«Արցախի անվտանգութեան եւ զարգացման ճակատ»ի յայտարարութիւնը

Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանի վերջին ուղերձը կարեւոր շեշտադրումներ էր պարունակում: Հայաստանի Հանրապետութեանը, Սփիւռքին, Ռուսաստանի Դաշնութեանը, միջազգային տարբեր դերակատարներին հասցէագրուած կոչերը, անշուշտ, տեղին էին:

Նշուած բոլոր դերակատարները պարտաւորութիւններ ու անելիքներ ունեն եւ, ակնյայտ է, որ նրանց անգործութեան կամ ձեռնարկուած ոչ բաւարար քայլերի հետեւանքով է այսօր Արցախն այս իրավիճակում յայտնուել:

Բայց այս իրավիճակում, անկախ աշխարհաքաղաքական զարգացումներից, պարտաւորութիւններ, անելիքներ ու ամենակարեւորը, պատասխանատուութիւն ունի առաջին հերթին Արցախի Հանրապետութեան նախագահը:

Ծանրագոյն շրջափակումն ու ներկայիս պաշարումը պահանջում են ճիշդ մշակուած ճգնաժամային կառավարում բոլոր ոլորտներում՝ սկսած տնտեսական խնդիրների լուծումից, պետական պահուստների կառավարումից մինչեւ աղբահանութիւն ու բնակչութեան տարրական կենսական կարիքների բաւարարում:

Որքան բարդ է իրավիճակը, այնքան այն աւելի շատ ջանքերի, մտքի գերլարում է պահանջում, դա անվիճելի է: Պահանջում է ուսումնասիրել շրջափակման իրավիճակներում յայտնուած երկրների ու քաղաքների փորձը, քննարկել բոլոր տարբերակներն ու առաջարկները, ներգրավւուել բոլոր կարող ուժերին ու փորձել գտնել ամենառացիոնալ լուծումները: Պահանջում է մշակուած գործողութիւնների հետեւողական ու յաջորդական իրականացում, համակարգային ու թափանցիկ աշխատանք, բացառիկ կարգապահութիւն ու խիստ մօտեցում նրանց նկատմամբ, ովքեր չեն պահպանի սահմանուած կարգը:

«Արցախի անվտանգութեան եւ զարգացման ճակատ» հանրային շարժումն ամիսներ առաջ կոնկրետ առաջարկներ է ներկայացրել Արցախի նախագահին: Եթէ գոնէ դրանցից մի քանիսն այս ընթացքում իրականացուած լինէին, հիմա ներսում մի շարք կարեւոր հարցեր կարող էին լուծում ստանալ կամ այսպիսի սուր դրսեւորում չունենալ: Մինչդեռ տպաւորութիւն է, որ այս բարդագոյն վիճակում ամէն ինչ թողնուած է ինքնահոսի:

Եթէ յայտարարւում է, որ մեր նպատակը յանուն Արցախի ինքնորոշման իրաւունքի պայքարն է, ապա մենք ամէն ինչ, ամէն մի՝ անգամ փոքր ռեսուրս պէտք է ուղղենք մեր ժողովրդին այդ նպատակի համար երկարաժամկէտ պայքարի պատրաստելուն եւ ո՛չ միայն պատրաստելուն, այլեւ դրա համար պայմաններ ստեղծելուն: Վստահ ենք, որ դա հնարաւոր է: Մենք միակ ժողովուրդը չենք, որը յանուն իր արժանապատուութեան նման զրկանքներ է կրում: Եւ մենք չենք կարող դառնալ այն միակ ժողովուրդը, որը անփոյթ գտնուեց իր գլխաւոր իրաւունքը պաշտպանելու հարցում:

Եթէ նախագահի յայտարարած խօսքն իսկապէս համապատասխանում է իրական ցանկութեանը, ապա պէտք է կատարուէին եւ կատարուեն յստակ քայլեր: Հենց խօսքի եւ գործի համապատասխանութիւնն է ցոյց տալիս նպատակի իսկութիւնը: Իսկ երբ հնչում է մի բան, բայց հասկանալի ու տեսանալի գործողութիւններ չեն արւում այդ հնչեցուած խօսքն իրականութիւն դարձնելու համար, նշանակում է գործ ունենք իմիտիացիայի հետ։

Ուստի նախագահը պէտք է յստակ յայտարարի, թէ ինչպէս է տեսնում Արցախի պաշտպանութիւնը եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացման նպատակի իրականցումը, ինչ քայլեր են ձեռնարկուելու դրա համար, եւ չխուսափի իրական առաջնորդի դեր ստանձնելուց։

Հակառակ դէպքում մենք չենք պատրաստւում ձեռքներս ծալած նստել եւ հնարաւոր ու անհնար ամէն ինչ անելու ենք`ազատ, անվտանգ, երջանիկ, հայկական Արցախ ունենալու նպատակին հասնելու համար։

Comments are closed.