Արցախեան հիմնախնդրի լուծման նոր առաջարկներ, որոնք լրջագոյն սպառնալիք են մեր անվտանգութեան համար
1597
0
Օրերս ԼՂՀ հիմնախնդրի, ըստ իրեն, հնարաւոր լուծումներ է առաջարկել ռուսաստանցի վերլուծաբան Օլեգ Մատվէյչէնկօն իր «Արդէն ժամանակն է բուժել այդ վէրքը» հրապարակմամբ: Ի սկզբանէ նշեմ, որ այն Հայաստանում արդէն արժանացել է բացասական արձագանգի: Ճիշդ է, Մատվէյչէնկոյի այս յօդուածը կարելի էր անտեսել ու չանդրադառնալ դրան, եթէ համոզուածութիւն լինէր, որ յօդուածում առաջարկուող հիմնախնդրի լուծումները զուտ նրանն են, սակայն կան ինչ-որ իրողութիւններ, որոնք ենթադրութեան տեղիք են տալիս, որ նրա միջոցով հրապարակւում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների նոր փաթեթի հիմնական մասը՝ Հայաստանում, Արցախում եւ Ատրպէյճանում հասարակական կարծիքի արձագանգը ստուգելու նպատակով:
Պաքուում Ատրպէյճանի, Թուրքիայի, Ռուսաստանի նախագահների հանդիպման կապակցութեամբ գրուած այդ յօդուածում Օլեգ Մատվէյչէնկօն այն եզրակացութիւնն է ներկայացրել, թէ հակամարտող կողմերը կարող են հեշտութեամբ ընդհանուր յայտարարի գալ հետեւեալ պայմաններով: Մինչ այդ պայմանները ներկայացնելը, նա, նախ, բացատրել է, որ յօդուածին կից հրապարակուած քարտէզի վրայ կապոյտ գծով եզրագծուած է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, կարմիր գծով նշուած են այն տարածքները, որոնք այսօր, ըստ էութեան, վերահսկւում են Լեռնային Ղարաբաղի զինուած ուժերի կողմից:
«Ինչպէս տեսնում էք, ԼՂՀ-ի հայերը Ատրպէյճանի հետ պատերազմում հասել են շատ մեծ յաջողութիւնների եւ զբաղեցնում են տարածք, որը գրեթէ երկու անգամ գերազանցում է Լեռնային Ղարաբաղի տարածքը,- գրել է վերլուծաբանը:- Ի հարկէ, այս յաջողութիւնը ձեռք է բերուել Հայաստանի անմիջական աջակցութեամբ:
Ճիշդ է, կան Լեռնային Ղարաբաղի փոքր տարածքներ (քարտէզի վրայ նրանք նշուած են բաց կանաչ գոյնով), որոնք կարողացել է պահպանել Ատրպէյճանը: Բայց, տեսնում էք, դրանց փոքր են մակերեսով: Ընդ որում Լեռնային Ղարաբաղի բնակչութիւնը կազմում է 146 հազար մարդ: Այսինքն, բնակչութեան թիւը հաւասար է ոչ այնքան մեծ քաղաքի բնակչութեան թիւին: Սա Պաղեստին չէ, որտեղ խօսքը գնում է միլիոնաւոր բնակիչների մասին:
Ընդարձակ նախաբանից յետոյ ու դրանից բխեցնելով, Օլեգ Մատվէյչէնկօն գրել է, որ հակամարտող կողմերը առողջ բանականութեամբ կարող են դիւրութեամբ ընդհանուր յայտարարի գալ՝ հետեւեալ պայմաններով.
1) Լեռնային Ղարաբաղը (Արցախ) Ատրպէյճանին է վերադարձնում նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից դուրս ընկած տարածքները:
2) Ատրպէյճանը Լեռնային Ղարաբաղին է վերադարձնում նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի այն տարածքները, որոնք այսօր Ատրպէյճանի վերահսկողութեան ներքոյ են (քարտէզի վրայ պատկերուած են բաց կանաչ գոյնով):
3) Միեւնոյն ժամանակ, յատուկ բացառութիւն է արւում, այսպէս կոչուած, «Լաչինի միջանցքի» համար (քարտէզի վրայ պատկերուած է նարնջագոյնով), որը կապում է Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը: Այս միջանցքը մնում է Լեռնային Ղարաբաղին եւ ճանաչւում է որպէս նրա անբաժանելի մաս:
Միեւնոյն ժամանակ, Լաչին քաղաքը չի ընդգրկւում միջանցքում: Խօսքը միայն մի փոքր, նեղ պարանոցի մասին է, մօտ հինգ քիլոմեթր լայնութեամբ՝ ոչ աւելի:
4) Ատրպէյճանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) լիակատար պետական անկախութիւնը եւ պարտաւորւում այսուհետ ցանկացած հանգամանքներում չմիջամտել նրա ներքին գործերին:
Լեռնային Ղարաբաղը իրաւունք ունի ցանկացած քաղաքականութեան իրականացնել, իրաւունք ունի հարց բարձրացնել ցանկացած պետութեան (այդ թուում՝ Հայաստանի) կազմի մէջ մտնելու, կամ գոյութիւն ունենալ որպէս լիիրաւ անկախ պետութիւն:
Լեռնային Ղարաբաղը իրաւունք ունի ցանկացած քաղաքականութեան իրականացնել, իրաւունք ունի հարց բարձրացնել ցանկացած պետութեան (այդ թուում՝ Հայաստանի) կազմի մէջ մտնելու, կամ գոյութիւն ունենալ որպէս լիիրաւ անկախ պետութիւն:
5) Հայաստանը Ատրպէյճանին տարանցման յատուկ իրաւունքներ է տալիս, այսպէս կոչուած, «Մեղրի միջանցքում», որը բաժանում է Ատրպէյճանը եւ Ատրպէյճանի անբաժանելի մաս՝ Նախիջեւանի ինքնավարութիւնը:
Մեղրի միջանցքով խորհրդային տարիներին երկաթուղի էր անցնում (նշուած է քարտէզի վրայ), որն այժմ կիսաւեր է: Ատրպէյճանը երկաթուղու՝ 150 մ լայնութեամբ (մեթր, ոչ թէ քիլոմեթր) հատուած է ստանում անվճար եւ անժամկէտ վարձակալութեամբ: 150 մեթրը բաւարար է այդ միջանցքով երկաթուղի անցկացնելու (վերականգնելու) համար, իսկ կողքին՝ երկաթուղու երկայնքով մայրուղի, խողովակաշար եւ ելեկտրահաղորդման գիծ կառուցելու համար:
Այս միջանցքը պէտք է Հայաստանի տարածքից անջատուի, եզրագծուի ցանկապատով, թէկուզ՝ խորհրդանշական, ասենք, օրինակ, ցանցով:
Միեւնոյն ժամանակ, միջանցքը համարւում է Հայաստանի տարածք: Ատրպէյճանը իրաւունք չունի այնտեղ անցկացնել հետախուզական աշխատանքներ, կամ տեղակայել ռազմական օբյէկտներ. պէտք է գործի անվճար եւ անժամկէտ վարձակալում:
Միջանցքի ամբողջ տարածքով պէտք է գործի Ատրպէյճանական իրաւասութիւն. միջանցքի տարածքում Հայաստանն իրաւունք չունի իրականացնել ուղեւորների եւ բեռների մշտադիտարկում եւ վերահսկողութիւն (սակայն կարող է իրականացնել տեսողական դիտարկումը միջանցքից դուրս):
Ատրպէյճանական ինքնաթիռները եւ ուղղաթիռներն ունեն վերոյիշեալ տարածքով սահմանափակուած անվճար օդային տարածք: Ընդ որում, Մեղրիի միջանցքը չպէտք է խոչընդոտ լինի հայկական դրանսբորդային միջոցների տեղաշարժման համար: Պարզապէս հայերը պէտք է վերաբերուեն այս անցումին, այնպէս, կարծես թէ գետ է իրենց առջեւ:
Այսինքն, այս միջանցքով պէտք է տեղակայուեն կամուրջներ, այնպիսի բարձրութեան, որ հնարաւորութիւն ընձեռուի դրանց տակով ցանկացած չափի Ատրպէյճանական գնացքների եւ դրանսբորդային միջոցների ազատ տեղաշարժման համար:
Այսպիսով, Ատրպէյճանը, առանց գէթ մէկ կրակոցի մեծ տարածքներ է վերադարձնում, (այստեղ ապրում էր ատրպէյճանցի փախստականների զգալի մասը. նրանց հնարաւորութիւն կը տրուի վերադառնալ իրենց տները):
Ինչպէս նաեւ ստանում է ազատ տարանցում դէպի Նախիջեւան (եւ Նախիջեւանով՝ Թուրքիա):
Լեռնային Ղարաբաղը պաշտօնապէս անկախութիւն է ստանում եւ հնարաւորութիւն՝ անարգել միանալ Հայաստանին: Տարածքը, որը մնում է Լեռնային Ղարաբաղին բաւականին մեծ է 146 հազար մարդ՝ բնակչութեան համար:
Հայաստանը հնարաւորութիւն է ստանում պաշտօնապէս եւ անարգել ընդլայնել իր տարածքը: Եւ որ ամենակարեւորն է, ձեռք է բերում խաղաղութիւն՝ հարեւանների հետ եւ կարգաւորուած սահմաններ:
Ի հարկէ, սէր եւ եղբայրութիւն հայերի եւ ատրպէյճանցիների միջեւ երբեք չի լինի:
Բայց դա չի էլ պահանջւում: Խօսքը խաղաղութեան եւ հարեւանութեամբ՝ քիչ թէ շատ նորմալ գոյակցութեան մասին է մէկմէկու հարեւանութեամբ»:
Նախ, անհասկանալի է, թէ հնագոյն ժամանակներից հայկական բնակավայր եղած եւ յանիրաւի, միանգամայն անարդարացի կերպով Ատրպէյճանին անցած Նախիջեւանն այսօր ինչպէս է ներկայացւում Ատրպէյճանի անբաժանելի մաս:
Ինչպէս յայտնի է, Ատրպէյճանը հրադադարի հաստատումից ի վեր, անընդունելի է համարել մեր կողմից տարածքների յանձնման դիմաց ԼՂՀ կարգավիճակի ճանաչումը: Հիմա Ատրպէյճանին շահագրգռելու եւ այս բանաձեւը նրա կողմից ընդունելի դարձնելու համար ասպարէզ է բերուած նրան Մեղրիով միջանցք տրամադրելու խնդիրը: Սա նման է ժամանակին հայ հանրութեան, Ռուսաստանի եւ Իրանի կողմից մերժուած Փոլ Գոբլի տխրահռչակ ծրագրին, կարելի է ասել՝ «Փոլ Գոբլ-2»-ն է՝ այն տարբերութեամբ, որ առաջարկւում է ոչ թէ Լաչինի շրջանի դիմաց Ատրպէյճանին տրամադրել Մեղրին որպէս միջանք Նախիջեւանի հետ, այլ Լաչինի նեղ միջանցքի դիմաց (Լաչինի միջանցքի հիմնական մասը ազատագրուած միւս տարածքների հետ, ըստ վերլուծաբանի, վերադարձուելու է Ատրպէյճանին) առաջարկւում է մի նեղ միջանցք Մեղրիով դէպի Նախիջեւան՝ անվճար եւ անժամկէտ օգտագործման իրաւունքով: Դա գործնականում, ըստ էութեան, նոյնն է, թէ տրամադրւում է սեփականութեան իրաւունքով: Տարբերութիւնը հիմնականում այն է լինելու, որ Ատրպէյճանն իրաւունք չի ունենալու այդ տարածքը վաճառել կամ նուիրել որեւէ պետութեան, սակայն այդ իրաւունքի կարիքը Ատրպէյճանն ընդհանրապէս չի ունենալու եւ չի գնալու այդ քայլին: Այդ միջանցքով Ատրպէյճանն ուղղակի աշխարհագրական կը հաստատի Նախիջեւանի, ինչպէս նաեւ ցամաքային անմիջական կապ՝ Թուրքիայի հետ:
Նշուած միջանցքը տրամադրելու համար Հայաստանին էլ փորձ է արւում շահագրգռել նրանով, որ այդ դէպքում Ատրպէյճանը վերջապէս համաձայնելու է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրաւունքը, թէկուզ միացումը ՀՀ-ի հետ, դեռ մի բան էլ համաձայնելու է Արցախին վերադարձնել Մարտունու եւ Մարտակերտի շրջանների օքուբացրած տարածքները, որի անհրաժեշտութեան մասին վերջերս խօսել են ինչպէս ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շաւարշ Քոչարեանը, այնպէս էլ ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, տեղեկատուութեան գլխաւոր վարչութեան պետ, քաղաքագէտ Դաւիթ Բաբայեանը:
Վերլուծելով այս ամէնը, եզրակացութիւնս այն է, որ Օլեգ Մատվէյչէնկօն մեզ ապուշի տեղ է դրել, կամ էլ ինքն ապուշ: Արտաքուստ այս առաջարկը թէեւ արդարացի է թւում եւ հայկական կողմի համար աւելի նպաստաւոր, քան Մատրիտեան ու Կազանի փաստաթղթերում առկայ առաջարկները, սակայն դրանց նման նոյնպէս իր մէջ պարունակում է Արցախի ու ՀՀ-ի անվտանգութեան եւ գոյութեան համար լրջագոյն սպառնալիք:
Արդարացի է թւում, քանի որ հայկական երկու պետութիւնները կապող միջանցքի դիմաց առաջարկւում է Ատրպէյճանին տրամադրել Ատրպէյճանական երկու պետութիւնները կապող միջանցք (Լաչինի միջանցքի պարագայում՝ նոյնիսկ 5 քլմ. լայնութեամբ, մինչդեռ Մեղրիի միջանցքի դէպքում ընդամէնը՝ 150 մ), Ատրպէյճանի տարածքային ամբողջականութիւնը յարգելուն եւ մեր ազատագրած բոլոր տարածքները (բացառութեամբ Լաչինի նշուած միջանցքի) նրան վերադարձնելուն զուգահեռ, Ատրպէյճանին էլ առաջարկուած է յարգել ԼՂՀ տարածքային ամբողջականութիւնը՝ նրան վերադարձնելով Մարտակերտի ու Մարտունու շրջանների գրաւուած տարածքները, Ատրպէյճանին առաջարկուած է նաեւ ճանաչել Արցախի ինքնորոշման իրաւունքը եւ ընդունել հանրաքուէի արդիւնքը, եթէ նոյնիսկ այդ արդիւնքը լինի Հայաստանին միանալու որոշումը: Սակայն, անտեսուած է այն իրողութիւնը, որ Ատրպէյճանին մեր ազատագրած բոլոր տարածքների յանձնումը լրջագոյն սպառնալիք է առաջացնելու Արցախի ու ՀՀ-ի անվտանգութեան եւ գոյութեան նկատմամբ:
Վերլուծաբանի առաջարկներն ընդունելու պարագայում մենք ցանկապատի ետեւից հետեւելու ենք, թէ Մեղրիի միջանցքով Ատրպէյճանի եւ Նախիջեւանի, Ատրպէյճանի ու Թուրքիայի միջեւ ինչպէս են գնալու եւ գալու գնացքները, քաղաքացիական եւ ռազմական ինքնաթիռները եւ ուղղաթիռները, ինչպէս են Ատրպէյճանն ու Նախիջեւանը դրա շնորհիւ կարճ ժամանակում աւելի հզօրանալու ու մի օր էլ յարձակուելու արդէն առանց անվտանգութեան գօտու մնացած, հեշտ աւար դարձած Արցախի կամ հենց Արցախի հետ միացած Հայաստանի վրայ: Արցախի ինքնորոշման իրաւունքի ճանաչումը եւ, թէկուզ, Հայաստանին միանալն այդ դէպքում ի՞նչ արժէք եւ իմաստ են ունենալու…
Ընդգծեմ, որ Արցախի եւ Ատրպէյճանի ապագայ սահմանին կողմերի միջեւ նախատեսուող խաղաղապահ որեւէ ուժ չի կարող անվտանգութեան այն անհրաժեշտ երաշխիքն ապահովել, ինչ այսօր ապահովում են մեր ազատագրած տարածքները: Այս պնդման հիմնաւորումը, սակայն, մէկ այլ յօդուածի նիւթ է, որով հանդէս կը գամ յառաջիկայում:
Արթիւր Յովհաննիսեան
lurer.com