Վտանգավոր հատուածներով  անցնելով՝ փոխգնդապետ Ներսիսեանը բազմաթիւ վիրաւորներ զինուորների է փրկել․ սպայի անցած հերոսական ուղին

«Պատերազմից մէկ ամիս առաջ եղբայրս՝ Ռոլանդը, մի անգամ զրուցում էր ինձ հետ, ասաց՝ վատ բան է լինելու, հնարաւոր է՝ պատերազմ լինի։ Իր մասնագիտական վերլուծութիւններն ու դիրտարկումները յուշում էին, որ հնարաւոր է, առաջիկայում լայնածաւալ  ռազմական գործողութիւններ լինեն։ Իսկ երբ արդէն պատերազմը սկսուել էր և եղբայրս ռազմի դաշտում էր, բոլորիս պատգամեց ուժեղ լինել ու լաց չլինել», — «Հորիզոն»-ի թղթակցին պատմում է արցախեան 44-օրեայ պատերազմում զոհուած փոխգնդապետ Ռոլանդ Ներսիսեանի եղբայրը՝ Ռուսլանը։

Նա ասում է՝ Ռուսաստանում ռազմական կրթութիւն ստանալիս  Ռոլանդը մասնագիտացել էր քիմիական զօրքերի գծով, հայրենիք վերադառնալուց յետոյ հենց այդ մասնագիտացմամբ է աշխատել տարբեր զօրամասերում, նա եղել է  նաև Մարտակերտի դիվիզիայի քիմիական զօրքերի ծառայութեան պետ։

«44-օրեայ պատերազմից մօտ մէկ տարի առաջ եղբայրս Ռուսաստան էր մեկնել՝ վերապատրաստման, քանի որ Հայաստանն ինչ-որ նոր զէնքեր էր ձեռք բերել ու հարկաւոր էր դրանց վրայ մասնագիտանալ։ Դրանից առաջ հրետանային զինատեսակների հետ կապուած՝ հմտութիւններն էր փոխանցում իր զինուորներին», — ասում է Ռուսլանը։

Փոխգնդապետի եղբայրն ասում է՝ պատերազմից յետոյ Ռոլանդի մարտական ընկերները պատմել են՝ նա ոչ միայն տարբեր  զինատեսակներին տիրապետելու հարցում էր արհեստավարժ, այլև,  իսկապէս,  զինուորներին նուիրուած սպայ․ շատ վտանգաւոր տեղերով անցնելով՝ նա բազմաթիւ վիրաւորների է դուրս բերել։

Փոխգնդապետ Ներսիսեանը պատերազմի առաջին օրերին աւելի լաւատեսական տրամադրուածութիւն ունէր, բայց պատերազմական օրերի ընթացքում  նրա ձայնը մի տեսակ  փոխուել էր։

«Սկզբում բոլորս էլ հաւատում էինք, որ կը յաղթենք, քանի որ թշնամին  առաջխաղացում չուներ, բայց յետոյ մեզ մեր թիկունքից հարուածեցին․․․ պատերազմական գործողութիւնների ընթացքը զարգանում էր  ի վնաս մեզ․․․ Բնականաբար, նա այդ մասին մեզանից աւելի լաւ գիտեր։ Այդուամենայնիւ, մեզ զանգելիս մեզ յոյս էր տալիս, որ լաւ կը լինի․․․  Զոհուելու օրը եղբայրս տեսազանգ էր կատարել, իր կնոջն ասել էր․ «բոլորդ հաւաքուէ՛ք, ուզում եմ բոլորիդ տեսնել», և  այդ կարճ տեսազանգի ընթացքում տեսել էր կնոջն ու երեխաներին։ Նա իմացել էր՝ ինչ է լինելու, և ամենևին պատահական չէ, որ հենց այդ օրը տեսազանգով էր», — յիշում է Ռուսլանը։

Փոխգնդապետ Ռոլանդ Ներսիսեանի մայրը՝ տիկին Հերիքնազը պատմում է՝ միշտ հպարտ է եղել, որ այդպիսի հայրենասէր զաւակ է դաստիարակել,  բայց 44-օրեայ պատերազմը փոխել է հպարտութեան կերպը․ հիմա ցաւոտ հպարտութիւն է մնացել  և կարօտ․ Ռոլանդը զոհուեց․․․

Տիկին Հերիքնազն ասում է՝ տարիներ առաջ ընտանիքով Ռուսաստանում էին ապրում, բայց երեխաների՝ դպրոցահասակ դառնալու ժամանակ որոշեցին գալ Հայաստան, որպէսզի նրանք հայկական միջավայրում դաստիարակուեն, հայրենիքում ապրեն։ Ամուսինները երեք զաւակներին էլ հայրենասէր էին դաստիարակել, բայց աւագ որդին՝ Ռոլանդը, որին մտերիմները  նաև Ռոման էին անուանում, առանձնակի սիրով էր սիրում հայրենիքն ու զինուորական գործը։ Դպրոցն աւարտելուց յետոյ նա մեկնեց Մոսկուա, զինուորական բարձրագոյն կրթութիւն ստացաւ, ապա վերադարձաւ հայրենիք և անմիջապէս ծառայութեան անցաւ Արցախի ՊԲ-ում, այնուհետև Հայաստանում գտնուող որոշ զօրամասերում։

 

«Մօտաւորապէս 20 տարի է, ինչ որդիս զինուորական էր։ Վերջին շրջանում նրան արդէն Մարտակերտ էին տեղափոխել, ծառայութիւնն այնտեղ էր իրականացւում, սակայն պատերազմի սկսուելու օրը՝ 2020 թուականի սեպտեմբերի 27-ին նա Երևանում՝ հայրական տանն էր, քանի որ 4 օրով արձակուրդ էր եկել։ Յիշում եմ՝ վաղ առաւօտեան զանգ ստացաւ, արագօրէն դուրս եկաւ տանից։ Այդ օրը վերջին անգամ  գրկեցի որդուս․ նա չասաց, որ Արցախում պատերազմ է սկսուել, մենք նրա՝ տանից դուրս գալուց յետոյ իմացանք», — յիշում է տիկին Հերիքնազը։

Նա պատերազմի օրերին ամէն օր եկեղեցի է գնացել, աղօթել է, որ իր որդին ու միւսները տուն վերադառնան։ Որդու զոհուելուց յետոյ էլ նրա աղօթքները չեն դադարել․ տիկին Հերիքնազը հիմա էլ  աղօթում է, որ իր որդու գործը շարունակող հայրենիքի պաշտպաններն անփորձանք ու արիաբար իրականացնեն իրենց մարտական ծառայութիւնը․․․

«Որդիս զոհուելուց  առաջ զանգել էր ինձ, ասաց․ «Մա՛մ, խոստացի՛ր, որ ինչ էլ լինի, ուժեղ կը լինես․ դու չպէտք է լաց լինես»։ Ասացի՝ Ռոմա՛ն ջան, շատ եմ վախենում, զգո՛յշ եղիր, յանկարծ գերի չընկնեք, ասաց․ «մա՛մ, դու հաւատո՞ւմ ես, որ ես գերի  կ՚ընկնեմ», ասացի՝  ի հարկէ, ո՛չ, բայց զգո՛յշ եղէք», — յիշում է տիկին  Հերիքնազը։

Փոխգնդապետ Ռոլանդ Ներսիսեանը մարտնչել է Մատաղիսում, Եղնիկներում, Մարտակերտում, Հադրութում։

Նա ռազմական գործի գիտակ էր, որ որքա՜ն հոգատար էր զինուորների նկատմամբ։ Նրա  մարտական ընկերները տիկին Հերիքնազին պատմել են՝ դիրքից դիրք էր գնում ամենավտանգաւոր պայմաններում, մի կողմից զինտեխնիկայի հարուածների կոորդինատներն էր հաշուարկում, միւս կողմից՝ թէև վերևից կրակ էր թափւում, վտանգաւոր պայմաններում վազում զինուորիների մօտ, որ նրանց ոգևորի, ուղղութիւն ցոյց տայ նրանց։

«Տղաները մեզ պատմել են՝ Ռոմանս  մոլորուած զինուորների է գտել ու տարել դէպի մեր դիրքերը, վիրաւորների է տեղափոխել։ Սրտից արիւն էր  գնում, երբ տեսնում  էր իր զինուորները զոհուել են կամ վիրաւորում ունեն։ Նա ուժեղ ու կամային, ի վերջոյ 2 տասնամեակ կոփուել էր զինուորական գործի մէջ, բայց նաև զգայուն էր։ Ռոլանդը զոհուել է հոկտեբերի 30-ին  թշնամու ԱԹՍ-ի հասցրած հարուածից։ Փառք տղաներին, արդէն նոյեմբերի 1-ին կարողացել էին որդուս մարմինը փոխափոխել Երևան», — ցաւով յիշում է փոխգնդապետի մայրը։

Նա ասում է՝ որդին կեանքում ամէնից շատ հայրենիքն էր սիրում, կեանքն էլ տուեց յանուն հայրենիքի, բայց, ցաւօք,  նրա ու նրա պէս տղաների սխրանքներն ըստ արժանւոյն չեն գնահատւում։

«Որդիս երկու երեխայ ունի․ դուստրը 11 տարեկան է, տղան՝ 7։  Ռոլանդը տարիներ շարունակ աշխատել է, բայց դեռևս տուն գնել չէր յաջողուել։ Նա ազնուորէն էր ծառայում, իր ստացած աշխատավարձով զինուորների համար անհրաժեշտ պարագաներ էր գնում․․․  Բաւական երկար ժամանակ ասում էին՝ բնակարան կը տրամադրեն, դա էլ չարեցին։ Դեռ  նիւթականը մի կողմ, հոգեպէս էլ մեզ մենակ ենք զգում, անտեսուած։ Պատկան մարմինների ներկայացուցիչները մի օր չեկան՝ մեզ հետ զրուցէին, ասէին՝ շնորհակալ ենք, որ նման որդի եք դաստիարակել․․․ Երանի իմանային՝ որքան էր սիրում իր հայրենիքը, իր աշխատանքն ու զինուորներին, երանի հասկանային ու գնահատէին նրա սխրանքը․․․», — եզրափակում է տիկին  Հերիքնազը։

Յասմիկ Բալէյեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.