ՀՅԴ պատանեկան ճամբար Մարտունիում

Տարիներ ի վեր Արցախի պատանիների ամառային հանգստի անբաժան մասն են կազմում ՀՅ Դաշնակցութեան երիտասարդական միութիւնների կողմից կազմակերպուող բակային ճամբարները։ Ամէն տարի աշխարհի տարբեր երկրներից դաշնակցական երիտասարդներ էին ժամանում Արցախ՝ իրենց հետ աշխուժութիւն բերելով Արցախ։ Շրջափակումն այս տարի անհնար դարձրեց այդ երիտասարդների մուտքն Արցախ, սակայն դա խոչընդոտ չհանդիսացաւ, որ ՀՅԴ Արցախի երիտասարդական միութիւնը շարունակի ՀՅԴ պատանեկան ճամբարների ծրագիրը։

Մարտունի քաղաքում Յուլիսի 17-ին մեկնարկել էր ՀՅԴ Արցախի երիտասարդական միութեան կողմից կազմակերպուած պատանեկան բակային ճամբարը։ 12-16 տարեկան պատանիների համար նախատեսուած ճամբարը հովանաւորել է ՀՅԴ Արեւմտեան շրջանի երիտասարդական միութիւնը:

Ըստ ՀՅԴ ԱԵՄ-ի Կենտրոնական վարչութեան անդամ Վահագն Խաչատրեանի՝ պատանիների առօրեան շատ յագեցած է անցնում։

«Պատանիներին սովորեցնում ենք ազգային երգ ու պար, կարդում ենք դասախօսութիւններ՝ նրանց մէջ սերմանելով ազգային արժէքներ եւ սէր առ հայրենիք ու ժողովուրդ», ասել է նա։

Վ. Խաչատրեանի խօսքով՝ այս պայմաններում բաւականին դժուարութիւններ են ի յայտ եկել ճամբարի կազմակերպման ընթացքում:

«Ճամբարը պլանաւորուած էր նախքան Արցախի լիակատար շրջափակումը։ Այդ շրջափակումն էլ աւելի սրեց առկայ իրավիճակը եւ բազմաթիւ խնդիրների առաջ կանգնեցրեց մեզ։ Սակայն դժուարութիւնները պատճառ չհանդիսացան, որ մենք յետ կանգնենք մեր առջեւ դրուած խնդրից։ Մենք մեր առջեւ նպատակ էինք դրել այս պայմաններում պատանիների համար ապահովել աշխոյժ ու ուրախ առօրեայ՝ յագեցած նոր գիտելիքներով, ժամանցային, մշակութային ու սպորտային ծրագրերով, ցրել նրանց բացասական մտքերն ու մտածումները», ասել է Վ. Խաչատրեանը։

Ճամբարը ՀՅԴ երիտասարդականի համար աւանդական է։ Դրանք կազմակերպւում էին ե՛ւ մինչեւ պատերազմը, ե՛ւ պատերազմից յետոյ։ Ըստ Վ. Խաչատրեանի՝ պատերազմից յետոյ կազմակերպուել են շուրջ 12 ճամբարներ՝ Արցախի տարբեր համայնքներում, որին մասնակցելու հնարաւորութիւն են ունեցել շուրջ 1500 պատանիներ։

«Մենք այս ծանր ժամանակաշրջանում պարտաւոր էինք աւելացնել աշխարհի տարբեր երկրներից ՀՅԴ երիտասարդական միութիւնների հետ համատեղ կազմակերպուող ճամբարների քանակը, որպէսզի յետպատերազմեան ծանր մթնոլորտը կարողանայինք ցրել ու չզրկել պատանիներին իրենց գունաւոր մանկութիւնից։ Ցաւօք սրտի, այս տարի Սփիւռքից մեր ընկերները չկարողացան ժամանել», նշել է Վ. Խաչատրեանը։

Ճամբարի նկատմամբ բաւականին ուշադիր են յատկապէս Մարտունու շրջանի ՏԻՄ մարմինները՝ ի դէմս Մարտունու քաղաքապետ Ազնաւուր Սաղեանի։

«Հիմնական խնդիրներից մէկը Մարտունիում ջրի սակաւութեան հարցն էր, սակայն Մարտունու քաղաքապետի եւ տեղական իշխանութիւնների աջակցութեամբ այս հարցը լուծուեց։ Սննդի հետ կապուած հարցերը եւս նրանց շնորհիւ լուծուեցին, եւ կարողացանք հնարաւորինս պատանիներին ապահովել նաեւ ուտելիքով։ Ճամբարի մասին տեղեկացել է նաեւ ԱՀ ՆԳՆ ոստիկանութիւնը, ԱՀ ՆԳՆ ԱԻՊ ծառայութիւնը, ովքեր այցելել եւ ծանօթացել են ընթացող աշխատանքներին, իսկ բուժքրոջ կողմից իրականացւում է մշտական հերթապահութիւն», ասել է նա։

Ճամբարը մեկնարկում է առաւօտեան ժամը 08։00-ին եւ աւարտւում 14։00-ին: Ըստ Վ. Խաչատրեանի՝ ճամբարը սպասուածից աւելի հետաքրքիր ու արդիւնաւէտ է։

«Երեխաների կողմից սպասուած են ճամբարները։ Նրանք էլ ակտիւ մասնակցում են ու մեծ աշխուժութիւն են ցուցաբերում։ Այդ աշխուժութիւնը բաւականին ոգեւորիչ է պատասխանատու կազմի համար։ Մարտունու պատանիները յատկապէս աչքի են ընկնում իրենց կարգապահութեամբ ու պատասխանատուութեամբ։ Վստահ եմ, որ գալիք օրերն էլ աւելի հետաքրքիր են լինելու», եզրափակել է Վ. Խաչատրեանը։

Վ. Խաչատրեանը նշեց նաեւ, որ ճամբարի ընթացքում ճամբարականների հետ համացանցով կապ են հաստատել աշխարհի տարբեր երկրներից դաշնակցական երիտասարդներ եւ պատանիներ։

«Նպատակն էր՝ կոտրել պատանիների ինքնամեկուսացումը։ Նրանք ջերմ ու ընկերական յարաբերութիւններ են ձեւաւորել յատկապէս Աւստրալիայի հայ պատանիների հետ: Նրանք ծանօթացել են, զրուցել ու միմիանց ուղղել հետաքրքրող հարցեր։ Ճամբարականները աւստրալահայ պատանիներին են ներկայացրել իրենց սովորած կանչերն ու երգերը: Մեր գլխաւոր նպատակն այն է, որ պատանիները ճանաչեն միմիանց, նոր գիտելիքներ ստանան, գնահատեն ազգային արժէքներն ու Դաշնակցութեան դերը», ասել է Վ. Խաչատրեանը:

Ճամբարի ընթացքում կազմակերպուել են Ճանաչողական արշաւներ, ֆուտբոլի, ինտելեկտուալ խաղի, կրակային պատրաստութեան, երգ ու պարի եւ այլ սպորտային ու հետաքրքիր խաղային մրցոյթներ։

ՀՅԴ պատանեկան ճամբարի փակման արարողութիւնը տեղի է ունեցել Յուլիսի 28-ին։ Այն նուիրուած էր Լիզպոնի 5-ի գործողութեան 40-ամեակին։

Միջոցառման ընթացքում պատանիները իրենց ծնողներին եւ հիւրերին ներկայացրել են երկու շաբաթների ընթացքում իրենց սովորածը։ Հնչել են Լիզպոնի 5-ի տղաների խօսքերից, նրանց նուիրուած բանաստեղծութիւններից ու երգերից, իսկ ծրագրի 2-րդ մասը նուիրուած էր Հայաստանին ու Արցախին։ Պատանիները ներկայացրել են Արցախի ու Հայաստանի մասին երգեր, բանաստեղծութիւններ, պարել ազգային պարեր։

Միջոցառումը պատանիներն աւարտել են իրենց մայր հողում խաղաղ ապրելու մանկական երազանքի մասին բարձրաձայնելով ու Արցախն ամուր պահելու նրանց հաւատը վերահաստատելով։ Միջոցառման աւարտին ելոյթ են ունեցել ՀՅԴ Մարտունու կոմիտէութեան անդամ, հայրենադարձ Շանթ Չարշաֆճեանը եւ ՀՅԴ Արցախի Երիտասարդական միութեան Կենտրոնական վարչութեան անդամ Վահագն Խաչատրեանը, որից յետոյ յայտարարուել են ճամբարի յաղթող թիմն ու ամենաակտիւ մասնակիցները, որոնց յանձնուել են պատուոգրեր ու նուէրներ։

Շանթ Չարշաֆճեանը նշեց, որ ՀՅԴ կուսակցութեան մէջ սովորութիւն չկայ իրար շնորհակալութիւն յայտնելու, ուստի կազմակերպիչներին ասաց. «Ձեր վարձքը կատար, յաճախակի՛ եկէք Մարտունի եւ նմանատիպ ծրագրեր կեանքի կոչէք։ Կ’ուզէի շնորհակալութիւն յայտնել ծնողներին։ 2,5 տարի է, ինչ ապրում եմ Մարտունիում, հասցրել եմ ծանօթանալ բոլորին, եւ տեսել եմ, թէ ինչպիսի լաւ դաստիարակութիւն ունեն ձեր երեխաները։ Այս 2 շաբաթների ընթացքում էլ աւելի համոզուեցի դրանում, տեսայ, թէ ինչպիսի տաղանդաւոր երեխաներ կան, երբ երգում, պարում ու ասմունքում էին»։

ՀՅԴ ԱԵՄ-ի ԿՎ անդամ Վահագն Խաչատրեանն էլ իր խօսքում շնորհակալութիւն յայտնեց Մարտունու քաղաքապետարանին, ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ եւ ոստիկանութեան Մարտունու շրջբաժիններին ճամբարի կազմակերպմանն օժանդակելու համար։

«Շնորհակալութիւն ենք յայտնում յատկապէս ծնողներին, որ այս անորոշ օրերին իրենց զաւակներին վստահեցին մեզ։ Այս երկու շաբաթների ընթացքում պատանիների հետ միասին մենք կարողացանք սովորել ազգային երգեր ու պարեր, ունենալ դասախօսութիւններ, արշաւներ եւ այլն։ Յոյսով ենք՝ մեր այս փոքրիկ քայլով կարողացանք որոշակի չափով ուրախութիւն բերել պատանիների առօրեայ։ Այս դժուարին պայմաններում սա այն նուազագոյնն էր, որ կարողացանք անել նրանց համար», ասել է Վ. Խաչատրեանը։

Նրա խօսքով՝ այս երկու շաբաթների ընթացքում այնքան են մտերմացել վարիչները ճամբարի մասնակիցների հետ, որ շատ դժուար է նրանցից բաժանուելը։

Ճամբարի կազմակերպիչները հրաժեշտ են տուել ճամբարականներին՝ նորից վերադառնալու խոստումով։

Վ. Խաչատրեանը մեզ հետ զրոյցում նշեց, որ այս ճամբարը դրական առումով առանձնանում էր նախորդ տարիներին կազմակերպուած բոլոր ճամբարներից։

«Համեստութիւն չեմ անի, եթէ նշեմ, որ այս տարուայ ճամբարը վերջին տարիների լաւագոյն ճամբարներից մէկն էր՝ հաշուի առնելով թէ՛ պատանիների կարգապահութիւնը, թէ՛ ցուցաբերած ակտիւութիւնը։ Ի հարկէ, զգալի էր շրջափակման բացասական ազդեցութիւնը նրանց հոգեվիճակի եւ տրամադրութեան վրայ։ Նախկինի պէս չկային պատանիներին բնորոշ չարաճճիութիւնը, անհնազանդութիւնը։ Մենք մեր աշխատանքում փորձում էինք նրանց հնարաւորինս ակտիւ պահել, ուրախ պահել», ասել է Վ․ Խաչատրեանը։

Ըստ նրա՝ բաւականին ոգեւորիչ էր այն, որ պատանիները իրենք էին խոստովանում, որ փոխուել են դէպի լաւը։

«Մեզ մօտենում էին պատանիները, ու խոստովանում, թէ ինչպէս են նրանց բառապաշարից անհետացել վատ բառերը։ Մենք հենց սկզբից ժարգոնային բառեր օգտագործողներին թեթեւ «պատիժ» էինք տալիս, այնուհետեւ նկատեցինք, որ պատանիները սկսել են միմիանց օգտագործած վատ բառերը նկատել ու ինքնուրոյն պատժել դիմացինին։ Բաւականին մեծ արձագանգ ենք ստացել նաեւ ծնողներից, ովքեր նոյնպէս անհատապէս մօտենում ու շնորհակալութիւն էին յայտնում մեզ ու ասում, որ անհաւատալի էր նրանց համար, որ իրենց երեխաները կարող էին այդքան փոխուել դէպի լաւը», ասել է ԿՎ անդամը։

Վ. Խաչատրեանն ընդգծեց նաեւ այն փաստը, որ երեխաների մօտ կարողացել են ձեւաւորել թիմային մտածելակերպն ու ստեղծել նոր մեծ ընկերութիւն․

«Վերջին օրը պատանիները խոստովանեցին, որ իրենց թիմերում կային մարդիկ, ովքեր միմիանց հետ լաւ յարաբերութիւններ չունէին, կամ չէին շփւում միմիանց հետ, սակայն ճամբարի արդիւնքում ընկերացել են եւ դարձել մի մեծ ընտանիք։ Մենք նրանց սովորեցնում էինք միմիանց հետ խօսել ընկերով, ինչպէս խօսում են վարիչների հետ։ Պատանիներից մէկը վերջին օրն ասաց, որ այնքան է փոխուել իր բառապաշարը, որ անգամ աղօթելիս Աստծուն սկսել է ընկեր Աստուածով դիմել։ Այս ամէնը ոգեւորիչ ու պարտաւորեցնող է մեզ համար՝ շարունակել նրանց հետ աշխատանքը, որովհետեւ մեր պատանիներն աշխարհի ամենախելացի ու կարգապահ պատանիներն են, ովքեր արժանի են ուրախ մանկութեան ու պայծառ ապագայի», եզրափակել է Վ. Խաչատրեանը։

Comments are closed.