Հայկական հարցն ու Հայաստանի անվտանգային համակարգը

Արցախեան 44-օրեայ պատերազմից յետոյ հայկական երկու պետութիւնները կրկին կանգնեցին անվտանգային լուրջ ճգնաժամի առջև։ Հայաստանի համար մշտական այս խնդիրը յատկապէս օրախնդիր դարձաւ այն բանից յետոյ, երբ պատերազմի հետևանքով թշնամու վերահսկողութեան տակ անցած ընդարձակ տարածքները, որոնք անկախութիւնից ի վեր մեր անվտանգութեան համակարգի կարևոր բաղադրեալներից էին, թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից սկսեցին օգտագործուել որպէս նոր տարածքներ զաւթելու պլացդարմ։ Հայ հանրութեան համար պարզ դարձաւ, որ տարիներ շարունակ մեր գիտակցութեան մէջ ներարկուող այն թեզը, թէ իբր Արցախի ազատագրած շրջանները թշնամուն յանձնելուց յետոյ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական յարաբերութիւնները խաղաղ զարգացման շրջան կը թևակոխեն, բացարձակ կեղծիք ու սուտ էր։ Պատերազմի աւարտից անցել է գրեթէ մէկուկէս տարի, Ադրբեջանը դրա հետևանքով ստացել է իր պահանջած բոլոր տարածքները (ընդ որում՝ հիմնականում առանց զէնք կիրառելու), սակայն մինչ օրս շարունակում է նոր դիրքեր և անգամ բնակավայրեր գրաւել։ Դրան զուգահեռ՝ Թուրքիայի ակտիւութիւնը մեր տարածաշրջանում աննախադէպ ծաւալների է հասել։ ԽՍՀՄ փլուզումից յետոյ Անկարան երբեք այնքան ազատութիւն չի ունեցել Հարաւային Կովկասում, որքան այսօր։

Թուրքիայի իշխանութիւնների՝ տարիներ շարունակ իրականացուող փորձերը՝ ազդելու մեր տարածաշրջանի քաղաքական զարգացումների վրայ, մշտապէս տարբեր խոչընդոտների են հանդիպել։ Դրանց ընդդիմացել են թէ՛ Ռուսաստանի, թէ՛ ԱՄՆ-ի, թէ՛ եւրոպական երկրների իշխանութիւնները։ Վերջիններիս Հարաւային Կովկասում յաջողուել է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ տարածաշրջանային բոլոր կարևոր խնդիրները քննարկւում էին բացառապէս աշխարհաքաղաքական այդ երեք կենտրոնների միջև։ Թուրքիայից բացի՝ այդ համակարգ մուտքի իրաւունք չունէր նաև Իրանի Իսլամական Հանրապետութիւնը։ Ընդ որում, եթէ Թուրքիայի առջև դրուած արգելքի հիմնական գործիքը Հայկական հարցն էր, ապա Իրանը զրկուած էր Հարաւային Կովկասում ակտիւ դերակատարութիւն ունենալու հնարաւորութիւնից այն պատճառով, որ դրան դէմ էին Թուրքիայի դաշնակիցներ ԱՄՆ-ն ու Ադրբեջանը։ Այսինքն՝ Թուրքիայի՝ իբրև տարածաշրջանային գործօնի չէզոքացումը յանգեցրել էր նաև Իրանի հնարաւորութիւնների սահմանափակման, ինչը, աշխարհաքաղաքական կենտրոնների և տարածաշրջանային երկրների ընկալմամբ, հաւասարակշռում էր Թուրքիայի բացակայութիւնը մեր տարածաշրջանի քաղաքական զարգացումներում։

Սա, իհարկէ, ուժերի հաւասարակշռման բարդ մեխանիզմ էր, որը ենթակայ էր արտաքին բազում ազդեցութիւնների։ Բայց Հարաւային Կովկասում ծաւալուող բազմաթիւ հակամարտութիւնների փաստն ու դրանց կարգաւորման ուղիների որոնման հարուստ փորձը ի վերջոյ ստեղծել էին մի մեխանիզմ, որը թոյլ էր տալիս Ռուսաստանին, ԱՄՆ-ին ու Եւրոպային որոշակի համագործակցութեան դիմել մեր տարածաշրջանում և իրենց համար կարևոր խնդիրները լուծել բանակցութիւնների սեղանի շուրջ։ Խօսքը վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ինստիտուտին, որի համանախագահները Արցախեան խնդրի լուծման համատեքստում Հարաւային Կովկասում, իսկ իրականում՝ նաև Կասպից և Սև ծովերի աւազաններում, համաձայնեցնում էին իրենց բոլոր գործողութիւնները։

Անվտանգային խնդիրներ լուծելու տեսանկիւնից հայկական պետութիւնների համար սա բաւական արդիւնաւէտ համակարգ էր առնուազն երկու պատճառով․ նախ՝ որովհետև Թուրքիան որևէ կերպ չէր կարող ազդել ադրբեջանա-արցախեան հակամարտութեան ընթացքի վրայ, և երկրորդ՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ Հայաստանն ունէր շատ վստահելի և զարգացման մեծ հեռանկարով յարաբերութիւններ։ Իսկ ամենակարևոր հանգամանքն այն էր, որ թէ՛ Ռուսաստանը, թէ՛ Միացեալ Նահանգներն ու Եւրոպան շահագրգռուած էին Թուրքիայի՝ յարակից տարածաշրջաններում աճող հնարաւորութիւնների սահմանափակմամբ։ Նրանցից իւրաքանչիւրն իր պատճառներն ունէր։ ԱՄՆ-ում վստահ էին, որ թուրքական պետութիւնների հետ աշխարհաքաղաքական բևեռ ձևաւորելուց յետոյ Թուրքիան դուրս կու գայ Արևմուտքի ազդեցութեան գօտուց և ինքնուրոյն ուժեղ գործօն կը դառնայ։ Ռուսաստանը մտահոգուած էր Թուրքիայի ակտիւացման պատճառով Հարաւային Կովկասը, իսկ հետագայում նաև Հիւսիսային Կովկասում գտնուող ռուսական որոշ տարածքներ կորցնելու վտանգաւոր հեռանկարով։ Իսկ Եւրոպան լաւ էր հասկանում, որ ուժեղ Թուրքիա նշանակում է մեծ սպառնալիք արևելքից, որի դէմ հին աշխարհը պայքարելու ռեսուրս գրեթէ չունի։

Ուժերի հաւասարակշռման և անվտանգային համակարգի այս ողջ մեխանիզմի անկիւնաքարը, ինչպէս նշեցինք, Հայկական հարցն էր։ Իհարկէ, այդ իրողութիւնը, որպէս կանոն, երբեք չէր բարձրաձայնւում, բայց և այնպէս տեսանելի էր, որ Հարաւային Կովկասում Թուրքիայի ախորժակը սահմանափակելու ուրիշ փաստարկ աշխարհաքաղաքական կենտրոնները չունէին։ Նրանք մշտապէս մատնացոյց էին անում այն փաստը, որ Հայոց ցեղասպանութիւնը չճանաչած Թուրքիան չի կարող միջնորդ լինել հայ-ադրբեջանական յարաբերութիւններում։ Աւելին՝ Ադրբեջանին օգնութիւն ցուցաբերելու համար Թուրքիան շարունակում էր թշնամական քաղաքականութիւն վարել Հայաստանի նկատմամբ՝ փակ պահելով մեր երկրի սահմաններն արևելքում։ Էլ չենք խօսում Թուրքիայի՝ Ադրբեջանին տրամադրած քաղաքական, տնտեսական և ռազմական օգնութեան մասին։ Բնական է, որ այդ պայմաններում Ռուսաստանը, ԱՄՆ-ն և ԵՄ-ն շատ հեշտ էին հակադարձում Անկարայի՝ Հարաւային Կովկասում որոշակի քաղաքական դերակատարում ստանձնելու բոլոր փորձերին։ Նուազագույն պահանջը՝ Հայոց ցեղասպանութեան ճանաչումը, արագ դրւում էր Թուրքիայի իշխանութիւնների առջև։

Աւելին՝ Հայոց հարցը եղել է և շարունակում է մնալ Թուրքիայի ակտիւութիւնը զսպող գործօն նաև այլ տարածաշրջաններում, օրինակ՝ Մերձաւոր Արևելքում և ընդհանրապէս ողջ Եւրոպայում։ Այսպէս՝ Եւրամիութեանը Թուրքիայի անդամակցութեան հիմնական նախապայմաններից մէկը հէնց Հայոց ցեղասպանութեան ճանաչումն է։ Եւ բանն ամենևին այն չէ, որ եւրոպական մայրաքաղաքները տառապում են պատմական արդարութիւնը վերականգնելու մոլուցքով։ Ո՛չ։ Պարզապէս հաւաքական Եւրոպայի մայրաքաղաքը՝ Բրիւսելը, լաւ է հասկանում, որ Թուրքիայի անդամակցութիւնը ԵՄ-ին ամբողջութեամբ կայլափոխի այդ կառոյցը և բազում մարտահրաւէրներ կը ստեղծի հին աշխարհի համար արդէն ոչ միայն յարակից տարածաշրջաններում, այլև հէնց եւրոպական աշխարհամասում։ Իսկ Հայոց ցեղասպանութիւնն այն պատրուակն է, որը թոյլ է տալիս եւրոպացիներին յայտարարել, թէ թուրքերը չեն ճանաչում Արևմուտքի հիմնարար արժէքները և դեռ շատ հեռու են քաղաքակիրթ լինելու եւրոպացիների պատկերացումներից։

Հասկանալի է, որ նման իրավիճակում Թուրքիան պէտք է ամէն ինչ անէր այդ կապանքներից ազատուելու համար։ Թուրքական իշխանութիւնների՝ երկար տասնամեակների քաղաքականութիւնը ժխտողականութիւնն էր։ Սակայն մեր Սփիւռքի, իսկ հետագայում նաև պետութեան ջանքերով Հայկական հարցը վերջապէս դարձաւ այնպիսի գործօն, որը սկսեց Թուրքիայի դէմ գործել անգամ Հայաստանի ու հայութեան կամքից անկախ։ 2008 թ․ հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում Աբդուլա Գիւլի իշխանութիւնը մեծ յոյս ունէր, որ Հայաստանի հետ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելով ու սահմանները բացելով կարող է չէզոքացնել նաև Հայկական հարցի գործօնը, սակայն երբ պարզ դարձաւ, որ միջազգային մեծ աղմուկ հանած այդ գործընթացը որևէ կերպ չի ազդելու Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման, ինչպէս նաև այդ զսպաշապիկից ազատուելու Անկարայի ցանկութեան վրայ, Թուրքիայի իշխանութիւնները ետ կանգնեցին Հայաստանի հետ յարաբերութիւնները կարգաւորելու՝ իրենց իսկ ստանձնած պարտաւորութիւններից։

Հակառակ Թուրքիայի՝ Հայկական հարցից ձերբազատուելու բոլոր ջանքերին՝ պաշտօնական Երևանը հետզհետէ ուժեղացնում էր Հայոց ցեղասպանութեան՝ Թուրքիայի վրայ ճնշում գործադրելու և նրա ագրեսիւ քաղաքականութիւնը զսպելու գործօնը։

2015 թ․ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի միջոցառումների արդյունքում Թուրքիայի ժխտողականութեան քաղաքականութիւնը ջախջախիչ պարտութիւն կրեց։ Նոյն թուականին ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեան իր 69-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունեց Հայաստանի կողմից նախաձեռնուած՝ դեկտեմբերի 9-ը Ցեղասպանութիւն յանցագործութեան զոհերի յիշատակի ու արժանապատուութեան և այդ յանցագործութեան կանխարգելման միջազգային օր հռչակելու վերաբերեալ բանաձևը: Այդ ամէնի շնորհիւ Հայաստանը կարողացաւ կարևոր դերակատարում ստանձնել համաշխարհային քաղաքական օրակարգերում․ մենք դարձանք մարդկութեան դէմ իրականացուող յանցագործութիւնները կանխելու անհրաժեշտութիւնն արտայայտող հիմնական ուժը։ Մերձաւոր Արևելքում և յատկապէս Սիրիայում այդ ժամանակ ընթացող ցեղասպանական զարգացումների լոյսի ներքոյ սա անասելի մեծ առաքելութիւն էր, որը, փաստօրէն, ողջ միջազգային հանրութեան կողմից դրուեց հէնց հայկական պետութեան ուսերին։ Դրա հետևանքով միջազգային յարաբերութիւններում Հայաստանը տեղափոխւում էր միանգամայն այլ մակարդակ, որտեղ կարելի էր քաղաքական ճիշտ հաշուարկուած քայլերով անվտանգութեան բաւական լուրջ խնդիրներ լուծել մեր ժողովրդի համար։ Եւ այդ գործը յաջողութեամբ ընթանում էր մինչև 2018 թ․ յեղաշրջումը։ 2018 թուականից սկսած՝ Հայաստանում և մեր հարևանութեամբ ամէն ինչ սկսեց արագ փոխուել։

Հայաստանի նոր իշխանութիւնները մի քանի ամսուայ ընթացքում բառացիօրէն ոչնչացրին նախորդ տասնամեակների ընթացքում ձևաւորուած անվտանգութեան բոլոր համակարգերը, այդ թւում՝ Հայկական հարցի՝ Թուրքիայի ակտիւութիւնը զսպող գրեթէ ողջ պոտենցիալը։ Փաշինեանի կառավարութիւնը դադարեց սպասարկել համահայկական և անվտանգութեան կարևորութիւն ունեցող օրակարգերը՝ բոլոր ուժերը կենտրոնացնելով երկրի ներսում սեփական իշխանութիւնն ամրապնդելու՝ իր համար կարևոր խնդրի ուղղութեամբ։ Այդ ընթացքում նրանք նոյնիսկ յանցաւոր համաձայնութեան եկան Ադրբեջանի իշխանութիւնների հետ, ինչի հետևանքով թշնամին սեփական առաջնագիծն ուժեղացնելու և հայկական յենակէտերի նկատմամբ գերակայ դիրքեր զբաղեցնելու հնարաւորութիւն ստացաւ։ Իսկ այնուհետև՝ 44-օրեայ պատերազմի նախաշեմին, պաշտօնական Երևանը ոչինչ չարեց, երբ Թուրքիան ամենաբարձր մակարդակով ինքն իրեն ադրբեջանա-արցախեան հակամարտութեան կողմ հռչակեց։ Այդ պահից սկսած՝ Անկարայի համար պարզ դարձաւ, որ Հարաւային Կովկաս ներխուժելու լաւ հնարաւորութիւն է ստեղծուել իր համար, ինչից և նա օգտուեց 2020 թ. պատերազմի ընթացքում։ Հայկական հարցը, սակայն, դրանով չի կորցրել իր կարևորութիւնը հայկական պետութիւնների անվտանգութեան ապահովման համար։

Ճիշտ է, այդ գործօնը թուլացած և գրեթէ չէզոքացուած է, սակայն ճիշտ քաղաքականութեան պարագայում այն կրկին կարող է իր ուրոյն դերը ստանձնել Հայաստանի և տարածաշրջանի անվտանգային համակարգում։ Մանաւանդ որ Թուրքիայի ակտիւութիւնը զսպելու խնդիրը շարունակում է նոյնքան կարևոր մնալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եւրոպայի համար, որքան մինչև 2018-2020 թթ. իրադարձութիւններն էին։ Պարզապէս անհրաժեշտ է, որ հայկական պետութիւնը կրկին սկսի զբաղուել իր ազգային օրակարգերով և դադարեցնի ամէն գնով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղ ապրելու փորձերը։

Իսկ դրա համար Հայաստանում պէտք է իշխանութիւն փոխուի։ Միայն այդ պարագայում մեր երկիրը սեփական անվտանգային համակարգերը վերականգնելու նոր հնարաւորութիւն կը ստանայ։

 

Հրանտ Մելիք-Շահնազարեան

«Դրօշակ» թիւ 4,(1665), 022թ․

Leave a Comment

You must be logged in to post a comment.