Յետ մահու պարգեւատրում նահատակ հայ սահմանապահ զինուորին


ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանը փետրուար 5-ին ստորագրած է հրամանագիր, որուն համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պետական սահմանը պաշտպանելու ընթացքին ցուցաբերած արիութեան համար ԼՂՀ պաշտպանութեան բանակի N զօրամասի զինուոր Սիմոն Ճավռշեանը յետ մահու պարգեւատրուած է «Մարտական ծառայութիւն» մետալով։

 20-ամեայ Սիմոն Ճավռշեան Փետրուարի 5-ի գիշերը ժամը 03.55-ին ԼՂՀՐ հարաւային սահմանին վրայ տեղակայուած սահմանադիրքին վրայ հակառակորդի կողմէ արձակուած կրակոցէն մահացու վիրաւորուած էր ապա մահացած:

 Փետրուար 8-ին, Շիրակի մարզի Արթիկի տարածքի Փանիկ գիւղին մէջ կայացաւ նահատաիկ Սիմոն Ճավռշեանի յուղարկաւորութիւնը, որուն ներկայ էին  ՀՀ Պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը, բարձրաստիճան զինուորականներ եւ գիւղի բնակչութիւնը։

 Յուղարկաւորութեան ընթացքին խօսք առնելով նախարար Օհանեան յայտնած է. «Մենք հրաժեշտ չենք տալիս Սիմոնին, Սիմոնը միշտ լինելու է մեր շարքերում: Նման մարդկանց յիշատակով է, որ մենք կերտում ենք մեր պատմութիւնը, գօտեպնդւում ենք այս դժուարին ժամանակներում և հենք ստեղծում՝ մեր ժողովրդի ապագայ առաջընթացն ապահովելու համար… Ի հարկէ, ամենածանրը այսօր Սիմոնի ընտանիքի համար է… Մենք միշտ ձեր ընտանիքի կողքին ենք…խոնարհւու՛մ եմ ձեր ընտանիքի առաջ: Դուք այն ընտանիքն էք, ովքեր չեն վարանել Սիմոնի եղբօրը ուղարկել ծառայութեան՝ 2012-2014, նա պատուով ծառայել է հայրենիքին: Նոյնպէս չէք վարանել ուղարկելու Սիմոնին: Ես խոնարհւում եմ Սիմոնի յիշատակի առջև: Թէկուզ նա զոհուել է դիպուկահարի կրակից, բայց նա ցոյց է տուել իր նուիրուածութիւնը, արիութիւնը: Մեր բանակը աչքի է ընկնում հայրենասիրութեան բացառիկ մակարդակով՝ Սիմոնի նման զինուորների ծառայութեան շնորհիւ: Խոնարհւում ենք նրա առջև: Մենք չենք կորցնում մեր ընկերներին: Նրանք մեր կողքին են»:

 Սէյրան Օհանեանը իր խօսքի աւարտին Սիմոնի հօրը փոխանցեց ԼՂՀ նախագահի հրամանով Սիմոնին շնորհուած մարտական ծառայութեան մետալը ապա համբուրեց զոհուած զինուորի ճակատը:

 

 

 


Leave a Comment

You must be logged in to post a comment.