ՀՅԴ Բիւրոյի անդամ Դաւիթ Իշխանեան ելոյթ ունեցաւ Ընկերվար Միջազգայնականի Մատրիտեան վեհաժողովի նիստի ընթացքին
Հ.Յ. Դաշնակցութեան պատուիարակութիւնը նոյեմբերի 25-27-ը Մատրիտում մասնակցեց Ընկերվար Միջազգայնականի խորհրդի եւ Գոնկրէսի աշխատանքներին: Պատուիրակութեան կազմում էր նաեւ ՀՅԴ Բիւրոյի անդամ, Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգմաւոր Դաւիթ Իշխանեանը: Նստաշրջանին Դաւիթ Իշխանեանը ելոյթ է ունեցել «Խաղաղութեան ապահովում եւ ժողովրդավարութեան ուժեղացում» օրակարգային հարցի շրջանակներում:
Նա իր ելոյթը աւարտել է մի քանի հաստատումներով՝
«ԵԱՀԿ Մինսկի խմբի որդեգրած միջազգային սկզբունքներն այժմէական են, տարածքային ամբողջականութեան, ազգերի ինքնորոշման իրաւունքի, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման բացառում:
«Արցախը ինքնորոշուել է միջազգային բոլոր նորմերին ու պահանջներին հետեւելով, հռչակելով անկախ պետութիւն կառուցելու մասին: Արցախը երբեք անկախ Ադրբեջանի Հանրապետութեան մաս չի կազմել:
«Այսքանով հանդերձ Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականութիւն, որի արդիւնքում փորձում է ամբողջապէս հայաթափել Արցախի Հանրապետութիւնը:
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութեան սպառնալիքները՝ Արցախի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ, էլ աւելի են տեսանելի դարձնում պատերազմի սրացումը, որը կարող է վերածուել լուրջ տարածաշրջանային բախման:
«Արցախի բռնագրաւուած տարածքներում մշակութային կոթողների ոչնչացմամբ Ադրբեջանն իրականացնում է մշակութային ցեղասպանութիւն:
«Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ տարւում է քաղաքական մեկուսացման քաղաքականութիւն՝ ամէն կերպ խոչընդոտներ ստեղծելով օտար երկրների դիւանագիտական եւ քաղաքական ներկայացուցիչներին այցելելու Արցախի Հանրապետութիւն եւ իրավիճակին հաղորդակից լինելու:
«Գրեթէ ամենօրեայ կրակոցներն ու սպառնալիքները հոգեբանական ծանր մթնոլորտ են ձեւաւորում՝ նպատակ ունենալով ստեղծելու արտագաղթի հոսքեր:
«Արցախցիները չէն կարողանում լիարժէքօրէն օգտուել միջազգային օրէնքներով նախանշուած հնարաւորութիւններից, մասնաւորապէս Ադրբեջանի կողմից բռնի տեղահանուածները առ այսօր չունեն փախստականի կարգավիճակ եւ տեսանելի ապագայում չկայ նաեւ որեւէ հեռանկար:
«Միջազգային մարդասիրական կառոյցները բաւարար աշխատանք չեն տանում եւ չէն կարող մուտք գործել Արցախ՝ իրենց առաքելութիւնը լիարժէքօրէն կատարելու:
«Ինձ համար մեծ պատիւ է, որ այսօր ելոյթ եմ ունենում այս ամպիոնից՝ կանգնելով արդարութեան համար պայքարող մեծաթիւ յեղափոխականների տեղում, որոնց շարքում է եղել իմ կուսակից ընկեր, իմ համերկրացի Նիկողայոս Տէր-Յովհաննիսեանը՝ Նիկոլ Դումանը, ով 1910թ. ՀՅԴ կողմից մասնակցել է երկրորդ ինտերնացիոնալի Քոբենհակընի համագումարին: Այդ ժամանակ նաեւ իմ հայրենակիցները պայքարում էին իրենց հայրենիքում բնականոն կեանք ապահովելու համար», յայտարարել է Դաւիթ Իշխանեանը: