ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անուան մարդու իրաւունքների յանձնաժողովում տեղի է ունեցել Արցախում ստեղծուած իրավիճակի վերաբերեալ կոնգրեսական լսումներ
Սեպտեմբերի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անուան մարդու իրաւունքների յանձնաժողովում տեղի է ունեցել Արցախում ստեղծուած հումանիտար իրավիճակի վերաբերեալ կոնգրեսական լսումներ, որին մասնակցել է նաեւ Միջազգային քրէական դատարանի նախկին գլխաւոր դատախազ Լուիս Մորենօ Օկամպօն, որն ԱՄՆ նախագահ Ճօ Պայտընին մեղադրել է Արցախի 120․000 տեղաբնիկ քրիստոնեայ հայերի ցեղասպանութեան մէջ մեղսակցութեան համար։ Օկամպօն նաեւ նկատել է՝ նախագահ Պայտընը կամ պետքարտուղար Պլինքէնը կարող են Ալիեւից պահանջել անմիջապէս եւ անվերապահօրէն վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը, եթէ ոչ՝ ապա Ալիեւին համարեն ցեղասպանութեան համար պատասխանատու, ինչն, ի հարկէ, բազմաթիւ հետեւանքներ կ’ունենայ։
Օկամպօն հանգամանօրէն հակադարձել է այն փաստարկներին, որ Հայաստան-Ատրպէյճան բանակցութիւնները կարող են խոչընդոտուել, եթէ Արցախում իրականացուող քաղաքականութիւնը պատշաճ կերպով բնութագրուի որպէս ցեղասպանութիւն՝ հաշուի առնելով Ատրպէյճանի կողմից Արցախի 260-օրեայ շրջափակումը: «Բանակցութիւնը ցեղասպանի եւ նրա զոհերի միջեւ է։ Դուք չէք կարող բանակցութիւններ հայցել Հիթլերի եւ Օսվենցիմում գտնուող մարդկանց միջեւ: Դա բանակցութիւն չէ։ Դուք պէտք է դադարեցնեք օսվենցիմը, ապա քննարկէք բանակցութիւնները: Եւ կարծում եմ՝ այստեղ է գաղտնիքը։ Հաշուի առնելով, որ նախագահ Ալիեւը ցեղասպանութիւն է իրականացնում եւ փորձում է ժխտել ցեղասպանութիւնը, ապա ցեղասպանութիւնը ժխտելուն ուղղուած ԱՄՆ-ի քաղաքականութիւնը կարող է մեղսակցութիւն համարուել», յայտարարել է Օկամպօն։
Արձագանգելով միջազգային իրաւունքի հեղինակաւոր մասնագէտին՝ Հայ դատի Ուաշինկթընի գրասենեակի գործադիր տնօրէն Արամ Համբարեանը նկատել է․ «Այսօրուայ լսումները նախագահ Պայտընի եւ հանրութեան ուշադրութիւնը հրաւիրեցին այն հանգամանքին, որ համաձայն ցեղասպանութեան կանխարգելման եւ պատժի մասին կոնվենցիայի ոգու եւ տառի, նա մեղսակից է Արցախի 120․000 բնիկ քրիստոնեայ հայերի դէմ Ատրպէյճանի ցեղասպանութեանը։
Թոմ Լանթոսի անուան մարդու իրաւունքների յանձնաժողովի համանախագահ, կոնգրեսական Քրիս Սմիթը, որը մարդու իրաւունքների պաշտպանութեան մեծ ջատագով է եւ էական ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման գործում, շարունակել է քննադատել ամերիկեան պաշտօնեաներին՝ լսումներին չմասնակցելու համար։ Սմիթը մասնաւորապէս նշել է․ «Այս նիստը երկու դատարկ աթոռ ունի՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի եւ USAID-ի (Ամերիկայի Միացեալ Նահանգների Միջազգային Զարգացման գործակալութեան): Ես խնդրեցի, որ նրանք երկուսն էլ մասնակցեն այս նիստին: Չնայած հեռախօսով եւ ելեկտրոնային փոստով բազմակի խնդրանքներին՝ ոչ մէկը չպատասխանեց: Նոյնիսկ ոչ մի արձագանք: 1995 թուականից ի վեր ես նախագահել եմ հարիւրաւոր լսումներ՝ Պետդեպարտամենտի կամ USAID-ի ներկայացուցիչների հետ: Սա բացարձակ անպատասխանութեան եզակի դէպք է»։
Լսումների ժամանակ ելոյթ է ունեցել նաեւ Գոլոմպիայի համալսարանի Արցախի վայրագութիւնների ծրագրի տնօրէն եւ Ճորճթաունի համալսարանի հրաւիրեալ փրոֆեսոր Տէյվիտ Ֆիլիպսը, որը նոյնպէս քննադատել է ԱՄՆ նախագահին, ներկայացրել է Հայաստանի ու Արցախի նկատմամբ ատրպէյճանական վայրագութիւնները եւ Ատրպէյճանի ու դրա բարձրագոյն ղեկավարութեան դէմ ամերիկեան կոնկրետ պատժամիջոցների կիրառման կոչ է արել։ Ֆիլիպսը քննադատել է միջազգային հանրութեանը Ատրպէյճանի դէմ պատժամիջոցներ չկիրառելու համար՝ նկատելով․ «Միջազգային հանրութիւնը չկարողացաւ պատժամիջոց կիրառել 2016 եւ 2020 թուականների պատերազմներից յետոյ՝ յանցագործութիւններ կատարած անձանց նկատմամբ: Միջազգային հանրութեան այդ ձախողումն ուղերձ էր Ատրպէյճանի կառավարութեանը, որ նա կարող է գործել անպատիժ եւ խուսափել մարդկութեան դէմ իր յանցագործութիւնների, էթնիկ զտումների ու ցեղասպանութեան համար պատժից»։
Հայ դատի Ամերիկայի յանձնախումբը տարբեր ուղղութիւններով՝ այդ թուում ամերիկահայ համայնքի մոպիլիզացիայի միջոցով, շարունակում է ամերիկեան իշխանութեան գործադիր թեւի վրայ ճնշումը՝ Ատրպէյճանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման, Ազատութեան աջակցութեան ակտի 907-րդ բանաձեւի պահանջների վերականգնման, Հայաստանին ու Արցախին ամերիկեան շօշափելի օժանդակութեան եւ այլ ուղղութիւններով։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կեդրոնական գրասենեակ
07.09․2023 թ․
Comments are closed.