«Արցախում առաջին անհրաժեշտութեան սննդատեսակները կա՛մ սակաւ են, կա՛մ չկան»․ Մետաքսէ Յակոբեան

2022 թուականի Դեկտեմբերի 12-ից Արցախը շրջափակման մէջ է։ Արդէն 7-րդ ամիսն է, ինչ Արցախը Հայաստանին կապող կեանքի ճանապարհը փակ է։ Արցախում հումանիտար աղէտ է։ Այս ընթացքում, ցաւօք, ունեցել ենք նաեւ մարդկային կորուստներ։ Կորուստներ ունեցանք նաեւ երէկ։ Յունիսի 28-ին Մարտակերտի եւ Մարտունու ուղղութեամբ Ատրպէյճանի սանձազերծած ռազմական գործողութիւնների հետեւանքով զոհուեցին Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակի չորս զինծառայող՝ Արմօ Աբգարեանը, Սամուէլ Թորոսեանը, Երուանդ Թադեւոսեանը, Գագիկ Բալայեանը:

Նոյն օրը՝ Յունիսի 28-ին, ԱՄՆ մայրաքաղաք Ուաշինկթոնում կայացաւ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյեանի եւ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական ՋէյքՍալիւանի եւ Ատրպէյճանի արտաքին գործերի նախարար Ջէյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկուել են տարածաշրջանային վերջին զարգացումները:

Յունիսի 28-ին Արցախի խորհրդարանն այսօր միաձայն յայտարարութիւն էր ընդունել, որում նշւում էր՝ խորապէս անհանգստացած լինելով առկայ վտանգաւոր իրողութեամբ՝ Արցախի Հանրապետութեան ժողովրդի անունից դիմում են Ուաշինկթոնեան բանակցութիւններում Հայաստանի Հանրապետութեան պատուիրակութեանը՝ անյապաղ դադարեցնելու մեկնարկած բանակցութիւնները՝ մինչեւ Արցախի հետ շփման գծում եւ ՀՀ սահմաններում լիակատար հրադադարի հաստատումը եւ այն պահպանելու փաստաթղթային երաշխիքների տրամադրումը, հակառակ պարագայում, բանակցութիւնների շարունակումը կը նշանակի ատրպէյճանական կողմի ագրեսիւ պահուածքի խրախուսում եւ միջազգային մակարդակով արտօնութիւն։

Արցախից նախորդիւ եւս խիստ կոչեր ու յորդորներ էին հնչել, բայց․․․ ինչպէս ասում են՝ ունենք այն, ինչ ունենք․․․

Արցախի Ազգային ժողովի պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը «Հորիզոն»ի հետ զրոյցում պատմեց՝ այսօր Արցախում լռութիւն է, անհանգստութիւն․․․ Զոհեր ունենալու մասին լսելուց յետոյ Արցախի վրայ ասես ծանր լռութիւն է իջել։ Պատգամաւորն այսօր շրջել է Ստեփանակերտի խանութներում, հարցրել է՝ Յունիսի 15-ից սկսած՝ որեւէ ապրանք ստացե՞լ են, ասել են՝ ոչ։ Պատգամաւորն արձանագրել է՝ խանութներում անգամ առաջին անհրաժեշտութեան սննդատեսակները կա՛մ չկան, կա՛մ սակաւ են։ Այն սակաւաթիւ ապրանքները, որոնք կային խանութներում, արդէն վերջանում են։ Խանութներում չկայ բուսաիւղ, շաքարաւազ։

«Քիչ քանակով բրինձ, հնդկաձաւար, մակարոնեղէն կայ, շատ քիչ տեղերում քիչ քանակով պանիր կարելի է գտնել եւ վերջ․․․ առաջին անհրաժեշտութեան ուրիշ սննդատեսակներ չկան խանութներում։ Էլ չենք խօսում պտուղ-բանջարեղէնի մասին։ Պոմիդոր, վարունգ եւ քիչ քանակով միրգ կար, որոնք գիւղերից քաղաքներ էին տեղափոխում, բայց հիմա դա էլ է անհնար դարձել, քանի որ վառելիք չկայ», պատմեց պատգամաւորը։

Պատգամաւորն ասում է՝ այս ընթացքում շատերը սնունդ են պահեստաւորել, բայց ոմանք չեն կարողացել սնունդ պահեստաւորել։ Հիգիէնայի պարագաների շատ լուրջ խնդիր կայ հագուստ, աման լուալու միջոցներ չկան։

Ստեփանակերտում արդէն երրորդ օրն է, ինչ մարդիկ ոտքով են շրջում քաղաքում հազուադէպ են տրանսպորտային միջոցները, քանի որ վառելիք չկայ։ Միջհամայնքային տրանսպորտը չի աշխատում այն յաճախութեամբ, ինչպէս նախկինում։ Երբեմն ուղղակի անհնար է հասարակական տրանսպորտից օգտուել։

«Դեղատներում եւս եղել եմ։ Մինչեւ Կարմիր խաչի՝ այստեղ դեղամիջոցներ հասցնելը իրավիճակը վատթար էր դեղատներում դեղեր չկային անգամ սրտի կամ զարկերակային արեան ճնշման խանգարումներ ունեցողների համար, որոնք պարբերաբար դեղամիջոցներ են ընդունում։ Հիմա վիճակը քիչ թէ շատ աւելի լաւ է, բայց այնպէս չէ, որ ամէն տեղ ամէն դեղամիջոց կարելի է գտնել», ասաց պատգամաւոր Մետաքսէ Յակոբեանը։

Արցախում առողջապահութեան ոլորտում շատ խնդիրներ կան։ Շրջափակման ընթացքում պլանային վիրահատութիւններ էին կատարւում, բայց հիմա դա եւս շատ է դադարել․․․ Բացի այդ՝ հիւանդներ կան, որոնց հարկաւոր է տեղափոխել Երեւան, սակայն դա էլ է խնդիր, քանի որ Կարմիր խաչը թէեւ տեղափոխումներ իրականացնում է, բայց ոչ մեծաթիւ բուժառուների․․․ Այսինքն՝ Երեւան տեղափոխուելու անհրաժեշտութիւն ունեցող բոլոր բուժառուները չէ, որ հնարաւորութիւն են ունենում տեղափոխուելու Երեւան։

«Խնդիրները շատ են․․ իրավիճակն այնպիսին է, որ հնարաւոր է ժամերով նկարագրել։ Մեզ համար հիմա շատ կարեւոր է երեխաների հետ կապուած խնդիրը։ Մենք վաղուց արձանագրել ենք, որ Արցախում 30 հազար երեխայ զրկուած է անհրաժեշտ սննդից, վիտամիններից՝ մրգերից, բանջարեղէնից․․․ Առողջապահութեան նախկին նախարարը մի առիթով ասել էր՝ դրա հետեւանքները մենք տարիներ յետոյ ենք տեսնելու», ասաց Մետաքսէ Յակոբեանը։

Պատգամաւորը վստահեցնում է՝ Արցախում պայքարելու որոշումը միանշանակ է, ու դրան ոչ մի բան չի կարող խոչընդոտել, բայց Արցախում մարդիկ այլեւս չեն կարողանում ընկալել, ընդունել զոհեր ունենալու փաստը։

«Անբացատրելի բան է, չգիտեմ՝ ինչպէս բացատրել, բայց, իսկապէս, այդպէս է․․․ Ծանր լռութիւն է, բայց հիմա էլ մարդիկ ուզում են ցոյց չտալ տխրութիւնն անգամ։ Նոյնիսկ կատակում են, ասում են՝ անցել են առողջ ապրելակերպի, քանի որ տրանսպորտի բացակայութեան պատճառով կիլոմետրերով քայլում են։ Արցախցիները արժանապատուօրէն են ապրում եւ պայքարում», փաստում է պատգամաւորը։

Նա ասում է՝ մենք՝ կենդանի մնացածներս, ընկրկելու իրաւունք չունենք։ Նա անընդհատ կապ է հաստատում բնակիչների հետ, որտեղ եղել էին կրակոցները։ Պատգամաւորը վստահ է չէր լինի այնսպիսի լարուածութիւն եւ անհանգստութիւն, եթէ մենք չունենայինք այսպիսի իշխանութիւն (նկատի ունի հայկական երկու պետութիւնների իշխանութիւնները), որովհետեւ պատասխանատուութիւնն իրենք հաւասարապէս կիսում են։ Պատգամաւորն ասում է՝ Հայաստանում ունենք իշխանութիւն, որոնք սպասարկում են օտարի շահը, իսկ Արցախի իշխանութիւններն այդ յանցաւոր խմբի անդամներն են։

«Դա բազմակի անգամ բարդացնում է Արցախի ժովովրդի պայքարը, վիճակը, մարդկանց հոգեբանական վիճակի վրայ է ազդում։ Իշխանութիւնը միաւորելու յատկութիւն պիտի ունենայ, բայց քանի որ չունի, իւրաքանչիւրն իր վրայ է վերցնում այդ առաքելութիւնը, մարդիկ ինքնակազմակերպւում են», ասում է պատգամաւորը։

Նա հաւատացնում է՝ եթէ Արցախում ու Հայաստանում ունենայինք մեր ժողովրդի շահերը սպասարկող իշխանութիւն, ամէն ինչ աւելի հեշտ կը լինէր։

«Վերջերս «Արցախի անվտանգութեան եւ զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդից իմ գործընկերները եղել էին Արցախի համայնքներում եւ արձանագրել էին, որ մարդիկ կենցաղային հարցերով մտագոհուած չեն այնգամ այսպիսի ծանրագոյն վիճակում։ Բոլորը միայն անվտանգային խնդիրներով են մտահոգ եւ պատրաստ են իրենց ներդրումն ունենալու։ Մենք պիտի շտապենք ձեւաւորելու ազգ-բանակ հասկացութիւնը գոնէ Արցախում հիմա դա շատ անհրաժեշտ է», եզրափակեց պատգամաւորը։

Comments are closed.