Ատրպէյճանական անօդաչու սարքը (drone) խորտակած Մելսիդա Յարութիւնեանը
«Մի քանի օր առաջ անօդաչու սարք էր յայտնուել զօրամասի վերեւում, մինչեւ մենք գործի անցնենք, Մելսիդան վերցրել էր զէնքը եւ մի քանի րոպէներ անց ոչնչացրել սարքը»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հիւսիս-արեւելեան հատուածի զօրամաս հասնելուն պէս սուրճի հրաւէր ենք ստանում: «Բանակի սուրճն ուրիշ է, այդ սուրճից ուրիշ տեղ չէք կարող փորձել», շտապում են շեշտել զինուորականները: Հիւրասիրութեան հրաւէրն ընդունում ենք:
Զօրամասի «գրադարան-շտապի» փոքր սենեակում տեղաւորւում ենք կողք կողքի: Զօրամասի ֆինանսական ծառայութեան պետ, գրադարանավար եւ միաժամանակ բուժքոյր Մելսիդա Յարութիւնեանը շտապում է սուրճ դնել եւ պատմում քառօրեայ պատերազմի առաջին օրուայ կատարուածի մասին:
«Ապրիլի 2-ի գիշերն արթնացանք կրակոցներից: Խուճապի չմատնուելով` կանանց եւ երեխաներին տարհանեցինք Ստեփանակերտ: Շատերի բարեկամներն էլ Երեւանում էին, այդ պատճառով Հայաստանից թաքսիներ պատուիրեցինք, մեր վարորդները բնակիչներին հասցրին Շուշի, որտեղ նրանց արդէն սպասում էին պատուիրուած մեքենաները,- պատմում է Մելսիդան:– Ամբողջ գիշեր ռմբակոծութիւնները չէին դադարում: Առաւօտեան վերջին բնակիչներին տարհանելուց յետոյ՝ ամուսնուս հետ շտապեցինք զօրամաս: Մեքենայ չկար. այդ պատճառով Մարտակերտից մինչեւ Մատաղիս ահագին տարածութիւն անցել ենք ոտքով, մինչեւ մեքենայի յայտնուելը»:
Արդէն մի շաբաթից աւելի է, ինչ Մելսիդայի անկողնուն փոխարինել է աթոռը, իսկ գլխատեղը սեղանն է: Չի բողոքում: Միակ խնդրանքը փոքր համարի զինուորական կօշիկներն են. «40 համարից փոքր կօշիկ չկայ: Նոյնիսկ մի քանի գուլպաներով հանգնելուց` մեծ են: Քայլելը դժուար է այս կօշիկներով, էլ չեմ խօսում վազելու մասին», ասում է նա:
Մելսիդան 91 թուականից մասնակցել է Արցախեան պատերազմին: Նա ե՛ւ հետախուզութեան է գնացել, ե՛ւ մասնակցել մարտերին, ե՛ւ օգնել վիրաւորներին: Նա մասնակցել է Շոշի, Շուշիի, Լաչինի, Քարվաճառի, Մարտակերտի ազատագրման մարտերին, 1,5 տարի կռուել Շահումեանում`ատրպէյճանցիների թիկունքում: Պատերազմի ժամանակ Մելսիդան 2 անգամ ծանր վիրաւորուել է, 3 անգամ կոնտուզիա ստացել: Նրա ճակատին փամփուշտից մնացած սպի կայ: Նրա մարմնից 24 բեկոր են հանել, որից 4-ը Մելսիդան ինքն է հանել «Եղնիկներում»: Երեք բեկոր էլ դեռ մնում է ազատամարտիկ կնոջ մարմնում:
Պայմանագրային զինծառայող Նորայրի ձեռքերն ականից վնասուել են, մի քանի օրով ուղարկել են զօրամաս ապաքինուելու: Տեղը տեղ չի տալիս, ուզում է շուտ գնալ ընկերների մօտ: Դէպքի մանրամասնութիւնները չի պատմում, տեսախցիկը տեսնելուն պէս՝ շրջւում է, ընկերներն ասում են, որ նկարուել չի սիրում:
«Մի քանի օր առաջ անօդաչու սարք էր յայտնուել զօրամասի վերեւում, մինչեւ մենք գործի անցնենք, Մելսիդան վերցրել էր զէնքը եւ մի քանի րոպէներ անց ոչնչացրել սարքը», պատմում է Նորայրը:
«Հրամանատարին խնդրեցի, որ թոյլ տայ դիրքեր բարձրանամ, չեմ կարող այստեղ հանգիստ նստել: Համ էլ տղաներին ոգեւորելու եւ թիկունք կանգնելու խնդիր կայ: Սակայն չթոյլատրեց: Յաջորդ օրը նորից մօտեցայ, այս անգամ ասաց` համբերիր,- խռովուած, բայց հրամանն օրէնք համարելով շարունակում է Մելսիդան,- ախր կիսատ մնացած գործը պիտի աւարտենք եւ մեզ պատկանող հողերն ազատագրենք: Այն ժամանակ չպէտք է ընդունէինք խաղաղութեան դաշինք, մենք պէտք է առաջ գնայինք, որ այսօր նման խնդիր չունենայինք, եւ մեր տղաները չզոհուէին առաջնագծում…»:
Մելսիդայի ամուսինը, ինչպես Մելսիդան է ասում, առաջին իսկ օրուանից իր հետ է: Նա Մարտակերտի ՀԷԿ-ի հսկիչն է, միաժամանակ ամէն ինչով օգնում է զօրամասում:
Ամուսինը հպարտութեամբ պատմում է, որ կինն Արցախեան պատերազմի ժամանակ ոչնչացրել էր տասնեակ ատրպէյճանցիների:
Մելսիդա Յարութիւնեանը պարգեւատրուել է «Մարտական ծառայութիւն» եւ «Շուշիի ազատագրման համար» մետալներով, «Մարտական խաչի» շքանշանակակիր է: Ստացել է կապիտանի կոչում:
Ամուսինները երեխաներ չունեն, բայց ճակատում կռուող բոլոր տղաներին իրենց զաւակներն են համարում:
«25 տարի է` ապրում եմ Արցախում, եւ 25 տարի բանակ գնացող-եկողներն իմ որդիներն են: Այստեղ իմը, քոնը չկայ: Աստուած ինձ այս ամբողջ բանակ երեխաներին է տուել, ու ես երջանիկ եմ դրանով», ասում է կին կապիտանը:
Սուրճը եռաց: Մելսիդան մատուցում է մեզ, հիւրասիրում նաեւ կոնֆետներով եւ քաղցրաբլիթով:
«Նոյն այս քաղցրաբլիթներն ու կոնֆետներն ուտում են նաեւ մեր սահմանը պահող զինուորները: Աստուած թող խնայի նրանց, դեռ շատ գործ ունենք… Խմէք սուրճը, իսկ յաջորդ անգամ սուրճ կը հիւրասիրեմ Պաքուում…», ասում է նա:
Լուսինէ Թեւոսեան
«Ապառաժ»