Հայաստանի իշխանութիւնների յարաբերութիւնները Ռուսաստանի հետ 1918-1920 եւ 2018-2024 թթ.
Անի Մելքոնեան
Պատմաքաղաքական ակնարկ
Վերջին տարիներին մի շարք «վերլուծաբաններ» ու իշխանական պատգամաւորներ Հայաստանի ներկայիս կառավարութեան ապաշնորհ քաղաքականութեանն ուղղուած քննադատութիւններին ի պատասխան՝ յաճախակի նշում են, որ Հայաստանի առաջին հանրապետութեան անկման եւ տարածքային կորուստների պատճառը Առաջին հանրապետութեան կառավարութեան «արեւմտամէտ» եւ «հակառուսական» դիրքորոշումն էր:
Թէեւ ժամանակաշրջաններն ու իրադարձութիւնները տարբեր են, տարբեր են նաեւ Հայաստանի ներկայ եւ առաջին հանրապետութիւնների կառավարութիւնների արժեհամակարգն ու քաղաքական նպատակները, եւ այսօր Հայաստանի հետ տեղի ունեցողը ամենեւին էլ Առաջին հանրապետութեան կառավարութեան գործունէութեան արգասիքը չէ, այնուամենայնիւ կը ցանկանայինք մի փոքր խօսել Դաշնակցութեան՝ որպէս իշխող կուսակցութեան, Ռուսաստանի հետ յարաբերութիւնների մասին՝ հիմնուելով փաստերի վրայ:
Այսպէս՝ 1917 թ. Փետրուարեան յեղափոխութիւնից յետոյ կտրուկ փոխուեց իրավիճակը Ռուսական կայսրութեան ողջ տարածքում, երկրում հաստատուեց երկիշխանութիւն՝ ի դէմս բանուորների ու զինուորների, պատգամաւորների, Պետրոգրադի խորհրդի եւ ժամանակաւոր կառավարութեան:
1917 թ. Հոկտեմբերեան յեղաշրջումը իր բացասական հետեւանքները պէտք է ունենար հայ ժողովրդի քաղաքական ճակատագրի վրայ։
«Ռուսաստանի խորհրդայնացման փաստը ու այդ միջոցով վերջինիս հրաժարումը պատերազմի յաղթական արդյիւնքերից, գերմանական վերնախաւի եւ պոլշեւիզմի գաղտնի համաձայնութիւնը, սիոնիզմի գործօնը, պոլշեւիկների ու երիտթուրքերի ձեւաւորուող դաշինքը… պայմանաւորում էին հայ-թուրքական, հայ-վրացական եւ այդ բոլորի ու խորհրդային իշխանութեան բազամաշերտ փոխյարաբերութիւնները»(1):
Ռուսաստանում իշխանութիւնը ձեռք գցած Լենինի կառավարութիւնը ուժերը դուրս բերեց պատերազմից եւ «Քառեակ միութեան» երկրներին հաշտութեան առաջարկութիւն արեց, ինչը ընդունուեց վերջիններիս կողմից:
Հաշտութեան բանակցութիւնները սկսուեցին Բրեստ-Լիտովսկում եւ ընթացան երեք փուլով. «Բրեստ-Լիտովսկի բանակցութիւնների երեք փուլում էլ արծարծուեց հայկական տարածքների հարցը: Բանակցութիւնների առաջին փուլում Խորհրդային Ռուսաստանի պատուիրակութեան ղեկավարը ներկայացրեց իր կառավարութեան դիրքորոշումը եւ սկզբունքները: Ըստ այդ սկզբունքների՝ արգելւում էր պատերազմի ժամանակ գրաւուած տարածքների բռնակցումը: Ռուսաստանը պարտաւորւում էր իր զօրքերը դուրս բերել գրաւուած տարածքներից»(2):
Սա, բնականաբար, չէր կարող չվերաբերել նաեւ Արեւմտեան Հայաստանին:
«1918 թ. Մարտի 3-ին Խորհրդային Ռուսաստանի կառավարութիւնն ընդունեց Քառեակ միութեան բոլոր պահանջները: Համաձայն պայամանագրի չորրորդ յօդուածի եւ ռուս-թուրքական լրացուցիչ պայմանագրի՝ Թուրքիային էին յանձնւում ամբողջ Արեւմտեան Հայաստանը եւ Կարսի մարզը»(3):
Թուրքերին յանձնուեցին նաեւ Արտահանի եւ Պաթումի շրջանները, այլ կերպ ասած՝ «պոլշեւիները ոչ միայն ամբողջ Թուրքահայաստանը յանձնում էին թուրքերին, այլեւ վերադիր Ռուսահայաստանի երեք կարեւոր շրջանները:
Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը աւելի եւս արձակեց թուրքերի ձեռքերը: Նրանք չմնացին ռուս-թուրքական սահմանագծի վրայ եւ շարժուեցին դէպի Կովկասի ներսը՝ իրենց հետ բերելով աւեր ու կոտորած»(4):
Թուրքական զօրքերի Այսրկովկաս արշաւանքի ֆոնին Չիչերինն ու Կարախանը Անդրկովկասի կոմիսարիատին գրում են.
«Հայերի հետագայ ճակատագրի պատասխանատուութիւնը ընկնում է Գերմանիայի վրայ, որովհետեւ նրա պահանջով էր, որ ռուս զօրքերը դուրս հանուեցին հայկական շրջաններից, եւ այժմ նրանից է կախուած թուրքական զօրքերի զսպումը սովորական բռնութիւններից»(5):
Արձանագրե՛նք՝ սա մինչեւ Հայաստանի Հանրապետութեան հիմնադրումն է, եւ, այսպէս կոչուած, «վերլուծաբանները» չեն կարող պնդել, որ սրա պատճառը դեռեւս գոյութիւն չունեցող Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան «հակառուս» դիրքորոշումն էր: Ընդհակառակը՝ անկախութեան հռչակումից յետոյ Հայաստանը Այսրկովկասում միակն էր, որը հակառուսական դիրքորոշում չորդեգրեց.
«Անդրկովկասի հանրապետութիւնների անկախութեան հռչակումից յետոյ Հայաստանի Հանրապետութիւնը զերծ մնաց հակառուսական տրամադրութիւններից: Աւելին՝ հայութիւնը միակն էր Անդրկովկասում, որ մինչեւ վերջ դիմագրաւեց հակառուսական դաշինք ստեղծելու առաջարկներին… եւ կողմնորոշուելով դէպի Եւրոպա՝ Հայաստանի Հանրապետութիւնը դրանով հանդերձ շարունակում էր կապեր պահպանել Ռուսաստանի տարածքում ստեղծուած զանազան կառավարութիւնների եւ գրեթէ բոլոր քաղաքական ուժերի հետ»(6):
Նորաստեղծ Հայաստանի Հանրապետութիւնը հարեւանների եւ Անտանտի հետ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելուց զատ՝ փորձում էր կապեր հաստատել այդ շրջանում Ռուսաստանում գոյութիւն ունեցող բազմաթիւ իշխանութիւնների հետ:
«Հայաստանն ի սկզբանէ իր ներկայացուցիչներն ունէր նաեւ Ռուսաստանի նախկին կայսրութեան տարածքում գործող կառավարութիւնների մօտ (Դենիկինի՝ Հարաւային Ռուսաստանի, Կոլչակի՝ Սիպիրի, Կուբանի եւ Դոնի կառավարութիւններ, Ուքրանիա եւ այլն): 1918 թ. դիւանագիտական շփումներ հաստատելու առաջին փորձերն արուեցին նաեւ Խորհրդային Ռուսաստանի հետ, բայց այս ուղղութեամբ լուրջ քայլերն արուեցին միայն 1920 թ»(7):
1918-1919 թթ. Ռուսաստանում դեռեւս անորոշ էր քաղաքացիական կռիւների ելքը, այդ կռիւներում առաւելութիւնը կարծես թէ Անտոն Դենիկինի կողմն էր, որի հետ էլ Հայաստանը լաւ յարաբերութիւններ էր հաստատել:
«1920 թ. սկզբներին, սակայն, ակնյայտ դարձաւ Խորհրդային Ռուսաստանի առաւելութիւնը: Կարմիր բանակը յայտնուեց Անդրկովկասի մատոյցներում՝ ազդարարելով Ռուսաստանի վերադարձը տարածաշրջան»(8):
Հայաստանի կառավարութիւնը քայլեր ձեռնարկեց Խորհրդային Ռուսաստանի հետ լաւ յարաբերութիւններ հաստատելու ուղղութեամբ, այդ նպատակով «դեռեւս Ապրիլի վերջին Երեւանում Լեւոն Շանթի գլխաւորութեամբ կազմուեց պատուիրակութիւն, որը Մայիսի 20-ին ժամանեց Մոսկուա»(9)։
Բանակցութիւնները սկզբում յաջող էին Հայաստանի համար, «ռուսական կողմը պատրաստակամութիւն էր յայտնում ճանաչել Հայաստանի անկախութիւնը եւ չմիջամտել նրա ներքին գործերին, ընդունում էր նաեւ հայկական պահանջների արդարացի լինելը Զանգեզուրի եւ Ղարաբաղի հարցում: Ցանկութիւն էր յայտնւում իրաւարարի դեր խաղալ հայ-թուրքական վէճում եւ հանդէս գալ Հայաստանի ու Մուսթաֆա Քեմալի միջեւ միջնորդի դերում»(10):
Իրավիճակը եւ Խորհրդային Ռուսաստանի վերաբերմունքը դէպի Հայաստանը կարճ ժամանակ անց կտրուկ փոխուեցին, մի կողմից՝ խորհրդայնացուած Ատրպէյճանի կառավարութեան, միւս կողմից՝ հայ պոլշեւիկների ջանքերով.
«Մոսկուայի բանակցութիւնները տեղի ունեցան հայ պոլշեւիկների մայիսեան ապստամբութեան ճնշումից յետոյ՝ Անդրկովկասում կոմունիստների շրջանում սկսուած հակահայաստանեան հիստերիայի պայմաններում: Վրէժխնդրութեան մոլուցքով տարուած հայ պոլշեւիկները Հայաստանին տրուած գնահատականներում յետ չէին մնում ատրպէյճանցիներից»(11):
Հայաստանում կատարուած դէպքերը պոլշեւիկները ծայրաստիճան չափազանցուած էին ներկայացնում եւ ատրպէյճանցի կոմունիստների հետ միաւորուած պահանջում էին «դաշինք չկնքել Հայաստանում «բանուորների ու գիւղացիների կոմունիստական յեղափոխութիւնը» խեղդող եւ «կոմունիստներին անխնայ կոտորող» կառավարութեան հետ»(12)։ Հայ պոլշեւիկների նման հակապետական հիստերիան ու զրպարտութիւնը հասցրին նրան, որ «Չիչերինը Յունիսի 4-ին «մեծ վրդովմունքով» հեռագիր-բողոք է ուղարկում Երեւան Հայաստանում իբր թէ կատարուող գնդակահարութիւնների դէմ:
Եւ, ի միջ ի այլոց, ասում է, թէ «գնդակահարուած է ընկ. Միկոյեանը»(13). այս «գնդակահարուած» Միկոյեանը, ի դէպ, Անաստաս Միկոյեանն էր, որը մահացաւ միայն 1978 թ.: Այս ամէնը, ի հարկէ, չէր կարող իր բացասական հետեւանքը չունենալ հայ-ռուսական յարաբերութիւնների վրայ:
Բացի այդ՝ «Լենինի համար Հայկական հարցը միայն մէկ արժէք ունէր՝ պայքարի զէնք՝ հակառակորդների դէմ: Եւ նա մէկից աւելի անգամներ իր ճառերում ու յօդուածների մէջ օգտագործեց այդ զէնքը»(14):
Այս ամէնի հետ մէկտեղ Հայաստանի Հանրապետութեան հետագայ ճակատագիրը որոշեց պոլշեւիկ-քեմալական դաշինքը, որը ձեւաւորուեց Անտանտի դէմ պայքարում՝ շահերի համադրմամբ:
Այս առումով հետաքրքիր են դեռեւս 1920 թ. Ապրիլի 26-ին Լենինին ուղղուած նամակում Մուսթաֆա Քեմալի առաջ քաշած թեզերը: Այդ նամակում «Մուսթաֆա Քեմալը շօշափել էր «իմպերիալիստական» Հայաստանի դէմ ռազմական գործողութիւններ սկսելու հարցը»(15):
1920 թ. Յուլիսին Պեքիր Սամի գլխաւորած պատուիրակութիւնը ժամանեց Մոսկուա, որտեղ Օգոստոսի 24-ին համաձայնեցուեց ռուս-թուրքական «սրտագին եւ անկեղծ բարեկամութեան» պայմանագրի նախագիծը, որով «Ռուսաստանը ճանաչում էր 1920 թ. Յունուարին ընդունուած «Ազգային ուխտը», որով Թուրքիա ասելով՝ հասկանում էին թուրքաբնակ բոլոր տարածքները: Այդ փաստաթղթով, ըստ էութեան, կանխորոշւում էր Արեւմտեան Հայաստանի եւ Կարսի մարզի ճակատագիրը»(16):
Այսպիսով՝ Խորհրդային Ատրպէյճանի կառավարութեան բողոքները, պոլշեւիկ-քեմալական դաշինքը եւ նրանց հետ գործակցող հայ պոլշեւիկների հակապետական գործունէութիւնը դարձան հայ-ռուսական բանակցութիւնների ձախողման եւ Հայաստան-Խորհրդային Ռուսաստան դաշինքի տապալման գլխաւոր գործօնները, ինչը Հայաստանի համար անկախութեան ու տարածքային կորուստներ եւ բազմաթիւ մարդկային կեանքեր արժեցաւ:
Ինչեւէ, հայ եւ ռուս պոլշեւիկներին իրենց հակահայկական գործունէութեամբ թողնենք իրենց տեղում եւ գանք մեր օրեր, մասնաւորապէս՝ «յետյեղափոխական» Հայաստան: Այսպիսով՝ ակնյայտ է, որ Հայաստանը զոհաբերուեց արտաքին ուժերի շահերին, եւ հայկական կորուստները պայմանաւորուած չէին Հայաստանի իշխանութիւնների, այսպէս կոչուած, հակառուսական քաղաքականութեամբ: Մի բան, ինչի մասին վերջին շրջանում տարբեր տեսակէտներ են հնչում՝ անհիմն կերպով իրար նմանեցնելով այն ժամանակի եւ մեր օրերի Հայաստանի իշխանութիւնների որդեգրած քաղաքականութիւնը Ռուսաստանի նկատմամբ:
2018 թ. «թաւշեայ յեղափոխութիւնից» յետոյ Հայաստանի կառավարութիւնը ակնյայտ հակառուսական քաղաքականութիւն որդեգրեց: Այս դիրքորոշման «առաջին ծիծեռնակները», ինչպէս ասում են, յայտնուեցին 2019-ին, երբ Նիկոլ Փաշինեանը չգնաց դիմաւորելու ՌԴ նախագահ Վլատիմիր Փութինին: Սա «ինքնիշխանութիւն» փաթեթաւորմամբ հանրութեանը ներկայացուած առաջին ակնյայտ անյարգալից վերաբերմունքն էր ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարի նկատմամբ: Յաջորդը Հայաստանի պատուիրակութեան ղեկավար ՔՊ-ական Ռուբէն Ռուբինեանի կողմից ԵԽԽՎ-ում Ռուսաստանի ձայնի իրաւունքը վերականգնելուն «դէմ» քուէրակելն(17) էր, ի հարկէ, յետոյ դա ներկայացուեց «պատահականութեան» փաթեթաւորմամբ, բայց Հայաստանի՝ որպէս դաշնակցի ու վստահելի գործընկերոջ նկատմամբ վստահութեան խնդիր պէտք է առաջացնէր Ռուսաստանում:
Այնուհետեւ՝ պատերազմում պարտութիւնը Ռուսաստանի վզին փաթաթելու փաշինեանական յամառ ջղաձգումները, որոնց յաջորդեցին Արցախից հայկական զօրքի դուրս բերումը, յետոյ՝ պայմանաւորուած շրջափակումը։ Այնուհետեւ Արցախի հայաթափումն էր, որի համար փաշինեանական վարչակազմը մեղադրեց բացառապէս Ռուսաստանին, մինչդեռ Ատրպէյճանին նոյնիսկ մէկ դատապարտող խօսք չասուեց: Աւելի՛ն, Սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինեանը յայտարարեց. «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչութեանն ուղիղ սպառնալիք չկայ»(18)՝ դրանով հզօր խաղաքարտ տալով Ատրպէյճանին՝ պաշտպանուելու համար Արցախի դէմ նոր պատերազմ սանձազերծելու եւ հայաթափման մեղադրանքից:
Պատերազմից ու Արցախի հայաթափումից յետոյ Հայաստանում ռուսական զօրամիաւորումների աւելացման հետ միաժամանակ փաշինեանական ռեժիմը շարունակում է հակառուսական վտանգաւոր քաղաքականութիւնը:
2023 թ. Մայիսին Հայաստանը ՄԱԿ-ում կողմ քուէարկեց հակառուսական բանաձեւին, «որով դատպարտւում է Ռուսաստանի ագրեսիան Ուքրանիայի եւ Վրաստանի դէմ: Բանաձեւին կողմ են քուէարկել Հայաստանը, ինչպէս նաեւ Ռուսաստանի դաշնակից մի շարք երկրներ:
Բանաձեւը կոչ է անում փոխհատուցել ռուսական ագրեսիայի հետեւանքով հասցուած վնասը եւ պատասխանատուութեան ենթարկել նրանց, ովքեր մեղաւոր են միջազգային իրաւունքի նորմերի խախտման մէջ»(19):
Սա մեզ համար Արցախ արժեցաւ, սակայն դրանից էլ դասեր չքաղելով կամ հակառուսականութիւնը էլ աւելի ընդգծելու համար՝ Հայաստանի խորհրդարանը 2023-ի Հոկտեմբերին վաւերացրեց Հռոմի ստատուտը, որի վաւերացումը ՌԴ-ում մտահոգութիւններ առաջացրեց եւ այդ առիթով ՌԴ ԱԳՆ-ն յայտարարեց.
«Հայ գործընկերներին ի սկզբանէ հասցուել է Հայաստանի կողմից Միջազգային քրէական դատարանի Հռոմի ստատուտի վաւերացման անընդունելիութեան մասին դիրքորոշումն այն պայմաններում, երբ այդ կառոյցի կողմից Ռուսաստանի բարձրագոյն ղեկավարութեան ձերբակալման օրդերներ են տրուել։ Քննարկուել է երկկողմ համաձայնագիր կնքելու՝ Երեւանի նախաձեռնութիւնը, Մոսկուան առաջարկել է փոխզիջումային տարբերակ, որը կարող էր ձեռնտու լինել երկու կողմերին: Ցաւօք, այն հաշուի չի առնուել, փոխարէնը Հայաստանում քաղաքական որոշում են կայացրել յօգուտ Հռոմի ստատուտի վաւերացման։ Դա ամենաբացասական հետեւանքներն է ունենալու երկկողմ յարաբերութիւնների վրայ» (20):
Իսկ 2024 թ. Մայիսի 7-ին տեղի ունեցած Վլատիմիր Փութինի երդման արարողութեանը Նիկոլ Փաշինեանը հրաւիրուած չէր:
Այս ամէնը խօսում է հայ-ռուսական յարաբերութիւնների իրական պատկերի մասին, որոնք փճացնելու նախաձեռնութիւնը Հայաստանի ղեկավարութեանն էր, որն ամէն ինչ արեց դրա համար, եւ ամբողջապէս անհիմն ու աւելորդ են փաշինեանական վարչախմբին Հայաստանի առաջին հանրապետութեան կառավարութեան հետ համեմատելու ջանքերը, քանզի չլինելով հակառուս եւ չմիանալով հակառուսական դաշինքին՝ Հայաստանի առաջին հանրապետութեան կառավարութիւնը թիկունքից հարուած ստացաւ հայ պոլշեւիկների եւ Ռուսաստանում անօրինական ճանապարհով իշխանութիւնը զաւթած Լենինի կառավարութեան կողմից: Լենինը կիսով չափ թաթար (այսօրուայ եզրոյթով՝ ատրպէյճանցի) լինելով՝ նախապատուութիւնը տուեց թուրքական շահերին, իսկ նրա մերձաւոր շրջապատում գտնուող եւ խորհրդային պետութեան մէջ բաւականին ազդեցիկ դեր ունեցող հայ պոլշեւիկները մատը մատին չտուեցին յօգուտ Հայաստանի որեւէ որոշում «պոկելու» համար:
Իսկ Փաշինեանն ի՛նքը փճացրեց յարաբերութիւնները Հայաստան-Թուրքիա սահմանը պաշտպանող եւ Հայաստանի անվտանգութեան երաշխաւոր հանդիսացող Ռուսաստանի հետ, ինչի ողբերգական հետեւանքները զգում ենք մեր մաշկի վրայ:
Հայ հասարակական-քաղաքական շրջանակները Հայաստանը ծայրագաւառ յայտարարած Փաշինեանին հնարաւորինս արագ պէտք է հեռացնեն Հայաստանի ղեկից եւ վերականգնեն յարաբերութիւնները Ռուսաստանի ու Իրանի հետ, հակառակ դէպքում հետեւանքները կարող են անդառնալիօրէն ողբերգական լինել:
Անի Մելքոնեան
«Դրօշակ» թիւ 5, 2024 թ.
3. Նոյնը, էջ 329:
4. Վրացեան Ս., Հայաստանը պոլշեւիկեան մուրճի եւ թուրքական սալի միջեւ., Եր., 2022., էջ 23:
5. Նոյնը, էջ 24:
6. Սիմոնեան Հր., նշու., աշխ., էջ 386:
7. Նոյնը, էջ 348-349:
8. Նոյնը, էջ 386:
9.Նոյն տեղում:
10. Նոյնը, էջ 387:
11.Նոյն տեղում:
12.Նոյնը, էջ 388:
13. Վրացեան Ս., նշու., աշխ., էջ 71:
14. Նոյնը, էջ 14:
15. Նոյնը, էջ 189:
16. Նոյն տեղում:
17. https://armlur.am/911112/ (վերջին դիտումը՝ 19.05.2024)
18. https://www.aravot.am/2023/09/21/1370963/ (վերջին դիտումը՝ 19.05.2024)
19. https://generalnews.am/hy/article/b046c4b9eafc56519618d60e87e2ea66 (վերջին դիտումը՝ 19.05.2024)
20. https://hetq.am/hy/article/160834 (վերջին դիտումը՝ 19.05.2024)
2. Սիմոնեան Հր., Հայոց պատմութեան հիմնահարցեր., Եր., 2000
3. Վրացեան Ս., Հայաստանը պոլշեւիկեան մուրճի եւ թուրքական սալի միջեւ., Եր., 2022
Comments are closed.