ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միութեան պատմութիւնը սկսւում է Արցախեան առաջին պատերազմի տարիներից

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արցախի Երիտասարդական Միութեան գործունէութեան պատմութիւնը սկսւում է Արցախեան առաջին պատերազմի տարիներից, երբ Սփիւռքի տարբեր օճախներից այստեղ ժամանած գործիչների ու տեղի դաշնակցական ընկերների կողմից կազմակերպւում էին սկաուտական, պատանեկան բանակումներ, աշխատանք էր տարւում երիտասարդական խմբերի հետ։ ՀՅԴ ԱԵՄ-ի գործունէութունը, կարելի է ասել, պաշտօնապէս յայտարարուեց 1999 թ․, երբ ձեւաւորուեց միութեան աշխատանքները համակարգող վարիչ մարմինը։ Անցած տարիների ընթացքում ՀՅԴ ԱԵՄ-ը եւ ՀՅԴ «Արամ Մանուկեան» ուսանողական միութիւնը բաւական ակտիւ դերակատարութիւն են ունեցել Արցախի հասարակական, քաղաքական կեանքում, իւրատեսակ թրծման ու կայացման դպրոց եղել բազմաթիւ երիտասարդների համար։

44-օրեայ պատերազմը եւ դրա հետեւանքով ստեղծուած իրավիճակը բացասական ազդեցութիւն են թողել ԱԵՄ-ի կազմակերպական գործունէութեան վրայ, միութիւնը կրել է անդառնալի մարդկային կորուստներ, ցրուել են Մարտունու շրջանի Վազգէնաշէն գիւղում, Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում գործող պատանեկան ու երիտասարդական խմբերը։ ՀՅԴ ԱԵՄ-ի կենտրոնական վարչութեան անդամ Վահագն Խաչատրեանի խօսքով՝ պատերազմից յետոյ բոլորի նման երիտասարդական միութեան անդամներն էլ բարդ հոգեբանական վիճակում էին գտնւում ու շատ դժուար էր բոլորին նորից կենտրոնացնել մէկ գաղափարի շուրջ։ «Պատերազմի ընթացքում կառոյցն ունեցաւ երկու գործող ընկերների եւ երկու նախկին ընկերների կորուստ։ Կովսականի, Վազգէնաշէնի ընկերները, որոնք հիմնականում վերաբնակիչներ էին, պատերազմից յետոյ մեծ մասամբ հաստատուել են ՀՀ-ում», նշում է Վ․ Խաչատրեանը։ Նրա խօսքով՝ պատերազմից յետոյ մի քանի յստակ ուղղութեամբ էին աշխատում, փորձում աշխուժացնել երիտասարդական կեանքը եւ ընկերներին վերադարձնել ակտիւ երիտասարդական դաշտ։ «Տարբեր ծրագրեր իրականացրինք պատերազմից յետոյ վնասուած պատմամշակութային յուշակոթողների վերականգնման, մաքրման ուղղութեամբ։ Պատերազմից անմիջապէս յետոյ ՀՅԴ Բիւրոյի երիտասարդական գրասենեակի հետ իրականացրինք «Վերելք» ծրագիրը, որի նպատակը երիտասարդներին որակեալ ոչ ֆորմալ կրթութիւն տալն էր, նաեւ հնարաւորութիւն ընձեռելը, որպէսզի նրանք երիտասարդ տարիքում սկսեն պիզնես գործունէութիւնը, Արցախում նոր աշխատատեղեր բացեն եւ իրենց արմատները այս հողում գցեն։ Ծրագիրը տեւել է շուրջ վեց ամիս, եւ մասնակցել են մօտ 110 երիտասարդներ։ Ուսուցման աւարտից յետոյ ընտրուած լաւագոյն պիզնես ծրագրերը ֆինանսաւորուել են։ Դրանք այժմ էլ գործում են, սակայն ինչպէս բոլոր ոլորտների վրայ, այնպէս էլ այս ծրագրերի վրայ շրջափակումը իր բացասական ազդեցութիւնն է թողնում՝ արգելակելով արտադրանքի արտահանումը, ինչպէս եւ հումքի ներմուծումը», իրականացուած ծրագրերը ներկայացնում է ԿՎ անդամը։

Բացի վերոնշեալից՝ պատերազմից յետոյ առաջին տարում Արցախում անց են կացուել 10 ճամբարներ, որոնց մասնակցել են շուրջ 1200 պատանիներ։ Ճամբարները կեանքի են կոչուել Լիբանանի եւ Ֆրանսիայի ՀՅԴ երիտասարդականների հետ համատեղ։ 2022 թ․ ճամբարային ծրագրին միացաւ ԱՄՆ արեւմտեան շրջանը, վերապատրաստման եւ վարժողական ծրագրեր են իրականացուել, որոնց մասնակցել են Ամերիկայի արեւելեան եւ արեւմտեան շրջանների երիտասարդները։ Այստեղ գտնուելով՝ նրանք իրենց փորձն են փոխանակել ու փորձառութիւն ձեռք բերել, նաեւ շփուել են տեղի երիտասարդների հետ․ այսպիսով՝ ամուր կապեր են հաստատուել տարբեր շրջանների երիտասարդականների հետ։ ՀՅԴ ԱԵՄ-ը ուշադրութիւն է դարձրել նաեւ սոցիալական ծրագրերին, ՀՅԴ այլ երիտասարդական շրջանների հետ իրականացուել է Արցախի սահմանամերձ շրջաններում երեխաներին նուէրների բաշխման ծրագիր։

Մեծ աշխատանք է տարւում նաեւ պատանեկան միութիւնների հետ։ Այս իրավիճակում յատկապէս խոցելի են պատանիները, ուստի փորձ է արւում տարաբնոյթ դաստիարակչական, ժամանցային եւ այլ ծրագրերով նրանց պահել ուշադրութեան կենտրոնում։

Քարոզչական ու գաղափարական աշխատանքների շնորհիւ պատանեկան եւ երիտասարդական նոր խմբեր են կազմաւորուել Ասկերանի շրջանի Նորագիւղ եւ Մարտակերտի շրջանի Վանք համայնքներում։ Այս երկու համայնքներում գրասենեակներ են բացուել։ Բացի դրանից՝ ՀՅԴ ԱԵՄ-ը ակտիւօրէն արձագանգել է քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումներին եւ տարբեր ակցիաների միջոցով իր բողոքի ձայնն ու անհամաձայնութիւնն է արտայայտել տեղի ունեցող իրադարձութիւնների նկատմամբ, նաեւ աւանդական դարձած յիշատակի երթեր ու միջոցառումներ են կազմակերպուել։
Ինչ վերաբերում է շրջափակման ժամանակ ծաւալուած գործունէութեանը, երիտասարդական միութիւնը բախուել է նոր մարտահրաւէրների, յատկապէս տրանսպորտի բացակայութեան պատճառով դժուարացել է կապը մայրաքաղաքի եւ միւս շրջանների միջեւ։

«Յամենայն դէպս այս պայմաններում եւս փորձել ենք աշխատել։ Խոշոր ծրագրերից էր գարնանը Վանքում կայացած մէկօրեայ պատանեկան ճամբարը, որում ընդգրկուել են նաեւ յարակից չորս գիւղերի պատանիները։ Շուրջ 100 պատանի շրջափակման այս ծանր պայմաններում ուրախ ժամանց ու հաճելի առօրեայ է ունեցել», ասում է Վ․ Խաչատրեանը։

Շրջափակումը ՀՅԴ ԱԵՄ-ին զրկել է Արցախից դուրս կազմակերպուող մի շարք ծրագրերին մասնակցելու հնարաւորութիւնից, անհնարին է դարձել նաեւ դրսից ընկերների մուտքը Արցախ եւ տարբեր ծրագրերի իրականացումը։ ՀՅԴ ԱԵՄ-ի կենտրոնական վարչութեան որոշմամբ, չնայած դժուարութիւններին՝ որոշուել է շարունակել աւանդական ճամբարների կազմակերպումը եւ սեփական ուժերով Մարտունիում պատանեկան ճամբար ու Վանքում երիտասարդական բանակում կազմակերպել։ «Չնայած Արցախի լիակատար շրջափակմանը՝ մենք ամէն դէպքում մեր առջեւ նպատակ էինք դրել ամառային ճամբարները սեփական ուժերով կազմակերպել, քանի որ Սփիւռքից մեր ընկերները չկարողացան ժամանել։ Սննդի, վառելիքի բացակայութեան պայմաններում եւ մնացած այլ խնդիրներն անտեսելով՝ մենք Մարտունիում կարողացանք կեանքի կոչել 10-օրեայ բակային ճամբար, որին մասնակցել են 100-ից աւելի պատանիներ», ասում է Վ․ Խաչատրեանը։

«Բոլոր ծրագրերը կեանքի են կոչւում մեր ընկերների մեծ պատրաստակամութեան, ջանքերի շնորհիւ, որովհետեւ ստեղծուած սոցիալ-տնտեսական ու անվտանգային խնդիրները ոչ միայն կազմակերպութեան աշխատանքներն են խաթարում, այլ նաեւ լուրջ խնդիրներ են ստեղծում մեր անձնական կյանքում։ Չնայած այս ամէնին՝ ծրագրերը իրականութիւն ենք դարձնում, որովհետեւ պարտական ենք զգում մեր այն ընկերների առջեւ, որոնք իրենց կեանքը չեն խնայել, որպէսզի կարողանանք այստեղ ապրել։ Որքան էլ պայմանները լաւ լինեն, հնարաւոր չէ այլ վայրում գտնել այն երջանկութիւնը, որն այսօր մենք զգում ենք՝ ապրելով մեր հողի վրա», նշում է ՀՅԴ ԱԵՄ-ի անդամը։

Տաթեւիկ Աղաճանեան

Արցախ, լրագրող

«Դրօշակ» թիւ 8, 2023 թ

Comments are closed.