«Հայկական Լեռնաշխարհի Տեղն Ու Դերը Աստուածաշնչեան Աշխարհաքաղաքականութեան Մէջ»

 

Լուսանկարը՝ Գրքի հեղինակ Դաւիթ Բաբայեան

2015-ին «Ամարաս» հրատարակչատունէն լոյս տեսաւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահի բանբեր, պատմական գիտութիւններու թեկնածուի «Հայկական լեռնաշխարհի տեղն ու դերը Աստուածաշնչեան աշխարհաքաղաքականութեան մէջ» գիրքը:

Բազմաթիւ ժողովուրդներու եւ կրօններու  համար հայկական լեռնաշխարհի ծիսական եւ քաղաքակրթական դերին անդրադարձող, դիցաբանական, կրօնական եւ պատմական դրուագներ ու փաստեր ներկայացնող այս գիրքին խմբագիրներն են Աղասի Մկրտչեանն ու Ինգա Իոանիսեանը, իսկ էջադրումը կատարած է Գոհար Յովհաննիսեանը:

Համաշխարհային կրօններու եւ գիտական ուսումնասիրութիւններու մէջ տեղ գտած տուեալներ ներառող այս գիրքին աւարտին կ՛եզրակացուի, որ հայկական լեռնաշխարհը գաղափարական եւ գործնական մեծ նշանակութիւն ունի: Հեղինակը դիտել կու տայ, որ հայկական լեռնաշխարհը առ այսօր ոգեշնչման աղբիւր կը հանդիսանայ հայ ժողովուրդին համար, զայն կը սնուցանէ հոգեւոր ուժերով` կարելիութիւն տալով հայութեան հարիւրամեակներ շարունակ գոյատեւելու մեծ դժուարութիւններու եւ յաղթահարելու անյաղթահարելի թուացող ամէն տեսակ խոչընդոտ:

Ստորեւ կը հրատարակենք գիրքին նախաբանը` գրուած Զօրի Բալայեանի կողմէ:

Անհրաժեշտ Նախաբան

ԶՕՐԻ ԲԱԼԱՅԵԱՆ

davit babayan_62516

Իմ առջեւ է պատմական գիտութիւնների թեկնածու եւ քաղաքագէտ Դաւիթ Բաբայեանի ձեռագիրը` զարմանալի վերնագրով. «Հայկական լեռնաշխարհի դերն ու տեղը աստուածաշնչեան աշխարհաքաղաքականութեան մէջ»: Թեման հրապուրիչ է: Հետաքրքրեց ինձ: Եւ, հաւատարիմ սկզբունքիս, ես սկսեցի կարդալ ոչ մեծ աշխատութիւնը` մատիտը ձեռքիս: Իրօք, որեւէ մէկն արդեօք երբեւէ մտածե՞լ է, թէ ինչո՛ւ  Նոյն իր փրկիչ տապանը տարաւ հէնց դէպի Արարատ, կամ Աստուածաշնչի լեզուով ասած` «Արարատեան լեռներ», այլ ոչ թէ, ասենք որեւէ ուրիշ սարի գագաթ: Չէ՞ որ ջրհեղեղը համաշխարհային էր: Ինչո՞ւ Նոյը խարիսխ չնետէր, օրինակ, աշխարհի ամենաբարձր լերան` Էվերեսթի մօտ: Կամ Էլպրուսի, որը թէ՛ բարձր է Արարատից, եւ թէ՛ բոլորովին հեռու չէ Արարատեան լեռներից: Ի հարկէ, Նոյեան տապանի երթուղին եւ վերջնագծի տեղը ընտրել էր ինքը` Տէր Աստուած: Տապանի վրայ փրկուեցին ոչ միայն արդարակեաց Նոյն` իր ողջ ընտանիքով, այլեւ «ամէն տեսակ անասունից երկերկու հատ» (կայ եւ այլ ձեւակերպում` «ամէն մարմնից երկերկու հատ»: Այդ բարդ ու դժուարին ժամանակներում ամէն ինչ պարզորոշ մտայղացուած էր Աստծոյ կողմից: Իրօք, չէ՞ որ պէտք էր փրկել ոչ միայն բոլոր նրանց, որոնք գտնւում էին Նոյի տապանում, այլեւ անմիջապէս հաստատուել: Նոր կեանք ստեղծել: Ըստ էութեան, ստեղծել նոր մարդկութիւն: Եւ Տէր Աստուած չէր կարող չիմանալ, որ այդպիսի կենսատու, բերքառատ վայր էր այն տարածքը, որը կոչւում է Հայկական Բարձրաւանդակ: Աշխարհի բոլոր հանրագիտական բառարաններում կայ այդ պատմա-աշխարհագրական բառակապակցութիւնը:

Համառօտ խօսեմ Հայկական Բարձրաւանդակի բուն անուան, աշխարհագրութեան, տեղանուան եւ պատմութեան մասին: Այն իր անուանումն ստացել է` ելնելով նրանից, որ բարձրաւանդակի սահմաններում էր գտնւում հայ ժողովրդի կազմաւորման լայնածաւալ պատմական տարածքը: Դարերի խորքից սկսած մինչեւ մեր դարաշրջան Հայկական Բարձրաւանդակի տարածքում Հայաստանն ունեցել է բազմաթիւ անուանումներ Արմանում, Հայասա, Նայիրի, Ուրարտու պետութեան մաս, Մեծ Հայք, Փոքր Հայք, Արեւելեան, Արեւմտեան, Ռուսական, Դաշնակցական, Խորհրդային, Հայաստանի Հանրապետութիւն: Սակայն մշտապէս անփոփոխ է մնացել Հայկական Բարձրաւանդակի բուն տարածքը, որը հանդիսանում է աշխատութեան հեղինակ Դաւիթ Բաբայեանի գլխաւոր թեման:

Այդ տարածաշրջանն իրենից ներկայացնում է հզօր հանգոյց, որում ագուցւում են Փոքրասիական եւ Իրանական բարձրաւանդակների հիւսիսային եւ հարաւային շղթաները, որոնք կազմում են լեռնաշղթաների եւ ծռուածքների բարդ համակարգ: Իսկ, եթէ օգտուելու լինենք ժամանակակից տերմինաբանութիւնից, բուն գիւղատնտեսական տարածքն իրենից ներկայացնում էր ոչ միայն, ես կ՛ասէի «համեղ սեւահողի» անծայրածիր տարածքներ, այլեւ տուֆապազալթային ահռելի սարահարթեր: Սա արդէն շինարարութեան համար: Մօտ երկու հազար մեթր բարձրութեան վրայ ընկած անդունդներն ունեցել են ոչ յատակներ, որոնք սկիզբ են դրել քաղցրահամ ջրով շատ լճերի: Առաւել խոշոր լճերն են Վանը, Սեւանը, Ուրմիան:

Ինչպէս ընդունուած է նաեւ` Նոյի ժամանակներում Հայկական Բարձրաւանդակի շատ հատուածներ ծածկուած էին անտառներով: Դա արդէն «համեղ» էր դարձնում օդն ու ջուրը: Մի խօսքով, բոլորովին էլ պատահական չէր, որ Նոյը տապանը կառանեց հէնց բիբլիական լերան գագաթին, որը Հայկական Բարձրաւանդակի ամենաբարձր լեռն է (5165 մեթր)` 400 հազար քառակուսի քիլոմեթր մակերեսով: Միայն այդպիսի «համեղ», կենսատու տարածքի վրայով կարող էր թռչել բիբլիական աղաւնին` կեանքի խորհրդանշական ճիւղը կտուցին:

Դպրոցական նստարանից ենք յիշում, որ հեթանոսական Հին Յունաստանում, ինչպէսեւ Հայկական Բարձրաւանդակում կային բերքառատ տարածքներ, որոնք սրբազան էին համարւում: Քանզի այնտեղ հասարակ մահկանացուների հետ ապրում էին նաեւ հելլենական աստուածները` Զեւսի գլխաւորութեամբ: Սակայն այնտեղ անհնար էր տապան կառանել: Ջրհեղեղի ժամանակ ջուրը բարձրացել էր աւելի քան հինգ հազար մեթր: Իսկ Յունաստանի ամենաբարձր լեռը` Օլիմպոսը 2917 մեթր բարձրութիւն ունի: Այնպէս որ, ինչպէս գրում է հիանալի աշխատութեան հեղինակ Դաւիթ Բաբայեանը, «Աստծոյ նախախնամութեամբ» ապագայ մարդկութեան նախահայրերի հիմնաւորման վայրը պէտք է լեցուն լինէր կենսապահովման շռայլ հատուածներով:

Ըստ Բաբայեանի, իր թեմայի արծարծման գլխաւոր աղբիւր է հանդիսանում հէնց Աստուածաշունչը, որտեղ կան ե՛ւ Արարատեան լեռները որպէս կառանման վայր, ե՛ւ բարձրաւանդակում սկիզբ առնող գետերի վտակները, որտեղ կային բոլոր պայմանները նոր կեանքի համար: Դա նշանակում է, բնականաբար, որ ջրհեղեղից յետոյ մարդը ծնուել է միայն եւ միայն Հայկական Բարձրաւանդակում: Բնական է այն, որ Հայկական Բարձրաւանդակում ծնուած առաջին մարդը չէր կարող չիմանալ ամենագլխաւորի, ամենակարեւորի մասին. Տէր Աստուած խիստ պատժեց մարդկային ցեղը անհամար մեղքերի համար: Մարդկանց մեղքի մէջ ներքաշող սատանան հակահարուած չստացաւ: Դա արդէն այլ պատմութիւն է:

Աշխատութեան հեղինակը մի տեսակ նախազգուշաբար խոստովանում է, որ «առաջին հայեացքից կարող է տարօրինակ թուել «աստուածաշնչեան աշխարհաքաղաքականութիւն» հասկացութիւնը…»: Եւ բաւական տրամաբանօրէն բացում է թեման: Վերջիվերջոյ, «գէոն» դա հողն է, այսպէս ասած` տարածքը, իսկ «քաղաքականութիւնը», անկախ նրանից, որ շատ մեծ գլուխներ բաւական թունդ նշաւակում եւ այպանում են այդ հասկացութիւնը, այնուամենայնիւ, ցանկանում ենք, թէ ոչ, հազարամեակներ շարունակ, ըստ Չերչիլի, հանդիսացել է մարդկանց եւ պետութիւնների գործունէութեան համարեա անփոփոխ ոլորտ: Մինչդեռ մեր դէպքում, նկատի ունենալով Բաբայեանի աշխատանքը, ամէն ինչ շատ աւելի պարզ է. «Նոյի տապանը խարիսխ նետեց Արարատի գագաթին, որն ըստ էութեան Հայկական Բարձրաւանդակի կենտրոնն է»: Եւ լիովին բնական, տրամաբանական է, որ նոր կեանքը, նոր սերունդը կարող էին սկիզբ առնել միայն այնտեղ` Հայկական Բարձրաւանդակում:

Ես հաւատացեալ քրիստոնեայ եմ: Յարգում եմ բոլորին, ովքեր այլ կրօն են դաւանում: Խորապէս հաւատում եմ ոչ միայն տասը պատուիրաններից իւրաքանչիւրին, այլեւ Սուրբ Գրքի իւրաքանչիւր այլ բառին ու տողին: Դա նշանակում է` հաւատում եմ համաշխարհային ջրհեղեղի եւ Նոյեան տապանի պատճառին եւ էութեանը: Երբ երեւանեան իմ տան պատուհանից նայում եմ Արարատի գագաթին, ապա շօշափելիօրէն զգում եմ այն պահը, այն ժամանակը, երբ Նոյն իր ողջ ընտանիքով եւ տապանի ողջ «անձնակազմով» ցած իջաւ բիբլիական լերան հիւսիսային լանջով, մօտենալով դաշտավայրին, որը մինչեւ օրս կոչւում է Արարատեան: Եւ ահա այստեղ, սուրբ լերան ստորոտին, նրանց հայեացքի առջեւ բացուեց դրախտային մի անկիւն, որն անուանեց Նախիջեւան, այսինքն` «Մինչեւ վերջնական կանգառ, մինչեւ օթեւան»: Հետազօտող Դաւիթ Բաբայեանի կարծիքով, հէնց այդ տեղում են կնքուել պայմանագրերը: Աստծոյ եւ մարդկանց միջեւ:

Անմոռանալի Լէոնիդ Հուրունցը` Ղարաբաղի մասին բազմաթիւ գրքերի, «Իմ քաղցր Շոշուշեն» հիանալի վիպակի հեղինակը պատմում էր, թէ ինչպէս էր նենգամիտ գլավլիտը (պետական գրաքննութիւնը) անխղճաբար մկրատել ամբողջ էջեր` մետաքսատու վայրի հազարամեայ պատմութիւնից, որտեղ յայտնուել էր ղարաբաղեան լեգենդար Շոշուշեն կամ Շոշ գիւղը: Եւ Բաբայեանն իր աշխատութեան մէջ մանրամասն կանգ է առնում ե՛ւ Նախիջեւան, ե՛ւ Շոշ տեղանունների վրայ:

Հետաքրքիր է եւս մէկ արցախեան աշխարհագրական կէտի պատմութիւնը, որը գնում է ոչ թէ դարերի, ոչ թէ հազարամեակների խորքը, այլ երկու միլիոն տարուայ` նախանեանտերթալեան շրջանի: Դա Արցախի Հադրութի շրջանում գտնուող հռչակաւոր Ազոխի քարանձաւն է: Հէնց այստեղ է կրկին ծնուել կեանքը, կեանքը ջրհեղեղից յետոյ: Աշխատութեան հեղինակը փորձում է բացայայտել եւս մէկ թեմա: Խօսքը արդէն «նոր կեանքի» օրօք նոր կրօնների ստեղծման մասին է:

Ծանօթանալով Դաւիթ Բաբայեանի եզակի հետազօտական աշխատանքին` ակամայից մտորում ես եւս մէկ թեմայի շուրջ: Բոլորովին էլ պատահական չէր, որ հայերն առաջինն ընդունեցին քրիստոնէութիւնը որպէս պետական կրօն: Յիշենք, թէ ինչ կրքոտութեամբ, ինչ ծանր կորուստներով յաջողուեց հայերին պահպանել հաւատը Աւարայրի դաժան ճակատամարտում: Եւ կեանքը ցոյց տուեց, որ հէնց քրիստոնէութիւնն է դարերի ընթացքում փրկել հայ ժողովրդին: Ամենաողբերգական պայմաններում արդէն ինքը` Հայոց առաքելական եկեղեցին հայի մէջ պահպանեց հային: Եւ դա եղել է Հայկական Բարձրաւանդակում` մարդկութեան օրրանում: Առհասարակ, հէնց այդ մասին է «Հայկական լեռնաշխարհի դերն ու տեղը աստուածաշնչեան աշխարհաքաղաքականութեան մէջ» աշխատութիւնը:

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.