Հայ մշակոյթի վաստակաշատ բանահաւաք եւ ազատամարտիկ Գագիկ Գինոսեանին հրաժեշտ տուին Եարխուշտայով

«Գագիկ Գինոսեանը մշտապէս մնալու է որպէս այն մշակը, որը մեծ դաշտեր է հերկել մարդկանց սրտերում ու մտքերում». Բագրատ Սրբազան

«Շատ խոնարհ մարդ էր իր այդ մեծութեան մէջ, իր նուիրումի անցած ճանապարհի… Մանկական անմեղութիւն ունէր, բայց միեւնոյն ժամանակ մէջը կրակ կար, մեծ ու անյոգնաբեկ կրակ, որը չէր հանգչում։ Կարծես ինքը մտածում էր՝ չի հասցնի։ Գիշեր ու ցերեկ չկար իր համար։ Դժբախտաբար, հիմա այն փաստի առջեւ ենք, որ մեր սիրելի Գագիկն ուղղակի թողեց եւ գնաց… Երեւի իր առաքելութիւնն այսքանով աւարտեց», խօսելով մեծ պարապետ Գագիկ Գինոսեանի մասին՝ «Հորիզոն»-ի հետ զրոյցում ասաց Հայ առաքելական եկեղեցու Տաւուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանեանը։

Երէկ Գագիկ Գինոսեանի հոգեհանգստեան արարողութիւնն էր, իսկ այսօր արդէն բազմաթիւ մարդիկ եկել էին վարպետին վերջին հրաժեշտը տալու։

Սրբազանը վստահ է՝ Գագիկ Գինոսեանը մշտապէս մնալու է որպէս այն մշակը, որը մեծ դաշտեր է հերկել մարդկանց սրտերում ու մտքերում։ Նա մեր ինքնութեան մեծ այգին է մշակել եւ այդտեղից մարդիկ պտուղներ են քաղել ու սնուել։ «Յուսամ, որ իր սաները նոյն ոգով ու մտքով կը շարունակեն», ասաց Սրբազան Հայրը։

Հետախոյզ, ազատամարտիկ, ՈՄԱ ռազմահայրենասիրական ՀԿ-ի նախագահ Վովա Վարդանովն էլ ցաւով նշեց՝ Գագիկ Գինոսեանի աւանդը չգնահատուեց ըստ արժանւոյն, եւ նրան Կոմիտասի անուան պանթէոնում չյուղարկաւորելը մեծագոյն անշնորհակալութիւն է. «Էլ չեմ խօսում նրա անցած մարտական ուղու մասին… Նրա մարտական ուղին թոյլ է տալիս, որ նա Եռաբլուրում թաղուի, բայց նա տասնապատիկ աւելի մեծ ներդրում ունի մշակոյթի մէջ։ Նա պիտի Կոմիտասի անուան պանթէոնում յուղարկաւորուէր։ Չգնահատուեց…»։

Գագիկ Գինոսեանի հոգեհանգստեան արարողութիւնը տեղի ունեցաւ Նոր Նորքի 5-րդ զանգուածում գտնուող Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ վերջին հրաժեշտը տուեցին Կամերային երաժշտութեան տանը՝ ազգագրական եարխուշտա պարով։ Մեծ հայը յուղարկաւորուեց Եռաբլուրում։

 

 

Comments are closed.