Քեմփ Արմէնի Վերակառուցման Ծրագիրը՝ Իրականացման Ճանապարհին

 

ԵՐԵՒԱՆ, «Հայերն Այսօր».- Յուլիսի 1ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանն ընդունեց Ստամբուլի Հայ աւետարանական եկեղեցու հոգեւոր հովիւ վեր. Գրիգոր Աղաբալօղլուին եւ նրա գլխաւորած պատուիրակութեանը, որի կազմում էին Ստամբուլի «Արմէն» ճամբարի (Քեմփ Արմէն) շինարարական-վերականգնողական աշխատանքների յանձնախմբի անդամներ՝ ճարտարագէտ Նազարէթ Բինաթլը, ճարտարապետներ Ալին Փոնթիօղլուն, Ժան Գաւրիլովը, «Հրանդ Դինք» հիմնադրամի պատասխանատու աշխատող Դելալ Դինքը (Հրանդ Դինքի դուստրը), բարերարներ Յարութ եւ Դալար Խորոզօղլուները: Պատուիրակութեանն ուղեկցում էին Ամերիկայի Հայ աւետարանչական ընկերակցութեան Հայաստանի ներկայացուցիչ Յարութ Ներսէսեանը եւ Հայաստանեայց Աւետարանական եկեղեցու աւագ հովուի օգնական վեր. Յովհաննէս Յովսէփեանը:

Ողջունելով հիւրերին՝ նախարար Հրանոյշ Յակոբեանն ի դէմս նրանց երախտագիտութիւն յայտնեց ամբողջ պոլսահայութեանը՝ իրենց ազգային ինքնութեանը հաւատարիմ մնալու եւ հայօրէն ապրելու օրինակ ծառայելու համար:

Ներկայացնելով պատուիրակութեան անդամներին՝ վեր. Գրիգոր Աղաբալօղլուն տեղեկացրեց, որ Հայաստան այցելելու հիմնական նպատակներից մէկը վերջերս մեծ ջանքերի գնով Թուրքիայի իշխանութիւններից հետ ստացած «Արմէն» որբանոց-ճամբարի վերականգնողական աշխատանքների համար հետաքրքիր գաղափարներ եւ լուծումներ գտնելու ցանկութիւնն է: Ինչպէս նշեց վերապատուելին՝ իրենց երազանքն է, որ նախատեսուող շինութիւնը լաւագոյնս ծառայի հայ երեխաների կրթութեան եւ դաստիարակութեան գործին:

Պատուիրակութեան անդամ ճարտարապետները նշեցին, որ իրենք արդէն իսկ որոշ ուսումնասիրութիւններ կատարել են Երեւանի ուսումնակրթական օջախներում եւ իրենց ծրագրի իրականացման համար առաւել մօտ են համարում «ԹՈՒՄՕ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի օրինակը:

Նախարար Հրանոյշ Յակոբեանը հաւանութիւն տուեց նրանց տեսակէտին՝ պատրաստակամութիւն յայտնելով աջակցել «ԹՈՒՄՕ»ի հիմնադիրների եւ գործադիր ղեկավարների հետ համագործակցութեան հնարաւորութիւններ ստեղծելու հարցում: Նա մաղթեց, որ ապագայ ճամբարն իրապէս դառնայ գիտելիքի, հայոց լեզուի եւ հոգեւոր հաւատի կենտրոն:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղաւ նաեւ Ստամբուլի Գետիկփաշա թաղամասի Հայ Աւետարանական եկեղեցու տարածքում գործող հայաստանցի երեխաների դպրոցին: Նախարարը շնորհակալութիւն յայտնեց վերապատուելի Աղաբալօղլուին՝ իր ուշադիր եւ սրտացաւ վերաբերմունքի, ինչպէս նաեւ դպրոցի հովանաւորներ Յարութ եւ Դալար Խորոզօղլուներին՝ իրենց ֆինանսական աջակցութեան համար:

Դելալ Դինքը ներկայացրեց «Հր-անդ Դինք» հիմնադրամի կողմից իրականացուող բազմաբնոյթ աշխատանքները, որոնց մէջ ներկայումս շատ կարեւոր տեղ է զբաղեցնում մատենաշարային մի հրատարակութիւն, որն ընդգրկելու է Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնութիւնների մշակութային յուշարձանները: Նա նախարարին նուիրեց մատենաշարի առաջին հատորը, որը ներկայացնում է Կեսարիայի հայ եւ յոյն ժողովուրդների մշակութային եւ հոգեւոր յուշարձանները:

Բարձր գնահատելով պատուիրակութեան իւրաքանչիւր անդամի գործունէութիւնը՝ նախարար Հրանոյշ Յակոբեանը հաւաստիացրեց, որ Հայաստանում խորապէս հասկանում են Թուրքիայում բնակուող հայութեան դժուարութիւններն ու ջանքերը եւ յոյս յայտնեց, որ խելամիտ ու ճիշդ քաղաքականութեամբ նրանք կը կարողանան յաւերժ պահպանել հայութեան ներկայութիւնն ու լաւագուն աւանդոյթների շարունակականութիւնն այդ երկրում:

Քննարկուեցին նաեւ Հայաստանի հետ կապերի սերտացման, ինչպէս նաեւ նախարարութեան ամառային ծրագրերին համայնքի երիտասարդների մասնակցութեան հետ կապուած հարցեր:

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.