Հայ Դատի Մեծ Բրիտանիայի Յանձնախմբի Արձագանգը Արցախի պետնախարարի յայտարարութեանը

Ի պատասխան Արցախի պետական նախարար Գուրգէն Ներսիսեանի՝ Արցախի համար Սփիւռքի պասիւութեան (խմբ.- անգործութեան, կրաւորականութեան) մասին յայտարարութեանը՝ Հայ Դատի Մեծ Բրիտանիայի յանձնախմբի նախագահը հիասթափութեամբ արձանագրեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինեանի՝ Լեռնային Ղարաբաղն Ատրպէյճանի կազմում ճանաչելու արդիւնքում մեծ խոչընդոտներ են առաջանում Հայ դատի գործունէութեան համար:

«Այս խնդիրը մեզ համար իսկապէս մտահոգիչ է: Այն մեզ երկուութեան մէջ է դնում, երբ Արցախի հարցը քննարկում ենք քաղաքական բարձր դէմքերի հետ», ասում է Անէթ Մոսկոֆեանը:

Նա նկատում է. «Նախկինում՝ պատերազմի ժամանակ, այսպիսի խնդիրներ մենք չունէինք: Բոլորս գործում էինք որպէս մէկ ազգ: Սակայն այսօր Հայաստանի կառավարութիւնն ունի առանձին օրակարգ, որը չի համապատասխանում հայ ժողովրդի, մանաւանդ՝ Հայ դատի օրակարգին: Արարատին տենչալը եւ Արցախի ինքնորոշումը գոյութիւն չունեն այս կառավարութեան օրակարգում»։

Յանձնախմբից փոխանցեցին, որ տասնամեակներ շարունակ բարձրացրել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը, բայց այն արդէն հարցականի տակ է, քանի որ ՀՀ կառավարութեան վարած քաղաքականութեան մաս այլեւս չի կազմում:

«Հաւատացել ենք, որ միայն ինքնորոշման իրաւունքի իրացմամբ է հնարաւոր լուծել Արցախի հիմնախնդիրը: Հաւատացել ենք, որ մեր դատն իրաւացի է, որ ազգերն իրաւունք ունեն ինքնորոշուելու՝ անկախ տարածքային ամբողջականութեան հանգամանքից: Հիմա ամէն ինչ շատ դժուար է դարձել, որովհետեւ մենք առաջ ենք տանում հարցեր, որոնք Կառավարութիւնն անտեսում է: Սա մենք հակահայկական գործունէութիւն ենք համարում: Հենց լուծուի այս խնդիրը, մեր աշխատանքն աւելի դիւրին կը դառնայ: Այս պահին հարցականի տակ է դրւում մեր ազգային արժէքները, մեզ միաւորող արժէքները: Բոլորս պէտք է գիտակցենք, որ առանց Արցախ, Հայաստանն իսկապէս չի կարող գոյութիւն ունենալ», ահազանգում է յանձնախմբի նախագահ Անէթ Մոսկոֆեանը:

Անդրադառնալով Արցախի պետական նախարար Ներսիսեանի պնդմանը, թէ Սփիւռքն իր ամբողջ ներուժը չի գործադրում Լեռնային Ղարաբաղի համար՝ նա ընդգծում է. «Դեկտեմբերից այս հարցն արծարծում ենք Հայաստան-Միացեալ Թագաւորութիւն բարեկամական խմբի պատգամաւորների միջոցով»։ Ըստ Մոսկոֆեանի՝ բարեկամական խմբի որոշ պատգամաւորներ Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւններն Ատրպէյճանի տարածքային ամբողջականութեան մասին նոյնպէս դաւաճանութիւն են համարում։ Նա յիշեցրեց նաեւ, որ Համայնքների պալատի Վեսթմինսթերիան դահլիճում Պառլամենտը քննարկում անցկացրեց Արցախում ստեղծուած իրավիճակի հետ կապուած։
Յանձնախմբի նախագահը տեղեկացրեց՝ նախորդ շաբաթ հանդիպել են Թագաւորութեան Եւրոպայի հարցերով նախարար Լէօ Դոքերթիին եւ յստակօրէն փոխանցել են Արցախի շրջափակման մասին բոլոր մտահոգութիւնները՝ պահանջելով ՄԹ Կառավարութեանը շօշափելի քայլեր ձեռնարկել իրավիճակը բարելաւելու համար:

«Մենք ներկայացնում ենք Արցախի կարեւորութիւնը Հայաստանի պետականութեան, ինքնիշխանութեան եւ անվտանգութեան համար, որովհետեւ վարուող քաղաքականութեան պատճառով մեր ինքնիշխանութիւնը եւ պետականութիւնը վտանգուած են: Ներդնում ենք բոլոր ջանքերը ամրապնդելու պետական ազգային շահերը»։

Եզրափակելով՝ յանձնախմբից յիշեցնում են Միացեալ Թագաւորութեան օրէնսդիր մարմնի Լորդերի պալատի անդամ, պարոնուհի Քերոլայն Քոքսի խօսքը խաղաղութեան եւ պատերազմի մասին. «Վարչապետ Նեւիլ Չեմբեռլենը (1937-1940) երկրին խաղաղութիւն էր խոստանում, բայց չբերեց այդ խաղաղութիւնը: Երբ նրանից յետոյ Ուինսթոն Չերչիլն (1940-1945) ընտրուեց վարչապետ, նա անկեղծօրէն յայտարարեց, որ երկրին «արիւն, տանջանք, քրտինք եւ արցունքներ» են սպասւում: «Արեան, տանջանքի, քրտինքի եւ արցունքների» արդիւնքում, սակայն, այսօր մենք վայելում ենք ազատութեան բերկրանքը», մէջբերում է Մեծ Բրիտանիայի Հայ դատի յանձնախմբի նախագահը, յաւելում՝ հայկական իշխանութիւնները վարում են կեղծ խաղաղութեան օրակարգ:

Արսէն Այվազեան

Comments are closed.