Եթէ այդ թուղթը ստորագրուի, Հայաստանը դառնալու է ոստիկանական պետութիւն. Վարդան Օսկանեան

Վարդան Օսկանեանը շարունակում է խօսել հայ-ատրպէյճանական բանակցութիւններում այլընտրանքային լուծումների մասին: Ֆէյսպուքեան հերթական ուղիղ եթերում ԱԳ նախկին նախարարը նկատեց՝ իր առաջարկի վերաբերեալ բազմաթիւ արձագանգներ է ստացել տարբեր շրջանակներից, այդ թուում՝ Սփիւռքից եւ Արցախից:

«Բոլորի մօտ միասնական կարծիք է ձեւաւորւում, որ կայ այլընտրանքային լուծում,- յաւելեց Վարդան Օսկանեանը՝ մանրամասնելով,- Այն, ինչ այսօր Փաշինեանն անում է, բոլորիս համար պարզ է, որովհետեւ այստեղ վերլուծելու հարց չկայ. ինքը յստակ ընդունում է, որ Արցախն Ատրպէյճանի մաս է, եւ այդպէս էլ լինելու է, եւ դրա դիմաց որեւէ պահանջ չկայ:

Պաքուի եւ Ստեփանակերտի երկխօսութեան մասին խօսակցութիւնները ժողովրդի աչքին թօզ փչել է: Այն պահին, երբ այդ երկխօսութիւնը կը սկսուի, փաստաթուղթը ստորագրելուց յետոյ, համարէք՝ Արցախն արդէն լուծարուել է Ատրպէյճանի մէջ, եւ հարցը փակուած:

Նախկին արտգործնախարարը Նիկոլ Փաշինեանի արածը, բացի անհասկանալի եւ անընդունելի լինելը, համարում է անիրատեսական:

«Այն, ինչ Փաշինեանն անում է, իրեն թուում է, թէ այս պահի դրութեամբ, ելնելով իրավիճակից, հարցի լուծման ամենահեշտ ճանապարհն է, բայց տալը նոյնիսկ հեշտ չէ:

Ինքն ուզում է տալ մի բան, որն իրենը չէ. նա ուզում է տալ մի տարածք, որը հազարամեակներ պատկանել է Արցախի ժողովրդին, որը երբէք անկախ Ատրպէյճանի կազմում չի եղել, որը նոյնիսկ սովետական շրջանում ունեցել է ինքնավար կարգավիճակ, մի տարածք, որը նախկին 30 տարիներում եղել է անկախ քաղաքական միաւորում: Տալ՝ հենց այնպէս, որ լուծարուի՝ իր ժողովրդով հանդերձ:

Այսօր աշխարհում 50-ից աւելի ինքնորոշման շարժումներ կան. մի մասը՝ հնից եկած, մի մասը՝ նոր շրջանի՝ ԽՍՀՄ փլուզումից յետոյ, բայց այդ 50-ն էլ իրենց գործընթացներն են ապրում: Որեւէ ժողովուրդ, ազգ, չի հրաժարուել այդ իրաւունքից. մենք՝ հայերս, առաջինն ենք լինելու:

Այս պահին 120-ից աւելի ինքնավար քաղաքական միաւորներ կան աշխարհում՝ 50-ից աւելի երկրների կազմում:

Աւելին ասեմ՝ Փաշինեանն ինչ անում է, խաղաղութեան չի կարող բերել. այս առումով եւս անիրատեսական է: Սա կարող է լաւ յարաբերութիւններ բերել Փաշինեանի իշխանութեան եւ Ատրպէյճանի միջեւ, բայց ոչ երբէք՝ հայ եւ ատրպէյճանցի ժողովուրդների միջեւ»:

Մէկ այլ կարեւոր գործօն, որն ընդգծեց դիւանագէտը, փաստաթղթի ստորագրումից յետոյ Հայաստանի Հանրապետութեանը սպառնացող անկայունութիւնն է:

«Եթէ պատերազմից յետոյ Փաշինեանի անվտանգութիւնը կախուածութեան մէջ էր իր պաշտօնից, ապա այս փաստաթուղթը ստորագրելուց յետոյ Փաշինեանի անվտանգութիւնն ու իր պաշտօնը միաձուլուելու են, դառնալու են մէկ:

Եւ այս պայմաններում չի կարող երկրում ժողովրդավարութիւն լինել: Երկրի ղեկավարը, երբ նրա անվտանգութիւնն ու պաշտօնը միաձուլուել են, չի կարող ռացիոնալ լինել իր որոշումներում:

Եթէ այդ թուղթը ստորագրւում է, ՀՀ-ում անկայունութիւն է լինելու. արդէն դրա ծիլերը կան, եւ բոլորն են տեսնում՝ քաղբանտարկեալների գոյութիւնը, հալածանքները, մարդկանց աշխատանքից ազատելն իրենց գաղափարների համար: Դա խորանալու է, շատ աւելի բիրտ մեթոտներ են կիրառուելու: Հայաստանը դառնալու է ոստիկանական պետութիւն»:

Նա յաւելեց, երբ այս հիմնաւորումն է ներկայացնում յատկապէս Արեւմուտքի ներկայացուցիչներին, գործող դիւանագէտներին, նրանք դա ընկալում են:

«Երբ այս խնդիրն իրենց առջեւ դրւում է, նրանք հասկանում են, որ այսօր օգնելով Փաշինեանին, աջակցելով, որ մէկ րոպէ առաջ ինչ-որ հարց լուծեն՝ աւելի մեծ գէոպոլիտիկ գերխնդիր լուծելու համար, մեծ վնաս են բերելու Հայաստանին ու այս տարածաշրջանին: Հայաստանի ներքաղաքական անկայունութիւնն ազդելու է ընդհանրապէս տարածաշրջանի խաղաղութեան եւ կայունութեան վրայ», մանրամասնեց Վարդան Օսկանեանը:

Ահա այս իրավիճակի այլընտրանքն է, որ ցանկանում է որպէս օրակարգ առաջ մղել դիւանագէտը:

«Այդ այլընտրանքի շուրջ այսօր լուրջ խմբեր են ձեւաւորւում, օտարներից բաղկացած: Նրանք ընդունում են այդ գաղափարը: Մենք ընդամէնն ասում ենք՝ բանակցային օրակարգ պէտք է բերուի այն հանգամանքը, որ Արցախը սովետական շրջանում ունեցել է ինքնավար կարգավիճակ: Բոլոր այն միջազգային իրաւաբանները, որոնց հետ կապի մէջ եմ, եւ ներգրաւուելու են այս հարցն առաջ անելու հարցում, միանշանակ նոյն կարծիքին են, որ, այո՛, այդ հարցը պէտք է բերուի օրակարգ», նշեց նա:

Comments are closed.