Տխուր ճակատագիր է սպասւում Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն․ պատմաբան

2020թ․ Արցախեան պատերազմի ողբերգական հետեւանքներից մէկն էլ այն է, որ, բացի տարածքային եւ մարդկային կորուստներից, ունեցանք պատմամշակութային արժէքների հսկայական կորուստ։

ՀՀ ԳԱԱ պատմութեան ինստիտուտի աւագ գիտաշխատող, պ․գ․թ․ Արտակ Մաղալեանը Yerkir.am-ի հետ զրոյցում ցաւով արձանագրում է․ «Տխուր ճակատագիր է սպասւում Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն։ Կը պահպանեն, բայց կը փորձեն դիմախեղել, ներկայացնել ոչ հայկական։ Ցաւալի է, որ ԵՈՒՆԵՍԿՕ-ի նման կարեւոր կառոյցի արձագանքը չենք լսում։ Թւում է, թէ պէտք է աղաղակ բարձրացնէին, բայց քար լռութիւն է տիրում։ Ցաւօք, միջազգային հանրութիւնը ինչպէս բազմաթիւ այլ դէպքերում, հիմա էլ է լռում»։

Ըստ պատմաբանի՝ կորսուած պատմամշակութային յուշարձանների թւում կան համամարդկային նշանակութեան այնպիսի կարեւորագոյն յուշարձաններ, ինչպիսիք են՝ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին, Տիգրանակերտը, որտեղ հնագիտության ինստիտուտի արշաւախումբը կարեւոր պեղումներ էր կատարում, կարեւորագոյն բացայայտումներ էր արել վերջին տասնամեակում, Լաչինի շրջանի Ծիծեռնավանքը, որը հայկական վաղ քրիստոնէական ժամանակաշրջանի չափազանց կարեւորագոյն յուշարձան է, չափազանց կարեւոր նշանակութիւն  ունէր  Արցախի Հադրութի շրջանի Տող գիւղի մելիքական ապարանքը։

«Դիզակի մելիք Եգանի մելիքական ապարանքը՝ վրայի արձանագրութեան մէջ  մելիք Եգանը նշում է, որ Իրանի Նադիր շահի կողմից ստացել է Խամսայի մելիքութիւնների գահը։  Ապարանքը թուագրւում  է 1737թ․-ով եւ այդ արձանագրութեան  մէջ  չափազանց կարեւոր նախադասութիւն  կար․ «Ես չթողեցի, որ Հայաստանից գերի տանեն»։ Սա նաեւ պատմական վկայութիւն է այն բանի, որ Արցախը հայկական է։ Դա վերաբերում էր օսմանեան  ռազմակալման այն շրջանին, երբ օսմանեան  զօրքերը  Հայաստանում էին, եւ Դիզակի մելիք Եգանը այդ նախադասութեամբ փաստում էր, որ թոյլ չի տուել, որ Հայաստանից օսմանցիները գերի տանեն»,- ասում է պատմաբանը՝ շեշտելով՝ այսպիսի կարեւորագոյն յուշարձաններ մնացին թշնամու վերահսկողութեան տակ, եւ դրանց չափազանց ցաւալի եւ տխուր ապագայ է սպասւում։

Այս յուշարձաններից  բացի, կան նաեւ գիւղական  գերեզմաններ, ուխտավայրեր, խաչքարեր, աղբիւր-յուշարձաններ, կարեւոր են նաեւ Հայրենական մեծ պատերազմի զոհերին նուիրուած յուշարձանները, որոնք ադրբեջանցի զինուորները ոչնչացնում են։ Ըստ պատմաբանի՝ ադրբեջանցիները մեծ յուշարձանները, օրինակ՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, ցուցադրաբար կը պահպանեն, սակայն կը փորձեն խեղել դրանց ինքնութիւնը։

«Վերջերս տեսանք, թէ ադրբեջանցի մահմեդականների հոգեւոր առաջնորդն ինչպէս էր Ղազանչեցոց այցի ժամանակ ասում, որ եկեղեցին ռուսական ծագում ունի»,-նշում է պատմաբանը։

Leave a Comment

You must be logged in to post a comment.