Թուրքիայի Խորհրդարանում 55 Տարի Անց Հայ Պատգամաւոր(Ներ) Կարող Են Լինել


Արդէն վերջնականապէս յայտնի է, թէ որ հայ թեկնածուներն են մասնակցելու յունիսի 7-ին կայանալիք Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի ընտրութիւններին: Խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար պայքարելու է 4 հայ թեկնածու` Թուրքիայում գործող երեք քաղաքական ուժերից` իշխող, չափաւոր իսլամամէտ Արդարութիւն եւ բարգաւաճում, ընդդիմադիր, քեմալական ժողովրդահանրապետական եւ քրտական ժողովուրդների ժողովրդավարական կուսակցութիւններից:

Թուրքական քաղաքական դաշտում նկատելի ազդեցութիւն ունեցող ուժերից միայն ընդգծուած ազգայնամոլական Ազգայնական շարժումը հայ թեկնածու չի առաջադրել: Հասկանալի պատճառներով: Իսկ հաւանականութիւնը, որ տասնամեակներ անց Թուրքիայի նոր խորհրդարանում կը տեսնենք 2 եւ աւելի հայերի, բաւական մեծ է: Մանրամասնենք:

Իշխող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը Պոլսի երկրորդ ընտրաշրջանի համար իր համամասնական ցուցակում 12-րդ տեղն է յատկացրել լրագրող, գրող, վերլուծաբան Մարգար Եսայեանին, ով յայտնի է իր իշխանամէտ կեցուածքով: Եսայեանն էլ իր մասնագիտական գործունէութեան արդիւնքում Թուրքիայի լայն շրջանակների համար ամենաճանաչուածն է հայ թեկնածուների շրջանում, ինչը նրա օգտին խօսող գործօններից է: Եսայեանը, ով նախկինում եղել է նաեւ «Թարաֆ» թերթի գլխաւոր խմբագիրը, այժմ «Ենի Շաֆաք» թերթի սիւնակագիրներից է,  զբաղւում է լրագրութեամբ:

Եթէ հայեացք գցենք նախորդ` 2011-ի ընտրութիւններին, ապա կարող ենք արձանագրել, որ Պոլսի երկրորդ ընտրատարածքից թուրքական խորհրդարան է անցել ԱԲԿ-ի 15 թեկնածու: Այսպիսով, նախընտրական քարոզարշաւի հետագայ յաջող ընթացքի եւ լուրջ ցնցումների բացակայութեան դէպքում ԱԲԿ-ն կարող է կրկնել իր նախկին յաջողութիւնը, ինչի արդիւնքում այս ուժը մեճլիսում հայ ներկայացուցիչ կ՛ունենայ:

Այս հարցում ԱԲԿ-ից փորձում է յետ չմնալ գլխաւոր ընդդիմադիր ուժը: «Ժողովրդահանրապետական» կուսակցութեան ղեկավարները որոշել են Պոլսի երկրորդ ընտրատարածքում համամասնական ցուցակի առաջին տեղը վստահել մասնաւոր մի ընկերութիւնում որպէս իրաւաբան աշխատող, ազգութեամբ հայ Սելինա Օզուզուն Տողանին:

Հետաքրքրական է, որ մինչ թեկնածուների ցուցակը յայտարարելը Տողանի անունը որեւէ կերպ չէր շրջանառւում թուրքական լրատուադաշտում: Խօսւում էր երկու այլ հայ «թեկնածութեան թեկնածուների»` Թալին Կազերի եւ Արեւիկ Ճեպեճիի մասին, որոնք, սակայն, վերջում թեկնածուի կարգավիճակ չստացան, իսկ Տողանը, ում անունը չէր նշւում, առաջադրուեց քեմալական կուսակցութեան ցուցակի առաջին հորիզոնականում, այն էլ` կարեւորագոյն շրջանում: Այսպիսով, Տողանը, ում ամուսինը Տինքի ընտանիքի փաստաբանն է, լաւ հնարաւորութիւն է ստանում շուրջ 55-ամեայ դադարից յետոյ դառնալ Թուրքիայի խորհրդարան մուտք գործած հայը/հայերից մէկը:

Համեմատութեան համար նշենք, որ նախորդ ընտրութիւններում Պոլսի երկրորդ ընտրատարածքում «ԺՀԿ»-ից խորհրդարան է անցել 9 հոգի, ընդ որում, ցուցակի առաջին հորիզոնականում եղել է կուսակցութեան նախագահ Քեմալ Քըլըճտարօղլուն:

Իսկ ահա քրտական Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցութիւնը, որի կազմում հայերը մեծ թիւ են կազմում, առաջադրել է 2 հայ թեկնածու` կուսակցութեան կենտրոնական գործադիր խորհրդի անդամ Կարօ Փայլանին եւ Մուրատ Մըհչըին: Փայլանը պայքարելու է Պոլսի երրորդ ընտրաշրջանում, Մըհչըն` առաջին: Փայլանը համամասնական ցուցակի երկրորդ տեղում է, Մըհչըն` 12-րդ: Փայլանի բարձր տեղը, սակայն, դեռ չի երաշխաւորում անցում խորհրդարան, քանի որ ոչ մեծ ընտրազանգուած ունեցող ԺԺԿ-ն խնդիր ունի, նախ, յաղթահարել Թուրքիայի խորհրդարանի 10 տոկոսանոց անցողիկ շեմը: Եւ միայն այդ շեմը յաղթահարելու եւ աւել ձայներ հաւաքելու դէպքում աւելի յստակ կը լինի հայ թեկնածուի կարգավիճակը:

Նախորդ ընտրութիւններին այս ընտրաշրջանից մէկ քիւրտ անկախ պատգամաւոր է ընտրուել, որը հետագայում դարձել է ԺԺԿ-ի անդամ` դառնալով այս քաղաքական ուժի` այս շրջանից միակ ներկայացուցիչը խորհրդարանում: Յաջող քարոզարշաւը կարող է հնարաւորութիւններ թողնել Թուրքիայի խորհրդարանում 3 տարբեր ուժերից 3 հայ պատգամաւոր տեսնելու համար:

Այս տեսանկիւնից Մըհչըի զբաղեցրած տեղը կուսակցութեան ցուցակում թոյլ կը տայ նրան խորհրդարան անցնել, կարելի է ասել, միայն հրաշքի դէպքում: Մըհչըի ընտրատարածքից քրտական կուսակցութիւնը խորհրդարանում միայն մէկ պատգամաւոր ունի: Այսպիսով, կարող ենք փաստել, որ բոլոր հայ թեկնածուներն էլ պայքարելու են Պոլսում` ընդ որում, Պոլսի բոլոր երեք ընտրաշրջաններում:

Երկրորդ ընտրատարածքում ներկայացուած են ԱԲԿ-ի եւ ԺՀԿ-ի հայ թեկնածուները, ինչը նշանակում է, որ նրանք միմեանց հետ մրցելու են նաեւ հայ համայնքի ձայների համար, իսկ առաջին եւ երրորդ ընտրատարածքներում, որտեղ եւս հայեր են բնակւում, պայքարելու են ԺԺԿ-ի թեկնածուները: Այնուամենայնիւ, պէտք է փաստել, որ 14 միլիոնից աւել բնակչութիւն ունեցող Պոլսում ապրող 50-60 հազար հայի ձայնը, կարեւոր լինելով հանդերձ, որոշիչ չի լինելու:

Այսպիսով, Թուրքիայի 25-րդ խորհրդարանում կարող ենք տեսնել մէկից աւելի հայ պատգամաւորների: Ի հարկէ, հայ պատգամաւորները թուրքական իրականութեան պայմաններում չեն կարող ընդգծուած հայամէտ/հայանպաստ քաղաքականութիւն վարել, սակայն, այնուամենայնիւ, պատգամաւորական լիազօրութիւնը կարելի է ներկայիս Թուրքիայում բնակուող հայերի որոշ խնդիրները լուծելուն ծառայեցնել:

Խորհրդարանում հայ պատգամաւոր/պատգամաւորներ ունենալը թուրքական պետութիւնը եւս կարող է ի շահ իրեն ծառայեցնել` միջազգային հանրութեանն ու կառոյցներին ցոյց տալու, որ երկրում դրական փոփոխութիւնները շարունակւում են, ինչի արդիւնքում տասնամեակներ անց հայերը կրկին կարող են տեղ զբաղեցնել թուրքական խորհրդարանում: Իսկ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի պարունակում Թուրքիան էլ աւելի ընդգծուած շեշտադրումներ կարող է անել եւ իր քարոզչական ու դիւանագիտական քայլերը կառուցել նաեւ հայ հնարաւոր պատգամաւորների շուրջ:

ԳԷՈՐԳ ՊԵՏՐՈՍԵԱՆ 

թրքագէտ

«Թուրքագիտական պորտալ»

 Յ. Գ. Միեւնոյն ժամանակ, թուրքական իշխանութիւնները, Եսայեանին Թուրքիայի խորհրդարանում պատգամաւորական աթոռ յատկացնելով, կարող են լրացնել իրենց` հայկական հարցում որդեգրած քաղաքականութեան այն բացը, ինչն առաջ եկաւ մինչ վերջերս Թուրքիայի վարչապետի գլխաւոր խորհրդականի պաշտօնը զբաղեցրած Էթիեն Մահչուփեանի գայթակղութեան պատճառած հեռացումից յետոյ:


Leave a Comment

You must be logged in to post a comment.