«5-րդ շարասեան» նպատակը «գունաւոր յեղափոխութեան» իրականացումը չէ, այլ նաեւ ազգային հիմքերի խարխլումը

 

5-րդ շարասիւն» երեւոյթը Հայաստանում

Մետաքսէ Քոլոզեան

Arminfo

Հայաստանում գործող «5-րդ շարասեան» միակ նպատակը «գունաւոր յեղափոխութեան» իրականացումը չէ, այլ նաեւ հազարամեակներով ձեւաւորուած ազգային հիմքերի խարխլումը:

 Ականատես լինելով վերջին տարիներին արաբական աշխարհում եւ յետխորհրդային երկրներում «դեմոկրատիայի», «խօսքի եւ խղճի ազատութեան», «մարդու իրաւունքների» համար տարուած պայքարների արդիւնքում գրանցուած «նուաճումների», հասկանալի է դառնում, որ միայն ժամանակակից զինտեխնիկան ու հզօր բանակը չեն երաշխաւորում պետութեան լիակատար անվտանգութիւնը եւ սերունդների հետագայ զարգացումը: Ներկայիս արժեհամակարգային պատերազմի պայմաններում գերտէրութիւնների հիմնական թիրախն է հանդիսանում մարդկանց ենթագիտակցութիւնը, որին տիրելը եւ նրա վրայ ճնշում գործադրելը դարձել է շատ դիւրին: Երկարատեւ հետազօտութիւնների արդիւնքում (մասնաւորապէս` Հարվարդի, Օքսֆորտի, Գոլումպիայի եւ Յեյլի համալսարաններին կից կենտրոնների եւ RAND կորպորացիայի ուսումնասիրութիւնները` կապուած «գունաւոր յեղափոխութեան» կազմակերպման հետ) մշակուել են զանազան մանիպուլիացիոն տեխնոլոկիաներ, որոնց կիրառման մէջ «5-րդ շարասիւնն» ունի հիմնական դերակատարութիւն:

 

«5-րդ շարասիւն» եզրոյթն առաջացել է 1936 թ.-ին Սպանիայում` ազգայնականների եւ հանրապետականների միջեւ ընթացող քաղաքացիական պատերազմի ժամանակ: 1936 թ.-ի Հոկտեմբերի 15-ին Մատրիտի վրայ յարձակում պատրաստելիս ազգայնականների կեներալ Էմիլիօ Մոլան իր ելոյթի ժամանակ յայտարարում է, որ բացի իր ունեցած չորս բանակային շարասիւնից, կայ նաեւ հինգերորդը՝ կազմուած ներքին գործակալներից, որը գտնւում է հենց մայրաքաղաքի սրտում: 

 

Ժամանակակից մեկնաբանմամբ «5-րդ շարասիւն» եզրոյթը վերագրում են այն անհատներին եւ կազմակերպութիւններին, որոնց գործունէութիւնը բնութագրւում է հետեւեալ կերպ`

 . Ազգային արժեհամակարգի վարկաբեկում` դրսից ներմուծուած «առաջադէմ եւ քաղաքակիրթ արժէքների» քարոզչութեան միջոցով.

 . Օտար, անհասկանալի եզրոյթների եւ դարձուածքների աքթիւ կիրառում (հոգեւոր, մտաւոր եւ բնազդային ազդեցութեան նպատակով).

 . Գործող իշխանութիւնների ձախողումների շահարկում եւ ժողովրդի արդար զայրոյթի ուղղորդում.

 . Ֆինանսաւորող երկրների քաղաքական, տնտեսական, հասարակական եւ մետիա ոլորտների կառոյցների հետ սերտ համագործակցութիւն.

 . Յօդուածներում, ելոյթներում, բողոքի աքցիաների ժամանակ սադրիչ պահուածքի դրսեւորում (մասնաւորապէս` արիւնոտ, յուզական պահեր).

 . Ներքաղաքական անկայունութեան հրահրում, հիմնականում՝ արհեստականօրէն ստեղծուած թիրախների դէմ պայքարի միջոցով:

 

«5-րդ շարասեան» գործունէութեան համընդհանուր բնոյթը

 

«5-րդ շարասիւնը» ստեղծւում է արհեստականօրէն՝ դրսի ուժերի ֆինանսաւորմամբ (վերահսկողութեան հիմնական գործիք) եւ կազմակերպչական տեխնոլոկիաների կիրառմամբ` հիմնուելով տուեալ երկրում առկայ պայթիւնավտանգ խնդիրների վրայ: Այս գործընթացից անմասն չեն մնում նաեւ սուպյէքթայնութիւնից զուրկ իշխանութիւնները, ովքեր նոյնպէս սնւում են այդ աղբիւրներից՝ փաստացի օրինականացնելով եւ հեշտացնելով «5-րդ շարասեան» գործունէութիւնը: Ճիշդ հակառակն է լինում սուպյէկթայնութեան բարձր աստիճան ունեցող պետութիւնների պարագայում, մասնաւորապէս` ԱՄՆ–ում գործում են մի շարք իրաւական աքթեր, օրինակ` 1938 թ.-ից գործող օտարերկրեայ գործակալների մասին FARA-ի (Foreign Agents Registration Act) օրէնքը, որի համաձայն, ԱՄՆ-ի տարածքում օտար ֆինանսաւորում ունեցող եւ օտար ուժերի շահերը սպասարկող որեւէ անհատ կամ կազմակերպութիւն գրանցւում է որպէս օտարերկրեայ գործակալ: Ըստ այդ օրէնքի` զգալի սահմանափակուած է նրանց գործունէութիւնը եւ խստացուած է ֆինանսական հաշուետուութիւնների ողջ համակարգը:

 

«Դրսի ուժեր» պայմանական անուան տակ գործում են այնպիսի կազմակերպութիւններ, ինչպիսիք են՝ NED (National Endowment for Democracy), OSF (Open Society Foundation), NDI (National Democratic Institute), IRI (International Republican Institute): Այդ եւ նմանատիպ կազմակերպութիւնների միջոցով օտար տոնոր կառոյցներն իրականացնում են «5-րդ շարասեան» վերահսկողութիւնը եւ ֆինանսաւորումը` նրանց առջեւ դնելով երկու հիմնական խնդիր (մասնաւորապէս՝ օգտագործելով 1973 թ.-ին Ջին Շարփի ոչ բռնի ընդվզող գործողութիւնների մասին աշխատութիւնը` Gene Sharp, «198 methods of nonviolent action»)`

· Դժգոհութեան ալիքի ուժգնացում ՝ «փողոցային պայքարի» տեսքով.

Ժողովրդի մէջ իրականում տիրող դժգոհ տրամադրութիւնները խոհանոցային եւ վիրտուալ հարթութիւնից դուրս են բերւում փողոց՝ անհնազանդութեան դրսեւորումներով: Հարկ է նշել, որ բացարձակ կարեւոր չէ, թէ դժգոհութիւնն ինչ բնոյթ է կրում ՝ ազգային, սոցիալական, թէ քաղաքական: Կարեւոր է այն, թէ դրանցից որն է աւելի արդիւնաւէտ՝ «գունաւոր յեղափոխութիւնների» իրականացման համար.

· Հիմնարար աշխատանք հրապարակային դէմքերի հետ` նրանց «5-րդ  շարասեան» նախագծերում ներգրաւելու նպատակով.

Առաջին հերթին, իրականացւում է ազդեցիկ դէմքերի ուղղորդում դէպի «նոր որակի» նպատակներ: Ըստ էութեան, այս գործընթացը կարելի է որակել որպէս վարձագրում (вербовка), որի ազդեցութեան տակ ընկնում են ինչպէս գիտակցուած, այնպէս էլ չգիտակցուած:

 «5-րդ շարասեան» գործունէութեան կարեւոր մաս է կազմում մարդկային գործօնը: Ինչպէս նշուեց վերեւում, գաղափարական համապատասխանութիւնն այդքան էլ կարեւոր չէ: Այդ իսկ պատճառով «5-րդ շարասեան» կազմում կարող ենք տեսնել թէ՛ ազգայնականների, թէ՛ լիպերալների, թէ՛ սոցիալիստների եւ այլ տեսակի դժգոհ զանգուածի, որոնք ընդամէնը ռեսուրս են՝ օգտակար գործողութեան տարբեր գործակիցներով: «5-րդ շարասեան» մարդկային ռեսուրսը բաժանւում է երկու մասի՝

– Նրանք, ովքեր անմիջական կապի մէջ են ֆինանսաւորող եւ վերահսկող կազմակերպութիւնների հետ, հանդիսանալով բողոքի ակցիաների առաջնորդներ, սադրիչ հարցազրոյցների ու յօդուածների հեղինակներ, ֆլէշմոպերի նախաձեռնողներ (այս գործի համար ընտրւում են վստահելի անհատներ` տեղի հասարակական եւ մշակոյթի գործիչներից).

– Նրանք, ովքեր գիտակցաբար եւ անգիտակցաբար խաղում են «մասսովկայի» դեր (ինքնահաստատուող եւ բարդոյթաւորուած երիտասարդներ, չկայացած անձնաւորութիւններ, անկեղծ պայքարողներ եւ դժգոհներ, ինքնագովազդ անող կազմակերպութիւններ եւ կուսակցութիւններ):

 Նշենք նաեւ, որ «5-րդ շարասիւնը», լինելով «գունաւոր յեղափոխութեան» իրականացման ծրագրի բաղադրիչ, ունի ցանցային բնոյթ, որն արտացոլւում է ինչպէս ներքին համախմբմամբ, այնպէս էլ՝ տարբեր երկրներում գործող «5-րդ շարասեան» ներկայացուցիչներին հրապարակայնօրէն սատարելու մէջ (օրինակ՝ Հայաստանում Խատիճա Իսմայիլովային եւ Նադեժդա Սավչենկոյին պաշտպանող գործողութիւններ):

 

Միաժամանակ չի կարելի անտեսել ԶԼՄ-ների եւ համացանցի ահռելի դերը: Վերջին տարիներին ողջ աշխարհում եւ Հայաստանում կտրուկ աճեց համացանցից օգտուողների քանակը՝ յատկապէս երիտասարդութեան շրջանում: Դրան զուգահեռ, արագ տեմպերով աւելացան օտար աղբիւրներից ֆինանսաւորուող լրատուական կայքերը, հեռուստա- ռատիոընկերութիւնները, որոնք աչքի են ընկնում հատուածական ու կողմնակալ նիւթերի պատրաստմամբ եւ հանդիսանում են «5-րդ շարասեան» գործունէութեան լուսաբանման միջոց: Նրանց հիմնական գործառոյթներն են՝

· «5-րդ շարասեան» կարկառուն դէմքերի գովազդում.

· Հասարակութեան մէջ բորբոքուած տրամադրութիւնների ձեւաւորում եւ ուղղորդում.

· Գերտէրութիւնների եւ վերպետական միջազգային կառոյցների կողմ ու դէմ արուող քարոզչութիւն:

 

«5-րդ շարասեան» գործունեութիւնը Հայաստանում

Հայաստանում գործող «5-րդ շարասեան» միակ նպատակը «գունաւոր յեղափոխութեան» իրականացումը չէ, այլ նաեւ հազարամեակներով ձեւաւորուած ազգային հիմքերի խարխլումը:

 

Այսպիսով, ընտրելով ամենախոցելի, դեռ չձեւաւորուած, սոցիալապէս անապահով, մեծ ներուժ եւ ընդունակութիւններ ունեցող երիտասարդութեանը, կիրառվում են տարաբնոյթ գրաւիչ թակարդներ, ինչպիսիք են՝ մատչելի կամ անվճար կրթական ծրագրեր, լաւ աշխատանք գտնելու հեռանկարներ (թէ՛ դրսում, թէ՛ հայրենիքում): Սա, ի հարկէ, առաջին հայեացքից անվնաս թուացող երեւոյթ է, սակայն ունի աւելի հեռահար նպատակներ, որոնք ներկայացուած են ստորեւ:

 

Զինուած ուժեր

 Հաշուի առնելով, որ Հայաստանը շրջապատուած է թշնամիներով եւ ունի Արցախի հիմնահարց, իրականացւում են Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան եւ Ատրպէյճանը ներկայացնող կազմակերպութիւնների եւ ֆոնտերի մասնակցութեամբ քոնֆերանսներ (օրինակ` «տարածաշրջանային համագործակցութեան եւ զարգացման», ինչպէս նաեւ` «դեմոկրատիա», «խօսքի ազատութիւն», «մարդու իրաւունքներ» թեմաներով): Այս տեսակ հանդիպումները միտուած են այսպէս կոչուած «տարածաշրջանային ինտեգրացիայի» համար նպաստաւոր պայմաններ ստեղծելուն, որոնք համեմւում են խաղաղութեան հաստատման կոչերով. «Պէտք է մոռանալ վաղեմի թշնամութիւնը, այլեւս պէտք է վստահել իրար», «Այսօրուայ թուրքերը ուրիշ թուրքեր են», «Պատերազմը կեանքեր է խլում, թուլացնում տնտեսութիւնը, պէտք չէ սպառազինութեան ծախսերը մեծացնել, այդ միջոցներն ուղղենք տնտեսութեան զարգացմանը»: Եւ վերջապէս` «5-րդ շարասեան» կողմից  ամէնից շատ շահարկուող գաղափարը. «Մարդն ազատ է տնօրինելու իր կեանքը՝ ծառայել, կամ չծառայել զինուած ուժերում»: Նպատակն է՝ թուլացնել, ապա՝ ի սպառ վերացնել զինուած ուժերը:

 

Եկեղեցի

 Յաջորդ թիրախն է հանդիսանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, որի առանձին հոգեւորականների բացասական վարքագիծը եւ որոշ հարցերում սխալ քաղաքականութիւնը վերագրւում է ողջ կառոյցին: Քրիստոնէական արժէքները պիտակաւորւում են, որպէս մարդու ազատութիւնները սահմանափակող, ստրկացնող եւ արդիականութիւնը կորցրած հասկացութիւններ: Շահարկւում է աշխարհի տարբեր ծայրերում բնակուող, իրարից տարբեր դաւանանք ունեցող, յատկապէս՝ իսլամացած հայերի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից «մերժուած» լինելու փաստը: Եւ հարկ է նշել, որ քրիստոնէութեանը եւ եկեղեցուն դէմ արտայայտուող կազմակերպութիւնները եւ անհատները հիմնականում ձեռնպահ են մնում աղանդների («5-րդ շարասեան» տարատեսակ) վերաբերեալ որեւէ դիրքորոշում յայտնելուց: Ի վերջոյ` «5-րդ շարասեան» կողմից ամէնից շատ շահարկուող գաղափարը. «Մարդն ազատ է իր դաւանանքն ընտրելու հարցում»: Այսպիսով, նպատակ է դրւում՝ ոչնչացնել ազգային հոգեւոր կառոյցները:

 

Ընտանիք

 Ընտանիքը, որպէս եւս մէկ ազգապահպան համակարգ, թուլացւում է հետեւեալ արհեստական եւ քայքայիչ գործընթացների իրականացմամբ՝

· LGBT-ի անձանց իրաւունքների պաշտպանութիւն.

· Միասեռականների միութիւնների օրինականացում.

· Եուվենալ արդարադատութեան ներդրում.

· Կանանց եւ տղամարդկանց հաւասարութեան քարոզչութիւն.

· «Ընտանեկան բռնութեան» կանխարգելում:

 

Այս երեւոյթները նպաստում են բնակչութեան վերարտադրողականութեան նուազմանը եւ «ընտանիք» երեւոյթի արժեզրկմանը: Ստեղծելով արհեստական խնդիրներ՝ ներխուժում են մարդու անձնական կեանք եւ թելադրում նոր «արժէքներ» ու ապրելակերպի նոր կանոններ, որոնք ոչ մի կերպ չեն սահմանափակում մարդու ցանկութիւնները եւ ազատութիւնները՝ լինի չափահաս, թէ անչափահաս, հոգեպէս առողջ, թէ անառողջ: Յատկանշական է, որ ԼԳԲՏԻ շարքերին պատկանող եւ նրանց իրաւունքները պաշտպանող մարդիկ ցայտուն ակրեսիւ պահուածքով քարոզում են հանդուրժողականութիւն, իսկ իրենց հետ չհամաձայնողներին անուանում «մարդատեացներ» կամ «ֆաշիստներ»՝ հաշուի չառնելով այն փաստը, որ միասեռական ամուսնութիւններից, ըստ էութեան, երեխաներ չեն կարող ծնուել:

 

Հարկ է նշել, որ, ըստ վիճակագրական տուեալների, վերը նշուած խնդիրներով գրանցուած դէպքերը (մասնաւորապէս՝ ընտանեկան բռնութիւններ) մի քանի տասնեակ անգամ աւելի են եւրոպական որոշ երկրներում եւ ԱՄՆ-ում, քան՝ Հայաստանում:

 

 

Օտար ուժերի հետապնդած նպատակն է՝ «5-րդ շարասեան» փուլային  ֆինանսաւորմամբ եւ ազգային, պետական կառոյցների ոչնչացմամբ, ազգին վերածելով սպառողական զանգուածի, ապահովել կառավարելիութեան բարձր աստիճան: Հարկ է նշել, որ իշխանաւորների եւ պետական կառոյցների զգալի մասը, սնուելով նաեւ օտար աղբիւրներից, մասնակցում են վերոնշեալ մի շարք ծրագրերի (մասնաւորապէս` օրէնսդրական դաշտի ձեւաւորմամբ)` նպաստելով Հայաստանի քայքայմանը:

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.