«Հայաստան» խմբակցութիւնը հրապարակել է Սահմանազատման և Սահմանագծման մասին յայտարարութիւնը
ԱԺ «Հայաստան» խմբակցութիւնն այսօր հրաւիրել էր ԱԺ արտահերթ նիստ՝ սահմանագծման և սահմանազատման թեմայով։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութիւնը տապալեց նիստը՝ չմասնակցելով։ Նիստի արդիւնքում պէտք է ընդունուէր ԱԺ հետևեալ յայտարարութիւնը, որը հրապարակել է «Հայաստան» խմբակցութիւնը․
«Հիմք ընդունելով Սահմանադրութեան 103-րդ յօդուածը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրէնքի 98-րդ յօդուածը՝
Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովը
Դատապարտում է՝
ա) Թուրք-ադրբեջանական ագրեսիան և Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետութեան տարածքների բռնազաւթումը, ադրբեջանական զինուած ուժերի կողմից Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքներ ներխուժումը, ուժի շարունակական գործադրումը կամ այն գործադրելու իրական սպառնալիքները, փաստացի սահմանագծման և սահմանազատման գործողութիւնները։
բ) Գերեվարուած, պատանդառուած անձանց նկատմամբ միջազգային իրաւունքի կոպտագոյն խախտումները, նոր գերեվարումների դէպքերը, կեղծ դատավարութիւնների պատրուակով նրանց չյանձնելը, պատերազմական յանցագործութիւն համարուող այլ գործողութիւնները:
Արձանագրում է, որ
ա) 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնից յետոյ էլ Ադրբեջանի կողմից վերը նշուած յանցաւոր գործողութիւնները շարունակւում են՝ ուղեկցուելով ՀՀ և ԱՀ տարածքների նկատմամբ ոտնձգութիւններով, խաղաղ բնակիչների նկատմամբ ահաբեկչութիւններով, բռնազաւթուած բնակավայրերում պատմամշակութային ժառանգութեան ոչնչացումով կամ իւրացումով:
բ) Արցախի ժողովրդի անվտանգ և կայուն կենսագործունէութեան երաշխաւորման համար անհրաժեշտութիւն է Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրակազմի տեղակայման 5 ամեայ ժամկէտի առնուազն նոյն ժամկէտով երկարաձգումը՝ Կողմերից մէկի, այդ ժամկէտը լրանալուց 6 ամիս առաջ երկարաձգման յայտարարութեան հիման վրայ:
գ) Պետական սահմանների որոշումը սահմանակից պետութիւնների բացառիկ իրաւասութեան ոլորտն է, որը պէտք է բխի ՄԱԿ-ի «Միջազգային պայմանագրերի իրաւունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի (1969), Հելսինկիի եզրափակիչ ակտի (1975) և ԵԱՀԿ քարտուղարութեան «Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում, հրատապ հարցեր և լուծման ուղիներ» (2017) փաստաթղթի հայեցակարգային նորմերից, այդ թւում այն սկզբունքից, համաձայն որի առ ոչինչ է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով ձեռքբերուած ցանկացած միջազգային համաձայնութիւն:
գ) ԵԱՀԿ Մինսկի խումբն է միջազգայնօրէն ճանաչուած այն ձևաչափը, որի շրջանակներում կարգաւորուելու և իրացուելու է Արցախի ժողովրդի` իր պատմական տարածքում ինքորոշման երաշխաւորուած իրաւունքը, միջազգային իրաւունքի սկզբունքներով ձևաւորուած Արցախի Հանրապետութեան դէ ֆակտօ գոյութեան ամրապնդումը, ինչպէս նաև Արցախի բռնազաւթուած տարածքների դէօկուպացիան՝ որպէս տարածաշրջանում խաղաղութեան հաստատման գլխաւոր նախապայման:
դ) Հիմնաւորուել է 44-օրեայ պատերազմում ահաբեկչական վարձկան խմբաւորումների ներգրաւմամբ Թուրքիայի բացայայտ մասնակցութիւնը, ինչը սակայն մնացել է անպատիժ՝ պատշաճ գնահատական չստանալով միջազգային հանրութեան կողմից։
Առաջնորդուելով ՀՀ Սահմանադրութեամբ, որի համաձայն Հայաստանի Հանրապետութեան տարածքի փոփոխութեանը վերաբերող հարցերը լուծւում են բացառապէս հանրաքուէի միջոցով, ինչպէս նաև ՀՀ Գերագոյն խորհրդի 1992թ. յուլիսի 8-ի որոշմամբ:
Հաստատում է, որ
ա) Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեանն ապօրինի բռնակցուած Արցախը չի կարող Ադրբեջանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան մաս կազմել: Ընդ որում, Ադրբեջանը իր Սահմանադրութեամբ չի ամրագրել Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութեանն իր իրաւայաջորդութիւնը:
բ) Հայաստանի Հանրապետութիւնը չունի միջազգային-իրաւական ոչ մի պարտաւորութիւն՝ հիմք ընդունելու որևէ քարտէզով արձանագրուած սահմանները, առաւել ևս, երբ այն չի համապատասխանում միջազգային լաւագոյն փորձին:
գ) Հայաստանի Հանրապետութիւնը ներկայացնող որևէ պաշտօնատար անձ, այդ թւում՝ գործադիր իշխանութեան ղեկավարը կամ այլ ներկայացուցիչ, չի կարող գրաւոր կամ բանաւոր համաձայնութիւն ձեռք բերել՝ խախտելով Արցախի Հանրապետութեանը և Հայաստանի Հանրապետութեանը վերաբերող իրաւական հիմնարար նորմերը: Այդպիսի ցանկացած համաձայնութիւն ի սկզբանէ առ ոչինչ է:
դ) Հայաստանի Հանրապետութեան և Ադրբեջանի Հանրապետութեան միջև վեճերը կարող են լուծուել բացառապէս խաղաղ միջոցներով՝ առանց ուժի և ուժի սպառնալիքի կիրառման:
Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնից պահանջում է.
ա) Զերծ մնալ որևէ բանակցութիւնից, գրաւոր կամ բանաւոր համաձայնութիւնից, որը կը խախտի Սահմանադրութիւնը, Հայաստանի Հանրապետութեան անկախութեան հռչակագրում ամրագրուած հայ ժողովրդի հաւաքական կամքը:
բ) Հայաստանի Հանրապետութեան և Ադրբեջանի Հանրապետութեան միջև սահմանագծման և սահմանազատման հարցում չկատարել այնպիսի գործողութիւններ, որոնք կարող են չեղարկել Արցախի ժողովրդի` իր պատմական տարածքում ինքորոշման իրաւունքի երաշխաւորուած իրացումը, այդ թւում որպէս անկախ սուբյեկտ ձևաւորուելու օրինական փաստը։
գ) Պետութեան անվտանգութեան ազգային և միջազգային երաշխիքների ամրապնդման նպատակով զարկ տալ բանակի վերականգմանն եւ սահմանների կահաւորմանը, յստակեցնել և կատարելագործել ռազմավարական գործընկերների հետ յարաբերութիւնները:
Կոչ է անում միջազգային կազմակերպութիւններին, ՄԱԿ-ի անդամ երկրների խորհրդարաններին դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացուած և շարունակուող յանցագործութիւնները, ձեռնարկել վերջիններիս իրաւական պատասխանատուութեան ենթարկելուն ուղղուած գործողութիւններ։
Հիմնաւորում
Ազգային ժողովի կողմից՝ ներկայացուած յայտարարութեան ընդունման հրամայականը բխում է այն վտանգաւոր և մտահոգիչ իրավիճակից, որն առկայ է Թուրքիայի անմիջական հրահրմամբ և աջակցութեամբ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերի 27-ին Հայաստանի և Արցախի Հանրապետութիւնների դէմ սանձազերծուած պատերազմի և չդադարող ռազմական ագրեսիայի հետևանքով:
Նիկոլ Փաշինեանի կողմից հնչեցւում են խիստ մտահոգիչ յայտարարութիւններ, որոնք չեն բխում միջազգային իրաւունքից, Հայ ժողովրդի կամքն արտայայտող Հայաստանի Հանրապետութեան սահմանադրութիւնից և Անկախութեան հռչակագրից, Արցախի ժողովրդի` իր պատմական տարածքում ինքորոշման իրաւունքի երաշխաւորուած իրացումից, արցախեան հիմնախնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ կարգաւորելու ընդունուած ձևաչափից:
Աւելին՝ անտեսելով Խորհրդային ժամանակաշրջանում Արցախի և Հայաստանի տարածքների Ադրբեջանի կողմից ապօրինի իւրացման փաստերը, չդիտարկելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարաւոր սահմանագծման և սահմանազատման հարցը արցախեան հիմնախնդրի խաղաղ կարգաւորման հետ մէկ փաթեթում, ստեղծւում է իրական վտանգ հայոց պետականութեան գոյութեան և հայ ժողովրդի անվտանգ լինելիութեան համար:
Յայտարարութիւնով Ազգային ժողովը, որպէս Սահմանադրութեամբ ամրագրուած՝ Հայ ժողովրդի բարձրագոյն ներկայացուցչական մարմին, իր քաղաքական դիրքորշումն է արտայայտում Հայոց պետականութեան կենսական կարևորութիւն ներկայացնող հարցերի վերաբերեալ՝ պահանջելով իր վերահսկողութեան ներքոյ գնտուող Հայաստանի գործադիր իշխանութիւնից առաջնորդուել Հայ ժողովրդի շահերով, սահմանագծման և սահմանազատման վերաբերեալ միջազգային ընդունուած կանոններին համապատասխան: Յայտարարութեան նախագծի վերաբերեալ «Հայաստան» խմբակցութիւնը 2021 թուականի նոյեմբերի 25-ին կազմակերպել է խորհրդարանական լսումներ, որի մասնակից բազմաթիւ հասարակական-քաղաքական, մտաւորական և գիտական շրջանակաների ներկայացուցիչների կողմից հնչել են բազմաթիւ առաջարկներ: Յայտարարութեան նախագիծը քննարկուել է նաև Ազգային ժողովի Արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովում: Հնչեցուած առաջարկների հիման վրայ յայտարարութեան նախագիծը լրամշակուել է և առաջադրւում է Ազգային ժողովում ընդունման համար»: