Արցախի ԱԱԾ-ն զգուշացնում է՝ կասկածելի անձանց հետ կապ չհաստատել եւ ժամանակին տեղեկացնել ԱԱԾ-ին

Արցախի Հանրապետութեան Ազգային Անվտանգութեան Ծառայութիւնը՝ հետամուտ լինելով օրէնսդրութեամբ իրեն վերապահուած գործառոյթների եւ լիազօրութիւնների իրականացմանը, իրազեկում է, որ ծառայութեան կողմից ծավալուող օպերատիւ-հետախուզական միջոցառումների արդիւնքում շարունակւում է բացայայտուել եւ չեզոքացուել օտարերկրեայ յատուկ ծառայութիւնների կողմից Արցախի Հանրապետութիւնում ստեղծուած գործակալական ցանցի գործունէութիւնը, որի ձեւաւորման համար հակառակորդի յատուկ ծառայութիւնների կողմից կիրառւում են տարբեր մեթոտներ եւ հնարքներ:

Մասնաւորապէս, ատրպէյճանական հետախուզական մարմնի ներկայացուցիչը, հանդէս գալով որպէս արտասահմանեան վերլուծական կենտրոնի, գիտահետազօտական ինստիտուտի, կամ նման կազմակերպութիւններում բարձր դիրք ունեցող ազգութեամբ հայ եւ հայրենասէր՝ սոցիալական ցանցի միջոցով շփում է հաստատում հիմնականում ԱՀ պետական համակարգում աշխատող, շփման լայն շրջանակ ունեցող քաղաքացիների հետ: Որոշ ժամանակ շփուելուց յետոյ, առաջարկում է դրամական վարձատրութեան դիմաց ԱՀ վերաբերեալ գիտական յօդուածներ կամ վերլուծական զեկոյցներ պատրաստել՝ շեշտելով, որ դրանք իբրեւ ծառայելու են ի շահ Արցախի: Նման առասպելով շփումների ընթացքում հետախուզական մարմնի ներկայացուցիչը հիմնականում փորձում է մեր քաղաքացու հետ հանդիպում կազմակերպել արտերկրում՝ նրա հետ համագործակցութեան պայմանագիր կնքելու եւ յետագայ համագործակցութիւնն ընդլայնելու պատրուակով:

Մէկ այլ դէպքում, հետախուզական մարմնի ներկայացուցիչը, հանդէս գալով որպէս հայկական արմատներ ունեցող արտասահմանցի, սոցիալական ցանցի միջոցով շփումներ է հաստատում ԱՀ պետական համակարգում աշխատող անձանց հետ եւ հետեւողական քայլերով ներքաշելով սիրային յարաբերութիւնների մէջ, փորձում է հանդիպում կազմակերպել արտերկրում: Ընդ որում, կասկածներ չառաջացնելու նպատակով, վերջիններս վիրտուալ շփման ընթացքում անգամ չեն փորձում ԱՀ վերաբերեալ հետախուզական բնոյթի տեղեկութիւններ կորզել:

Նոյնանման մեխանիզմ կիրառւում է նաեւ Պաշտպանութեան բանակում մարտական հերթապահութիւն իրականացնող զինծառայողների շրջանում: Այս անգամ Ատրպէյճանի հետախուզական մարմնի ներկայացուցիչները սոցիալական ցանցերի միջոցով շփումներ են հաստատում ՊԲ (Պաշտպանութեան Բանակ) զինծառայողների հետ եւ, որպէս կանոն, ստեղծելով վիրտուալ սիրային յարաբերութիւններ, կորզում են տեղեկութիւններ զօրամասերի, մարտական դիրքերի տեղակայման վայրերի, մարտական դիրքերում անձնակազմի, ռազմական տեխնիկայի, ՊԲ ներուժի եւ հնարաւորութիւնների վերաբերեալ: Հաւաքագրուող անձանց մօտ ստեղծելով յետագայ հանդիպումների համար ֆինանսական եւ այլ շահագրգռուածութեան հիմքեր՝ նրանք յարմար պահի միջոցներ են ձեռնարկում տուեալ անձանց հետ արտերկրում հանդիպումներ կազմակերպելու ուղղութեամբ: Յատկանշական է, որ հաւաքագրման յիշեալ փուլում գործընթացին կարող են ներգրաւուել աւելի փորձառու հետախոյզների, որոնք, ներկայանալով որպէս հայկական զինուած ուժերում առկայ դժուարութիւնները եւ խնդիրները գիտակցող «հայրենասէր» քաղաքացիներ, նախկին զինծառայողներ, իսկ ներկայումս՝ արտասահմանում բնակուող գործարարներ, միջազգային կազմակերպութեան կամ որեւէ հիմնադրամի անդամներ, դրամական վարձատրութեան դիմաց ռազմական բնոյթի տեղեկութիւններ են հաւաքում՝ աստիճանաբար աւարտին հասցնելով հաւաքագրման գործընթացը:

 

Comments are closed.