Հայկական սփիւռքի մերօրեայ մարտահրաւէրը

Գէորգ Ղուկասեան

Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու

Քաղաքական գիտութիւնների թեկնածու, ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագրերի պատասխանատու
Երբ 20-րդ դարի առաջին քառորդի վերջում հայ գաղթաշխարհը, շնորհիւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան պետական այրերի, քաղաքականացւում էր ու վերածւում սփիւռքի, վերջինիս առջեւ ծառացած բազմաթիւ մարտահրաւէրներից մէկն էլ ազգային-պետական իտէալների պահպանումն էր, զարգացումը եւ նոր սերունդներին փոխանցումը։ Սա կատարւում էր այն հաւատով, որ վաղ թէ ուշ, հայրենի պետութեան վերականգնումից եւ միջազգային նպաստաւոր իրավիճակի ձեւաւորումից յետոյ հնարաւոր կը լինէր նորովի հետապնդել մեր իրաւունքների վերատիրացման պայքարը։ Հայաստանի անկախութեան բացակայութեան պայմաններում հայկական սփիւռքը ե՛ւ քաղաքական, ե՛ւ համայնքային առումներով ինքնակազմակերպուեց, պետականութեան բացակայութեան պայմաններում շուրջ 7 տասնամեակ վառ պահեց պայքարի ոգին, հունաւորեց Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման աշխատանքները, ամէն կերպ սատար կանգնեց ղարաբաղեան շարժմանն ու նպաստեց Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Արդէն անկախութեան շրջանում սփիւռքը, գոնէ դրա քաղաքականապէս ակտիւ մասը, նեցուկ ու զօրակից էր նորանկախ հայրենիքին։

2020 թ. արցախեան պատերազմը, ապա 2023 թ. էթնիկ զտման ցեղասպան քաղաքականութիւնը խիստ բացասական ազդեցութիւն ունեցաւ նաեւ հայկական սփիւռքի վրայ՝ վերջինիս մօտ խորացնելով յուսահատութիւնը, ընկճուածութիւնը եւ հայրենազրկման ցաւը։ Այդ ամէնին գումարուեց նաեւ Հայաստանի Հանրապետութեան, որպէս պետութեան թուլացումն ու ազգային իտէալների դէմ պայքարի ելած ապաշնորհ իշխանութիւնները։
Անկեղծութեան համար սակայն պէտք է նշել, որ հայկական սփիւռքի գոնէ քաղաքական հատուածը, շատ աւելի արագ ու արդիւնաւէտ յաղթահարեց շոկը, քան Հայաստանի Հանրապետութեան քաղաքական դաշտը, յատկապէս իշխանական։

Այսօր արդէն, հայկական սփիւռքի հիմնական քաղաքական կազմակերպութիւնների քաղաքական առաջնահերթութիւնների ու գործունէութեան հիմնական ուղղութիւնների վերլուծութիւնը ցոյց է տալիս, որ հայկական սփիւռքը սթափ քաղաքական գնահատումների ու պրագմատիկ մօտեցումների կարողականութիւն ունի, ինչի որոշ արդիւնքների ու սփիւռքին պարտադրուած նոր մարտահրաւէրներին կ’անդրադառնանք ստորեւ։
Քանիցս առիթ ունեցել ենք Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների համաշխարհային ցանցը բնորոշել որպէս հայկական սփիւռքի քաղաքական գործունէութեան հիմնական դերակատար, ուստի հայկական սփիւռքի քաղաքական գործունէութեանը կ’անդրադառնանք Հայ դատի համակարգի դիտանկիւնից։

Ի հարկէ երկար կարող ենք խօսել Հայաստանի Հանրապետութեան, դրա շուրջ ստեղծուած ռազմաքաղաքական իրավիճակի, իշխանութիւնների ապաշնորհութեան եւ առհասարակ պետութեան միջազգային ազդեցութեան վերաբերեալ, սակայն սոյն յօդուածում առաջարկում ենք Հայաստանի Հանրապետութեանն ընդունել այնպէս ինչպէս որ այն այժմ կայ եւ փոխարէնը կեդրոնանալ հայկական սփիւռքի նոր մատահրաւէրի վրայ՝ այն է, Հայաստանի Հանրապետութեան օբիեկտիւ ու սուբիեկտիւ կաշկանդուածութեան պայմաններում իրապէս իրականացնել ազգային նպատակների միջազգային հետապնդումը, մինչեւ Հայաստանում եւ արտաքին ասպարէզում համեմատաբար բարենպաստ իրավիճակի ձեւաւորումը։

Ընդհանրապէս քաղաքական գիտութեան մէջ ընդունուած է կարծել, որ սփիւռքները գրեթէ միշտ հանդէս են գալիս ազգային շահի ընկալման, մեկնաբանման ու հետապնդման ինքնուրոյնութեամբ։ Այդ ինքնուրոյնութիւնը դրսեւորւում է ինչպէս ընդունող, այնպէս էլ հայրենի պետութիւններից։ Նաեւ դա է պատճառը, որ արդի միջազգային յարաբերութիւններում սփիւռքները հանդէս են գալիս որպէս անդրազգային անկախ քաղաքական դերակատարներ, որոնց սահմանած քաղաքական հայեցակարգերը յաճախ կարող են ուղենշային մակարդակի բարձրանալ՝ էապէս տարբերուելով ազգային շահի՝ հայրենի պետութեան մեկնաբանումից։ Վերջին շրջանում քիչ չեն իրադարձութիւնները, որոնք լինելով հայկական սփիւռքի քաղաքական գործունէութեան արդիւնք, յանգեցրել են միջազգային յարաբերութիւններում հայկական խնդիրները շօշափող այնպիսի հարցերի քննարկման, որոնք դուրս են Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքականութեան շրջանակից, բայց անվիճելիօրէն բխում են հայութեան ազգային-պետական շահերից։

Վերջին երկու ամիսների ընթացքում օրինակ, ասուածի իրականութիւնը վկայող բազմաթիւ փաստեր կան։ Նախ Գանատայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին Արցախի հայաթափման առաջին տարելիցի առթիւ հանդէս եկաւ յատուկ յայտարարութեամբ, ինչին նախորդել էր Հայ դատի Գանատայի յանձնախումբի պաշտօնական ակտիւ հաղորդակցութիւնը նախարար Ժոլիի հետ։ Ի թիւս այնի՝ նախարարը նկատել էր, որ Գանատան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը եւ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականութեան յարգման սկզբունքներին եւ ինքնորոշման իրաւունքին՝ այս տարածաշրջանի ժողովրդի համար արդար եւ տեւական խաղաղութեան հասնելու բանակցութիւններում։ Ըստ Ժոլիի դա պէտք է ենթադրի հայ խաղաղ բնակիչների վերադարձի անվտանգ եւ արժանապատիւ իրաւունքը, երաշխաւորի մարդու իրաւունքների եւ քաղաքացիական կենսամիջոցների պաշտպանութիւնը եւ տարածքում հայկական մշակութային ու պատմական վայրերի պահպանումը:

Աւելի ուշ, ՀՀ անկախութեան օրուայ առթիւ, ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու, երկրի գործող փոխնախագահ Քամալա Հարիսը հրապարակել էր ուղերձ՝ ուղղուած ամերիկահայութեանը։ Դրանում Հարիսը աջակցութիւն է յայտնել «Լեռնային Ղարաբաղից տեղահանուած հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրաւունքին»։ Դեմոկրատ թեկնածուն նաեւ նկատել է. «Մենք երբեք չպէտք է մոռանանք Հայոց ցեղասպանութիւնը», ինչպէս նաեւ՝ յանձնառու է «Հայաստանի եւ իր հարեւանների միջեւ ինքնիշխանութիւնը, անկախութիւնը եւ տարածքային ամբողջականութիւնը յարգող կայուն խաղաղութեանը հասնելուն»:

Արդէն օրեր անց, նախագահի հանրապետական թեկնածու եւ արդէն իսկ ընտրուած նախագահ Տոնալտ Թրամփն էր նախ սոցցանցային գրառում կատարել՝ օգտագործելով «Արցախ» բառն ու կատարուածը որակելով որպէս էթնիկ զտում, ապա եւ հեռախօսազրոյց ունեցել Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսի հետ։ Համաձայն, Անթիլիասի մայրավանքի յայտարարութեան՝ նախագահ Թրամփի ու Արամ Ա.-ի հեռախօսազրոյցի ընթացքում վերջինիս կողմից բարձրացուել է ԱՄՆ առաջիկայ կառավարութեան կողմից արցախահայութեան վերադարձի ու ինքնորոշման իրաւունքներին զօրակցութեան կարեւորութիւնը, ինչպէս նաեւ ընդգծուել է արցախահայութեան դէմ իրագործուած ցեղասպանական գործողութիւնների համար պատասխանատուութեան ենթարկելու անհրաժեշտութիւնը։ Կաթողիկոսի կողմից նաեւ անհրաժեշտ է նկատուել նոր կառավարութեան մէջ ունենալ ամերիկահայ համայնքը ներկայացնող անձ։

Ուշագրաւ է, որ Արամ Ա.-ն առաջարկել է բարձրացուած հարցերի վերաբերեալ խորհրդակցել ինչպէս ԱՄՆ երկու ափերի ազգային առաջնորդարանների, այնպէս էլ Հայ դատի Ուաշինկթոնի գրասենեակի պատասխանատուների հետ։

Տեղափոխուելով Եւրոպա. միայն Հոկտեմբերի վերջին եւ Նոյեմբերի սկզբին, Հայ դատի Եւրոպայի գրասենեակի աշխատանքների արդիւնքում համաեւրոպական մակարդակում արձանագրուել են արցախահայութեան իրաւունքների իրացման պահանջով մի քանի կարեւոր իրադարձութիւններ՝ քաղաքական եւ քարոզչական բնոյթի։

Նախ, Հոկտեմբերի 22-ին Եւրոպական խորհրդարանի Ստրասպուրկի լիագումար նիստի ընթացքում խորհրդարանի աւելի քան 30 պատգամաւորներ իրենց ելոյթներում անդրադարձել են Արցախում ատրպէյճանական ցեղասպան քաղաքականութեանը։ Եւրոպական խորհրդարանի պատգամաւորների կողմից, ի թիւս այլնի, կարեւորուել է հայ ռազմագերիների ազատ արձակումը, հայկական մշակութային ժառանգութեան պաշտպանութիւնը, արցախցիների՝ արժանապատիւ ու ապահով վերադարձի իրաւունքի իրացումը։ COP 29-ին ընդառաջ՝ խստօրէն քննադատուել է Ալիեւի ռեժիմի յանցագործ քաղաքականութիւնը։ Մի շարք պատգամաւորներ հանդէս են եկել Ատրպէյճանի նկատմամբ թիրախային պատժամիջոցների կիրառման, ԵՄ էներգետիկ համագործակցութիւնը դադարեցնելու պահանջներով։ Կարեւոր էր նաեւ Պաքուի կողմից միջազգային կառոյցներում կոռուպցիոն սխեմաներ ստեղծելու եւ օտարերկրեայ պաշտօնեաներին կաշառելու կամ շանտաժի ենթարկելու դրսեւորումների մասին պատգամաւորների զգուշացումներն ու յայտարարութիւնները։

Արդէն Հոկտեմբերի 24-ին խորհրդարանն ընդունեց «Ատրպէյճանում տիրող իրավիճակի, մարդու իրաւունքների եւ միջազգային իրաւունքի խախտման ու Հայաստանի հետ յարաբերութիւնների մասին» բանաձեւը, որի նախաբանում Եւրոպական խորհրդարանը գտնում է, որ Ատրպէյճանի կողմից մարդու իրաւունքների շարունակական խախտումներն անհամատեղելի են այդ երկրում COP-29-ի անցկացման հետ։ Նաեւ արձանագրւում է Ատրպէյճանում մարդու իրաւունքների շարունակաբար վատթարացումը, միջազգային իրաւունքի կոպիտ խախտումները՝ այդ թւում Հայաստանի հանդէպ ագրեսիւ պահուածքը, քաղաքացիական հասարակութեան եւ լրատուամիջոցների նկատմամբ խիստ սահմանափակումները, եւրոպական պաշտօնեաներին կաշառելու՝ «խաւիարային դիւանագիտութեան» արատաւոր մեխանիզմները, 2023 թ. Լեռնային Ղարաբաղի անօրինական շրջափակումը, միջազգային իրաւունքի խախտմամբ իրականացուած յարձակումը, էթնիկ զտումները, 23 հայերի՝ այդ թւում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան պատանդառումը, ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան: Խորհրդարանը վերահաստատում է իր դիրքորոշումը, առ այն, որ ԵՄ-ն պէտք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած ֆիզիքական անձի եւ կազմակերպութեան նկատմամբ, որը սպառնում է Հայաստանի ինքնիշխանութեանը, անկախութեանը եւ տարածքային ամբողջականութեանը.

Բանաձեւի բուն տեքստում խորհրդարանը, COP 29-ին ընդառաջ, խստօրէն դատապարտում է Ալիեւի ռեժիմին, գործադիր իշխանութեանը կոչ է անում կասեցնել Ատրպէյճանի հետ էներգետիկ յուշագիրը, յորդորում է դուրս բերել զինուած ուժերը ՀՀ ինքնիշխան տարածքից, դատապարտում է Հայաստանի նկատմամբ ագրեսիան, ողջունում է որոշ անդամ պետութիւնների կողմից Հայաստանին տրամադրուող պաշտպանական ռազմական օժանդակութիւնը։ Խորհրդարանը պահանջում է արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացում, արցախահայութեան հետ անկեղծ ու թափանցիկ երկխօսութեան մեկնարկ՝ վերջիններիս իրաւունքների պաշտպանութեան համար երաշխիքների տրամադրման շուրջ։

Խորհրդարանը նաեւ կարեւորում է Արցախի դէմ կատարուած պատերազմական յանցագործութիւնների անկախ յետաքննութեան, ինչպէս նաեւ Արցախի գրաւումից յետոյ ձերբակալուած անձանց ազատ արձակման անհրաժեշտութիւնը։ Յատուկ անդրադարձ կայ Արցախի պատմամշակութային ժառանգութեան պաշտպանութեանը, ինչի համատեքստում պահանջւում է ԵՈՒՆԵՍՔՕ-ի համապատասխան առաքելութեան մուտքը տարածաշրջան։
Եւրոպական խորհրդարանի պատգամաւորների շրջանում, Հայ դատի Եւրոպայի գրասենեակը ծաւալուն աշխատանքների արդիւնքում, որոնք COP 29-ին ընդառաջ, միտուած էին բարձրացնելու նրանց իրազեկուածութիւնը Ատրպէյճանում մարդու իրաւունքների եւ բնապահպանական խնդիրների վերաբերեալ, Խորհրդարանի հիմնական քաղաքական խմբերը ներկայացնող թուով 52 պատգամաւորներ Հոկտեմբերի վերջին ու Նոյեմբերի սկզբին ստորագրել են յայտարարութիւն, որով Ատրպէյճանին կոչ են անում անյապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, երաշխաւորել Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութիւնը, ատրպէյճանական զինուժը դուրս բերել ՀՀ բռնագրաւուած տարածքներից։

Աւելի ուշ՝ Նոյեմբերի 5-ին Եւրոպական խորհրդարանի կիպրոսցի պատգամաւոր Լուկաս Ֆուրլասի եւ ՀՅԴ Հայ դատի Եւրոպայի գրասենեակի համատեղ աշխատանքի արդիւնքում Եւրոպական խորհրդարանում, անցկացուել է «COP 29-ը Պաքուում. քօղարկելով էթնիկ զտումը» խորագրով խորհրդաժողովը, որին մասնակցում էին Եւրոպական խորհրդարանի տարբեր քաղաքական խմբեր ներկայացնող պատգամաւորներ, պելճիքացի քաղաքական գործիչներ, դիւանագէտներ, քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչներ, լրագրողներ եւ պելճիքահայ համայնքի ներկայացուցիչներ։

Խորհրդաժողովի նպատակն էր կեդրոնանալ Ատրպէյճանում COP 29-ի անցկացմանն առնչուող տարբեր խնդիրների վրայ՝ Արցախի էթնիկ զտումների ետնապատկերում։ Խորհրդաժողովի ընթացքում անդրադարձ է կատարուել Արցախի հայութեան բռնի տեղահանումը պարտակելուն միտուած՝ Ատրպէյճանի կառավարութեան շարունակական արշաւին, ինչպէս նաեւ մարդու իրաւունքների խախտումների եւ շրջակայ միջավայրի հանդէպ այդ երկրի աղաղակող վերաբերմունքին։ Ընդհանուր առմամբ քննարկումները ծաւալուել են քաղաքական, բնապահպանական եւ մարդու իրաւունքների ոլորտներում Ատրպէյճանի ապակառուցողական դիրքորոշումների վերհանման շրջանակում:

Այսպիսով, ակնյայտ է, որ Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների կատարած նպատակադրուած աշխատանքի արդիւնքում, որոնք վերջին ամիսների ընթացքում շեշտադրւում էին նաեւ Պաքուում COP 29-ի անցկացման համատեքստում, հայութեան համար առանձնակի կարեւորութիւն ունեցող խնդիրները, յատկապէս վերադարձի իրաւունքը, արցախահայութեան հաւաքական այլ իրաւունքների խնդիրները, ռազմագերիների եւ գերիների ազատ արձակումը, Արցախի պատմամշակութային ժառանգութեան պահպանումը, Ատրպէյճանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, միջազգային յարաբերութիւններում Ատրպէյճանի նկատմամբ օբիեկտիւ իրազեկուածութեան բարձրացումը եւ այլն բարձրացան քննարկումների ամենաբարձր մակարդակներ։ Փաստ է, որ վերոգրեալը Հայաստանի Հանրապետութեան արտաքին քաղաքական առաջնահերթութիւնները չեն եւ նոյնիսկ արտաքին յարաբերութիւնների օրակարգում էլ չեն։ Փաստ է նաեւ, որ հայկական սփիւռքը միայնակ կարողացել է այս հարցերը դարձնել միջազգային քննարկման առարկայ՝ դրանով լուծելով ներկայ ժամանակաշրջանի համար ռազմավարական կարեւորութեան մէկ խնդիր՝ ղարաբաղեան հակամարտութիւնը պահել միջազգային օրակարգում։ Ըստ մեզ հենց սա է հայկական սփիւռքի նորօրեայ մարտահրաւէրը՝ ամէն գնով չլուծուած հակամարտութիւնը պահել միջազգային ասպարէզում, մինչեւ որ հայրենիքում եւ արտերկրում քաղաքական զարգացումները թոյլ կը տան աւելի նպաստաւոր դիրքերից հետապնդել այս խնդիրը։

Comments are closed.