Ձուլուածների ձուլուածները կամ ովքե՞ր են պահում Սասունի Մարաթուկի վանքը
Սոֆիա Յակոբեան
՚«Հորիզոն»
Իսլամացուած հայերի ուսումնասիրման համատեքստում բաւականին հետաքրքրական եւ ուշագրաւ է ցեղասպանութիւնից առաջ իսլամացուած հայերի գործօնը, որոնց մի մասն իսլամացուել է ապտուլհամիտեան շրջանում, մի մասը աւելի քան 4-5 դար առաջ:
Թէեւ մեզանից շատերը սովոր են իսլամացում հասկացութեան տակ պատկերացնել միայն ցեղասպանութեան շրջանում բռնի կրօնփոխուածներին եւ լաւագոյն պարագայում յիշել նաեւ 17-18-րդ դարում իսլամացուած համշենցիներին, այնուամենայնիւ, Օսմանեան կայսրութիւնում եւ Թուրքիայում իսլամացման գործընթացը 1915-ով ո՛չ սկսւում, ո՛չ էլ աւարտւում է:
Կրօնական փոքրամասնութիւնների իսլամացմանը յանգեցնող կոտորածները որպէս պետական աւանդոյթ ամրապնդուեցին, թերեւս, Սելիմ Առաջին սուլթանի օրօք, թէեւ տարբեր բռնաճնշումները, կոտորածներն ու խտրական քաղաքականութիւնը կայսրութեան պատմութեան անբաժանելի մասն էին շատ աւելի վաղուց, աւելին` ընկած էին կայսրութեան կայացման հիմքում: Իսլամացումը շարունակուել է նաեւ 1915-ից յետոյ, ընդհուպ մինչեւ 1980-ականներ: Թէ քանի՞ հայ, յոյն, ասորի, հրեայ ու լազ իսլամացուեց այդ երկար ու ձիգ դարերի ընթացքում` հաշուելը, շատ մեղմ ասած, բարդ է:
Սակայն ուշագրաւ է մօտ 5-6 սերունդ առաջ իսլամացուած հայկական աշիրեթների հետքերի ետեւից գնալով կարելի է փաստել, որ նրանց գործօնը որոշակի իմաստով փոխել է նաեւ ցեղասպանութեան նախապէս ծրագրուած ընթացքը: Տերսիմում, Սասունում, Սեբաստիայում, Երզնկայում, Խարբերդում ու Տիարպեքիրում բազմաթիւ հայեր 1915-ին փրկուել են հենց մահմետական թուացող, բայց աւելի վաղ շրջանում էթնիկ, կրօնական կամ սոցիալական ճնշումների հետեւանքով մահմետականացուած աշիրեթների կողմից:
Վերջիններիս մօտ ծինային յիշողութիւնը թաքնուած է շատ աւելի խորը նստուածքային շերտերի տակ, իսկ ամենակարեւորը` ի տարբերութիւն 1915-ին իսլամացուածների` նրանց շրջանում հայկական ինքնութեամբ ապրած ու բուն յիշողութեան կրողը հանդիսացող պապերի ու տատերի սերունդը շատ վաղուց արդէն կենդանի չէ: Մինչդեռ 20-րդ դարի սկզբին այս յիշողութիւնը շատ աւելի արթուն էր, իսկ մահմետական լինելն ու որոշակի հողատարածքնեի վրայ ունեցած ազդեցութիւնը նրանց թոյլ էր տալիս իրենց հովանու տակ առնել հայ որբերի:
Սասունում, Տերսիմում ու Խարբերդում փրկուած հայ որբերի ոչ այնքան փոքր քանակը գոյատեւեց նաեւ ու գլխաւորապէս այս իսլամացուած ցեղերի շնորհիւ: Մանաւանդ, որ այս քրտացուած աշիրեթների մէջ զտարիւն հայերի հետ ամուսնութիւնների ձգտել են միշտ ու անգամ հիմա: Նրանց տներում պաստսպարուած հայ որբերի մի մասը հետագայում ազատ է արձակուել ու առանձին կառուցել իրենց տնտեսութիւնն ու ընտանիքները, մի մասն էլ ամուսնութիւնների միջոցով դարձել է այս աշիրեթների մի մասն ու նույնպէս իսլամացել:
Թէեւ պէտք է նշենք, որ ի տարբերութիւն 1915-ին իսլամացուածների, որոնց մէջ դէպի հայութիւն վերադարձողները քիչ չեն, ապտուլհամիտեան ու աւելի վաղ շրջանում իսլամացուածները պարզ պատճառներով աւելի պասիւ են հին կրօնի հանդէպ հետաքրքրութիւն դրսեւորելու հարցում, բայց միեւնոյնն է` պատմական ամենատարբեր ժամանակաշրջաններում, կեանքի այս կամ այն հանգամանքներում հայկական գիծը ինչ-որ կերպ դրսեւորում գտնում է: Այլ հարց է, թէ դա որքանո՛վ է եղանակ փոխում ներկայ պատմական փուլում:
Սասունցիների յատկապէս բանահիւսութեանը ծանօթներին միանշանակ յայտնի է Շեկօ ցեղի մասին տարբեր պատմութիւնները: Սա, թերեւս, այն աշիրեթներից է, ում հայկական ծագումը պարբերաբար շահարկւում է նաեւ տարբեր գրական աղբիւրներում, սակայն, այնումենայնիւ, մնում է վիճելի:
Ռուբէնի յայտնի յիշատակարանում ուշագրաւ է յատկապէս Շեկօների մասին այն յիշատակումը, թէ քրտական բոլոր աշիրեթների հետ առանց վարանելու ճակատ-ճակատի կռուող ու անգամ ամենաարիւնարբու քրտական ցեղերին յաղթել կարողացող սասունցի հայերը խուսափում էին բախումների մէջ մտնել միայն մէկ աշիրեթի հետ. Շեկօների:
Ռուբէնն անգամ իր գրքի մի քանի գլուխներում անուանում է Շեկօներին Մամըկայ ցեղ ու համարում Մամիկոնեանների ազգակիցը:
Սասունցի բանասացների շրջանում ոմանք նրանց համարում են հայկական ծագմամբ ու ապտուլհամիտեան շրջանում իսլամացուած աշիրեթ, ոմանք հայերէն «Շեկօ» անուանումը համարում են հայերի հետ շատ սերտ յարաբերութիւնների արդիւնք ու պարզապէս հայ հարեւանների կողմից տրուած մի անուն այն շրջանում, երբ տուեալ տարածքներում իշխում էր հայերէն ու քրտերէնը ու հայերէնի իմացութեամբ փայլում էին նաեւ բազմաթիւ քիւրտ գիւղացիները:
Բաւական է յիշել միայն այն յայտնի խօսքը, թէ Սասունում հայը քրտին քրտերէն հարց էր տալիս, իսկ քիւրտը հայերէն պատասխանում:
Եթէ ուշադրութիւն դարձնենք Շեկօ աշիրեթի անդամների ֆզիոգնոմիկ տուեալներին` վերջիններս մեծ մասամբ իսկապէս շէկ են, յաղթանդամ, լայն ուսերով եւ բարձրահասակ:
Դա, ինչ խօսք, կարող է լինել եւ հայկական ծինի վկայութիւն, եւ պարզապէս աշխարհագրական պայմանների ազդեցութեան տակ ձեւաւորուած ֆիզիոլոգիական գծեր:
Ինչպիսին է Շեկօների կենսակերպն ու Սասունում զբաղեցրած դիրքն այսօր. մտածեցինք մենք եւ որոշեցինք կիսատ չթողնել, երբ Ռուբէնի պատմութիւնը այն պահին, երբ «Հորիզոն»ի իմ սիրելի խմբագիր Վահագն Գարագաշեանը Գանատայից մինչեւ Երեւան հասցրած Ռուբէնի յիշատակարանի 7 հատորները շարեց դիմացս ու խնդրեց եւ պահանջեց «Սասունի հանրագիտարան»ի շարունակութիւնը սկսել հենց մամըկաներից:
Սասունում մամըկաներին կամ շեկօներին ճանաչում են բոլորը. Այստեղ եկող իւրաքանչիւր մարդ ուզած-չուզած բախուելու է նրանց հետ. դէպի Մարաթուկ եւ այլ հայկական պատմական վայրեր ուղեկցութիւնը սովորաբար վստահւում են հենց նրանց:
Իրենք իրենց իշխանութիւնից չափազանց գոհ ու մի քիչ էլ բռանակալ շեկօներին ոչ բոլորն են սիրում Սասունում: Ինչ-որ մէկը կ’ասի նրանց վայրենի, ինչ-որ մէկը արնախում, բայց բոլորն էլ մէկ մարդու պէս ձայնները կտրած ու կիսակեղծաւոր ժպիտով գլուխ կը տան շեկօներին, երբ վերջիններս երեւան Սասունի կենտրոնում, շուկայում, կամ որեւէ գիւղում:
Սասունի ամենաբարձրադիր ու անառիկ հատուածում են գտնւում շեկօների գիւղերը:
Շեկօների գործօնի կարեւորութիւնը հայերի համար հենց նրանում է կայանում, որ Սասունի վերջին հայաբնակ գիւղերի կարեւոր հատուածը, կամ այլ կերպ ասած Մարաթուկ լերան գրեթէ ամբողջ ստորոտը Խաբլջոզի կողմից եւ Մարաթուկի գագաթին գտնուող Սուրբ Աստուածածին վանքը համարւում է Շեկօ աշիրեթրի տիրոյթը: Դրան մէջ է մտնում նաեւ Մարաթուկի յայտնի Օթնակ եայլան, որտեղ ամրանը անասնապահութեամբ են զբաղւում արաբացած հայերը:
Շեկօները նրանց հետ միասին ամէն տարի իրականացնում են Մարաթուկի Սուրբ Աստուածածնի վանքի մատաղն ու ունեն եւս մի քանի ուխտատեղիներ Սասունի մի քանի գիւղերում:
Գաղտնիք բացած չեմ լինի, եթէ ասեմ, որ ցեղասպանութեան տարիներին հայ որբերը ամէնից շատ հենց Շեկօ աշիրեթի կողմից են պաշպանութեան տակ առնուել ու ապաստանել նրանց կողքին` ոմանք մի քանի ամիս, ոմանք տարիներ, ոմանք էլ մինչ օրս: Թէեւ արդարացի լինելու համար պէտք է նշել, որ այլ գիւղերից փախած հայ որբերին հող բաշխած ու տուն կառուցելու համար պայմաններ ստեղծած շեկօների շրջանում եղել են նաեւ իրենց իսկ գիւղերում անտէր մնացած հայերի տներն ու հողերը իւրացնողներ:
Կոշկ, Իրիցանք, Փիրշենք եւ մի քանի այլ գիւղերում իշխանութիւն հաստատած այս աշիրեթը, օգտագործելով Սասունում գործող խնամի-ծանօթ-բարեկամ երբեք չհնացող համակարգը առնուազն 6-7 սերունդ է, ինչ ժառանգական կերպով ստանձնում են այս գիւղերի համայնքապետերի պաշտօնները: Իսկ շեկօների արեւելեան ճիւղը տարածուել է մինչեւ Պիթլիս:
Բազմաքանակ ու մի քանի ճիւղ ունեցող աշիրեթին Սասունում ասում են Շիգօ, որոնք ժամանակի ընթացքում բաժանուել են մի քանի ճիւղի, դրանցից ամենախոշորներն են` Շաքքօ, Բերիմ, Ռամզօ, Բետերէ եւ Հաջջօ/Խաճօ ցեղախմբերը:
Ուսումնատենչութեամբ չփայլող ու հիմնականում ուժի լեզուն հասկացող ու կիրառող շեկօները կրօնապաշտ են, նոյնիսկ` կրօնամոլ: Դրա հետ մէկտեղ նրանց մէջ հնարաւոր է գտնել հատուկենտ մարդկանց, որոնք տեղեակ են Ղուրանից ամբողջութեամբ կամ երբեւէ կարդացել են այն: Դրա պատճառը, թերեւս, կայանում է նրանում, որ շեկօները, ինչպէս եւ Սասունի բնակչութեան 99 տոկոսը, տառաճանաչ չէին մինչեւ 1990-ականների կէսեր եւ անգամ վերջ:
Կրօնապաշտութիւնը նրանց շրջանում յանգեցնում է այնպիսի ծայրայեղ դրեւորումների, ինչպէս օրինակ օրական պարտադիր 5 անգամ նամազի կատարումը, Ռամատանի պահքին խստագոյնս հետեւելն ու անթիւ անհամար ուխտաւոր պապիկները: Նրանց մէջ նաեւ տարածուած են ազգականների միջեւ ամուսնութիւնները, սակայն պէտք է նշել, որ դա կապուած է ոչ միայն իսլամական օրէնքների, այլեւ շեկօների չափազանց փակ կենսակերպի հետ. «օտարին» աղջիկ տալը հեշտ որոշում չէ այսեղ անգամ այն պարագայում, երբ դրան ետեւում 21-րդ դարն է:
Սակայն առաւել հետաքրքիր ու ծայրայեղական է այն փաստը, որ օրինակ շեկօների Շաքքօ ենթախումբը այս ամէնի հետ մէկտեղ սրբօրէն պաշտպանում է տարածքի հայերին եւ իր կողքին ապաստանած հայ որբերին երբեւէ չի պարտադրել իսլամ ընդունել, աւելին` իրենց վրայ են վերցրել այս հայերին կրօնափոխ անել փորձած բոլոր ցեղախմբերին «ճզմելու» պարտականութիւնը:
Նոյնը չենք կարող ասել Ռամզօ ենթախմբի մասին, որոնց տներում յայտնուած հայ որբերը իրեն կրօնամոլութեամբ չեն տարբերւում այս շեկօներից: Նրանք նաեւ հետագայում շատ հայ հարսներ են բերել իրենց տուն, որոնք սովորաբար ամուսնանալու ժամանակ դեռ քրիստոնեայ էին, սակայն ռամզներն արագ էին լուծում այդ հարցերը:
Ի դէպ` հիմնականում հողային հարցերի շուրջ տարաձայնութիւնների արդիւնքում բախումներ են եղել նաեւ Շեկօ աշիրեթի տարբեր ենթախմբերի միջեւ, սակայն Սասունում ներցեղային կռիւներն այնքան սովորական երեւոյթ են, որ այդ մասին խօսելիս անգամ վերջիններս ժպտալով ասում են «անցած բան է» եւ անգամ շարունակում միմեանց հրաւիրել հարսանիքների կամ այլ առիթների:
Հողային վէճերի արդիւնքում արիւնալի բախումներ են եղել հիմնականում ռամզօների եւ շաքքօների միջեւ, փոխադարձ սպանութիւններից յետոյ ի վերջոյ կողմերը «հաշտուեցին» եւ վերադարձան իրենց բնականոն կեանքին` կարծես թէ ոչինչ էլ չէր եղել:
Սեփական ազգականների հանդէպ այսպիսի արիւնոտ հաշուեհարդարներն ու դրանց հանդէպ մակերեսային վերաբերմունքը սովորական երեւոյթ է բոլոր քրտերի մէջ: Այնպէս որ եթէ անգամ հակուած լինենք շեկօներին կոչել հայկական ծագում ունեցողներ` նրանց բարքերն ու ապրելակերպը մեզ պէտք է ցոյց տան, որ փաստացի ներկայ փուլում նրանց մէջ հայկական ծինը զիջում է քրտերի ու արաբների հետ ազգակցական կապերի գործօնին եւ իւրացրած մշակոյթներին, որոնց հետ խառնուել են նրանք այս երկար տարիների ընթացքում:
Հայալեզու աղբիւրներում որպէս «Շեկօ տան քրտեր» յայտնի այս աշիրեթը այսօր բնաւ այդպէս չի ներկայանում: Աւելին` ի զարամանս նրանց որպէս քիւրտ ճանաչող շատ ուսումնասիրողների` շեկօները ներկայանում են որպէս արաբ եւ խօսում են Սասունի արաբերէնի բաւականին իւրայատուկ բարբառով:
Այս բարբառի մէջ անթիւ անհամար են հայերէն փոխառութիւններն ու յաճախ շեկօները իրենք էլ տեղեակ չեն լինում, որ իրենց արտաբերած «չամիչ» կամ «խորիզ» բառը հայերէն է: Վերջիններս նաեւ մեծ մասամբ օգտագործում են գիւղերի հին հայկական անուանումները, ինչպէս եւ Սասունի արաբախօս հատուածի մեծ մասը: Թէեւ քրտերէնի ու քրտական մշակոյթի ազդեցութիւնն այստեղ գրեթէ հաւասարապէս զուգակցւում է հայկականի հետ` եւ բարբառի եւ բանահիւսութեան, նիստուկացի ու աւանդոյթների մէջ:
Որպէսզի պատկերացում կազմէք Սասունում վերջին 100 տարուայ ընթացքում տեղի ունեցած կտրուկ դեմոգրաֆիկ փոփոխութիւնների ազդեցութեան մասին, որը վերաբերւում է ոչ միայն հայկական բնակչութեանը, նշեմ, որ եթէ այսօր կանգնէք շեկօների դիմաց եւ նրանց քիւրտ անուանէք, ապա շատ վիրաւորած կը լինէք նրանց:
Այստեղ պէտք է առանձին անդրադառնալ Սասունում արաբական ազդեցութեան տարածման պատմութեան ու պատճառների մասին եւ նշել, որ քրտերի կամ քրտացած հայերի ու ասորիների ինչ-որ մի փուլում քրտից արաբ դառնալը յատուկ է ոչ միայն շեկօներին եւ մի ամբողջ պատմական ժամանակաշրջանի արտացոլում է, որը շրջանցուել է հայկական պատմագրութեան մէջ գուցէ այն պարզ պատճառով, որ այս բեկումնային պատմական իրադարձութիւնները տեղի են ունեցել արդէն ցեղասպանութիւնից յետոյ:
Ցեղասպանութիւնից մօտ երկու տասնամեակ անց Թուրքիայի հարաւ-արեւելքում բռնկուած քրտական ապստամբութիւնների մասին հիմնականում խօսւում է Տերսիմի կոտորածների ֆոնի վրայ, մինչդեռ այդ իրադարձութիւններից ահռելի ազդեցութիւն է կրել ոչ միայն Տերսիմը, այլեւ մի շարք այլ շրջաններ եւս` Սասունի գլխաւորութեամբ:
Թեման չափազանց ընդգրկուն է եւ արժանի առանձին` առաւել մանրամասն անդրադարձի, թերեւս այս անգամ ընդհանուր պատկերացում տալու համար պէտք է նշեմ, որ 1937-38թթ.-ի քրտական ապստամբութիւնները եթէ բեկումնային էին Տերսիմի համար զանգուածային կոտորածների տեսքով, ապա Սասունի համար դրանք կտրուկ դեմոգրաֆիկ փոփոխութիւնների եւ Սասունի արեւելեան ու հարաւ-արեւելեան շրջաններում ամբողջական արաբացման ժամանակներն էին:
Այդ ընթացքում Սասունում կատաղի բախումներ են տեղի ունեցել քրտական կամ քրտախօս աշիրեթների եւ թուրք զինուորների միջեւ, պայթեցուել ու այրուել են բազմաթիւ այգիներ, անտառներ, աքսորուել հազարաւոր ապստամբներ` ընտանիքներով հանդերձ:
Ի դէպ` նրանց շրջանում կային նաեւ հայեր. ոմանք ապստամբում էին սովի ու համատարած անկարգութիւնների, թալանի դէմ, ոմանք ապստամբութեան ընթացքում հետեւում էին իրենց «տէր» կանգնած քրտական ցեղախմբերին, ոմանք ուղղակի վրէժ էին լուծում անհատներից, որոշ ցեղերից կամ բոլորից, ոմանք էլ ուղղակի ելք չունէին, քանի որ ստրկացուած էին կամ էլ մնացել էին երկու պատերազմող արնախում կողմերի արանքում եւ այլ ելք չունէին, քան զէնք վերցնելը: Պէտք է նշել, որ գնդակահարուել ու աքսորուել են նաեւ հայեր, որոնք կապ չունէին կողմերից եւ ոչ մէկի հետ, սակայն ինչպէս գիտենք` ուժեղի մօտ միշտ թոյլն է մեղաւոր:
Այս ապստամբութիւններից յետոյ Սասունն այլեւս երբեք առաջուանը չէր. դա այն բեկումնային կէտն էր, երբ իշխանամէտը դարձաւ ապստամբ ու թշնամի, ընդդիմադիրը դարձաւ իշխանամէտ ու պետականապաշտ: Ցեղասպանութեան շրջանում հայերին կոտորելով ու թալանի միջոցով հարստացած բազմաթիւ աշիրեթներ, որոնք չէին հասկանում, թէ ինչո՛ւ պէտք է հարկ վճարեն պետութեանը, այլեւս աքսորեալ էին: Աքսորուած ապստամբների ամայացուած տարածքներում մի քանի տարուայ ընթացում քիւրտ ֆեոդալների իւրացրած հողերը յանձնուեցին արաբախօս աշիրեթներին, նրանցից ոմանք այստեղ էին եկել Իրաքի Պասրա նահանգից դեռեւս 9-րդ դարում, ոմանք էլ` Սիրիայից հասած նորեկներ էին:
Քրտական գործօնը Սասունի զգալի հատուածում ճնշուեց արագ ու անհետ, իսկ աքսորից վերադառնալ յաջողեցրածները ստիպուած էին ընդունել խաղի նոր կանոնները: Ամենակարեւոր հողատարածքներն այլեւս արաբախօսների ձեռքում էին: Հենց դա էլ պատճառ դարձաւ նաեւ շատ քրտական աշիրեթների «արաբացման» ու ընդհանուր հոսանքի տակ նոր լեզուն իւրացնելու, ինչի արդիւնքում ոմանք կարողացան ետ ստանալ պետութեան կողմից խլուած հողատարածքները:
Արդիւնքում Սասունն «արաբացնելով» թուրքական պետութիւնը նոր մարտավարութիւն որդեգրեց Սասունի նկատմամբ. այս մշտապէս անհանգիստ շրջանում բացառուեց հայ-քրտական ապստամբութիւնը, պետութեանը հլու հնազանդ նոր արաբախօս մի զանգուած ստեղծուեց եւ լեռնային Սասունը վերցուեց ամբողջական վերահսկողութեան տակ:
Արաբերենի այդ խիստ տարբերուող, Սասունից դուրս ոչ մի կերպ չհասկացուող, քրտերէն ու հայերէն փոխառութիւններով համեմուած բարբառին` հայերէնն ու քրտերէնը մոռացնելու համար զարկ տալու տարբերակը նոյնպէս հեռու չէ իրականութիւնից:
Այսօր գրեթէ ամբողջ Սասունը` բացառութեամբ արեւմտեան եւ հիւսիս-արեւմտեան հատուածի հակաքրտական է մեղմ ասած եւ պետութեան ամենայուսալի յենարանը Պաթմանի նահանգում:
Եւ ահա ամենահետաքրքիրն այս ամէնի ֆոնին. Շեկօների` Սասունի սարերի պէս անշարժ ու քար լինելը: Օսմանեան շրջանում իրենց ընդդիմադիր դիրքով յայտնի շեկօներն այս ամբողջ թոհուբոհի մէջ յաջողում են ոչ միայն չաքսորուել, չտրոհուել ու չզրկուել ունեցած հողատարածքներից` այլեւ էլ աւելի են մեծացնում իրենց տիրոյթները, հասցնում են հաշուեհարդար տեսնել նախկինում կոնֆլիկտ ունեցած բոլոր քրտական ցեղախմբերից ու այդ ընթացքում շահում պետութեան վստահութիւնը` շարունակելով իրենց թեւի տակ պահել հարիւրաւոր հայ որբերի մինչ այսօր:
Թէեւ շեկօներից ոմանք խոստովանում են, որ իրենց աւագ սերունդը քրտերէն խօսել է, բայց «արաբական ծագման» մասին անհիմն ու հեքիաթ յիշեցնող պնդումները շարադրում են դէմքի շատ լուրջ արտայայտութեամբ:
Շատ երկար կարելի է վիճել` հայ են ի վերջոյ նրանք, թէ քիւրտ: Սակայն ես այն նոսր խմբի ներկայացուցիչն եմ, որը այս պայմաններում ու այս ժամանակաշրջանում դրա իմաստը չի տեսնում:
Ծայրայեղութիւնների ու ռոմանտիզմի ետեւից չընկնելով կարող ենք փաստել, որ հայկական ծագումը քիչ բանի մասին կարող է խօսել այն դէպքում, երբ մարդիկ իրենց կենսակերպը կառուցում են բոլորովին այլ արժէքների վրայ ու անցել են ասիմիլիացիայի առնուազն երեք փուլ` հայութիւնից քրտացում, քրտացումից արաբացում ու վերջին 30 տարում արդէն թուրքացում: Աւելին` երջանիկ են հենց այդ կերպարանքով:
Իսլամիստ, էրտողանամէտ ու թուրք ազգի նահատակների շարքում հպարտութեամբ իրենց զաւակների անունները կրող շեկօների հայ լինել չլինելն այս պահին քիչ եղանակ է լուծում ե՛ւ մեզ, ե՛ւ նրանց համար:
Ի վերջոյ` որքան էլ տարօրինակ ու դաժան հնչի, բայց պատմական այս ժամանակաշրջանում նրանց իշխանամէտութիւնն ու ունեցած ուժը ապահովել է մի շարք ծպտեալ հայ ընտանիքների գոնէ ֆիզիքական գոյութիւնը:
Շեկօների հակասական կերպարն ու պատմութեան էջերում ունեցած վայրիվերումները, բռնակալ դիրքն ու հայ որբերի հանդէպ ունեցած յատուկ վերաբերմունքը, կրօնամոլութիւնը, ազատութիւնը, տգիտութիւնն ու ճարպիկութիւնը, ժուժկալութիւնն ու մեծահոգութիւնը տալիս է ժամանակակից Սասունի, ու անգամ ամբողջ Թուրքիայի պատկերը, որտեղ ոչինչ եւ ոչ ոք միանշանակ չեն, յատկապէս, երբ խօսքը գնում է էթնիկ ու կրօնական ինքնութիւններին, անցեալի հաշուեհարդարներին ու ներքին յարաբերութիւններին:
Ի վերջոյ` շեկօներն իրենց բազմաթիւ անպատասխան հարցերով եւ լաւ ու վատ բոլոր դրսեւորումներով միայն մէկն են հակասութիւնների ու անաւարտ պատմութիւնների երկիր Թուրքիայիում: