ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւն. պատմական առաքելութիւն

ՀՅԴ ՆԱՈՒՄ պատմական առաքելութիւն

Դեռեւս Խորհրդային Միութեան տարիներին, հակառակ բոլոր դժուարութիւններին, սովորելու նպատակով Մերձաւոր Արեւելքի երկրներից Հայաստան եկած եւ այստեղ հաստատուած բազմաթիւ դաշնակցական ուսանողներ կային, որոնք հիմնականում իրար չէին ճանաչում եւ չէին բացայայտում իրենց դաշնակցական լինելը։

1990 թ. սկզբից՝ Դաշնակցութեան ընդյատակեայ գործունէութեան շրջանում, անհատ ուսանողներ սկսում են համալրել Դաշնակցութեան շարքերը։ Մինչեւ Սեպտեմբեր դաշնակցական ուսանողների շարքերը ստուարանում են։ Արդէն Սեպտեմբերին որոշում է կայացւում հիմնադրել ուսանողական միութիւն։ Առաջին փուլում կազմակերպւում է սփիւռքահայ, ապա նաեւ ընդհանուր հաւաքը։ Առաջին ընդհանուր հանդիպումը տեղի է ունենում ԵՊՀ հայ բանասիրութեան ֆակուլտետի 220 լսարանում, իսկ միութեան հիմնադիր ժողովը գումարւում է Հոկտեմբերի 19-ին ժողստեղծագործութեան կենտրոնում՝ օրակարգում ունենալով երեք հիմնական կէտ՝ ուսանողական միութեան հիմնադրում, միութեան անուան ընտրութիւն եւ անդրանիկ վարչութեան ընտրութիւն։ Ըստ ընկերների յուշերի՝ միութեան անունը միանգամից է ընտրւում՝ առանց երկմտելու. «Նիկոլ Աղբալեան»։

Միութիւնը կոչելով Հայաստանի Առաջին Հանրապետութեան լուսաւորութեան նախարար, Երեւանի պետական համալսարանի հիմնադիր Նիկոլ Աղբալեանի անունով՝ ուղենշւում են նաեւ միութեան ընթացքն ու առաքելութիւնը։ Այս ճանապարհին, 1992 թ. Շուշիի ազատագրումից օրեր անց որոշւում է Շուշիի թեմական վարժարանի վերաբացման մասին՝ հենց թեմական վարժարանի շէնքում։ Հաշուի առնելով այն հանգամանքը, որ Արամ Մանուկեանը սովորել է այդ վարժարանում՝ որոշւում է վարժարանը կոչել Արամ Մանուկեանի անունով։ Թէեւ, ցաւ ի սիրտ, չի յաջողւում վարժարանը վերաբացել թեմական վարժարանի շէնքում, ինչպէս նախապէս ծրագրուել էր, սակայն նոյն տարուայ Սեպտեմբերին այլ շէնքում Շուշիի թեմական վարժարանն իր դռներն է բացում սաների առջեւ։ Ուսանողական միութեան ընկերներից ոմանք գործուղւում են Արցախ՝ վարժարանում ուսուցչութեամբ զբաղուելու։ Նրանց թուում էր նաեւ ներկայում ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը։ Երկար տարիների գործունէութիւնից յետոյ միութիւնը վարժարանը յանձնում է Արցախի Հանրապետութեանը։

Այսպիսով՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնը (ՆԱՈՒՄ) սկսում է իր գործունէութիւնը՝ շարքերում ունենալով 140 – 150 ընկերներ։

1990 թ. Նոյեմբերին ձեռնարկւում է ՀՅԴ 100-ամեակին նուիրուած միջոցառում, որտեղ էլ առաջին անգամ ընկերները ներկայանում են «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան անունից։
Ուսանողական միութիւնը ակտիւօրէն մասնակցում է նաեւ քաղաքական գործընթացներին։ 1991 թ. Մարտին ստորագրահաւաք, նստացոյցեր, հանրահաւաքներ են կազմակերպւում Գերագոյն խորհրդի դիմաց՝ պահանջելով չեղարկել Կարսի եւ Մոսկուայի պայմանագրերը։ Այս նախաձեռնութիւնը շուտով վերածւում է համակուսակցական ձեռնարկի։ Հաւաքւում է մօտ 15 հազար ստորագրութիւն, կազմակերպւում է բազմահազարանոց հանրահաւաք։ Մեծ ճնշման շնորհիւ հրաւիրւում է ԳԽ-ի փակ խորհրդակցութիւն, որին մասնակցում է նաեւ ուսանողական միութեան ներկայացուցիչը։

Միութիւնն ակտիւ գործունէութիւն է ծաւալում նաեւ բուհերում։ Երեւանի գրեթէ բոլոր բուհերում ստեղծւում են ՆԱՈՒՄ-ի խմբեր։ Զուգահեռաբար հրատարակւում է «Ուսանող» թերթը, որը որոշ ժամանակ գործում է առանձին, ապա ներառւում է ՀՅԴ Հայաստանի կառոյցի «Երկիր» օրաթերթում՝ որպէս յաւելուած, որտեղ գաղափարական, ծրագրային, պատմական յօդուածներով ներկայանում են հենց ուսանողական միութեան անդամները։

Երբ որոշում է կայացւում Հայաստանում բուհական կրթութիւնը դարձնել վճարովի, ՆԱՈՒՄ-ի նախաձեռնութեամբ ուսանողութեան շրջանում բողոքի մեծ ալիք է բարձրանում, որի ազդեցութեամբ ժամանակի կրթութեան նախարարը որոշակի փոխզիջումների է գնում։

1991 թ. Սեպտեմբերին ՆԱՈՒՄ-ի հիմքի վրայ նախաձեռնւում է Դաշնակցութեան համահայկական ուսանողական առաջին համագումարը, որին մասնակցում են Սփիւռքում գործող Դաշնակցութեան բոլոր ուսանողական միութիւնների ներկայացուցիչները։

2000-ականներին եւս ՆԱՈՒՄ-ը ակտիւ հասարակական-քաղաքական գործունէութիւն է ծաւալում՝ տարատեսակ թանկացումների դէմ պայքարից մինչեւ կառավարութեան հրաժարականի պահանջ։ Զուգահեռաբար ՆԱՈՒՄ-ը շարունակում է ակտիւօրէն գործել բուհերում, բազմաթիւ ՆԱՈՒՄ-ականներ են ընդգրկւում համալսարանների ուսանողական խորհուրդներում եւ գիտական ընկերութիւններում։ Կազմակերպւում են ուսանողութեան խնդիրներին վերաբերող բազմաթիւ համաժողովներ, խորհրդաժողովներ։ Մեծ աղմուկ են բարձրացնում ուսանողութեան շրջանում համալսարաններում կոռուպցիայի վերաբերեալ անցկացուած սոցիալական հարցումները, որոնց արդիւնքների հրապարակումից յետոյ շատ լրատուականներ անդրադառնում են այս թեմային։

Խօսելով «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան մասին՝ առանձնապէս պէտք է շեշտել ՆԱՈՒՄ-ականների մասնակցութիւնը ՝ Արցախեան ազատագրական պայքարին։ Մինչեւ ուսանողական ջոկատի կազմաւորումը ռազմի դաշտում արդէն շատ ՆԱՈՒՄ-ականներ կային։ 1991 թ. ստեղծւում է ուսանողական ջոկատը, որի առաջին պատասխանատու է նշանակւում Արթուր Ղարիբեանը։ Հետագայում նրան փոխարինում են Արամ Պօղոսեանը, Ապրես Զոհրաբեանը, Իգոր Սարգսեանը։ Տարբեր ժամանակներում ջոկատի կազմում ընդգրկուել են 60 – 70 ուսանողներ, որոնք եղան պատերազմի գրեթէ բոլոր ճակատներում՝ Գետաշէն, Շահումեան, Հադրութ, Շուշի, Մարտակերտ, Ասկերան եւ այլն։ Դաշնակցութեան գումարտակի կազմում ուսանողականը մասնակցել է նաեւ Ապրիլեան քառօրեայ եւ 2020 թ. 44-օրեայ պատերազմներին։ Արցախեան առաջին պատերազմի ընթացքում ՆԱՈՒՄ-ը ունեցել է 8 զոհ՝ Արթուր Կարապետեան, Ներսէս Բարբարեան, Գագիկ Գրիգորեան, Համլետ Հայրեան, Գրիգոր Գրիգորեան, Վահէ Պաղտասարեան, Մհեր Ջուլհաճեան, իսկ 44-օրեայ պատերազմում զոհուեց Կիմ Խաչատրեանը։ Այսօր զոհուած ՆԱՈՒՄ-ականների անուններն են կրում ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի խմբերը։ ՆԱՈՒՄ-ի մի շարք ընկերների անունները փառաբանուել եւ հռչակուել են իրենց հերոսական պայքարի համար։ Նրանք արժանացել են բազմաթիւ պարգեւների ու շքանշանների։ Պատերազմած մեր հերոս ըկերների յիշատակին նուիրուել են գրքեր ու երգեր, նկարահանուել են ֆիլմեր։

Հաւատարիմ մնալով իր գաղափարին եւ առաքելութեանը՝ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութիւնն այսօր էլ շարունակում է ակտիւ գործունէութիւն ծաւալել տարբեր ուղղութիւններով՝ կրթական, սոցիալական, ազգային, քաղաքական եւ այլն։ ՆԱՈՒՄ-ը ակտիւ մասնակցում է երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին, մշտապէս պայքարի առաջին շարքերում է։ Նպատակ ունենալով երիտասարդութեան լայն շրջանակներին հիմնարար տեղեկութիւններ փոխանցել եւ ոգեւորել նրանց առնուազն հետաքրքրուելու երկրում տեղի ունեցող հասարակական, քաղաքական իրադարձութիւններով՝ ՆԱՈՒՄ-ը կազմակերպում է «Հանրային քաղաքականութեան լսարան» քաղաքական ուսումնառութեան ծրագիրը, որի մի քանի փուլեր արդէն իսկ յաջողութեամբ աւարտուել են՝ ունենալով մի քանի տասնեակ շրջանաւարտներ։ Սկսած 2022 թ. կազմակերպւում է Թաթուլ Կրպէեանի անուան «Արցախեան ընթերցումներ» ամէնամեայ գիտաժողովը, որի ընթացքում զեկոյցներով հանդէս են գալիս ոչ միայն անուանի գիտնականներ, այլեւ բազմաթիւ ուսանողներ։ Մենք՝ ՆԱՈՒՄ-ականներս, ստանձնել ենք նաեւ թերեւս ամենամեծ պատասխանատուութիւնը՝ հանրութեանը եւ մասնաւորապէս ուսանողութեանը ներկայացնելու մեր ընկերոջ՝ Կիմ Խաչատրեանի կեանքն ու անմնացորդ նուիրումը հայրենիքին։ Այս ճանապարհին երկու տարի անընդմէջ կազմակերպւում է Կիմի անունը կրող ամէնամեայ կրթաթոշակի մրցոյթը։

ՆԱՈՒՄ-ի ստեղծումից ի վեր բազմաթիւ ՆԱՈՒՄ-ականներ պատասխանատու դիրքեր են զբաղեցրել ե՛ւ պետական, ե՛ւ կուսակցական կառոյցներում՝ պատգամաւորներ, նախարարներ, մարզպետներ, ՀՅԴ Բիւրոյի եւ Հայաստանի գերագոյն մարմնի անդամներ։

Որպէս հայ երիտասարդներ, որոնք անտարբեր չեն հայրենիքում եւ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձութիւնների հանդէպ, վստահ ենք, որ զոյգ թշնամական պետութիւնների միջեւ մեր գոյութիւնը շարունակելու համար պիտի ապաւինենք ազգային պետութիւն կերտելու տեսլականին։ Այս հանգամանքից ելնելով՝ առաջնահերթ ենք համարում «ազգային-առաջադէմ» կեղծ հակադրութեան կարծրատիպը կոտրելը։ Կասկածի տեղիք չի տալիս նաեւ այն համոզմունքը, որ հայ-թուրքական բարեկամութիւն հնարաւոր է միայն հայկական կողմի՝ յաղթողի դիրքից ներկայանալու պարագայում. միայն մեր յաղթանակով է տարածաշրջանում հաստատուելու տեւական եւ կայուն խաղաղութիւն. «իրաւունքը ուժն է միայն»։ Մենք համոզուած ենք, որ աշխարհում մեր տեղն ունենալու համար պարտաւոր ենք կերտել ուժեղ պետութիւն, եւ մեր բոլոր քայլերն ուղղուած են այդ նպատակին։ Եթէ դիտենք պատմութեան ժապաւէնըկը տեսնենք, որ դաշնակցական երիտասարդը մասնակից է հայրենիքի համար կարեւոր հարցերի շուրջ բոլոր քննարկումներին եւ պայքարի առաջամարտիկն ու նախաձեռնողն է։ Այս իմաստով ուսանողական միութիւնը եւս բացառութիւն չէ։ Այս մասին են վկայում վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւնները՝ դեղին քարտերի հանրահաւաքից մինչեւ «Դիմադրութեան» շարժում եւ աւելին։ Ստեղծման օրից ՆԱՈՒՄ-ը եւ ՆԱՈՒՄ-ականներն ահռելի պատմութիւն են կերտել։ Այս յօդուածը գրելիս զրուցել ենք աղբալեանական հիմնադիր սերնդի ընկերների հետ՝ նպատակ ունենալով ներկայացնել այդ պատմութեան յայտնի եւ անյայտ էջերը եւ ՆԱՈՒՄ-ը, առհասարակ, որն ազգային, պետականամէտ մտածողութեան, երիտասարդ, հայրենասէր ու գործուն սերնդի իրական դարբնոց է։

Անահիտ Դանիէլեան

ՀՅԴ ՆԱՈԻՄ կենտրոնական վարչութեան անդամ

«Դրօշակ» թիւ 8, 2023 թ

Comments are closed.