Արցախեան Երրորդ պատերազմը եւ Թուրքիան. Նոր մարտահրաւէրներ՝ Հայաստանին եւ Հարաւային Կովկասի տարծաշրջանին
… 2020 թուականի Արցախեան վերջին պատերազմից յետոյ Հայաստանը գտնւում է աշխարհաքաղաքական եւ աշխարհառազմավարական մարտահրաւէրների, նոր սպառնալիքների շրջափուլում: Արցախի բռնազաւթումից յետոյ Թուրքիան Հայաստանի առաջ դնում է մի շարք նոր նախապայման-պահանջներ՝ կապուած Արցախը Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան մաս ճանաչելու, հետագայում նաեւ 1921 թուականի Կարսի պայմանագիրը վերահաստատելու, Հայ Դատից հրաժարուելու, ինչպէս նաեւ Սիւնիքի միջանցքի հարցը:
Եւ ուշադրութեան է արժանի նաեւ այն հանգամանքը, որ պատերազմի աւարտից անմիջապէս յետոյ Շուշիում թուրքական պետութիւնները կնքեցին հռչակագիր, որը հենց այդպէս էլ անուանուեց՝ Շուշիի հռչակագիր: ԹՐՔԱԳԷՏ, ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՌՈՒԲԷՆ ՍԱՖՐԱՍՏԵԱՆԸ դա դիտարկում է որպէս Հարաւային Կովկասում Փանթյուրքիզմի քաղաքականութեան իրականացման հիմնարար փաստաթուղթ, մասնաւորապէս ընդգծելով.
»Շուշիի հռչակագիրը փաստօրէն ազդարարում է, որ փանթուքիզմը ոչ միայն գաղափարախօսութիւն է, ոչ միայն ընդհանուր քաղաքականութիւն է, որը մենք տեսնում ենք Թրքալեզու երկրների կազմակերպութեան մէջ, այլեւ հենց դա իրական քաղաքականութիւն է: Ադրբեջանի եւ Թուրքիայի՝ այս երկրների միաւորումը հենց փանթուրքիզմի իրականացման հիմքն է դնում…«:
Ինչպէ՞ս են այս աշխարհաքաղաքական ն աշխարհառազմավարական իրավիճակում իրենց դրսեւորում տարածաշրջանի՝ մեզ համար առանցքային երկրները Ռուսաստանն ու Իրանը: Ինչպէ՞ս պէտք կարողանանք աշխատել այս երկրների հետ թրքական աշխարհից եկող այս սպառնալիքներին ու մարտահրաւէրներին դիմակայելու համար: Այս եւ մեզ համար կենսական նշանակութիւն ունեցող մի շարք հարցերի շուրջ զրուցել ենք ԹՐՔԱԳԷՏ, ԱԿԱԴԵՄԻԿՈՍ ՌՈՒԲԷՆ ՍԱՖՐԱՍՏԵԱՆԻ ՀԵՏ.
– Պարո՛ն Սաֆրաստեան, 20-րդ դարասկզբին կատարուեց Հայոց ցեղասպանոթիւնն ու հայրենազրկումը: Բայց 1990-ականներին՝ վերջին 2000 տարուայ մէջ առաջին անգամ հայը ոչ թէ Հող կորցրեց, այլ ազատագրեց: Բացի հայ ազգի համար հոգեւոր վերելքից ի՞նչ ազդեցութիւն էր թողել տարածաշրջանում Արցախի ազատագրումը եւ Արցախի Հանրապետութեան կայացումը որպէս քաղաքական միաւոր:
-Անհրաժեշտ է նշել, որ Արցախի ազատագրումը աշխարհաքաղաքական առումով կարեւոր իրադարձութիւն էր: Եւ այդ իրադարձութեան կարեւորութիւնը առաջին հերթին կայանում է նրանում, որ 1994 թուականից սկսած, երբ արձանագրուեց Ադրբեջանի պարտութիւնը եւ Հայաստանի ու Արցախի յաղթանակը, փոխուեց աշխարհաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում: Եթէ մինչեւ այդ, 1990-ական թուականներին՝ սկզբի մի քանի տարիների ընթացքում Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ Հարաւային Կովկասը գտնւում էր լարուած եւ փոփոխական իրավիճակում, ապա 1994 թուականին հայ ժողովրդի Արցախեան պատերազմում յաղթանակը հնարաւորութիւն տուեց, որ կայունանայ իրադրութիւնը Հարաւային Կովկասում: Եւ այդ կայունացման հիմքում այն հանգամանքն էր, որ Արցախը պատերազմում յաղթեց Հայաստանի շնորհիւ եւ զգալիօրէն նաեւ՝ Ռուսաստանի օգնութեամբ:
Եւ, փաստօրէն, 1994 թուականից յետոյ այն իրավիճակը, որը հաստատուեց Հարաւային Կովկասում, կարելի է ասել, դա Հարաւային Կովկասում Ռուսաստանի գերիշխանութեան շրջանն էր: Ռուսաստանը հաստատեց, որ ինքը տարածաշրջանում կարող է հիմնական ուժի կեդրոնը լինել: Եւ այդ իրավիճակը պահպանուեց երկար՝ մինչեւ Արցախեան 44-օրեայ պատերազմը եւ դրա աւարտը: Այն այժմ խախտուած է: Թուրքիան փորձում է իր քաղաքականութեան շնորհիւ ձեռք բերել աւելի մեծ ազդեցութիւն մեր տարածաշրջանում, քան ունէր մինչ այդ ՝ օգտուելով մեր պարտութիւնից: Սա է իմ կարծիքով տարածաշրջանում Արցախեան առաջին պատերազմում յաղթանակի աշխարհաքաղաքական նշանակութիւնը մեր տարածաշրջանում: Եւ, ի հարկէ, այստեղ պէտք է նաեւ հաշուի առնել այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետութիւնը, որն այս տարիների ընթացքում անցաւ կայացման կարեւոր ճանապարհ, ըստ էութեան իր աշխարհաքաղաքական նշանակութեամբ ( թէեւ բոլորս գիտենք՝ չճանաչուած պետութիւն էր), բայց այն հանգամանքի շնորհիւ, որ կայացաւ որպէս պետական միաւոր, անգամ չճանաչուա՛ծ լինելով ունեցավ իր աշխարհաքաղաքական նշանակութիւնը: Եւ այդ աշխարհաքաղաքական նշանակութիւնը կայանում էր նրանում, որ ,փաստօրէն, Հարաւային Կովկասում հայկական պետականութիւնը 1994 թուականից յետոյ հանդէս էր գալիս (թէեւ մասամբ՝ հիմա էլ) երկու պետականութիւններով՝ մէկը միջազգայնօրէն ճանաչուած Հայաստանը, միւսն Արցախն էր՝ որպէս իր աշխարհաքաղաքական նշանակութիւնն ունեցող պետութիւն: Այսօր այս պատկերը աղճատուած է, բայց ամէն կերպ պէտք է կարողանանք պահել Արցախը: Եւ Հայաստանի Հանրապետութեան , եւ տարածաշրջանի համար սա կարեւոր է, որովհետեւ, եթէ կորցնենք Արցախը, դա կը նշանակի, որ Թուրքիայի այդ նպատակի իրականացումը, որ , ինչպէս քիչ առաջ ասացի՝ ձգտում է տարածաշրջանում հաստատել իր գերակայութիւնը, աւելի դիւրին կը դառնայ, ինչի համար էլ Ադրբեջանի կողմից ձգտում է ոչնչացնել Արցախը, որովհետեւ դա իրենց խանգարում է: Ահա այս աշխարհաքաղաքական հարթութեան վրայ եմ հարցը դիտարկում: Սրանք են իմ դիտարկումները:
-Գիտենք, որ Թուրքիան միշտ »մէկ ազգ, երկու պետութիւն« սկզբունքով առաջնորդուելով՝ միշտ ձգտել է միջամտել Արցախեան խնդրին: Եւ 2016-ի Ապրիլեան պատերազմից յետոյ արդէն սկսեց նոր սերնդի զինատեսակներ մատակարարել Ադրբեջանին: Այս հանգամանքը հաշուի առնելով՝ կանխատեսո՞ւմ էիք, որ Հայաստանին ու Արցախին նոր լայնամասշտաբ պատերազմ է սպասւում:
– Արդէն 2020 թուականի յունուարի վերջին, երբ Էրտողանը պաշտօնական այցով գտնւում էր Պաքւում, ստորագրուեցին 9 համաձայնագիր Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ: Այդ համաձայնագրերից մէկը հետեւեալն էր. Թուրքիան իր վրայ պարտաւորութիւն էր վերցնում Ադրբեջանին մատակարարել նորագոյն զէնք: Այն ժամանակ, երբ այդ լուրը ստացուեց , ինձ համար դեռեւս պարզ չէր, թէ խօսքն ինչ տեսակ զէնքի մասին է: Բայց այդ համաձայնագրի ստորագրումն ինքնըստինքեան մի բան յուշում էր, որովհետեւ մինչ այդ Թուրքիան Ադրբեջանին գերժամանակակից զէնք չէր տրամադրել, խուսափում էր: Բայց այդ համաձաեանգրերը ստորագրելով՝ Թուրքիան արդէն ցոյց տուեց, որ սկսում է իրականացնել այդ աշխարհառազմավարական նպատակը, որն ինչպէս ասացի, Հարաւային Կովկասում գերակշռող դիրք ստանձնելն է՝ Ռուսաստանին դուրս մղելով: Փաստօրէն, այդ համաձայնագրի ստորագրումից յետոյ, հետագայում պարզ դարձաւ, որ խօսքը Պայրաքթարերի մասին էր եւ, ըստ էութեան, դա առաջին քայլն էր: Դա ցոյց տուեց, որ Թուրքիան արդէն փոխում է իր ռազմավարութիւնը Հարաւային Կովկասում. մինչ այդ զգուշաւոր էր, շատ չէր ի ցոյց դնում իր աջակցութիւնն Ադրբեջանին, մանաւանդ, ռազմական առումով, քանի որ զգուշանում էր Ռուսաստանից: Իսկ 2020 թուականի յունուարի վերջի յիշատակածս համաձայնագրով Թուրքիան սկզբունքային քայլ կատարեց , որով ցոյց տուեց, որ փոխում է իր քաղաքականութիւնը: Ես այն ժամանակ դա նկատեցի եւ բազմաթիւ հարցազրոյցներում նշում էի այդ հանգամանքը, որ սա շատ վտանգաւոր է մեզ համար, քանի որ փոխում է իրադրութիւնը Հարաւային Կովկասում եւ բերելու է լայնածաւալ պատերազմի, որովհետեւ Թուրքիան իր այդ քայլով, ըստ էութեան, խրախուսում էր Ադրբեջանին սանձազերծելու նոր պատերազմ Հայաստանի ու Արցախի դէմ: Եւ ես իմ հարցազրոյցները շատ ժամանակ նաեւ ռուսերէն էի տալիս, կարծում էի, դրանով կը կարողանամ ահազանգել ռուսական կողմին, թէ ինչ է կատարւում: Կարծում եմ, եթէ Ռուսաստանն այդ պահին անհրաժեշտ ուշադրութիւն դարձներ Թուրքիայի այդ քայլին եւ Թուրքիայի վրայ ճնշում գործադրեր, Էրտողանն այլեւս չէր համարձակուի այդ ընթացքում կատարել իր քայլերը. այն է՝ Պայրաքթարերի մատակարարումն Ադրբեջանին, լայնածաւալ զօրավարժութիւնները, տեսանք նաեւ թրքական F-16 ինքնաթիռների տեղափոխումն Ադրբեջան, որոնք զօրավարժութիւններից յետոյ մնացին այնտեղ, արդէն ամրան ամիսներին թրքական բանակի ստորաբաժանումներ զօրավարժութիւնների պատրուակով տեղափոխուեցին Ադրբեջան… Ես այդ ընթացքում լրատուամիջոցներով ահազանգում էի, որ Թուրքիան պատրաստւում է վարձկաններ ուղարկել Ադրբեջան, որ յետոյ այդպէս էլ եղաւ եւ դրա մասին Մերձաւոր Արեւելքից տեղեկութիւն էր գալիս…Եւ կարծում եմ, Թուրքիան առանց թաքցնելու՝ հենց 2020 թուականի սկզբից սկսեց իրականացնել իր այդ վաղեմի երազանքը՝ Հարաւային Կովկասում դառնալու կարեւոր եւ որոշիչ ուժ Ադրբեջանի միջոցով՝ վերջինիս հրահրելով պատերազմի Արցախի դէմ: Եւ սա էր Թուրքիայի հաշուարկը, որ հնարաւոր կը լինի Ադրբեջանին օգտագործելով եւ պատերազմի հրահրելով կը կարողանայ հասնել իր խնդիրների ու նպատակների լուծմանը: Սա է իմ մօտեցումը. կարծում եմ, որ պատերազմի նշաններն արդէն երեւում էին, ինչպէս ասացի 2020 թուականի յունուարի վերջից, երբ Էրդողանը ստորագրեց այդ համաձայնագիրը Ադրբեջանին նորագոյն զէնք տրամադրելու մասին:
– Ձեր դիտարկումներով յետպատերազմեան շրջնում որո՞նք են այսօր Թուրքիայի նպատակները տարածաշրջանում եւ ի՞նչ նախապայմաններ է փորձում թելադրել Հայաստանին:
– Յետ պատերազմեան շրջանում Թուրքիան շարունակում է իր այդ նպատակի իրականացումը, քանի որ, ցաւօք, պատերազմն աւարտուեց Ադրբեջանի յաղթանակով: Եւ Թուրքիան, էլի օգտագործելով Ադրբեջանին (որ հիմա իր ազդեցութիւնն այդ երկրի վրայ աւելի է ուժեղացել) , անում է ամէն ինչ հասնելու իր նպատակի իրագործմանը: Խախտուել է այն քաղաքական իրավիճակը, որ կար պատերազմից առաջ, եւ Թուրքիան այս պայմաններում փորձում է նոր ստատուս քօ ստեղծել, նորն էլ չկայ, դեռ չի ստեղծուել…Դարձեալ օգտագործելով Ադրբեջանին՝ փորձում է իր դիրքերն ուժեղացնել տարածաշրջանում: Իսկ ինչպէ՞ս է դա անում: Կարող եմ ասել, որ Թուրքիան երկու հիմնական նպատակ է դրել իր առաջ:
Առաջին. ստիպել Հայաստանին, որ մենք ստորագրենք ինչ-որ պայմանագիր Ադրբեջանի հետ, որով Հայաստանն Արցախը կը ճանաչի որպէս Ադրբեջանի տարածք:
Երկրորդ. սա էլ վերաբերում է այն տխրահռչակ Զանգեզուրի միջանցքին, որ իբրեւ Հայաստանի նկատմամբ պահանջ հնչեցնում են ե՛ւ Թուրքիան ե՚ւ Ադրբեջանը…
Ահա այս երկու նպատակներն են, որ ձգտում է իրականացնել Թուրքիան: Այս երկու նպատակներն են, որ Թուրքիան հիմա մեզ է ներկայացնում է որպէս նախապայման: Նոյնիսկ, չէի էլ ասի նախապայման. դա պահանջ է Հայաստանին: Սա է Թուրքիայի դիրքորոշումը: Ի հարկէ, չմոռանանք Հայոց ցեղասպանութեան խնդիրը, Կարսի պայմանագրի վերահաստատման խնդիրը մնում են օրակարգային Թուրքիայի համար …Մանաւանդ, Հայոց ցեղասպանութեան խնդիրը չափազանց կարեւոր է Թուրքիայի համար: Բայց հիմա, ես կարծում եմ, որ նրանք Ադրբեջանի հետ որոշել են, քանի դեռ ժամանակը շատ չի անցել Արցախեան 44-օրեայ պատերազմից՝ իրենց յաղթանակից յետոյ, ստանալ Հայաստանից այդ երկու զիջումները: Ես յոյս ունեմ, որ Հայաստանը չի գնայ նման քայլի եւ չի ենթարկուի Թուրքիայի եւ Ադրբեջանի այդ ճնշումներին:
– Պարո՛ն Սաֆրաստեան, Հայաստանի անկախացումից ի վեր թրքական շրջանակներում խօսուել է նաեւ, այսպէս կոչուած, հայ-թրքական սահմանը: Արդեօ՞ք Հայաստանի համար այս դժուարին ժամանակներում նորից առաջին ծրագիր չի՞ մղուի այս հարցը: Եւ ի՞նչ ձեւով պիտի հակադարձենք այս մարտահրաւէրին:
-Գիտէք, իրականութիւնը լրիվ հակառակն է: Հայաստանի անկախացումից ի վեր Հայաստանն է ցանկացել Թուրքիայի հետ ունենալ դիւանագիտական յարաբերութիւններ եւ սահմանը բացել: Թուրքիայի համար դա կարեւոր չի եղել, որովհետեւ Հայաստանը որպէս իր ապրանքների շուկայ շատ չի հետաքրքրում, ռազմական առումով Հայաստանը Թուրքիայի համար վտանգ չի ներկայացնում, նրա համար կարեւոր չէ Հայաստանի հետ յարաբերութիւններ ունենալ, բաց սահման ունենալ: Հայաստանի համար է կարեւոր, ի հարկէ, տնտեսական առումով: Մեր նորագոյն այս պատմութեան բոլոր փուլերում էլ Հայաստանի իշխանութիւնները գնացել են բանակցութիւնների այդ հարցում: Իսկ թրքական վերնախաւի ներկայացուցիչները, որոնցից շատերին ես հանդիպել եմ տարբեր միջազգային հարթակներում, տարբեր առիթներով, տասնեակ տարիների ընթացքում ինչքան ուսումնասիրել եմ, նրանց մօտեցումն հետեւեալն է. իրենց համոզմամբ Հայաստանին աւելի շատ է պէտք Թուրքիայի հետ սահմանի բացումը, քանի որ Հայաստանը չունի ելք դէպի ծով: Իսկ Թուրիքան այդ խնդիրը չունի: Դրա համար Թուրքիան որդեգրել է իր նախապայմաններն առաջ տանելու քաղաքականութիւնը եւ դրա հիմքում հետեւեալ խնդիրն են դրել. Հայաստանը պէտք է գնայ զիջումների իրենց համար կարեւոր հարցերում, առաջին հերթին էլ Հայոց ցեղասպանութեան հարցում: Պարզ է, որ Հայաստանը մինչեւ հիմա չի ընդունել թրքական նախապայմանները եւ դրա համար էլ չի բացուել սահմանը: Եւ ես յոյս ունեմ, որ դա չի լինի, Հայաստանը զիջումների չի գնայ այն կարեւոր խնդիրներում, որոնց մասին խօսեցինք:
Հիմա նրանց համար առաջնայինն Արցախի հարցն է եւ Զանգեզուրի միջանցքի հարցը. Թուրքիան յոյս ունի լուծել այս հարցերը Ադրբեջանի միջոցով: Այս զիջումները կորզելուց յետոյ Թուրքիան յոյս ունի Հայաստանի վրայ ճնշումներ գործադրել արդէն Հայոց ցեղասպանութեան հարցի հետ կապուած, որ Հայաստանը հրաժարուի ցեղասպանութեան ճանաչման համար պայքարից եւ վերահաստատի Կարսի պայմանագիրը: Հիմա Թուրքիան այս հարցերի հետ կապուած կիրառում է, այսպէս ասած , փուլային տարբերակ, փորձում է փուլ առ փուլ այդ ամենն իրականացնել: Բայց նորից եմ ասում, հուսով եմ, որ Հայաստանը նման զիջումների չի գնայ:
–Պարոն Սաֆրաստեան, Արցախեան վերջին պատերազմում Թուրքիան արդէն բացայայտ էր աջակցում Ադրբեջանին…Եւ Դուք Ձեր հարցազրոյցներից մէկում մի կարեւոր դիտարկում էք արել. Հայաստանի պարտութեամբ նախկին ստատուս քոն թուլացել է, որ այժմ Թուրքիան փորձելու է օգտուելով այս իրավիճակից՝ տարածաշրջանում հասնել աւելի տիրապետող դիրքի: Ձեր կանխատեսումներով դա կը յաջողուի՞ արդեօք: Եթէ այո, ապա արդեօ՞ք դրանից Ադրբեջանի գործողութիւններն աւելի սանձարձակ եւ շարունակական չեն դառնայ:
– Թուրքիայի համար Ադրբեջանն իր նպատակներն իրականացնելու գործիք է: Եւ Ադրբեջանը կարող է Հայաստանի նկատմամբ տարբեր տեսակի սադրանքներ իրականացնել, կարող է աւելի լայնածաւալ պատերազմ իրականացնել, օգտագործել յարձակողապաշտ հռետորաբանութիւն. սա Ադրբեջանի մշտական զինանոցն է Հայաստանի նկատմամբ վարուող քաղաքականութեան. Թուրքիան այս ամէնը հրահրում է եւ Ադրբեջանին օգտագործում է իր նպատակների համար: Եւ ի սկզբանէ ասեմ, որ Թուրքիային չի յաջողուելու հասնել իր նպատակներին: Ինչո՞ւմն է իմ համոզումը. Թուրքիան, որ իր այդ նպատակներն իրականացնում է, նշանակում է, որ ըստ էութեան նա դուրս է գալիս Ռուսաստանի դէմ, որովհետեւ տարածաշրջանում հիմնական ուժը Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ եղել է Ռուսաստանը: Եւ հիմա Թուրքիան ուզում է Ռուսաստանին դուրս մղել մեր տարածաշրջանից: Ես համոզուած եմ, որ Ռուսաստանը դա թոյլ չի տայ: Ինչքան էլ հիմա տեսնում ենք, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի յարաբերութիւններում որոշակի մերձեցում կայ, բայց, այդուհանդերձ, սա Ռուսաստանի մարտավարական մօտեցումն է՝ պահպանել իր ազդեցութիւնը տարածաշրջանում:
Մի օրինակ բերեմ, որը շատ յստակ կերպով ցոյց է տալիս ռուս-թրքական յարաբերութիւնները մեր տարածաշրջանում: Երբ ստորագրուեց նոյեմբերի 9-ի եռակողմ՝ Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան յայտարարութիւնը, այնտեղ խօսւում էր, որ պէտք է լինեն ռուս խաղաղապահներ: Բայց Թուրքիան դրանից մի քանի օր առաջ մամուլով եւ, շատ հաւանական է, ներքին խողովակներով պահանջում էր, որ խաղաղապահները լինեն ոչ թէ ռուս, այլ խառը կազմով՝ ռուս-թրքական : Եւ եռակողմ յայտարարութեան բնագիրը ցոյց է տալիս, որ դա տեղի չունեցաւ, ռուսները թոյլ չտուեցին: Այսինքն, Թուրքիան ուզում էր այդ խաղաղապահների քողի ներքոյ իր զինուած ուժերը բերել եւ տեղակայել Արցախի շուրջ: Ռուասատանը սա թոյլ չտուեց, որովհետեւ սա արդէն իրենց շահերի դէմ էր, այսինքն դրանով իրենք կը թուլացնէին իրե՛նց դիրքերը մեր տարածաշրջանում: Սա մէկ օրինակ:
Երկրորդ հանգամանքը. Արցախեան վերջին պատերազմից յետոյ , ինչպէս գիտեք, որոշուեց Ակնայում ստեղծել խառը՝ ռուս-թրքական մոնիթորինգային կեդրոն: Իմ ընկալմամբ, սա ռուսների կողմից զիջում էր, քանի որ հարց է ծագում չէ՞, թէ ինչու պէտք է մոնիթորինգային խումբը լինի ռուս-թրքական: Ռուսները սա թոյլ տուեցին, այս հարցում զիջում արեցին Թուրքիային:Սակայն այստեղ ուրիշ հանգամանք էլ կայ. Թուրքիան պահանջում էր, որ այս մոնիթորինգային (monitoring) խմբի սպաները՝ ամէն կողմից 60-70 հոգի, իրաւունք ստանային մոնիթորինգ անցկացնել հենց բուն Արցախի տարածքում: Այսինքն, թուրքերն ակնկալում էին, որ իրենց սպաները, որ մաս են կազմում այդ խառը մոնիթորինգային խմբի, ոտք կը դնեն Արցախի տարածք: Ռուսաստանը սա արդեն թոյլ չտուեց: Ես յիշում եմ, որ, երբ ռուսական պատուիրակութիւնը գտնւում էր Անգարայում, ինչ ահռելի ճնշում էր գործադրում թրքական մամուլը Ռուսաստանի վրայ այս հարցով: Սակայն ռուսներն այս զիջումներին չգնացին: Ի վերջոյ, որոշուեց, որ մոնիթորինգային կեդրոնը պէտք է մոնիթորինգն իրականացնի տեխնիկական միջոցներով. այսինքն, մոնիթորինգային խմբի սպաները ոտք չեն դնում Արցախի տարածք՝ իրաuունք չունեն: Միայն կարող են հեռուից իրականացնել դա: Ինչու՞այս մասին խօսեցի, որովհետեւ շատ պարզ ցոյց է տալիս ռուսական մօտեցումը սկզբունքային հարցերում. ռուսները որեւէ զիջում չարեցին, որ խաղաղապահներ լինէին խառը՝ ռուսներից եւ թուրքերից կազմուած եւ մոնիթորինագային խմբի թուրք սպաները ոտք դնէին բուն Արցախի տարածք: Եւ թուրքերը ստիպուած էին դրա հետ համաձայնուել: Բայց իրենց տեսակէտից աւելի փոքր հարցում ռուսները թուրքերին մի զիջում արեցին, որը ձեւական է, քանի որ մինչեւ հիմա, որքանով ես հետեւում եմ, այդ մոնիթորինգային խումբը գործնականօրէն չի էլ գործում: Սա է ռուսական քաղաքականութիւնը՝ պատերազմից յետոյ մեր տարածաշրջանում՝ ամէն կերպ պահել իր դիրքերը:
Այնտեղ կա նաեւ Իրանի գործօնը:Կարող ենք ասել, որ Արցախեան 44-օրեայ պատերազմից յետոյ Իրանը առաւել աշխուժացաւ: Ինչու՞, որովհետեւ ես կարծում եմ , որ Իրանը, ինչպէս գիտէք, նա պաշտպանում է տարածքային ամբողջականութեան սկզբունքը, այդ թւում՝ Ադրբեջանի պարագայում, բայց նա մտավախութիւն ունի, որ մեր տարածաշրջանում կարող է ուժեղանալ Թուրքիան , մասնաւորապէս »Զանգեզուրի միջանցքի» շնորհիւ: Դրա համար ինքն էլ գործի է լծուել, փորձում է խոչընդոտել Թուրքիայի այս ծրագրերի իրականացմանը: Եւ տեսնու՞մ էք, յայտարարութիւններ են հնչում իրականական կողմից : Զօրավարժութիւններ է անում Իրանը Ադրբեջանի սահմանին: Եւ այս վերջին լայնածաւալ զօրավարժութիւնների ժամանակ իրանական ստորաբաժանումները, որ մասնակցել են զօրավարժութիւններին, ցուցադրաբար, ադրբեջանցների աչքի առջեւ, որպէս այդ զօրավարժութիւնների մաս անցել են Արաքս գետը: Այսինքն, ցոյց են տուել Ադրբեջանին, որ, եթէ անհրաժեշտութիւն լինի , իրենք կարող են անցնել նաեւ Արաքս գետը: Ինչպէս գիտենք, Արաքսը դարձել է սահման Իրանի եւ Ադրբեջանի միջեւ: Այնպէս որ, Իրանը գործնական է դարձել նաեւ Սիւնիքի հարցում եւ ամէն կերպ ցոյց է տալիս, որ դէմ է եւ Թուրքիայի ու Ադրբեջանի ուժեղացմանը մեր տարածաշրջանում եւ »Զանգեզուրի միջանցքին«։ Դէմ է Թուրքիայի եւ Ադրբեջանի յարձակողապաշտ նկրտումներին: Այնպէս որ, Իրանը հիմա կարեւոր գորօն է դարձել: Թէեւ չէի ասի, այնքան կարեւոր, ինչքան Ռուսաստանը, որովհետեւ Ռուսատանը մեր տարածաշրջանում ունի իր զինուած ուժերը. Ինչպէս ունի Աբխազիայում, Հարաւային Օսիայում, Հայաստանում, հիմա արդէն նաեւ՝ Արցախի շուրջ: Այնպէս որ, Ռուսաստանն է այստեղ գերակշռող դիրք զբաղեցնում: Թուրքիան ուզում է Ռուսաստանին թուլացնել, իսկ Իրանը փորձում է սահմանափակել Թուրքիայի նկրտումները մեր տարածարջանում:
Մի կարեւոր հանգամանք էլ եմ ուզում նշել, որը հետեւեալն է. որքան էլ Թուրքիան ու Ադրբեջանը Իրանի համար հակառակորդ են տարածաշրջանում, բայց իմ կարծիքով Իրանը չի գնայ լայնածաւալ ռազմական առճակատման այդ պետութիւնների դէմ, կը փորձի նրանց առանց զինուած ուժերի կիրառման սահմանափակել: Թուրք-իրանական յարաբերութիւնները վերջին 100 տարուան ընթացքում շատ հետաքրքիր են որպէս մասնագէտների, գիտնականների համար ուսումնասիրելու նիւթ: Տեսէք, այս երկրները դաւանանքի առումով տարբերւում են. Իրանը դաւանում է շիա իսլամութիւնը, իսկ Թուրքիան՝ սունի իսլամութիւնը: Հարիւրամեակների ընթացքում իրար դէմ պատերազմներ են մղել, աշխարհաքաղաքական առումով երկուսն էլ մրցակցում են տարածաշրջանում ՝ ոչ միայն Հարաւային Կովկասում, այլեւ ընդհանրապէս Մերձաւոր Արեւելքում առաջնային դեր ստանձնելու համար, բայց կարողացել են խուսափել ուղղակի ռազմական բախումներից: Եւ կարծում եմ, որ այս պարագայում եւս Իրանը կանի համապատասխան քայլեր, որ խուսափի ուղղակի ռազմական բախումից : Չնայած մենք տեսնում ենք, որ Իրանի դէմ ճնշումը գնալով ուժեղանում է եւ դրա հետեւում կանգնած են ԱՄՆ-ը եւ Իսրայէլը, որոնք փորձում են Թուրքիային հրահրել Իրանի դէմ, մղել աւելի կտրուկ գործողութիւնների: Իհարկե, ինչպէս գիտէք, Իսրայելն այստեղ օգտագործում է Ադրբեջանին՝ իր քաղաքականութեան մեջ, որն ուղղուած է Իրանի դէմ: Այնպէս որ, հիմա բարդ ժամանակաշրջան է աշխարհառազմավարական առումով մեր տարածաշրջանում՝ կապուած ոչ միայն Արցախի խնդրի հետ , այլ նաեւ Իրանի հետ: Ես կարծում եմ, որ Իրանն ամէն ինչ կանի խուսափելու համար Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ռազմական բախումների մեջ ուղղակի յայտնուելուց:
– Անդրադառնանք մեր ռազմավարական դաշնակցին՝ Ռուսաստանին. խօսելով Արցախեան երրոդ պատերազմի եւ այսօրուայ իրավիճակի մասին, կուզենայի կանգ առնենք Ձեր դիտարկումների վրայ: Դուք Ձեր վերջին հարցազրոյցներում ասել էք, որ այսօր եւ Ռուսաստանը, եւ Արեւմուտքը, եւ Իրանը աւելի են սկսել զբաղուել արցախեան հիմնահարցով: Ինչպէ՞ս պէտք է կարողանայ այս պարագայում իրեն դրսեւորել Հայաստանը եւ այս աշխարհաքաղաքական իրավիճակն ի՞նչ հեռանկարներ է բացում մեր առաջ:
– Ռուսաստանը մեր դաշնակիցն է՝ ե՛ւ ռազմավարական, ե՛ւ աշխարհառազմավարական… Ռուսաստանի հետ յարաբերութիւնները պէտք է պահպանել, որովհետեւ մեր տարածաշրջանն այնպիսին է, որ առանց այդպիսի ռազմավարական, աշխարհառազմավարական դաշնակցի մենք գոյատեւել չենք կարող: Առաջին Հանրապետութեան անկման պատճառներից մէկն այն էր, որ Առաջին Հանրապետութիւնը չունէր այդպիսի դաշնակից: Այսօր կայ Ռուսաստանը: Մենք այսօր տեսնում ենք, որ Ռուսաստանի հետ յարաբերութիւններում, այո, կան որոշակի խնդիրներ: Բայց այդ խնդիրները պետք է քննարկել եւ հնարաւորինս արագ լուծումներ գտնել:
Իրանի հետ մեր յարաբերութիւնները պէտք է զարգացնել, խորացնել: Իրանի պարագայում արդէն նշեցինք, թէ նա ինչպիսի քաղաքականութիւն է իրականացնում այդ տխրահռչակ »Զանգեզուրի միջանցքի» հետ կապուած: Բացի դրանից, Իրանը շատ կարեւոր է Հայաստանի համար որպէս աշխարհաքաղաքական պատուա. նա թոյլ չի տալիս, որ Մերձաւոր Արեւելքի այդ բացասական երեւոյթները՝ թմրադեղերի առեւտուրը, վարձկանները, ծայրահեղ իսլամին հարող խմբավորումները ներթափանցեն մեր տարածաշրջան: Բացի վերոնշեալից, Իրանը մեզ համար կարեւոր է՝ որպէս մեր երկիրը աշխարհին կապող ճանապարհ… Այնպէս որ, մենք պետք է հասկանանք Իրանի աշխարհաքաղաքական, աշխարհառազմավարական նշանակութիւնը մեր երկրի եւ, ընդհանրապէս, Հարաւային Կովկասի համար: Եթէ մենք համեմատում ենք Իրանի եւ Թուրքիայի դերը Հարաւային Կովկասի տարածաշրջանի համար, ապա արձանագրենք, որ Թուրքիան ամէն ինչ անում է, որ խառնի տարածաշրջանը, որ կարողանայ »պղտոր ջրում ձուկ որսալ»: Իրանը փորձում է տարածաշրջանը հնարաւորինս հեռու պահել բոլոր բացասական երեւոյթներից: Եւ Իրանի հետ մեր յարաբերութիւններում վերջին շրջանում նկատում ենք բոլորովին նոր երեւոյթ. Իրանը ձգտում է իրականացնել ռազմավարական մեծ ծրագիր, որ իր երկիրը եւ Հնդկաստանը՝ Հայաստանի ու Վրաստանի միջոցով Սեւ ծովով կապուեն Եւրոպայի հետ… Այսինքն, այդ ծրագիրն արդէն դուրս է գալիս տարածաշրջանի ծրագրերի շրջանակից: Հնդկաստանը, գիտենք, որ աշխարհի ամենամեծ տնտեսութիւնն ունեցող երկրներից է՝ իր տնտեսական զարգացման մակարդակով 5-րդ տեղում է եւ այս տարածաշրջանում Իրանի հետ է համագործակցում: Այնպէս, որ սա մեզ համար նոր հնարաւորութիւններ է բացում, եւ պէտք է հնարաւորինս ամէն ինչ անենք այս իրողութիւնը յօգուտ մեր երկրի օգտագործելու, մեր երկիրը հզօրացնելու համար։
– Նկատենք նաեւ, որ Թուրքիային երէկ էլ, այսօր էլ մտահոգում է Սփիւռքում մեր հայկական լոբբիստական խմբերի Հայ Դատի յանձնախմբերի աշխատանքը: Ձեր մեկնաբանութիւնը:
– Այո, Թուրքիան ձգտում է հնարաւորինս այնպէս անել, որ Սփիւռքի գործունէութիւնը, մանաւանդ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում եւ մի շարք այլ երկրներում հնարաւորինս սահմանափակի հայկական լոբբիստական խմբերի, Հայ Դատի յանձնախմբերի աշխատանքները, որովհետեւ, իսկապէս, հայկական Սփիւռքը շատ կարեւոր աշխատանք է տանում ե՛ւ Հայ Դատի, ե՛ւ Արցախի հետ կապուած: Ես ժամանակին յատուկ յօդուած եմ գրել, որտեղ ցոյց եմ տուել, որ ԱՄՆ-ի հայկական լոբբիստական կազմակերպութիւնները հասան այն բանին, որ տասը տարի շարունակ յետաձգուեց Պաքու-Թբիլիսի –Կարս երկաթգծի կառուցումը, որը Թուրքիայի համար ունի շատ կարեւոր նշանակութիւն: Այսինքն, հայկական լոբբիստական կազմակերպութիւնները կարողացան տասը տարի խոչընդոտել, որ Թուրքիան իր այդ կարեւոր աշխարհաքաղաքական ծրագիրը իրականացնի: Միայն մեծ ջանքերի շնորհիւ Թուրքիային յաջողուեց տասը տարի յետոյ դա իրագործել: Տեսնո՞ւմ էք, թէ Սփիւռքի գործունէութիւնն ինչքան կարեւոր է. Սփիւռքը ոչ միայն ցեղասպանութեան ճանաչման, Արցախին օգնութիւն տալու խնդիր է լուծում, այլեւ աշխարհաքաղաքական նշանակութեան հարցեր է լուծում: Այնպէս, որ Թուրքիայի համար հայկական Սփիւռքի աշխատանքները խոչընդոտելը նաեւ աշխարհաքաղաքական նշանակութիւն ունի: Այնպէս որ, մեր Սփիւռքի լոբբիստական կառոյցների աշխատանքները ունեն նաեւ աշխարհաքաղաքական, աշխարհառազմավարական կարեւորութիւն:
Զրուցեց Յասմիկ Պողոսեանը