Յունուար 29-ը Արամ Մանուկեանի Յիշատակի Օրն Է

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀՊԱԶԵԱՆ

Երբ գիշերը գայ, մտէք ձեր հոգիի սենեակը եւ խօսեցէք ձեր խղճի հետ եւ ըսէք, արդեօք աշխատե՞ր էք հայ ժողովրդի համար, ինչպէս Արամը, եղե՞ր էք այնքան անձնազոհ, որքան Արամ, տուե՞ր էք ձեր ամբողջ կեանքը հայ ժողովրդին, ինչպէս Արամը:

ՆԻԿՈԼ ԱՂԲԱԼԵԱՆ

Հայոց բազմադարեայ պատմութեան կերտած բազում մեծերի մէջ ամենամեծերից մէկն է Արամ Մանուկեանը: Քիչ չեն ազատագրական նոր պայքարի եւ հայոց պետականութեան վերականգնման բովում հերոսացածները, բայց նրանց բոլորի թւում առանձնայատուկ է Արամը` որպէս նոր պետականութեան հիմնադրի կերպարը առաւել չափով մարմնաւորող գործիչ:

19-րդ դարի վերջին տասնամեակներին թափ առած ազգային ազատագրական պայքարի գործիչներն ու գաղափարախօսները, փայփայելով հայրենիքի ազատագրութեան տեսլականը, այդ ազատագրութիւնը տեսնում էին տասնամեակների մշուշոտ հեռուներում: Բայց արդէն 20-րդ դարասկզբին ասպարէզ իջաւ ազատագրական պայքարի նոր սերունդը, որի տենչանքը դարձաւ Հայաստան պետութիւնը յիշողութիւնից իրականութիւն վերադարձնելու գաղափարը: Անկախ պետականութեան վերականգնման նպատակը այն միջոցն էր, որը կարող էր երաշխաւորել ազգի ֆիզիքական գոյութիւնը եւ յաւերժութիւնը:

Այդ մտասեւեռումը ապրում էր Արամի մէջ ու դրսեւորուել է նրա ողջ գործունէութեան ընթացքում:

Նրա գործունէութիւնը սկսուել է շատ վաղ, դեռեւս աշակերտական տարիներից, երբ Շուշիի հայրենասէր ու ըմբոստ թեմականների շարքում, Սարգիս Յովհաննիսեան` ապագայ Արամ Մանուկեանը տարուել էր ազգային-հասարակական գործունէութեամբ: Այդ շրջանից սկսած եւ իր ապրած հետագայ ողջ կեանքի ընթացքում, որտեղ էլ որ գտնուել է, ինչ պատասխանատուութիւններ էլ որ ստանձնել է, Արամը եղել է իրադարձութիւնների կենտրոնում` նախաձեռնութիւնների կազմակերպիչն ու գործերի ղեկավարը:

Գործունէութեան առաջին իսկ օրերից դրսեւորել է առջեւից գնացող առաջնորդողի ձիրք եւ պատասխանատուութիւն ստանձնողի համարձակութիւն:

Կարելի է մտովի անցնել Արամի ապրած փոթորկոտ կեանքի ճանապարհով եւ տեսնել, որ Շուշիից` Պաքու, Պաքուից` Կարս, Կարսից` Վան եւ վերջապէս Երեւանով աւարտուող կարեւոր բոլոր հանգրուաններում նրան միշտ վստահուել են պատասխանատու աշխատանքներ, եւ նրա մասնակցութեամբ իրագործուած ծրագրերը ունեցել են արդիւնաւէտ ընթացք ու շօշափելի յաջողութիւններ: Օժտուած լինելով ղեկավարի բնածին ունակութիւններով, երկու ոտքով կանգնած լինելով Դաշնակցութեան գաղափարա-քաղաքական հիմքի վրայ` Արամը փորձել է, առանց խտրականութեան եւ յաւակնոտութեան, իր շուրջը համախմբել ազգի կարող ուժերին` լինել շրջահայեաց ու համբերատար, զերծ մնալ մանր կրքերից, դրսեւորել նրբանկատութիւն ու ճկունութիւն` համատեղուած ներուժով կարեւորագոյն խնդիրներին լուծում բերելու համար: Միաժամանակ Արամը երկաթեայ կամքով ու վճռակամութեամբ օժտուած առաջնորդ էր:

Առասպելական հաւատ ու կամք պէտք է ամփոփուած լինի մէկ մարդու մէջ` կարողանալու համար ամէնօրեայ զրկանքների, առողջական խնդիրների, վտանգների եւ ազգի գլխին կախուած ահագնացող աղէտի պայմաններում չյուսահատուել, չընկրկել եւ շարունակել գործը, որին զինուորագրուել ես:

Վկայաբերենք մէկ օրինակ իր յուշերից: 1905-1907 թուականներին Վանում ծաւալած գործունէութեան ընթացքում նա իր ընկերների հետ հարկադրուած է եղել ամէն օր, իսկ երբեմն էլ օրը մի քանի անգամ փոխել կեցավայրը: Ցերեկները թաքնուել, իսկ գիշերները զբաղուել յեղափոխական գործունէութեամբ: Քաղցած մնալ, եթէ նոր թաքստոցի տէրերը չեն կերակրի եւ կարողանալ փախչել, երբ յաճախ յօդացաւը թոյլ չի տուել ինքնուրոյն շարժուել տեղից: Ճանաչուած լինել եւ իմանալ, որ թուրքական ուժերի հետապնդման թիրախում ես, բանտարկուել եւ համոզուած լինել, որ մահուան հեռանկարի առջեւ ես:

Հայրենի պետականութեան վերականգնման ձգտումը Արամի մէջ էր եւ նա փորձեց իրագործել այդ նպատակը դեռեւս Վանում, երբ գործողութեան մէջ էր Ցեղասպանութեան ծրագիրը:

1915 թուականի մայիսի 7-ին ստանձնելով Վան-Վասպուրականի ժամանակաւոր նահանգապետի պաշտօնը` Արամը ձեռնամուխ եղաւ պետական կառոյցների ձեւաւորմանը, ժողովրդի խարխլուած կեանքի կազմակերպմանը:

Նիկոլայ երկրորդին յղուած հեռագրում նա Վանը անուանում է Հայաստանի մայրաքաղաք եւ խնդրում է ցարին` իրենց ընդունել ռուսական հովանու ներքոյ, որպէս ինքնավար Հայաստան:

Դժբախտաբար օտարի ձեռքով բերուած ազատութիւնը երկար չէր կարող գոյատեւել եւ երկրորդ անգամ նա անկախ Հայաստանի ստեղծումը պիտի նախաձեռնէր Երեւանում` եւ արդէն սեփական ուժերին ապաւինելով:

1917 թուականի դեկտեմբերի 18-ին հանդէս գալով Երեւանի Հայոց ազգային խորհրդի նիստում` նա ասում է. «Ամէն ոք իր մասին է մտածում: Իր երկրի սահմաններից այն կողմ եթէ նայող կայ, նայում է միայն յանուն իր շահերի: Ոչ ոք ոչ մի մարդ չի ուղարկի տաճկական ճակատ` տուն գնացող ռուսներին փոխարինելու համար: Եթէ ընդհանուր ուժերով ճակատ պահելու խօսք էլ է լինում, դա լոկ խօսք է` զուրկ իրական հիմքից եւ անկեղծութիւնից: Հայերով ոչ ոք չի հետաքրքրւում, շօշափելի օգնութիւն հասցնելու մտքով: Դրա հակառակը, կայ դաւադրական վերաբերմունք: Մենակ ենք եւ պէտք է ապաւինենք միա՛յն մեր ուժերին` թէ՛ ճակատը պաշտպանելու եւ թէ՛ երկրի ներսը կարգ հաստատելու համար»:

Պատահական չէ, որ Հայոց ազգային կենտրոնական խորհուրդը 17 թուականի դեկտեմբերին հէնց Արամին գործուղեց Երեւան: Ռուսաստանում պոլշեւիկեան յեղափոխութիւնից յետոյ եւ ռուսական զօրքերի կողմից թուրքական ճակատը լքելու պայմաններում Անդրկովկասում պետական իշխանութիւնը փաստացի փլուզուել էր: Արեւելահայութիւնը, եւս յայտնուել էր տագնապի ու յուսալքութեան մէջ, լկտիացել էր ներքին թշնամին, իրական էր թուրքական զօրքերի Կովկաս առաջխաղացման վտանգը:

Այս անձեւ քաոսի պայմաններում, ինչպէս գրում է ժամանակի գործիչներից Արշալոյս Աստուածատրեանը. «Ազգային խորհուրդը 1917 թուին հեռատեսութիւն ունեցաւ եւ Երեւան ուղարկեց շատ պատասխանատու գործով Արամին` աչքի առաջ ունենալով նրա գործ կազմակերպելու եւ այն վարելու բացառիկ կարողութիւնները` բացառիկ ծանր պայմաններում»:

Արժեւորելով 1918 թուականի մայիսեան յաղթանակները, անհրաժեշտ է փաստել, որ այդ ամէնի իրագործումը անհնարին էր լինելու, եթէ Արամի գլխաւորութեամբ չյաջողուէր նախապէս ստեղծել զինուորական միաւորումներ, ամէն տեսակի օգնութիւններ հասցնել ճակատ, խաղաղեցնել երկրի ներսում ընդհարումներ եւ խափանարարութիւն ձեռնարկող թուրք-թաթարական խաժամուժին, չնախաձեռնուէր պետական կառոյցների ձեւաւորումը, լուծում չտրուէր ժողովրդի բազում կարիքներին եւ թերեւս ամենակարեւորը` իր անչափելի եռանդով, վճռակամութեամբ, եւ հաւատի ու լաւատեսութեան ուժով Արամը չվարակէր եւ պայքարի չմղէր բարոյալքուած, յուսահատութեան մատնուած զանգուածներին:

Հերոսամարտերի նախօրեակին նոյնիսկ զինուորական ու քաղաքացիական ղեկավարներ չէին հաւատում, թէ Երեւանից ոչ հեռու կարելի է բացճակատ դուրս գալ թուրքական կանոնաւոր զօրամիաւորումների դէմ:

Մայիսի 19-ին երեկոյեան Ազգային խորհրդի նիստում հարց բարձրացուեց Երեւանը յանձնելու եւ դէպի Նոր Պայազետի լեռները քաշուելու մասին, բայց Արամի անքննելի վճիռն էր. «Ո՛չ մի նահանջ, ոչ մի գծի վրայ: Նահանջ Երեւանից` կը նշանակէ խաչ քաշել մեր ամբողջ գործունէութեան եւ մեր ապագայ քաղաքական մուրազներուն վրայ, բոլորդ պիտի մնաք եւ մեռնիք: Երեւանը չենք դատարկի եւ պէտք է կռուենք, դիմադրենք թշնամուն մինչեւ վերջին մեր կաթիլ արիւնը, մինչեւ վերջին գնդակը»:

Դիմելով Երեւանի Ազգային խորհրդի առջեւ խռնուած բազմահազար ժողովրդին ու զինուորականութեանը, որոնք պարտուողական տրամադրութեամբ համակուած` չէին ցանկանում ճակատ մեկնել, Արամը ասում է. «Կա՛մ այստեղ ինձ կը խփէք, կա՛մ բոլորդ կը գնաք կռուի դաշտ»:

արամը կարողացաւ կամք պարտադրել բոլոր յոռետեսներին եւ մղել պայքարի:

Օրուայ յայտնի գործիչներից Սարգիս Օհանջանեանը այդ օրերին ասել է. «Արամն է, որ լուսաւորում է բոլորիս ճամբան, եւ քանի նա կայ, կասկած չունեմ, որ յաջողելու ենք եւ լոյս աշխարհ ենք դուրս գալու այս խոր վիրապից»:

Հայաստանի անկախացումից յետոյ ստանձնելով ներքին գործոց նախարարի պաշտօնը` Արամը փաստացի դառնում է գլխաւոր դերակատար, որը ոչ միայն երկրի ներքին անվտանգութեան խնդիրներով էր զբաղւում, այլ, ըստ էութեան, զբաղւում էր ամէն տեսակի գործերով: Հէնց նրա նախարար եղած ժամանակ էր, որ հիմնականում լուծուեց Հայաստանի անվտանգ ապագայի հարցը` երկիրը մաքրագործուեց թշնամական հինգերորդ շարասիւնից ու հայացաւ:

Դժուարին, ինքնամոռաց կեանքը ժամանակից շուտ հիւծեց եւ մահուան դուռը հասցրեց մեծ գործչին, ում գոյութիւնը առանցքային նշանակութիւն ունէր բազում փորձութիւններ դիմագրաւող, նոր ձեւաւորուող պետութեան համար:

Անիրական, մեր օրերի արժեչափերով աւելի շուտ հեքիաթ է թւում այն իրողութիւնը, որ երկրի առաջին դէմքը հէնց իր համեստ ու խստակենցաղ ապրելակերպով դատապարտեց իրեն մահուան: Ծանր հիւանդ ժամանակ անգամ նա հրաժարւում է իր համար հայթայթուած դեղից` առաջարկելով, որ այն տրամադրուի ոեւէ գաղթականի:

Արամ Մանուկեանի կեանքը վաղուց պատմութիւն է դարձել, բայց նրա ապրածը ազգային հպարտութեան աղբիւր եւ դաս է սերունդների համար:

Այսօրուայ սերունդները պէտք է լաւ հասկանան, որ չեն ունենալու նուիրեալ իշխանութեամբ հզօրացող պետութիւն` մինչեւ սեփական մաշկի պէս տէրը չդառնան սեփական անցեալին եւ այդ անցեալի հերոսական էջերը կերտած նուիրեալների մտածողութեանը:

Leave a Comment

You must be logged in to post a comment.