98 տարի առաջ այսօր – փոխադրուիլ Երեւա՞ն թէ մնալ Թիֆլիս

 

Ճիշտ 98 տարիներ առաջ՝ այս օրերուն, Թիֆլիսի Հայոց Ազգային Խորհուրդի և անկախ Հայաստանի առաջին կառավարութեան միացեալ նիստին թէժ քննարկման կ՚ենկարկուէր Հայաստանի կառավարութեան նստավայրի խնդիրը…Այսօրուան սերունդին համար բացարձակապէս անհեթեթ և նոյնիսկ վիրաւորակա՛ն՝ այս հարցադրութիւնը չորս օր շարունակ զբաղեցուցած է օրուան ղեկավարութիւնը ծո՜վ համբերութիւն պահանջելով Հ.Յ. Դաշնակցութեան ղեկավար մարմնի ընկերներէն, որոնք կը պահանջէին, որ նորակազմ կառավարութիւնը անյապաղ մեկնէր Երևան իր պատասխանատւութիւնները ստանձնելու։

Կը մէջբերեմ Սիմոն Վրացեանէն՝

«…Այս մթնոլորտում Ազգ. Խորհուրդը չէր կարողանում երևան բերել մէկ վճռական կամք։ Իրար յաջորդող նիստերում տեղի էին ունենում բուռն վիճաբանութիւններ, որոնցից պարզ նկատւում էր, որ շատերի համար Երևան գնալը անձնապէս անհանդուրժելի խնդիր էր, որ անձնական նկատումները քողարկւում էին սկզբունքային առարկութիւններով։

Ի վերջոյ, Երևան փոխադրուելու հարցը կտրուկ կերպով դրւեց Ազգ. Խորհրդի և կառավարութեան յուլիս 13-ի միացեալ նիստում, ուր կուսակցութեանց ներկայացուցիչներն արին իրենց յայտարարութիւնները. Հ. Յ. Դաշնակցութիւնը պահանջում էր, որ Ազգ. Խորհուրդն ու կառավարութիւնը ամբողջ կազմով անմիջապէս մեկնեն Երևան։ Հայ Ժողովրդական Կուսակցութիւնը առաջարկում էր Երևան ուղարկել մի պատուիրակութիւն և կազմել տեղական կառավարութիւն, իսկ Հ. Ազգ. Խորհուրդը, որպէս համազգային մարմին և իշխանութեան աղբիւր, պահել Թիֆլիսում։ Սոցիալիստ-յեղափոխականները առաջարկում էին, որ Ազգ. Խորհուրդն ու կառավարութիւնը գնան Երևան, կազմեն այնտեղ Հայաստանի տեղական իշխանութիւն, ապա Ազգ. Խորհուրդը վերադառնայ Թիֆլիս ու մնայ, իբրև ընդհանուր ազգային իշխանութիւն։ Սոցիալ-դեմոկրատները, որ առաջ կողմնակից էին Երևան փոխադրուելուն, այժմ յետ առին իրենց առաջարկը և տատանւում էին անվճռականութեան մէջ։

Այս բոլոր կարծիքները լսելուց յետոյ, Քաջազնունին յայտարարեց, որ եթէ Ազգ. Խորհուրդը մնայ Թիֆլիսում կամ կազմուեն երկու Ազգային Խորհուրդներ, ինքը կը հրաժարուի վարչապետութիւնից։ Որի վրայ, 7 քուէով ընդդէմ 5-ի, որոշուեց Ազգ. Խորհուրդն ու կառավարութիւնը տեղափոխել Երևան։ Հայը շատ ամուր էր նստել Թիֆլիսում ու դժկամութեամբ էր պոկ գալիս։»

(«Հայաստանի Հանրապետութիւնը», 1928, Փարիզ»)

Յուլիսի 17-ին, երկար ձգձգումներէ ետք, Հայաստանի Հանրապետութեան առաջին պետական աւագանին ճամբայ ելաւ դէպի Երևան։ Մեկնողներն էին Յ. Քաջազնունի, Խ. Կարճիկեան, Զօր. Հախվերդեան, Աւետիք Սահակեան (Հայր Աբրահամ), Ս. Տիգրանեան, Ստեփանոս Մալխասեանց, Ռուբէն Տէր Մինասեան, Պ. Զաքարեան, Ա. Խոնդկարեան, Բժ. Ա. Բաբալեան, Հ. Ազատեան, Ա. Մխիթարեան և ուրիշներ։ Ապահովական գործի պատասխանատուն էր յայտնի ֆէտայի հրամանատար՝ Դալի Ղազար։ Դժուարին և փորձանաւոր ճանապարհ էր՝ թշնամիներով և հրոսակներով խափանուած և մեծ ճիգ պահանջեց, որ պետական ղեկավարութիւնը շրջանցէր ճանապարհի խոչընդոտները և ապահով հասնէր Երևան։ Բայց երբ ՀՀ պետական շքախումբը ի վերջոյ մուտք գործեց Երևան, ան դիմաւորուեցաւ ժողովուրդի խանդավառ շարքերով, ծափողջոյններով։ Արամ Մանուկեան ճիգ չէր խնայած, որ Հայաստանի անդրանիկ կառավարութեան մուտքը հայոց մայրաքաղաքէն ներս ըլլար մեծախորհուրդ և հանդիսաւոր։

Կարօ Արմենեան
Յուլիս 16, 2016

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.