Պէտք է վերադառնալ 2020 թուականի Նոյեմբերի 9-ի համաձայնագրի կէտերին. Ռուբէն Վարդանեան

Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը իր թելեկրամեան ալիքի ուղիղ եթերում, թուարկելով այն հինգ ուղղութիւնները, որոնք իրագործելու դէպքում հնարաւոր է Արցախը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից, յայտարարել է, որ ՀՀ իշխանութիւնները պէտք է փոխեն իրենց հռետորաբանութիւնը։

«Շատ վտանգաւոր է անընդհատ պարտուողական տրամադրութիւններ տարածելը»․ Ռուբէն Վարդանեանը՝ ՀՀ իշխանութիւններին:

«Այն օրուանից, երբ ես պետնախարար էի, նրանք խուսափում էին ինձ հետ առնչուել։ Իմ քննադատական ելոյթների հիմքն այն էր, որ ես գտնում էի՝ առանձին վերցրած Հայաստանի եւ Արցախի ղեկավարները չեն կարող պարտուողական, ընկճուած տրամադրութիւններ ունենալ։ Չի կարելի ասել՝ Արարատ սարը հայկական չէ կամ` եկէք փոխենք զինանշանը, կամ` Արցախը մերը չէ։ Չի կարելի շօշափել դասալիքների հարցը, այդ դէպքում մեր հերոսնե՞րը, որոնք պահեցին Արցախի հիւսիսային մասը․․․ Նորից եմ ուզում ասել՝ մենք պարտուեցինք ճակատամարտում, բայց ոչ պատերազմում։ Այո, Հադրութը կորցրեցինք, հարաւում կորուստներ ունեցանք, բայց մի մեթր անգամ առաջխաղացում չենք ունեցել հիւսիսային հատուածում։

Ինչո՞ւ ասել, որ բոլոր կանայք դժբախտ են։ Ես ուզում եմ ասել, որ չեմ հասկանում այդ ամէնն ինչու է արւում։ Հայաստանի վարչապետի հետ կապուած ասեկոսեներ են տարածւում, որ ուզում է պայմանաւորուել Լաչինի միջանցքը միակողմանի բացելու ուղղութեամբ։ Չեմ հասկանում՝ վարչապետին ինչո՞ւ են պէտք այդ ասեկոսեները մեկնաբանել։ Իրենք պիտի հասկանան, որ թէ՛ Արցախի եւ թէ՛ Հայաստանի ղեկավարութիւնները կարծիք արտայայտելիս, յայտարարութիւններ անելիս, դրանք անդրադառնում են թէ՛ Արցախի, թէ՛ Հայաստանի բնակչութեան վրայ, նրանց հոգեվիճակի եւ զգացմունքների վրայ։ Ես վստահ եմ, որ Հայաստանում կայ մարդկանց մի մեծ զանգուած, որոնք պատրաստ են պաշտպանել թէ՛ Հայաստանը, թէ՛ Արցախը։ Այդ մարդիկ ունէք ե՛ւ վճռականութիւն, ե՛ւ համարձակութիւն, եւ, ի հարկէ, լաւ կը լինի, որ մարդկանց եւ լիդերների կարծիքները համընկնեն։ Տեսէք դպրոցներում կային գերազանցիկներ եւ կային ոչ ֆորմալ առաջնորդներ։ Շատ լաւ կը լինէր, եթէ նրանք նոյն մարդիկ լինէին։ Եւ այդ իմաստով ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախում, ե՛ւ Սփիւռքում կան մեծ թուով արժանապատիւ մարդիկ, որոնց թիւը, վստահ եմ, կազմում են հարիւր հազարներ, պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը, բայց, ցաւօք սրտի, պատերազմից յետոյ ճիշդ աշխատանք չի տարուել տեղեկատուական դաշտում։ Վարչապետը ինքն է այդ բնագաւառի անձ, անընդհատ տարածւում է այն կարծիքը, տեսակէտը, թէ մենք թոյլ ենք, ոչինչ չենք կարող անել, պարտուողական տրամադրութիւններ են տարածւում,բայց դա մեծ ազդեցութիւն է ունենում մարդկանց վրայ, դա շատ վտանգաւոր բան է։ Ես ելոյթ եմ ունեցել, այդ մասին խօսել եմ եւ նորից եմ խօսելու։ Պարտուողական տրամադրութիւն տարածելն ինձ համար անընդունելի է, դրանից առաջ եկող հոգեվիճակը հնարաւորութիւն չի տալիս յաղթահարելու դժուարութիւնները Հայերը շատ աւելի դժուար ժամանակներ են ապրել, քան հիմա է, յաղթահարել ենք այդ վիճակը», յայտարարել է Ռուբէն Վարդանեանը։

Ի՞նչ հետեւանքներ կ’ունենայ Արցախի համար Աղտամի միջանցքի գործարկումը

Ռուբէն Վարդանեանին հարց ուղղուեց՝ ո՞վ պէտք է ներազդի Ատրպէյճանի վրայ, որպէսզի Պաքուն ընդունի Ստեփանակերտը՝ որպէս բանակցային կողմի՝ հաշուի առնելով այսօրուայ խնդիրները, այդ թուում` Աղտամի միջանցքի հետ կապուած խօսակցութիւնները, որը Ատրպէյճանն առաջարկում է որպէս այլընտրանքային ճանապարհ։ Եւ ի՞նչ հետեւանքներ է ունենալու Արցախի համար այսպէս կոչուած Աղտամի միջանցքի գործարկումը։

«Ես առաջարկում եմ կենտրոնանալ ոչ թէ առանձին գործիքների, այլ բովանդակութեան վրայ։ Ատրպէյճանն օգտագործում է ագրեսիւ դիրքորոշում բանակցութիւններում։ Երկու կողմեր են, որոնցից մէկն ամէն ինչ ուզում է իրենով անի՝ հարիւր տոկոսով, բայց խօսակցութեան ընթացքում գոնէ 85 կամ 90 տոկոսի պիտի իջեցնես նրա ցանկութիւնները։ Ատրպէյճանի սկզբունքն է՝ կամ ամէն ինչ, կամ` ոչինչ։ Ես գիտեմ, որ մեզ ոչ միայն հայեր են լսում, այլ ատրպէյճանցիներ, բոլոր նրանք, որոնք լսում են, պիտի հասկանան, որ կեանքը չի սահմանափակւում միայն այսօրով, վաղուայ օր կայ։ Մենք խօսում ենք մի կոնֆլիկտի մասին, որը շատ բարդ է, հազարաւոր մարդկանց ճակատագրեր են դրուած զոհասեղանին, որոնք կորցրել են իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին, Արցախում ունեն գերեզմաններ, տներ։

Ի՞նչ են իրենք ուզում, որ այստեղ ոչ մի հայ չապրի՞, հայերը հրաժարուե՞ն իրենց արմատներից, դա անհնար է, դա էթնիկ զտում կամ ցեղասպանութիւն է։ Հարցը հետեւեալն է՝ Հայաստանի հետ ի՞նչ է տեղի ունենալու, նոյն բա՞նն էք անելու Հայաստանի հետ։ Դուք յուշում էք, որ Հայաստանում եւ Արցախում ոչ մի հայ չի՞ մնայ կամ նրանք լիովին հնազանդուելո՞ւ են։ Շատ հարցեր կան, բազում նուրբ տարրեր կան։ Ես կարծում եմ, որ հոգեբանական մեծ ճնշում է կատարւում, որպէսզի կարողանան կոտրել մարդկանց դիմադրողականութիւնը, որպէսզի նրանք չցանկանան ապրել սեփական հողի վրայ։

Այնպէս որ, Աղտամի ճանապարհի հետ ինչ ցանկանում են անել, ունի մէկ նպատակ․ դա ճնշում գործադրելու գործիք է, ու մենք պէտք է գիտակցենք՝ ինչ չի կարելի անել, մենք ունենք կարմիր գծեր եւ ինչու չի կարելի դա անել։ Մենք ունենք Արցախի ռազմավարութիւն՝ 2035, որը մշակել ենք ամիսներ շարունակ, կարմիր գծեր կան այդ ռազմավարութեան մէջ, այստեղ հարցը վերաբերում է նաեւ անցակէտերին, պէտք է յիշել, որ կան երկու անցակէտեր։ Մէկն այն անցակէտն է, որը տեղադրուած է կամրջի վրայ, միւսը՝ Շուշիում է մնացել ու պարզ չէ, թէ ինչու է այնտեղ մնացել, ինչու են ատրպէյճանցի ոստիկաններն այնտեղ կանգնած։ Ճնշում պէտք է լինի ե՛ւ Արցախի, ե՛ւ Հայաստանի, ե՛ւ միջազգային հանրութեան կողմից։

Պէտք է վերադառնալ 2020 թուականի Նոյեմբերի 9-ի համաձայնագրի կէտերին։ Մնացած ամէն ինչ յանգեցնելու է կամ պատերազմի կամ անդառնալի հետեւանքների։ Եթէ կան մարդիկ, որոնք լինելով ոչ այնքան հմուտ եւ հեռատես, ասում են՝ եկէք մի անգամ Աղտամի ճանապարհն օգտագործենք, բայց յետոյ քայլ առ քայլ այս ամէնը գնալու է դէպի Ատրպէյճանի շահերի բաւարարմանը։ Բոլորն արդէն մոռացել են բնապահպան կոչուածներին, ամէն ինչ իբրեւ թէ սկսուեց բնապահպանական խնդիրներից, բայց արդէն հետագայում վերածուեց բոլորովին այլ պահանջների։ Պէտք չէ զբաղուել ինքնախաբէութեամբ, եթէ «ա» ես ասում, ուրեմն «բ» ու «գ» էլ պիտի ասես, Աղտամի ճանապարհն անընդունելի է իր բնոյթով եւ բովանդակութեամբ, անհնար է պատկերացնել, որովհետեւ ոչ ոք չի հաւատում, որ դրանից յետոյ բոլոր յարաբերութիւնները միանգամից հարթուելու են, եւ ամէն ինչ լաւ է լինելու։ Հացից բացի, որը, բնականաբար, անհրաժեշտ է բոլորին ապրելու համար, կայ արժանապատուութեան զգացում եւ դա շատ կարեւոր է մեզ համար, դրանք դատարկ խօսքեր չեն եւ երբեք չի ստացուի հացի ու կարագի միջոցով գնել արցախցիների արժանապատուութիւնը։ Ես դրանում վստահ եմ, թէեւ Արցախում շատ ծանր իրավիճակ է», յայտարարել է Ռուբէն Վարդանեանը։

Comments are closed.