Արթուր Խաչատրեանը` Փաշինեանի ասուլիսի հիմնական ուղերձների մասին
Նիկոլ Փաշինեանի երէկուայ ասուլիսի պատգամները հիմնականում ուղղուած էին հայ հասարակութեանը, որով նա փորձում էր նախապատրաստել մեզ նոյեմբերին և դեկտեմբերին ծանր զիջումներին։ Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։
«Այդ զիջումները վստահաբար լինելու են, որովհետև Փաշինեանի պաշտօնավարման ողջ ընթացքում մենք միայն զիջել ու զիջել ենք, և նրա յայտարարութիւնները սահմանագծման և սահմանազատման, նաև Արցախի վերաբերեալ հենց դրա մասին են վկայում։ Նրա ուղերձների հիմնական հասցէատերը Հայաստանի Հանրապետութիւնն էր»,- ասաց Խաչատրեանը։
Խաչատրեանը նախ ներկայացրեց այն հիմնական կէտերը, որոնք Նիկոլ Փաշինեանը փոխանցեց Արցախի վերաբերեալ. «Նիկոլ Փաշինեանը ասաց, որ երբ 1991թ.-ին Հայաստանը մտել է ԱՊՀ կազմի մեջ, ճանաչել է Ադրբեջանի անկախութիւնը` մոռանալով նշել, որ Հայաստանը մտել է ԱՊՀ կազմի 1991թ.-ի դեկտեմբերին, իսկ Արցախը դեռ Խորհրդային Միութեան ժամանակ այդ միութեան օրէնքների համաձայն հռչակել էր իր անկախութիւնը։ Նոյնիսկ, եթէ մենք ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, այդ ժամանակ Արցախը այլևս Ադրբեջանի կազմում չէր»։
Արթուր Խաչատրեանի կարծիքով` Փաշինեանը նուրբ հոգեբանական գրոհ կազմակերպեց հայ ժողովրդի դէմ։
«Փաշինեանը փորձեց ներկայացնել, որ ով էլ լինէր և ինչ էլ որ լինէր, բոլոր ջանքերն արուել են, բայց Արցախի հարցը չի լուծուել։ Նա չփորձեց ասել, որ դա չի ստացւում, աշխարհը մեր այդ որոշման հետ համաձայն չէ, ինքը որևէ մէկին չմեղադրեց, այլ ուղղակի փորձեց ցոյց տալ, որ այդ խնդիրը անլուծելի է, որ պատերազմի միջոցով փորձեցին այդ հարցը լուծել, բայց չստացուեց։
Փաշինեանը ժողովրդի առջև ընտրութիւն դրեց` կամ պէտք է նորից կռուենք, կամ Արցախը պէտք է վերադարձուի, որովհետև մեր կամքից անկախ, միևնոյն է, Արցախի հարցը լուծում չունի։ Քանի որ ոչ մէկը չի ցանկանայ այս ծանր բարոյահոգեբանական, ֆինանսական իրավիճակում պատերազմել, մարդկանց ուղղակի նախապատրաստում էր համակերպուել, որ Արցախը մնալու է Ադրբեջանի կազմում ինչ-որ կարգավիճակով, իսկ դա կարող է լինել նոյնիսկ մշակութային ինքնավարութիւնը»,- նշեց պատգամաւորը։
Պատգամաւորը շեշտում է` Փաշինեանը նոյնիսկ իր` «Արցախեան խնդրի ծագումը» յօդուածում է խեղաթիւրել փաստերը.
«Այդ յօդուածում նա գրել էր, թե 2017թ.-ին յայտարարուել էր, որ Հայաստանը 7 շրջան պէտք է վերադարձնի և այլն։ Դրան ի պատասխան՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար և Մինսկի խմբի Ռուսաստանի նախկին համանախագահ Իգոր Պոպովը յայտարարեց, որ երբեք չի քննարկուել հենց այնպէս ինչ-որ տարածք տալու հարցը։ Յիշենք, որ 1998թ.-ին Լևոն Տեր-Պետրոսեանը հրաժարական տուեց, քանի որ կար Արցախեան հարցի լուծման երկու մօտեցում` փուլային և փաթեթային։ Տէր-Պետրոսեանը կողմնակից էր փուլային տարբերակին, մինչդեռ ՀՅԴ-ն, այն ժամանակուայ վարչապետ Ռոբերտ Քոչարեանը և այլ ուժեր կողմնակից էին փաթեթային տարբերակին, այսինքն Արցախի կարգավիճակի ճշգրտում Ադրբեջանից դուրս և ապա միայն տարածքների հարց։ Այնպէս, որ երբեք չի քննարկուել մի տարբերակ, որով հենց այնպէս պէտք է յանձնուեն տարածքները»,- ասաց Խաչատրեանը։
Փաշինեանի փոխանցած երկրորդ պատգամը, ըստ Արթուր Խաչատրեանի, կապուած էր Արցախեան խնդրի, սահմանազատման և սահմանագծման ու կոմունիկացիաների բացման հետ։
«Փաշինեանը շատ վտանգաւոր քաղաքականութիւն է իրականացնում` փորձելով այս հարցերը իրարից տարանջատել։ Հնարաւոր չէ Հայաստանի և Արցախի միջև խաղաղ գոյակցութիւն, քանի դեռ Արցախի խնդիրը չի լուծուել։ Ինքը Արցախի հարցը առանձնացնում է, սահմաններ է գծում Ադրբեջանի հետ, փորձում է «նորմալացնել» յարաբերութիւնները Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Իսկ, եթէ հետագայում Ադրբեջանը փորձի հերթական յարձակումը գործել Արցախի նկատմամբ, ինչ է լինելու բոլոր այս պայմանաւորուածութիւնների հետ։
«Բացի այդ, Փաշինեանը անհասկանալի պնդումներ արեց այն մասին, որ տարածքներից, որտեղից մենք դուրս ենք եկել, պատկանում էն Ադրբեջանին, յղում կատարեց անհասկանալի քարտէսներին։ Եթէ երկու կողմերը հարց են դնում սահմանները ճշդելու վերաբերեալ, ապա որպէս ելման կէտ դիտարկւում են այն տարածքներր, որոնք փաստացի գտնւում են տուեալ երկրի տիրապետութեան տակ, դա միջազգային ընդունուած նորմ է»,- մանրամասնեց պատգամաւորը:
Խաչատրեանի դիտարկմամբ՝ իր ուղերձում Փաշինեանը մեղաւորներ էր փնտռում նաև մայիսեան պարտութեան համար, երբ ադրբեջանցիները հաստատուեցին Սև լճի տարածքում։
«Նա ասաց` բանակը, փոխանակ սահմանը պաշտպանի, քաղաքականութեամբ է զբաղւում։ Յիշեցնեմ, որ մայիսի 12-ից մի քանի օր առաջ Փաշինեանը յայտարարել էր, որ մեր սահմանները հրաշալի կահաւորուած են, յետոյ երբ ադրբեջանցիները մտան Սև լիճ և Ներքին Շորժա, ասաց՝ եղանակային պայմանների պատճառով չէինք հասցրել կահաւորել, սա ծիծաղելի է։ Հիմա ասում է՝ այն զինուորականները, ովքեր փետրուարին պահանջել են իմ հրաժարականը, նրանք են մեղաւոր, մինչդեռ այդ սահմանագիծը առաջացել է, երբ նոյեմբերի 9-ի խայտառակ պայմանագրով հայկական զօրքերը հետ են քաշուել, ու հենց այդ պահից պետք է նոր սահմանագիծը կահաւորվուէր։ Ուստի անտրամաբանական է Փաշինեանի այն պնդումը, որ քանի որ փետրուարին զինուորականները պահանջել են իր հաժարականը, այդ պատճառով մայիսին սահմանագիծը դեռ կահաւորուած չէր»։
Արթուր Խաչատրեանը ընդգծեց, որ Փաշինեանը պարադոքսալ պնդումներ արեց նաև հայ-թրքական յարաբերութիւնների վերաբերեալ։
«Ասում է, եթէ Թուրքիան չի յայտարարում, որ ինքը ցեղասպան է, մենք պատրաստ ենք իր հետ յարաբերութիւնները նորմալացնել։ Ինչ է` Թուրքիան պէտք է ասի՝ ես ցեղասպան եմ և Հայաստանը պէտք է ոչնչացնե՞մ, ի հարկէ՝ ոչ , Թուրքիան ասելու է`դեմոկրատական երկիր եմ, եկէք միասին խաղաղ ապրենք։ Փաշինեանը ժողովրդին նախապատրաստում է ընդունել թրքական նախապայմանները, որպէսզի Թուրքիան բացի սահմանները։
Նրա միւս ուղերձը հերթական մանիպուլացիան էր միջանցքի վերաբերեալ։ Եթէ այդ պայմանագրով ճանապարհները ապաշրջափակւում են և նորմալ կոմունիկացիա է լինելու, այդ դէպքում ինչու է Ադրբեջանի և Նախիջևանի կապը առանձնակի շեշտւում»,- ասաց նա:
Ըստ Խաչատրեանի` կը տրուի ճանապարհ, որը հայկական կողմը չի կոչի միջանցք, բայց ըստ էութեան, դա կը լինի հենց միջանցք՝ բոլոր իմաստներով։
Անի Յակոբեան