Պաքուն Հայերից Պահանջում Է Զանգեզուրը


 

Պաքուն Հայերից Պահանջում Է Զանգեզուրը. Ի՞ր, Թէ՞ Քրտերի Համար. Ի՞նչ Է Կանգնած Ազրպէյճանի «Պատմական Կարօտախտի» Յետեւում

ՍԹԱՆԻՍԼԱՒ ԹԱՐԱՍՈՎ

Ազրպէյճանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի պատմութեան հիմնարկի փոխտնօրէն Ճապի Պայրամովը հանդէս եկաւ դաւադրութիւն պարունակող յայտարարութեամբ: Պատմաբանի խօսքով,1918թ. մայիսի 29-ին Երեւանը եւ յարակից հողերը հայերին փոխանցելու մասին Ազրպէյճանի ազգային խորհրդի ընդունած որոշումը պէտք է անվաւեր համարուի, քանի որ այն ժամանակ խորհրդարանն առանց ժողովրդի համաձայնութեան է որոշում ընդունել, հանրաքուէ չէր անցկացուել: «Ուստի այդ որոշումն անօրինական է եւ օրինականութիւն չունի», եզրափակում է Պայրամովը: Ազրպէյճանական Միլլի մեճլիսը (խորհրդարան) պէտք է նաեւ բարձրացնի այն որոշման հետ կապուած հարցը, «համաձայն որի», Զանգեզուրը (Հայաստանի հարաւարեւելեան նահանգը- հեղ.) փոխանցուել է հայերին, եւ չեղեալ համարի այն, քանի որ դրանք Ազրպէյճանի հողերն են ու այդ որոշումն անօրինական է»:

Պայրամովը նշել է, որ «ազրպէյճանական հողերը եւ «Կէյճայի յարակից բոլոր հողերը հայերին են փոխանցուել խորհրդային իշխանութիւնների ճնշման տակ», իսկ «Ազրպէյճանի ժողովուրդը լիիրաւ կարող է անօրինական համարել խորհրդային շրջանում մեր ժողովրդի դէմ գործած յանցանքները, յատկապէս` «հողերի փոխանցումը»: Վկայակոչելով միջազգային իրաւունքը`  պատմաբանը յայտարարեց, թէ Պաքուն «դրա լիակատար իրաւունքն ունի, Միլլի մեճլիսի պատգամաւորները պէտք է հանդէս գան նախաձեռնութեամբ, իսկ հարցի հետ կապուած` ազրպէյճանական ողջ ժողովրդի պահանջը պէտք է հաշուի առնուի»: Ի դէպ, Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւն աւելի վաղ` Ասթանայում Թուրքալեզու պետութիւնների համագործակցութեան խորհրդի 5-րդ գագաթնաժողովին ընդգծել է. «Ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլեւ Զանգեզուրը` հինաւուրց թուրքական երկրամասը, մեր բնիկ հողերն են: 20-րդ դարասկզբին Զանգեզուրի` Ազրպէյճանից բաժանմամբ եւ Հայաստանին փոխանցմամբ, փաստօրէն, խզուել է աշխարհագրական կապը ողջ թուրքական աշխարհի հետ»: Առաջին հայեացքից նման դատողութիւնները նորութիւն չեն: Ժամանակ առ ժամանակ ազրպէյճանցի քաղաքական գործիչները յիշատակում են Երեւանն ու Զանգեզուրը: Դեռեւս 2011թ. ամրանը, ելոյթ ունենալով Պաթումում կայացած «Վրացական ազրպէյճանցիների համարկումը հասարակութեան մէջ` վրաց-ազրպէյճանական համագործակցութեան պարունակում» խորհրդաժողովին, որն անցնում էր Ազրպէյճանի անկախութեան 20-ամեակին նուիրուած միջոցառումների շրջանակում, Ազրպէյճանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի պետ Ալի Հասանովն ասաց բառացիօրէն հետեւեալը. «1918-1920թթ. Հարաւային Կովկասում պետութիւնների ստեղծումը… իրականացւում էր միմեանց հետ համակարգուած ձեւով», եւ «այն տարիներին ազրպէյճանական ժողովուրդն իրենց պետութիւնն ու մայրաքաղաքը ստեղծելու նպատակով հայերին նուիրեց իր պատմական հինաւուրց Իրեւանի խանութիւնն ու Էրիվան քաղաքը»: Դաւադրութիւնն այլ բանում է` ինչո՞ւ Պաքուն հէնց հիմա է որոշել արդիականացնել այս հարցերը: Տուեալ պարագայում մենք մտադիր չենք պատմական լայն քննարկում ծաւալել: Նշենք միայն փաստերը եւ փորձենք որոշել դրանց նշանակութիւնը միջազգային իրաւունքի տեսանկիւնից: 1918թ. մայիսին Թիֆլիսում գործում էր Անդրկովկասեան սեյմը, որը բաղկացած էր այդ տարածաշրջանից Համառուսաստանեան հիմնադիր ժողովում` ըստ Անդրկովկասի կուսակցութիւնների ցուցակների ընտրուած պատգամաւորներից: Իրականում այն կազմուած էր Անդրկովկասի երեք հիմնական ազգային խմբերից: Սեյմից դուրս գործում էին այսպէս կոչուած ազգային խորհուրդներ` վրացական, հայկական եւ մուսուլմանական (ազրպէյճանական), որոնց մէջ մտնում էին ազգային կուսակցական ֆրակցիաների անդամներից շատերը: Անդրկովկասի սեյմը ճանաչուած չէր որպէս օրինական մարմին: Պոլիսը, կապ հաստատելով ազրպէյճանական ազգային խորհրդի հետ, «ցանկութիւն յայտնեց, ինչպէս եւ Պերլինը, որ Անդրկովկասը դիմի անկախութիւն յայտարարելու եւ կառավարման ձեւը փոխելու քայլին»: 1917թ. դեկտեմբերի 29-ին պոլշեւիկեան Ժողովուրդի կոմիսարների խորհուրդը հաստատեց Թուրքական (Արեւմտեան) Հայաստանի մասին համակարգը, որը ճանաչում էր Հայաստանի այդ մասի բնակչութեան ազատ ինքնորոշման իրաւունքը` ընդհուպ մինչեւ ամբողջական անկախութեան ձեռքբերում: Նրանում արձանագրւում էր, որ «Թուրքական Հայաստանի» աշխարհագրական սահմանները որոշւում են ժողովրդավարական հիմունքներով ընտրուած հայ ժողովրդի ներկայացուցիչների կողմից` յարակից եւ վիճելի (մուսուլմանական եւ այլ) շրջանների ժողովրդավարական հիմունքներով ընտրուած ներկայացուցիչների համաձայնութեամբ` Կովկասի հարցերով արտակարգ ժամանակաւոր կոմիսարի հետ», այսինքն` Ստեփան Շահումեանի: Այդ պատճառով դաշնակները (ՀՅ դաշնակցութեան ներկայացուցիչները) սեյմում հանդէս եկան Անդրկովկասի անկախութեան հռչակման դէմ` հաշուարկելով (ոչ առանց հիմնաւորման), որ պոլշեւիկները Թիֆլիսում յեղաշրջում կը կազմակերպեն ու կը լուծարեն սեյմը, քանի որ հակառակ դէպքում, սեյմում «Դաշնակցութիւն» ֆրակցիայի անդամ հանդիսացող Վրացեանի խօսքով, «Թուրքիան կարող է յետ չքաշուել դէպի 1914թ. սահմանները եւ չբաւարարուել Պրեսթի պայմանագրով արդէն ձեռք բերուած երեք շրջաններով»: Եւ, իրօք, այդ ժամանակ արեւելեան ուղղութեամբ նախապատրաստւում էր Պաքուի խորհրդի յարձակումը Թիֆլիսի վրայ, իսկ հիւսիսից մարտին պէտք է միանային Կարմիր բանակի զօրամասերը` Սերգօ Օրջոնիկիձէի գլխաւորութեամբ: Բայց այդ ժամանակ ամէն ինչ աւարտուեց նրանով, որ 1918թ. մայիսի 26-ին, ժամը 16.50-ին ռուսական թագաւորի կովկասեան փոխարքայի նախկին նստավայրում` Գոլովինեան պողոտայում, կայացաւ Վրաստանի Ազգային խորհրդի ժողովը, որտեղ ընդունուեց «Վրաստանի անկախութեան մասին» հռչակագիրը: Եւ նոյն օրը որոշումն ընդունուեց, բայց քուէարկութեան չդրուեց սեյմի նիստին, որն արդէն վերջինը դարձաւ: 1918թ. մայիսի 27-ին Անդրկովկասի սեյմի մուսուլմանական ֆրակցիան արտակարգ նիստ անցկացրեց ստեղծուած քաղաքական դրութիւնը քննարկելու համար: Որոշուեց ձեւաւորել ժամանակաւոր Ազգային խորհուրդ, որի ղեկավար ընտրուեց Մ. Է. Ռասուլզատէն` «Մուսաւաթ» կուսակցութեան կենտրոնական խորհրդի նախագահը, իսկ գործադիր կոմիտէի նախագահն անկուսակցական Ֆաթալի-խան Խոյսկին էր: 1918թ. մայիսի 28-ին կայացաւ Ազգային խորհրդի առաջին նիստը, որում ընդունուեց որոշում Ազրպէյճանի անկախ պետութիւն հռչակելու մասին: 1801թ. սեպտեմբերի 12-ին Ալեքսանդր Ա.-ը հրապարակեց մանիֆեստ` Վրաստանը Ռուսաստանին միացնելու մասին, այն դէպքում, երբ Պարսկաստանը, թէեւ ձեւականօրէն, մնում էր այդ եւ իր կայսրութեան մէջ մտնող այլ գաւառների գերագոյն աւատատէրը: Գիւլիստանի հաշտութեան պայմանագրում, որով աւարտուեց 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմը, ռուսաստանեան դիւանագիտութիւնն անհրաժեշտ համարեց նշել այդ գործօնը` բացի նրանից, որ Պարսկաստանը որպէս Ռուսաստանի սեփականութիւն ճանաչեց Գեանջայի (Գանձակի), Ղարաբաղի, Շիրվանի, Դերբենտի, Ղուբայի, Պաքուի, Թալիշի խանութիւնները, ինչպէս նաեւ «ողջ Տաղստանը, Վրաստանը` Շորագեալի գաւառով, Իմերեթիան, Գուրիան, Մենգրելիան եւ Աբխազիան»: Ինչ վերաբերում է Իրեւանի խանութեանը, ապա այն Ռուսաստանին է անցել աւելի ուշ` 1826-1828թթ. ռուս-իրանական պատերազմի արդիւնքում: 1918թ. յունիսի 4-ին Թուրքիան Հայաստանի հետ կնքեց Պաթումի պայմանագիրը: Հայկական տարածքը սահմանափակւում էր Էրիվանի եւ Էջմիածնի գաւառներով, ինչը կազմում էր 12 հազ. քառ. քմ` մօտ 1 միլիոն բնակչութեամբ: 1918թ. յունիսի 16-ին Թիֆլիսում ձեւաւորուած Ազրպէյճանի առաջին ժամանակաւոր կառավարութիւնը տեղափոխուեց Գեանջա, սակայն նախօրէին այստեղ ժամանած Նուրի փաշան որոշեց լուծարել ազրպէյճանական Ազգային խորհուրդը, որի անդամներից մէկի (կարելի է ենթադրել` Թուրքիայի-հեղ.) նամակում էլ առաջարկ էր պարունակւում` «Հայերին փոխանցել Էրիվանը»: Դա կա՛մ Ռասուլզատէի քայլն էր, կա՛մ նրա շրջապատից որեւէ մէկի` նպատակ ունենալով հայերին հրապուրել նախկին Ռուսաստանեան կայսրութեան, այլ ոչ թէ Թուրքիայի տարածքում ազգային պետութեան ստեղծման գաղափարով: Փաստը մնում է այն, որ հէնց Թուրքիան է ճանաչել Հայաստանը` որպէս ինքնուրոյն պետութիւն` Էրիվան մայրաքաղաքով: Այստեղից հարց է ծագում` ինչպէ՞ս կարելի է «նուիրել» այն, ինչը քեզ չի պատկանում, եւ ինչպէ՞ս միջազգային իրաւունքի դիտանկիւնից կարելի է քննարկել այս հարցը ազրպէյճանական Միլլի մեճլիսում, երբ այն Թուրքիայի որոշման հետ որեւէ առնչութիւն չունի: Ազրպէյճանի անկախութեան հռչակագրում (յօդուած 1) նշուած է. «Այսուհետ Ազրպէյճանի ժողովուրդները հանդիսանում են գերիշխան իրաւունքների կրողներ, եւ Ազրպէյճանը, որը բաղկացած է Արեւելեան եւ Հարաւային Անդրկովկասից, լիիրաւ, անկախ պետութիւն է»: 1918թ. իրողութիւնների համեմատ դժուար է որոշել, թէ պատմական, աշխարհագրական կամ աշխարհաքաղաքական ի՞նչ չափանիշներով է Ազգային խորհուրդը որոշել ու պատկերացրել Ազրպէյճանի ազգային տարածքային սահմանները: Յիշեցնենք, որ Ազրպէյճանի Ազգային խորհուրդը չէր ընտրուել համաժողովրդական հանրաքուէի միջոցով, այլ կազմուած էր 1917թ. աշնանն` այսպէս կոչուած կուսակցական ցուցակներով Ռուսաստանի հիմնադիր ժողովում ընտրուած այսպէս կոչուած մուսուլմանական ֆրակցիայի բազմաթիւ ներկայացուցիչներից: 1918-1920թթ. ընթացքում Ազրպէյճանում այդպէս էլ չյաջողուեց ազգային ընտրութիւններ անցկացնել: Այսինքն, իրաւական տեսակէտից, Ազգային խորհուրդը օրինական մարմին չէ, իսկ բուն պետութիւնը, միջազգային իրաւունքի տեսանկիւնից, ենթակայի որոշակի կարգավիճակ է սկսում ձեռք բերել միայն Ազրպէյճանի խորհրդայնացման նախօրէին, երբ այն Արեւմուտքի կողմից ճանաչուեց որպէս տէ ֆաքթօ պետութիւն: Նման ճանաչումը սովորաբար ժամանակաւոր բնոյթ է կրում, անցողիկ փուլ հանդիսանում տէ ժիւրէ ճանաչման ճանապարհին: Այժմ Զանգեզուրի մասին, որն արդէն խորհրդային տարիներին Հայաստանին փոխանցելը, Ազրպէյճանի նախագահ Ալիեւի խօսքով, «խզել է ողջ թուրքական աշխարհի աշխարհագրական կապը»: Իրօք, այն բանից յետոյ, երբ 1920 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանում հռչակուեց խորհրդային իշխանութիւնը, յաջորդ օրը Խորհրդային Ազրպէյճանի յեղափոխական կոմիտէն ազդարարեց Զանգեզուրը ձեւաւորուած Խորհրդային Հայաստանի կազմ մտցնելու մասին: Պատմաբան Պայրամովը համարում է, որ այս քայլն իրականացուել է «Խորհրդային իշխանութեան ճնշման ներքոյ»: 1920-ական թուականներին Մոսկուան, որը դաշինքի մէջ էր Քեմալ Աթաթիւրքի հետ, անկասկած, նկատելի ճնշում էր գործադրում Պաքուի եւ Երեւանի վրայ` Անդրկովկասում իրականացնելով կազմաւորումների վարչական տարածքային սահմանազատումներ, յատկապէս, ինչպէս գրել է Իոսիֆ Ստալինը «Ազգութիւնների կեանքը» թերթի 1921թ. հոկտեմբերի 3-ի համարում, «Խորհրդային հանրապետութիւնների հետ դաշնակից» երկրների յարակից սահմանների վերաձեւաւորման հարցում: Այն ժամանակ էլ նա հաղորդեց, որ Մոսկուայում քննարկւում է Անդրկովկասում Քիւրտիստանի Հանրապետութեան ստեղծման հարցը: Այնպէս որ, Զանգեզուրը դիտւում էր որպէս «քրտական միջանցք», այլ ոչ թէ` «պատուհան դէպի թուրքական աշխարհ»: Այդ եզրոյթն սկսեց կորցնել իր նշանակութիւնը «Քիւրտիստանը» միայն որպէս «քրտերի բնակութեան վայր» հասկացութեան ամրապնդմանը զուգընթաց: Բայց այսօր իրավիճակը կտրուկ փոխուել է: Ինչպէս գրում է ազրպէյճանական «Հակին.ազ» կայքէջը, «դարեր ի վեր սեփական պետականութեան երազանքով տոգորուած քրտերը շատ մօտ են իրենց պետութեան ստեղծմանը»: Հարցը սահմանների մէջ է: Եթէ խօսքը միայն Իրանական Քիւրտիստանի մասին է, դա այլ հարց է: Եթէ քրտական նախագիծը կ՛ընդգրկի Թուրքիայի արեւելեան վիլայէթները, ինչն արդէն չեն բացառում շատ փորձագէտներ, ապա Թուրքիան կը մասնատուի եւ Անդրկովկասի հետ սահմանին կարող է ի յայտ գալ նոր պետութիւն, որի հետ ստիպուած կը լինեն նոր համաձայնութիւններ կնքել սահմանային բաժանումների վերաբերեալ: Ճիշդ է, «Հակին.ազ»-ի կարծիքով, կայ նախագծի եւ այլ տարբերակ, որը նախատեսում է Թուրքիայի պաշտպանութեան հովանաւորութիւնը նոր ի յայտ եկած «քրտական ինքնավարութիւնների» նկատմամբ, որոնցով հանդերձ նա կը ձգտի դէպի Պաքուի սահմանները, բայց նաեւ` Անդրկովկասի երկրների միջեւ սահմանների եւ ողջ տարածաշրջանի աշխարհաքաղաքական համայնապատկերի փոփոխութեան միջոցով: Այս պարունակում նախագահ Ալիեւի կողմից Զանգեզուրի հարցը քաղաքական շրջանառութեան մէջ մտցնելը տրամաբանական երանգ է ստանում, այլ ոչ թէ լոկ յատկանշում` Պաքուի պատմական կարօտախտը:

«Ռեկնում»


Leave a Comment

You must be logged in to post a comment.