ԱՄՆ-ն փորձում է Արցախի հարցը վերջնականապէս եւ յօգուտ Ատրպէյճանի փակել

ԱՄՆ-ն տեսնում է Արցախն Ատրպէյճանի կազմում՝ դրա դիմաց առաջարկելով ինչ-որ վերացական բնոյթի անվտանգութեան երաշխիքներ, որոնք իրականում չկան ու իրենց կողմից չեն էլ լինելու։ Այս կարծիքին է «Լոյս» տեղեկատուական վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազեանը, որի դիտարկմամբ, ԱՄՆ դեսպանի յայտարարութիւնն այս համատեքստում եւս նորութիւն չէր։ Յիշեցնենք, որ Յունիսի 3-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազօր դեսպան Քրիստինա Քուինը յայտարարել է, թէ «ԱՄՆ-ն հաւատում եւ յոյսով է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կը կարողանան ապահով ապրել Ատրպէյճանի կազմում»։

«ԱՄՆ դեսպանը հերթական անգամ հաստատել է ԱՄՆ դիրքորոշումը, որը, սակայն, պատշաճ արձագանգի չի արժանացել Հայաստանում։ Մինչ օրս որեւէ քաղաքական ուժի կողմից որեւէ յայտարարութիւն չի եղել ԱՄՆ-ի քաղաքականութեան մասին, ինչից կարող ենք եզրակացնել, որ ԱՄՆ-ի դէմ քաղաքական օրակարգ ձեւաւորելն արգելուած է։ Ստացւում է՝ այն, ինչ չի կարելի Ռուսաստանին, կարելի է ԱՄՆ-ին։ Բացի այդ, ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Արցախի իշխանութիւնների վրայ, որպէսզի նրանք երրորդ երկրի տարածքում ուղիղ բանակցութիւնների մէջ մտնեն Ատրպէյճանի հետ, իսկ չհամաձայնելու դէպքում սպառնում է «Ատրպէյճանական հակաահաբեկչական» գործողութիւններ սկսել Արցախի դէմ։ Ալիեւին էլ ստիպում են սկսել այդ գործողութիւնները։ Եւ պատահական չէ, որ վերջին օրերին Ատրպէյճանում այդ թեմայով քարոզչական օրակարգ է ձեւաւորուել։ Խօսքը, օրինակ՝ «պատժիչ օպերացիաների» եւ նման ոճով յայտարարութիւնների մասին է», «Փաստի» հետ զրոյցում ասաց Հ. Այվազեանը՝ նշելով, որ ԱՄՆ-ն Ատրպէյճանին փորձում է օգտագործել նաեւ Իրանի դէմ։

Մեր զրուցակցի խօսքով, ի տարբերութիւն ԱՄՆ դիրքորոշման, ՌԴ-ն այլ դիրքորոշում ունի։ «ՌԴ-ն երբեք չի ասել, որ Արցախն Ատրպէյճանի կազմում պէտք է լինի, ոչ էլ 2020-ի Նոյեմբերի 9-ի փաստաթղթում է ամրագրուած, որ Արցախն Ատրպէյճանի կազմում են ճանաչում։ Պատերազմից յետոյ մի անգամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց, որ «միջազգային իրաւունքի տեսանկիւնից՝ Արցախն Ատրպէյճանի մաս է»։ Բանալի բառն այստեղ «միջազգային իրաւունքն» էր, որն իր խօսքից հանելով՝ յայտարարեցին, թէ իբր Պուտինն Արցախն Ատրպէյճանի կազմում է ճանաչում։ Միջազգային իրաւունք ասելով՝ Պուտինը նկատի ունէր, որ Արեւմուտքը ու յատկապէս Ուաշինկթոնն են որոշում՝ որն է միջազգային իրաւունքը, որը՝ ոչ, կամ որ միջազգային իրաւունքի նորմը կարելի է կիրառել, որը կարելի է խախտել։ Հետեւաբար, Պուտինն այն ժամանակ զգուշացրեց՝ ըստ էութեան ասելով՝ «եթէ գնաք ու փորձէք միջազգային հանրութեան միջոցով հարց լուծել, ստեղծելու են մի վիճակ, ըստ որի, Արցախն Ատրպէյճանի մաս է ճանաչուելու», ընդգծեց նա՝ շեշտելով, որ Հայաստանում չընկալուեց Պուտինի յայտարարութիւնը, ու շարունակեցին վարել բազմավեկտոր՝ «եւ-եւ»ի քաղաքականութիւնը։

«Սա է պատճառը, որ կանգնել ենք այսօր առկայ սպառնալիքների առաջ։ Իրականում ԱՄՆ-ն Ատրպէյճանի առաջ վաղուց է կանաչ լոյս վառել։ Այդ կանաչ լոյսը վառել է 2016 թուականին՝ հրահրելով ու թոյլ տալով Ապրիլեան ռազմական գործողութիւնները։ Այդ կանաչ լոյսը վառել է նաեւ 2018-ին, որ Հայաստանում իշխանափոխութիւն լինի։ Կանաչ լոյս է վառել 2020-ին, որ Փաշինեանը տապալի բանակցութիւնները, Ալիեւը պատերազմ սկսի, Արեւմուտքն էլ լռի այդ պատերազմում իրականացուած յանցագործութիւնների մասին։ Կանաչ լոյս է վառել նաեւ յետպատերազմեան գործընթացներում։ Ուաշինկթոնում կայացուած որոշում կայ, ըստ որի, ԱՄՆ-ն 120 հազար հայի դնում է զոհասեղանին, որպէսզի կարողանայ իր աշխարհաքաղաքական հակառակորդ Ռուսաստանին հարուած հասցնել», ասաց նա։

Հայկ Այվազեանի խօսքով, 44-օրեայ պատերազմը ԱՄՆ-ի համար նշուած գործընթացների «շարժիչ ուժն» էր։ «Իսկ աւելի ակտիւ փուլն սկսուեց յետպատերազմեան շրջանում, յատկապէս այն ժամանակ, երբ Ատրպէյճանը 2021-ի Մայիսից սկսեց ներխուժել ՀՀ սուվերէն տարածք։ Այդ ընթացքում պայմանաւորուած ձեւով սկսեցին հարցը ռուսական միջնորդութիւնից վուաշինկթոնեան, նաեւ բրիւսէլեան տիրոյթ տեղափոխելու օրակարգը։ Իրականում, սակայն, տիրոյթը մէկն է՝ ուաշինկթոնեանը, մնացածը պարզապէս սպասարկող հարթակներ են։ Նշուած ժամանակահատուածում պայմանաւորուած ձեւով սկսեցին հիմնաւորուել, թէ իբր Ռուսաստանի մասնակցութեամբ գոյութիւն ունեցող անվտանգային համակարգն այլեւս լաւ չի գործում, ու պէտք է անվտանգային այլ օրակարգ փնտռել», ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ գործընթացների միւս՝ աւելի ակտիւ փուլն անցած տարուայ Սեպտեմբերեան մարտերից յետոյ էր, երբ ՀԱՊԿ-ը Հայաստանին օժանդակութեան փաթեթ առաջարկեց, եւ ՀՀ իշխանութիւններն այն չստորագրեցին։

«Այդպիսով Ատրպէյճանին ասացին՝ «էստի համեցէք», Ատրպէյճանն էլ դրանից սկսեց օգտուել ու հիմա, փաստօրէն, աւելի է սրում իրավիճակը։ Եթէ ՀԱՊԿ-ի օգնութիւնը լինէր, ապա, ամենայն հաւանականութեամբ, Լաչինի միջանցքը չէր փակուի։ Եթէ ՀԱՊԿ-ն այստեղ լինէր, Ատրպէյճանը որեւէ գործողութիւն չէր կարող իրականացնել։ Հնարաւոր է՝ ինչ-որ կրակոցներ լինէին սահմանին, միջադէպեր, բայց լայնածաւալ ոչինչ չէր կարող անել։ Մինչդեռ, օգնութեան փաթեթին համաձայնութիւն չտալով ու այն չստորագրելով՝ ՀՀ իշխանութիւնների ձեռամբ եւ նրանց ուղիղ մասնակցութեամբ Արեւմուտքը ստեղծեց պայմաններ, որ Ատրպէյճանը կարողանայ լայնածաւալ օպերացիաներ իրականացնել ոչ միայն Արցախի Հանրապետութեան, այլեւ ՀՀ-ի նկատմամբ՝ «Զանգեզուրեան միջանցք» կոչուածն ուժով վերցնելու նպատակով։

Այս փուլում, մեծ հաշուով, ականատես ենք լինում վերջնականապէս Արցախի հարցը յօգուտ Ատրպէյճանի փակելու ԱՄՆ-ի փորձերին։ Հիմա փնտռում են ճանապարհներ, թէ ինչ ճնշումների միջոցով կարելի է ստիպել Արցախի իշխանութիւններին, տուեալ դէպքում՝ Արայիկ Յարութիւնեանին, որ նա գնայ այդ զիջումներին։ Շատ հնարաւոր է, որ նա այդքան էլ ձեռնտու չէ ԱՄՆ-ին, քանի որ անհրաժեշտ ինտենսիւութեամբ չի իրականացնում Ուաշինկթոնում գծուած ծրագիրը։ Ի հարկէ, Արցախի ժողովուրդը դիմադրում է՝ ասելով՝ դէմ է, որ Արցախն Ատրպէյճանի կազմում լինի, բայց Արցախի ժողովուրդը քաղաքական առումով թացը չորից տարբերակելու խնդիր ունի, երբեմն մանիպուլացւում է, զոհ գնում սորոսական քարոզչութեանը։ Այն, որ Արցախի իշխանութիւնները ԱՄՆ-ին անհրաժեշտ ինտենսիւութեամբ չեն իրականացնում Ուաշինկթոնում գծուած ծրագիրը, պատճառը, մեծ հաշուով, ռուսների դիմադրութիւնն է։ Եթէ ռուսները չլինեն, ծրագրի իրականացումն ու Արցախի հարցը փակելն օրերի, ժամերի հարց է», եզրափակեց Հայկ Այվազեանը։

Աննա Պատալեան

Փաստ

Comments are closed.