Փաշինեանն իրօք չունի դիւանագիտական եւ ռազմաքաղաքական գիտելիք ու փորձ. ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանեան

Վարդան Օսկանեան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանեանը դիմատետրի իր էջում գրել է․

«Իմ նախորդ գրառման մէջ ասել էի, որ 2018-ից ի վեր Հայաստանի նման երկրի առաջնորդութիւնը Փաշինեանի հագով չէր։ Առաւել եւս՝ նրա հագով չէ այսօր։ Կրկնեմ՝ Հայաստանի՝ դիւանագիտական եւ ռազմաքաղաքական նուազագոյն հմտութիւններից զուրկ որեւէ ղեկավար չէր կարող յաջողութիւն ունենալ։ Փաշինեանը չունէր եւ հիմա էլ չունի այդ հմտութիւնները։

Ես ուզում եմ բացել եւ հիմնաւորել իմ նախորդ գրառման պնդումը։

Առաջին, Փաշինեանն իրօք չունի դիւանագիտական եւ ռազմաքաղաքական գիտելիք ու փորձ։ Նրա կրթութիւնը չի վերաբերել այդ ոլորտներին, նա չի ծառայել բանակում եւ, բացառութեամբ, խորհրդարանական մի քանի այցելութիւնների արտերկիր, իր ողջ ընդդիմադիր գործունէութեան ընթացքում յատկանշական որեւէ փորձ այդ ասպարէզում ձեռք չի բերել։ Սակայն Փաշինեանի խնդիրն այն է, որ նա լսող չէ, եւ նրա սահմանափակ գիտելիքների պատճառով նրա շփման մակերեսը իրական գիտութեան հետ գրեթէ զրոյական էր․ նրան թւում էր, թէ ինքն ամէն ինչ գիտի։ Բնականաբար, երբ մարդը շատ բան չգիտի, բայց կարծում է, որ ամէն ինչ գիտի, ձախողում է ամէն ինչ։

Երկրորդ, երբ Փաշինեանը եկաւ իշխանութեան, չէր պատկերացնում, թէ ինչ պէտք էր անել Արցախեան հարցում։ Նրա դիրքորոշումը անորոշ եւ քաոսային էր։ Դժբախտաբար, նա չուզեց խորհրդակցել նախկիններից որեւէ մէկի հետ։ Յայտնուել էր «եթէ չգիտես ուր ես գնում, երբեք չես կորչում» խաբուսիկ շրջանի մէջ, ուստի որեւէ պահի կարիք չէր զգում ինքն իրեն հարց տալու, թէ արդեօք սխալ ճանապարհով չի գնում։

Որոշ ժամանակ անց Փաշինեանի մօտ ձեւաւորուեց միտքը, որը կարծես դարձաւ նրա ղարաբաղեան քաղաքականութեան անկիւնաքարը, թէ հարցի լուծումը պէտք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ատրպէյճանի ժողովուրդների համար։ Այս մօտեցումը, զուգորդուած «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտայայտութեամբ, պատերազմի բռնկման պատճառ դարձաւ՝ Ատրպէյճանին առիթ տալով պատճառաբանելու բանակցային ճանապարհով հարցը լուծելու անհնարինութիւնը։ Ատրպէյճանցիների ընկալմամբ՝ դա ցինիզմի եւ չհիմնաւորուած իտէալիզմի համադրութիւն էր։

Երրորդ, Փաշինեանը ռացիոնալ քաղաքական գործիչ չէր եւ չէր կարող լինել։ Ռացիոնալ որոշում կայացնել կարողանալու համար անհրաժեշտ մի քանի պայման կայ. նախ, որ անհատն իր էութեամբ եւ մտածողութեամբ չպէտք է համակուած լինի ատելութեամբ, մոլեռանդութեամբ, նախապաշարմունքներով եւ նմանատիպ այլ բարդոյթներով։ Փաշինեանի ատելութիւնը ներսում նախկինների, իսկ դրսում Ռուսաստանի նկատմամբ բաւական էր, որ նա կորցնէր ռացիոնալութիւնը։

Աւելին, ռացիոնալ որոշում կայացնողը չպէտք է ճանաչողական պատրանքներ (cognitive illusion) ունենայ։ Այո՛, ինչպէս որ կայ օպտիկական պատրանք (optical illusion), այնպէս էլ կայ ճանաչողականը։ Տասնամեակների իր լրատուական ու խմբագրական գործունէութեան ընթացքում Փաշինեանն առաջնորդուել է ոչ թէ լրագրողի անաչառութեամբ, այլ քաղաքական եւ ընդդիմադիր նկատառումներով՝ հետեւողականօրէն աղաւաղելով եւ մանիպուլացնելով փաստերն ու իրադարձութիւնները եւ դրանով իսկ ճանաչողական պատրանքի ենթարկելով սեփական ընթերցողին։ Փաշինեանը չէր կարող զերծ մնալ անձամբ նման պատրանքի ենթարկուելուց, յատկապէս, երբ այդ ամէնն արդէն տեղաւորել էր պետական նարատիւի մէջ։

Վերջապէս, ռացիոնալ որոշում կայացնողը պէտք է հմտութիւն ունենայ տարբերակելու իրար լրացնող, բայց իրարից խիստ տարբեր հասկացութիւնները, որոնց շփոթն անխուսափելիօրէն յանգեցնում է ծայրայեղ վնասակար հետեւանքների։ Համոզմունք եւ ապացոյց (belief and evidence), հաւանականութիւն եւ պատահականութիւն (probability and randomness), յարաբերակցութիւն եւ պատճառականութիւն (correlation and causation)․ սրանք ընդամէնը մի քանիսն են այդ հասկացութիւններից։

Փաշինեանի՝ անցած հինգ տարիների գործունէութիւնը, հրապարակային յայտարարութիւնները եւ յատկապէս գրանցած «արդիւնքները» վկայում են, որ նա բացարձակապէս ի վիճակի չի եղել այս տարբերակումներն անելուց։

Մի խօսքով, նրա մօտ դիւանագիտական ու ռազմաքաղաքական գիտելիքների բացակայութիւնը, ծրագրի չգոյութիւնն ու որոշումներ կայացնելիս ոչ ռացիոնալութիւնն են մեզ հասցրել այսօրուայ վիճակին»։

Comments are closed.