թւում են 423 վանքեր ու եկեղեցիներ, շուրջ 30 թանգարաններ ու ցուցասրահներ, աւելի քան 6000 պատմական նշանակութիւն ունեցող յուշարձաններ, բազմաթիւ այլ յուշարձաններ, խաչքարեր, տապանաքարեր, Արցախեան եւ Հայրենական պատերազմի զոհերի յիշատակին նուիրուած կոթողներ, բերդեր ու ամրոցներ, գրադարաններ, անձնական ու պետական արխիւներ: Թուարկուածները չեն ընդգրկում Արցախում գտնուող մշակութային ու պատմական նշանակութեան արժէքների ողջ ցանկը, շատերի դէպքում էլ տուեալները կիսատ են:
Հայ առաքելական եկեղեցու կողմից ստեղծուած Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան հարցերով գրասենեակը զբաղւում է միջազգային, միջեկեղեցական, միջկրօնական, բոլոր հնարաւոր այլ հարթակներում Արցախի հայկական յուշարձանների, սրբավայրերի ու գերեզմանատների նկատմամբ արձանագրուած ոտնձգութիւնների ներկայացմամբ եւ աշխատանքներ է տանում հայկական ժառանգութեան պահպանութեան ուղղութեամբ։
Գրասենեակից տեղեկացել ենք, որ այդ ուղղութեամբ աշխատանքներ տարւում են, սակայն դեռեւս շօշափելի արդիւնքներ չկան:
Արցախի թեմի տուեալներով՝ Արցախի օկուպացուած տարածքում մնացել են թուով 423 վանքեր ու եկեղեցիներ, ընդ որում՝ 2020 թ. յետոյ այդ թիւը 210 էր: 44-օրեայ պատերազմից յետոյ Արցախի Հանրապետութեան վերահսկողութեան տակ էին 211 եկեղեցիներ ու վանքեր: Ինչ վերաբերում է խաչքարերի, մատուռների թուին, ապա գրասենեակը դրանց ամբողջական հաւաքագրուած ցանկերը չունի: «Այժմ հնարաւորութիւն չկայ այդ մասշտապի աշխատանքներն իրականացնելու», նշել են գրասենեակից:
Արցախի Հանրապետութեան «Պատմական միջավայրի պահպանութեան պետական ծառայութիւն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրէն Արմինէ Հայրապետեանի խօսքով՝ մօտ 6000 արձանագրուած յուշարձան է մնացել բռնազաւթուած Արցախում՝ եկեղեցիներ, խաչքարեր, տապանաքարեր, եկեղեցի-մատուռներ եւ այլն: Սակայն այս թիւը վերջնական չէ, քանի որ վերջին շրջանում զօրամասերում կամ այլ վայրերում կառուցուած կոթողների, պատերազմի զոհերի յիշատակին տեղադրուած խաչքարերի, յուշարձանների միայն փոքր մասն էր ցանկագրուած:
Հաշուառուած ու պետական ցուցակներում ընդգրկուած էր 4226 յուշարձան, որից 154-ը՝ Ստեփանակերտում: Բացի դրանից՝ մօտ 2000 յուշարձանների մասին տեղեկութիւնները յետոյ են ի յայտ եկել եւ դեռեւս ցուցակի մէջ ընդգրկուած չէին: Իրենց ճարտարապետական տեսքի, պատմական անցեալի համար յուշարձանի կարգավիճակ էին ստացել որոշ բնակավայրերի ժողովրդական տներ:
Նա փաստում է, որ Արցախում թողել ենք պատմամշակութային մեծ ժառանգութիւն, պատմական անժխտելի արժէք ներկայացնող հարստութիւն, որը մեր պատմական յիշողութեան կրիչն է, Արցախում մեր եղելութեան ու լինելութեան հաւաստիքը։ «Հին, պատմական, պապենական գերեզմանոցներ, որոնք ժամանակագրութեան առումով յստակ արձանագրութիւններ են, հոգեւոր ու աշխարհիկ նշանաւոր կեդրոններ, այդ թւում՝ Դադիվանքի, Գանձասարի, Ամարասի, Ծմակահողի, Սուրբ Յակոբավանքի վանական համալիրները, Ղազանչեցոց տաճարը, Տիգրանակերտի ամրոցը, շատ այլ բերդեր ու ամրոցներ», նշել է նա:
Արցախում են մնացել նաեւ առնուազն 30 պետական ու մասնաւոր թանգարաններ եւ ցուցասրահներ՝ իրենց հաւաքածուներով: 44-օրեայ պատերազմից յետոյ ստեղծուել էր Արցախի Հանրապետութեան բռնազաւթուած տարածքների մշակութային ժառանգութեան պաշտպանութեան պետական խորհուրդը, որը զբաղւում էր բռնազաւթուած տարածքների մշակութային նմուշների ցուցակագրման, նկարագրութեան, կազմման, տեղեկութիւնների հաւաքագրման աշխատանքներով:
2021-2023 թուականներին խորհուրդը հասցրել է հաւաքագրել միայն 44-օրեայ պատերազմի ժամանակ կորսուած արուեստի գործերը (20 հազար 885 ցուցանմուշ): Խորհրդի տուեալների համաձայն՝ Արցախի Հանրապետութեան բռնազաւթուած տարածքում մնացել են նուազագոյնը 20 թանգարան եւ 10 ցուցասրաh:
44-օրեայ պատերազմից յետոյ Արցախի պետական մարմինները նախաձեռնել էին Ատրպէյճանի կողմից օկուպացուած տարածքների մշակութային յուշարձանների ցանկագրման աշխատանքներ: Բռնի տեղահանութիւնից եւ Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումից յետոյ բռնազաւթուած մշակութային ժառանգութեան մասին տեղեկութիւնների ամբողջացման աշխատանքները փորձում են իրականացնել տարբեր նախաձեռնող կառոյցներ ու անհատներ, սակայն դեռեւս ամբողջական տեղեկատուութիւն չկայ, գործուն քայլեր չեն ձեռնարկւում նաեւ Արցախի մշակութային ժառանգութեան պահպանութեան ու պաշտպանութեան ուղղութեամբ:
«Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում» (Monument watch) ծրագիրն ի սկզբանէ նպատակ ունէր քարտէզագրել եւ գոյքագրել 44-օրեայ պատերազմի հետեւանքով Արցախի Հանրապետութեան` Ատրպէյճանին անցած տարածքների եւ արցախա-ատրպէյճանական սահմանային գօտու անշարժ մշակութային ժառանգութիւնը, թանգարանները, մշակութային օճախները, հետեւել ընթացիկ վիճակին, վաւերացնել փոփոխութիւնները եւ այդ ամէնը ներկայացնել միջազգային գիտական ու մշակութապահպան հանրութեանը: 2023 թ. Արցախի ամբողջական հայաթափումից յետոյ ծրագիրը մշտադիտարկում է Արցախի ողջ տարածքի մշակութային ժառանգութեան վիճակն ու փոփոխութիւնները:
Արցախի մշակութային ժառանգութեան մշտադիտարկում (Monument watch) թիմի անդամ, ԵՊՀ մշակութաբանութեան ամպիոնի դասախօս Հայկուհի Մուրատեանն առաջնային խնդիր է համարում շարժական ու անշարժ ժառանգութեան թուայնացումն ու հաշուառումը, այնուհետեւ միջազգային կազմակերպութիւնների ներգրաւումը, մշակութային ժառանգութեան վերաբերեալ միջազգային մեխանիզմների կիրառումը:
2021 թ․ Արցախի մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակը զեկոյց է հրապարակել ատրպէյճանական օկուպացիայի տակ յայտնուած հայկական մշակութային ժառանգութեանը սպառնացող վտանգի վերաբերեալ:
Զեկոյցում ներկայացուած են ատրպէյճանաթուրքական ագրեսիայի ընթացքում եւ հրադադարից յետոյ արձանագրուած հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացման ու վանդալիզմի մի շարք դէպքեր՝ ներառեալ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եւ Սուրբ Յովհաննէս Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցիների դիտաւորեալ թիրախաւորման ու վանդալիզմի դէպքերը։
Զեկոյցում անդրադարձ է կատարւում նաեւ Ատրպէյճանի կողմից Արցախի հայկական մշակութային ժառանգութեան վերաբերեալ ապատեղեկատուութեան միտումնաւոր տարածման եւ մշակութային կոթողները «աղուանականացնելու» քաղաքականութեանը, ինչը եւս ոչնչացման սպառնալիքի տակ է դնում Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգութիւնը:
«Վերհանուած դէպքերի եւ հայատեացութեան համատեքստի վերլուծութիւնը ցոյց է տալիս, որ հայկական մշակութային ժառանգութեան ոչնչացումն ու խեղաթիւրումը կրում են համակարգուած ու համատարած բնոյթ: Ատրպէյճանի պետական մարմինների ու հանրային դէմքերի գործողութիւններն ու յայտարարութիւնները վկայում են այն մասին, որ դա յատուկ պետական քաղաքականութիւն է՝ յենուած հայ ազգի դէմ ատելութեան խրախուսման յանցաւոր քաղաքականութեան վրայ», ասւում է զեկոյցում՝ հրատապ համարելով միջազգային համապատասխան կառոյցների, յատկապէս ԵՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Արցախի տարածքում մշակութային ժառանգութեան պահպանման ուղղութեամբ արդիւնաւէտ ու անյապաղ քայլերի ձեռնարկումը», ասւում է զեկոյցում:
Յունուարին ՀՀ ԱԳՆ տեղակալ Վահան Կոստանեանը յայտարարել է, որ Արցախի մշակութային ժառանգութեան պահպանութեան հարցը գտնվում է իրենց ուշադրութեան կեդրոնում եւ բարձրաձայնւում է ԵՈՒՆԵՍԿՕ-ում եւ այլ մարմիններում: «2020 թ. Դեկտեմբերին ԵՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհուրդը որոշում էր կայացրել, որ պիտի փաստահաւաք առաքելութիւն գործուղուի Լեռնային Ղարաբաղ՝ տեղում մշակութային կոթողների վիճակը դիտարկելու համար: Այս ընթացքում աշխատանքներ ենք տարել ու տանում, որպէսզի առաքելութիւնը կայանայ: Մշակութային ժառանգութեան պահպանութեան խնդիրը եղել ու շարունակում է մնալ ԱԳՆ օրակարգում», ասել է նա:
2022 թ. լոյս տեսած «Արցախի մշակութային ժառանգութիւնը յարձակումների թիրախում» աշխատութեան մէջ (Համլետ Պետրոսեան, Հայկուհի Մուրատեան ) նշւում է, որ կազմուել են Արցախի Հանրապետութեան պատմա-մշակութային անշարժ ժառանգութեան ցանկը եւ դրանց զգալի մասի անձնագրերը, որոնք ընդգրկում են աւելի քան 4000 միաւոր, շուրջ 1500 յուշարձանների պահպանական գօտիներ։
«Յուշարձանների պահպանութեան ոլորտում Արցախի իշխանութիւնները 1994-2020 թուականների ընթացքում նախաձեռնել են հոգեւոր եւ աշխարհիկ կառոյցների (եկեղեցիներ, վանական համալիրներ, կոթողներ, ամրոցներ, ապարանքներ, կամուրջներ) հետազօտման եւ վերականգնման աշխատանքներ։ Հնագիտական հետազօտութիւններ են իրականացուել Հադրութի շրջանի Ազոխ գիւղի քարանձաւում, նոյն շրջանի Մեծ Թաղեր գիւղի «Շմանէք» քարանձաւում, Շուշիի շրջանի Քարին Տակ գիւղի տարածքում գտնուող «Քարին տակ» (Ալեքսանա ղուզէ) քարանձաւում, Կերենի դամբարանադաշտում, Քաշաթաղի շրջանի Միրիկ գիւղի տարածքում գտնուող «Միրիկ» (կիկլոպեան) ամրոցում։ Յատկապէս ուշագրաւ եւ կարեւորագոյն իրադարձութիւն է 2005 թուականին հայոց արքայ Տիգրան Բ. Մեծի՝ Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքի յայտնաբերումը։ Պեղումները եւ ուսումնասիրութիւնները Տիգրանակերտում ընթացել են շուրջ 15 տարի եւ ընդհատուել են միայն 2020 թուականին», շեշտւում է աշխատութեան մէջ։ Հեղինակները նշում են, որ հետազօտական լուրջ աշխատանքներ են իրականացուել յատկապէս քրիստոնէական յուշարձանների ուղղութեամբ. Ամարասի վանք, Դադիվանք, Հոռեկավանք, Յակոբավանք, Ծիծեռնավանք, Հանդաբերդի վանք, Վաղուհասի Մայրաքաղաք վանք, Տողի մելիքական ապարանք, Բերդաշէն, Վաճառի Սուրբ Ստեփանոս վանք եւ այլն։
2020 թ.-ի Սեպտեմբերի 27-ին Ատրպէյճանի կողմից Արցախի Հանրապետութեան դէմ սանձազերծուած պատերազմն ակնյայտօրէն ուղղուած էր ոչ միայն քաղաքացիական բնակչութեան վերացմանը, այլեւ այդ տարածքի մշակութային շարժական եւ անշարժ ժառանգութեան, մշակութային եւ կրթական հաստատութիւնների դէմ: Նշուածի ամենայայտնի օրինակը Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծումն է, որի վրայ 2020 թուականի Հոկտեմբերի 8-ին երկու արկ է պայթել:
Պատերազմի ընթացքում հրետակոծուել է Մարտունի քաղաքի մշակոյթի պալատը: Հադրութ քաղաքի բնակիչները, որոնք ստիպուած են եղել լքել իրենց տները, փաստում են, որ այրուել է Հադրութի Ա. Մկրտչեանի անուան հայրենագիտական թանգարանը։ 2020 թուականի Նոյեմբերի 5-ին ռմբակոծուել է Տիգրանակերտի հնագիտական հանգրուանը։
Հրադադարի յայտարարումից յետոյ ոչնչացուել են Մեխակավանի (Ջեբրայիլ) Զօրավար Սբ. Աստուածածին եկեղեցին, նոյն շրջանի Շիւքիւրբէյլի գիւղում գտնուող տուֆէ խաչային յօրինուածքով յուշարձանը, Հադրութի Առաքել գիւղի խաչքարը, Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին:
Արցախի հայկական հետքի վերացման ամենացցուն օրինակը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնուող Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի եւ Ազատամարտիկների միութեան շէնքերի հիմնայատակ աւերումն է:
Ատրպէյճանական վանդալիզմի զոհ են դառնում յատկապէս Արցախեան ազատամարտին եւ զոհուած հերոսներին նուիրուած յուշակոթողները: Ամենավերջին օրինակներից մէկը Արցախի Մարտակերտի շրջանի Գետաւան գիւղի ինքնապաշտպանութեան համար զոհուած գետաւանցի ազատամարտիկների յիշատակին կանգնեցուած յուշատախտակների եւ խաչքարի ոչնչացումն էր, որի մասին յայտնի է դարձել 2024 թ. Մարտ ամսին:
Հարկ է նշել, որ մշակութային արժէքների միտումնաւոր ոչնչացումը պատերազմական գործողութիւնների ժամանակ եւ յետոյ միջազգային մի շարք կոնվենցիաներով եւ հռչակագրերով որակւում է որպէս պատերազմական յանցագործութիւն։ Ըստ «Զինուած հակամարտութիւնների ժամանակ մշակութային արժէքների պաշտպանութեան մասին» 1954 թուականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ յօդուածի՝ արգելուած է մշակութային ժառանգութեան հանդէպ վանդալիզմի, գողութեան, կողոպուտի, իւրացման, թշնամանքի եւ հաշուեյարդարի ցանկացած գործողութիւն։ Հաագայի 1954 թուականի առաջին արձանագրութիւնն արգելում է օկուպացուած տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգեւոր արժէքները։ Հաագայի կոնվենցիայի երկրորդ արձանագրութիւնը (1999 թ.) աւելի ընդլայնեց այդ շրջանակը: Առաջին արձանագրութեան 85-րդ յօդուածի 4-րդ կէտն արգելում է «Ժողովուրդների մշակութային կամ հոգեւոր ժառանգութիւն համարուող, իրաւասու միջազգային կազմակերպութեան շրջանակներում յատուկ պաշտպանութիւն ստացած պատմական յուշարձանների, արուեստի գործերի կամ երկրպագութեան վայրերի թիրախաւորումը»: Ե՛ւ Ատրպէյճանը, ե՛ւ Հայաստանը 1993 թուականին վաւերացրել են Հաագայի կոնվենցիան:
Գրաւեալ տարածքներում մշակութային ժառանգութեան պաշտպանութեան սկզբունքներ են առաջարկում նաեւ ԵՈՒՆԵՍԿՕ-ի մի շարք կոնվենցիաներ (1970 թ. «Մշակութային արժէքների ապօրինի ներմուծումը, արտահանումը եւ դրանց նկատմամբ սեփականութեան իրաւունքի անօրինական փոխանցումն արգելող» կոնվենցիա, 1972 թ. «Համաշխարհային մշակութային եւ բնական ժառանգութեան պահպանութեան մասին» կոնվենցիա, 2003 թ. «Մշակութային ժառանգութեան դիտաւորեալ ոչնչացման վերաբերեալ հռչակագիր» եւ այլն)։
Սակայն, ի հեճուկս դրանց, Ատրպէյճանը շարունակում է Արցախի մշակութային ժառանգութեան ոչնչացման, իւրացման, աղուանականացման քաղաքականութիւնը եւ թոյլ չի տալիս միջազգային կազմակերպութիւններին դիտարկում անցկացնել բռնազաւթուած տարածքներում:
Տաթեւիկ Աղաճանեան
Comments are closed.