«Միայն ինձ համար մի՛ աղօթիր, աղօթի՛ր բոլոր զինուորների համար»․ պատերազմում հերոսացած Գէորգի խնդրանքն իր քրոջը

Յասմիկ Բալեյեան

«Ես չեմ ուզում  պատմել իմ պլանների մասին, բայց վստահ կարող եմ ասել, որ դուք իմ անունը շուտով աւելի բարձր կը լսէք». սա արցախեան 44-օրեայ պատերազմում հերոսաբար զոհուած ժամկէտային զինծառայող Գէորգ Ջավախեանի գրառումն է զինծառայութեան մեկնելուց առաջ։

Գէորգը մինչև զինծառայութեան մեկնելն արդէն իսկ հասցրել էր սիրուած ու ճանաչուած դառնալ՝  նկարահանուելով «Ոսկէ դպրոց» բազմասերիանոց հեռուստաժապաւէնում։ Գէորգը է՛լ աւելի յայտնի դարձաւ, նրա անունն է՛լ ավելի բարձր հնչեց, ինչպէս կանխորոշել էր ինքը․  նա հերոսացաւ՝ յանուն հայրենիքի։

Օգոստոսի  28-ին Երևանի Շենգաւիթ համայնքի Արտաշիսեան 56 հասցէում տեղի ունեցաւ յուշ-երեկոյ՝ նուիրուած 44-օրեայ պատերազմում զոհուած Գէորգ Գրիգորի Ջավախեանի յիշատակին․ բացուեցին Գէորգի անունը կրող պուրակ, յուշաղբիւր և խաչքար։ Օգոստոսի 28-ին լրացաւ Գէորգի մահուան 10 ամիսը…

«Այս այգին, յուշաքարը պէտք է մեզ, մեր ապագայ սերունդներին յիշեցնեն՝  Գէորգի և նրա սերնդակից տղաների շնորհիւ մենք ապրում ենք, հայրենիք ունենք։ Այո՛, մենք ապրում ենք նրանց շնորհիւ»,- ասաց Գէորգ Ջավախեանի քոյրը՝ Սեդան։

«Հորիզոն»-ի թղթակցի հետ զրոյցում  Սեդան պատմեց՝ Գէորգը զինծառայութեան է անցել 2019 թուականի 2019 թուականի յուլիսի 11-ին։

«Սկզբում ծառայել է Արմաւիրի հրասայլային զօրամասում, յետոյ՝ 2020 թուականի յունուարի 9-ին, տեղափոխուել է Խոջալու՝  կրկին հրասայլային զօրամաս։ Նա օրինակելի զինուոր է եղել։ Այդ մասին են վկայում այն խրախուսանքներն ու պատուոգրերը, որոնք շնորհուել են նրան զինծառայութեան ընթացքում։ Նա հրասայլի նշանառու-օպերատոր էր, հզօր տանկիստ», — հերոս եղբօր մասին պատմեց Սեդան։
Ցաւօք, միւս պարգևներն ու յուշամեդալները  հերոսին շնորհուեցին յետմահու․․․
«Մինչև հոկտեմբերի 22-ը Գէորգն Աղդամում է եղել, մեզ չէր ասել, մենք յետոյ ենք իմացել: Հոկտեմբերի 23-ին իրենց տեղափոխել են Կարմիր շուկայ, որտեղ Գէորգը մարտական գործողութիւնների ընթացքում հասցրել է խոցել 1 հրասայլ, 1 հետևակի մարտական մեքենայ, 1 զրահափոխադրիչ»,- պատմեց Սեդան։

Հոկտեմբերի 24-ի երեկոյեան թշնամու անօդաչու թռչող սարքը հարուածել է Գէորգի տանկին ու  նա ծանր վիրաւորում է ստացել մարմնի տարբեր հատուածներում: Վիրաւորում ստանալուց յետոյ Գէորգին Երևան են տեղափոխել:

«Ես ամսի 26-ին հիւանդանոցում գտայ եղբօրս: Հոկտեմբերի 28-ին գիտակցութեան չգալով՝ Գէորգը  հերոսացաւ»,- պատմեց Գէորգի քոյրը:

Սեդան յիշեց՝ պատերազմի օրերին եղբօր հետ կարճատև հեռախօսազրոյցներ է ունեցել, Գէորգն ասել է՝ ամեն ինչ նորմալ է, միայն խնդրել է աղօթել։ Երբ քոյրն ասել է՝ մենք աղօթում ենք քեզ համար, անսահման բարի Գէորգը յորդորել է միշտ բոլոր աղօթքներում յիշել բոլոր զինուորներին։

«Միայն ինձ համար մի՛ աղօթիր, աղօթի՛ր բոլոր զինուորների համար», —  քրոջը խնդրել է Գէորգը։

Նա բանակային կեանքից ու նոյնիսկ պատերազմական ծանր օրերից չէր դժգոհում, լուռ կատարում էր իր որդիական պարտքը մայր հայրենիքի նկատմամբ։

«Մի անգամ, երբ զանգել էր պատերազմի օրերին, հեռախօսազրոյցի ընթացքում լսեցի, թէ ինչպես զինուորներից մէկն ասաց, թէ զինուորական երկարաճիտ կօշիկի պատճառով ոտքերին կոշտուկներ են գոյացել, Գէորգը նրան հանգստացրեց՝ ասելով՝ «ոչինչ, այդպէս է, քարն էլ փափուկ բարձ է մեզ համար»։ Եւ այդպէս հասկացայ, որ Գէորգը գետնին է քնում, բայց երբեք չի դժգոհել կամ տրտնջացել», — պատմեց հերոսի քոյրը։

Նայհաճախ է զգում Գէորգի հոգևոր ներկայութիւնը։

«Գէորգի 20-ամեակը, ցաւօք, նշեցինք Եռաբլուրում։ Երբ օրը փոխուեց, ժամը 00։00-ին՝ նրա ծննդեան օրը այնտեղ ամպերով «Գ» տառը գրուեց։ Անհաւատալի է թւում, բայց այդպէս է, բոլորը բացականչեցին՝ Սեդա՛, վերև՛ նայիր, «Գ» տառն է գրուել, բացի այդ՝ մի քանի անգամ էլ ես Գէորգի ձայնն եմ լսել։ Լսել եմ, թէ ինչպէս է իմ անունը տալիս,  ինձ կանչում», — պատմեց հերոսի քոյրը։

Մանրամասները՝ տեսանիւթում։

Յասմիկ Բալեյեան

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.