Մտորումներ Ճանապարհի Կէսին

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

Սրբազան շարժում» անուամբ ազգային հերթական պոռթկումը կարճ ժամանակում մեծ ծաւալ ընդունեց: Առաջին անգամ ոտքի կանգնեցին մարզերի բնակիչներն ու ուսանողութիւնը, նրանց միացան հասարակութեան ու մտաւորականութեան ամենատարբեր շերտերը: Անհանգստանալով իշխանութեան հիմքերը սասանող շարժման հեռանկարից` իշխանութիւնը (բնականաբար իր ղեկավարի յստակ ուղղորդմամբ) դիմեց պայքարի սիրած մեթոտներին` ստին, կեղծիքին ու վարկաբեկումներին: Յատկապէս շարժման Երեւան հասնելու առաջին օրերին ապատեղեկատուութեան շեշտը հիմնականում դրւում էր վերջինիս եկեղեցական բնոյթ վերագրելուն:

Մայիսի 28-ին վեհափառ հայրապետի Սարդարապատ բարձրանալը խոչընդոտելու փաստը պատճառաբանելիս Նիկոլ ստախօսը նոյնիսկ ակնարկեց, իբր շարժման առաջնորդը հէնց Ամենայն Հայոց կաթողիկոսն է:

Յստակօրէն պէտք է արձանագրել, որ այս շարժումը եկեղեցական կամ կրօնական բնոյթ չունի, քանի որ չի հետապնդում ո՛չ եկեղեցական եւ ո՛չ էլ կրօնական խնդիրներ: Այս դէպքում շարժումը այդպիսին չէր կարող համարուել, եթէ անգամ Բագրատ սրբազանի կողքին կանգնէին բազմաթիւ հոգեւորականներ: Որպէսզի իր գործունէութիւնը եւ հնչեցրած յայտարարութիւնները հոգեւոր անձի կամ հաստատութեան պաշտօնական տեսակէտ չհամարուի, որպէս յաւելեալ քայլ, սրբազանը նաեւ ժամանակաւորապէս սառեցրեց իր հոգեւոր պաշտօնավարումը:

Ի դէպ, իշխանութիւնը փորձեց հասնել տարաբնոյթ մեթոդներով սրբազանի դէմ ճնշմանը, այդ թւում` հրապարակ նետելով եկեղեցուն յաւելեալ հարկելու խախուտ սպառնալիքը:

Յաջորդ կեղծիքը, որն անդադար հնչում է Նիկոլի «նուագախմբի» կողմից, այն սուտն է, թէ ազգային շարժման ետեւում կանգնած են արտաքին ուժեր: Թւում է, թէ այս դէպքում հարուածն անթերի է, որովհետեւ կարծես թէ դժուար է ապացուցելը, որ նման բան չկայ, իսկ ապացուցելու փորձերը աւելի անհեթեթ վիճակի մէջ կարող են դնել դա անողին: Իրականում հակառակը փաստելու ոչ մի ճիգի կարիք էլ չկայ: Ըստ ամերիկեան ասացուածքի, եթէ առջեւում երեւացող ինչ-որ բան բադ է յիշեցնում, շատ հաւանական է, որ դա հէնց բադ է: Մարդկանց եւ հաւաքականութիւնների գործունէութիւնը ամենաակնյայտ փաստարկն է, թէ նրանք ով են, որտեղից են, ինչ են անում եւ ինչ նպատակով են անում: Եթէ որեւէ արտաքին հովանաւոր ուժ շահագրգռուած է, որ հայ ժողովուրդը պայքարի` Հայաստանի ինքնիշխանութիւնը խարխլող տարածքային զիջումները կանխելու, Արցախը ետ վերադարձնելու, բանակը վերականգնելու, ազգային արժէքների այլասերումը թոյլ չտալու, Հայաստանը թուրք-ազրպէյճանական թելադրանքից դուրս բերելու եւ, լայն առումով, երկիրը ամրացնելու ու զարգացման առողջ, բնականոն հուն տեղափոխելու հարցում, գուցէ իսկապէ՞ս ազգովի գնանք եւ ապաւինենք այդ ուժին:

Ճիշդ է ասուած, որ լաւագոյն պաշտպանութիւնը յարձակումն է, գուցէ այս ձեւով ամբողջովին արտաքին ուժերի կամակատար իշխանութիւնը փորձում է իրենից հեռացնել այն մեղադրանքը, որը իրեն ներկայացնում է ողջ ազգը: Այլեւս բացայայտ է` ինչպէս է Հայաստանի ներկայիս իշխանութիւնը քայլ-քայլ իրականացնում տասնամեակներ շարունակ թուրքերի առաջադրած պահանջները, նրանց կամքով սեփական պատմութիւնն է խեղաթիւրում, վախենում է անգամ Հայաստանի տարածքում հանդիպել Արցախի պաշտօնեաների հետ, եւ աւելի՛ն, բանտ է նստեցնում նրանց, պատրաստւում է թուրք-ազրպէյճանական պահանջով սեփական երկրի սահմանադրութիւնը փոխել, էլ չխօսենք թշնամու վերջ չունեցող տարածքային պահանջներին դիմաց տեղի տալու մասին:

Արժանապատուութիւն ունեցող իշխանութիւնը ամօթից գետինն էր մտնելու` տեսնելով, թէ ինչպէ՛ս թշնամիները հրապարակայնօրէն անհանգստութիւն եւ անգամ սպառնալիք են հնչեցնում ազգային ուժերի հասցէին` դրանով պաշտպանելով Հայաստանի ձեռնածու իշխանութեանը: Իշխող ուժն այնքան է ներարկուած արտաքին ազդեցութեամբ, որ առանց վարանումի հայհոյում է սեփական եկեղեցուն ու նրա սպասաւորներին, բոլորովին վերջերս խորհրդարանում օրէնքի փոփոխութիւն կատարուեց, որով հեշտացնում է միասեռական ընտանիքների կազմման հնարաւորութիւնը: Վտանգելով Հայաստանի վաղուայ օրը` նա յայտարարում է Ուքրանիայի տարածքային ամբողջականութիւնը ճանաչելու մասին: Սա, ի դէպ, այն դէպքում, երբ Ուքրանիան մշտապէս քաղաքական ու ռազմական աջակցութիւն է ցոյց տուել, ողջունել է Արցախի յանձնումը եւ նրա դիպուկահարները 90-ականներին կռւում էին Արցախի դէմ: Կասկած չկայ, որ արտաքին ուժերի պահանջով է Հայաստանի այսօրուայ ղեկավարութիւնը սրում յարաբերութիւնները Ռուսաստանի հետ եւ Հայաստանը ռազմադաշտ դարձնելու գնով պատրաստ է երկիրը վերածել Արեւմուտքի ու Ռուսաստանի առճակատման գծի:

Ազգային ուժերի շարժման յաղթական ծաւալումը կանխելու Հայաստանի իշխանութեան որդեգրած միջոցներից են բանտարկութիւնները, հետապնդումներն ու բռնութիւնները: Այս անգամ այդ բռնութիւնները աւելի կոշտ բնոյթ են ընդունել եւ նպատակ ունեն վախեցնելու շարժման մասնակիցներին: Կասկած չկայ, թէ որքան երերայ Նիկոլ Փաշինեանի ոտքի տակի հողը, այնքան ենիչերիների բանակի վերածուած ոստիկանութեան բռնութիւններն աւելի վայրագ ու անկանխատեսելի կը դառնան: Սրանով հանդերձ, այսօր ազգային շարժումն այնպիսի ամուր համոզումի է վերածուել եւ ծաւալներ է ընդունել, որ իշխանութեան սանձազերծած բռնութիւններն աւելի վճռական են դարձնում պայքարը:

Փաշինեանը փորձում է անկոտրում պահել ոստիկանութեան պատժիչ ուժերին` անընդհատ խրախուսելով արձանագրուող եւ չարձանագրուող պարգեւավճարներով, սակայն հոգու խորքում նա էլ է հասկանում, որ ամէն օր ժողովրդի անարգանքին արժանացող ոստիկանները չեն կարող երկար դիմանալ: Ի հարկէ բարոյապէս ու քաղաքականօրէն սպառուած ղեկավարի փորձուած եւ նախընտրելի զէնքը մնում է ժողովրդին պատերազմով վախեցնելը: Նա դեռ փորձում է մոլորեցնել մարդկանց իր մոլորեցնող ճառերով, բայց ֆիզիքապէս ու հոգեբանօրէն կոտրուած լինելով` նրա խօսքն այլեւս համոզիչ չէ եւ գնալով դառնում է աւելի ու աւելի խամրած ու անհեթեթ: Ի տարբերութիւն 2018-19-ը թուականների, երբ նա գերում էր մարդկանց շռայլ խոստումներով, այսօր հանրութիւնը տեսնում է, որ կանգնած է բոլորովին այլ իրականութեան առջեւ, թաւշեայ շարժման երբեմնի առաջնորդը սկսել է հակասել ինքն իրեն, նրա որդեգրած «զիջումներ խաղաղութեան դիմաց» քաղաքականութեան պատճառով զիջումները դառնում են անվերջանալի, իսկ պատերազմի վտանգը ոչ թէ նուազում է, այլ` աւելանում, որպէս գործիք, որի միջոցով թշնամիները վախկոտ ղեկավարին պարտադրում են նորանոր ու բազմատեսակ զիջումներ:

Երբեմնի «թաւշեայ» առաջնորդը սպառում է ուռճացող ու աւելի վճռական դարձող շարժմանը դիմակայելու իր հնարաւորութիւնները, նա այլեւս վստահութիւն չունի ոչ մի կառոյցի, անգամ իր քաղաքական համախոհների նկատմամբ, համոզուելով, որ խմբակը ցանկացած օր կարող է փլուզուել: Նա դեռ փորձում է ինքնավստահ եւ իրավիճակին տիրապետողի կեցուածք ցուցադրել, սակայն ջղաձիգ քայլերը վկայում են հակառակի մասին: Կասկած չկայ, որ ազգային բոլոր կառոյցների ու հասարակութեան կողմից մերժուած ղեկավարի համար առաջուայ խաղաղ ու յաղթական օրերը այլեւս ետ չեն գալու: Միեւնոյն ժամանակ ակնյայտ է, որ նա երբեք չի հաշտուելու կամաւորապէս իշխանութիւնը յանձնելու մտքի հետ` սարսափելով իր համար դրա հետեւանքներից: Ուրեմն նա իշխանութիւնից կը հեռանայ, երբ այլեւս փլուզուած կը լինի ոտքի տակի հողը, եւ այսօր դեռ ծառայամտօրէն իր անբարոյ հրամանները կատարող ենթակաները կարող են շղթաներ անցկացնել ձեռքերին:

Սրբազան շարժումը պէտք է յաղթանակի, քանի որ, հակառակ պարագայում, մենք կարող ենք կորցնել ե՛ւ երկիրը ե՛ւ պետութիւնը: Շարժման յաջողութեան գլխաւոր գրաւականը նրա մասնակիցների տոկունութիւնն ու յամառութիւն է: 1988-1990 թթ. մենք ամէն օր գտնուել ենք Ազատութեան հրապարակում: Այսօրուայ մարտահրաւէրները ոչ թէ պակաս, այլ աւելին են, քան` այն օրերին, հետեւաբար պայքարը այլընտրանք չունի: Հակառակը, պայքարը պէտք է ծաւալուի, փողոց պէտք է դուրս գան նրանք, որոնք պայքարի հետ են, բայց բազմոցին թիկնած` հեռուստացոյցի կամ համացանցային պաստառի առջեւ: Ակնյայտ է, որ ժողովուրդ-ուժայիններ դիմակայութիւնը շատ երկարատեւ չի կարող լինել եւ մի օր անսպասելիօրէն աւարտուելու է վերջինիս պարտութեամբ: Իւրաքանչիւր պայքարի օրը, որը կերտում է ազգային շարժումը, մօտեցնում է համազգային յաղթանակի անխուսափելի պահը:

Comments are closed.