Մարտունիում սահմանափակ հնարաւորութիւններով շարունակւում են աշխատանքները
Կարինէ Դադամեան
Արդէն 8 ամսից աւելի է, ինչ շրջանում գործող բոլոր օղակներն աշխատում են հնարաւորութիւնների գերլարումով, իսկ հնարաւորութիւնները գնալով պակասում են: Սակայն, չնայած դժուարութիւններին, չենք վհատւում եւ անում ենք ամէն ինչ, որպէսզի ծայրայեղ ծանր ու պատասխանատու այս ժամանակահատուածում կարողանանք դիմակայել ու յաղթահարել օրէցօր աւելացող մարտահրաւէրները: Բաւականին լարուած գործունէութիւն է իրականացւում նաեւ շրջվարչակազմի կողմից:
Շրջվարչակազմի ղեկավար Յունան Հայրումեանն արդէն 5-րդ ամիսն է ղեկավարում շրջանում իրականացուող աշխատանքները: Մեզ հետ ունեցած զրոյցի ժամանակ անդրադարձել ենք առկայ վիճակին՝ շրջվարչակազմի ենթակայութեամբ գործող տարբեր ոլորտների գործունէութեան վերլուծութեամբ:
«Պաշտօնավարման շրջանն այնպիսին է, որ հենց առաջին օրուանից գնալով աւելի է խորացել երկրում ստեղծուած ճգնաժամը: Չենք հասցնում հիմնովին ուսումնասիրել եւ լուծում տալ առաջացած խնդիրներին, երբ առաջ են գալիս նոր, աւելի կարեւոր ու հրատապ խնդիրներ: Ստեղծուել է այնպիսի իրավիճակ, երբ բոլոր ուղղութիւններով ծաւալուն պայքար է մղւում՝ մեր քաղաքացիների համար առաջնահերթութիւն ունեցող հարցերի լուծման համար: Իսկ դրանք ամէնուր են ու տարաբնոյթ՝ կենսական նշանակութեան ապրանքների ապահովումից մինչեւ անվտանգային բովանդակութեամբ: Ընդհանուր առմամբ, շրջանի բնակչութիւնը շարունակում է ամէնօրեայ խնդիրները մասնակի լուծել՝ ելնելով առկայ հնարաւորութիւններից: Շրջափակումը եւ դրա հետեւանքով առաջացած կազի, էլեկտրաէներգիայի, դիզվառելիքի, բենզինի բացակայութիւնը ստիպեց նաեւ, որ պետական մարմինները սահմանափակ աշխատանքային գրաֆիկով իրականացնեն իրենց պարտականութիւնները», ներկայացնում է շրջվարչակազմի ղեկավարը:
Յ. Հայրումեանի խօսքով՝ կան մի քանի ուղղութիւններ, որոնք շուրջօրեայ հսկողութեան տակ են, այստեղ ամէնժամեայ աշխատանք է տարւում: Առաջնահերթ սննդամթերքով ապահովութեան համար իրականացուող աշխատանքներն են: Ընթացիկ գիւղատնտեսական տարում բաւականին լուրջ ներդրումներ են կատարուել տեղական գիւղմթերքով ինքնաբաւութեան համար: Բարեբախտաբար, չնայած արձանագրուած թերացումներին, իրականացուած գործունէութեան շնորհիւ այսօր մեր արտադրանքով կարողանում ենք լուծել մեր բնակչութեան սննդի հարցը՝ հացից մինչեւ բոստանաբանջարանոցային մթերք, միս ու կաթնամթերք, նաեւ զգալիօրէն օգնելով Ստեփանակերտում բնակուող մեր հայրենակիցներին: Ցաւօք, վառելիքի բացակայութիւնը զգալի ազդում է բերքահաւաքի կազմակերպման եւ բերքի տեղափոխման ու իրացման գործընթացին:
Բնակչութեանն ամենակարեւոր սննդամթերքով՝ հացով, ապահովման համար եւս մեծ աշխատանք է տարւում: Մարտունի քաղաքում գործում է «Աւանգարդ» ալրաղացը, որտեղ հասցնում են շատ դէպքում անմիջապէս դաշտից հաւաքած հացահատիկի բերքը, որպէսզի օպերատիւ կարողանան լուծել ալիւրի հարցը, որը մատակարարում են շրջանի հացաթխման կէտերին: Մշտական ուշադրութեան ներքոյ են մեր հացաթխման կէտերը, որոնց շրջվարչակազմն աջակցում է՝ ինչով կարողանում է՝ գեներատորով, ալիւրով, աղով, վառելիքով…: Համատեղ աշխատանքի շնորհիւ այսօր բնակչութիւնը սոված չի մնում, ինչի համար Յ. Հայրումեանն իր շնորհակալութիւնն է յայտնում բոլոր գիտակից ու նուիրուած մարդկանց, ովքեր ներգրաւուած են, տեսանելի կամ անտեսանելի են իրենց գործունէութեամբ: Հաշուի առնելով իրականացուած աշխատանքում ունեցած բարեխիղճ վերաբերմունքը՝ մի շարք անձինք դրամական խրախուսման են արժանացել շրջվարչակազմի ղեկավարի կողմից:
Նոյնը շրջվարչակազմի ղեկավարն անհրաժեշտ է համարում ասել հողի՝ հացահատիկի, բանջարեղէնի, այգիների մշակներին, անասնապահութեամբ զբաղուողներին, որոնց նոյնպէս հնարաւորութեան սահմաններում աջակցութիւն է ցուցաբերուել: Նրանք եւս մշտապէս ուշադրութեան կենտրոնում են: Գնալով գիւղատնտեսութեան ոլորտում աշխատանքները կազմակերպւում են խիստ սահմանափակումներով: Այստեղ օրէցօր աւելանում են խնդիրները՝ պայմանաւորուած նաեւ աւելացող սահմանափակումներով: Սկսած մշակութիւնից, մինչեւ բերքահաւաք, հակառակորդը փորձում է ամէն կերպ խանգարել: Հիմնականում վտանգուած են սահմանամերձ խաղողի, նռան այգիները, ցորենի դաշտերը: Գարու եւ ցորենի բերքահաւաքի ընթացքում հակառակորդը տարբեր զինատեսակներից կրակ է բացել աշխատող, խաղաղ բնակիչների ուղղութեամբ, բայց մեր ժողովուրդն, իր բնաւորութեան համաձայն, չի ընկրկել, շարունակել է իր աշխատանքը: Վտանգաւոր գօտիներում գտնուող ցորենի հունձը գրեթէ աւարտուել է, բայց առաջ են եկել այլ խնդիրներ` վառելիքի բացակայութեամբ պայմանաւորուած: Կան եգիպտացորենի դաշտեր, խաղողի, նռան եւ տարբեր այլ նշանակութեան այգիներ, որոնք մնացել են անմշակ: Այնտեղ չեն կարողանում անգամ բերքահաւաքը կազմակերպել: Տարին սկսուել է լուրջ վնասներ կրելով. երաշտից տուժել են դաշտերը, ինչի հետեւանքով ցորենի եւ գարու բերքատուութիւնն աննախադէպ ցածր է, իսկ բարձրադիր գօտիներում բերքը հասունացման պահին տուժել է կարկտահարութիւնից ու սելաւներից, եւ համարեա բերքահաւաք չի իրականացուել: Սակայն ողջունելի է, որ այս տարի մեր բնակչութիւնը մեծ ծաւալի բանջարաբոստանային մշակաբոյսեր է աճեցրել: Եւ պատահական չէ, որ Մարտունու շրջանի բերքը յայտնուել է ինչպէս Ստեփանակերտի, այնպէս էլ շրջանների շուկաներում: Պահի դրութեամբ խնդիր կայ բերքի տեղափոխման հարցում՝ վառելիքի բացակայութեամբ պայմանաւորուած: Այստեղ եւս՝ մի շարք տնտեսվարողներ խրախուսուել են շրջվարչակազմի կողմից:
«Շրջանում շատ լուրջ է նաեւ ջրի խնդիրը: Համայնքներ ունենք, որոնք օրեր շարունակ զրկուած են ջրամատակարարումից: Մարտունի քաղաքում եւ համարեայ բոլոր բնակավայրերում ջրի շուրջօրեայ մատակարարում չենք կարողանում ապահովել եւ այն կազմակերպւում է որոշակի պարբերականութեամբ: Ջրամատակարարումը լուրջ խնդիր է Թաղավարդ եւ Գիշի համայնքներում: Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների ժամանակ ջրամատակարարման կազմակերպման նպատակով ներդրւում են գեներատորներ, որոնց աշխատանքը միշտ չէ գոհացնող: Զուգահեռ մաքրւում են ջրհորները, որոնք տասնամեակներ շարունակ չեն մաքրուել», ներկայացնում է շրջվարչակազմի ղեկավարը:
Կենսական կարեւոր ծառայութիւններից մէկը՝ բուժապահովումը, կազմակերպւում է` ստեղծուած իրավիճակից ելնելով: Մարտունու շրջանային հիւանդանոցում շարունակւում է քաղաքացիների ընդունելութիւնը եւ հնարաւորութեան սահմաններում տրւում է մասնագիտական խորհրդատուութիւն, կատարւում ստացիոնար բուժումներ: Սակայն դեղորայքի պաշարն օրէցօր նուազում է: Ստուգումներ են իրականացրել համայնքների ամբուլատորիաներում եւ արձանագրել. քանի որ մէկ ամսից աւելի է` դեղորայքային որեւէ ապահովում չկայ, նկատւում է խիստ անհրաժեշտ դեղորայքի պակաս: Շրջվարչակազմի կողմից որոշում է ընդունուել եւ կազմուել հիւանդներին երեք՝ Մարտունի-Ստեփանակերտ, Բերդաշէնից եւ յարակից համայնքներից- Ստեփանակերտ, Ճարտար-Կարմիր շուկայ-Ստեփանակերտ ուղղութիւններով Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխելու գրաֆիկ:
Պետական հիմնարկ-ձեռնարկութիւններից բացի համարեայ բոլոր անհատ ձեռներէցներն ու սեփականատէրերն, ովքեր կենցաղսպասարկում եւ առեւտուր են իրականացնում, դադարեցրել են իրենց ձեռնարկութիւնների աշխատանքները: Առեւտրով զբաղուող կազմակերպութիւններն արդէն տեւական ժամանակ է գործունեութիւն չեն ծաւալում կամ իրականացնում են բաւականին սահմանափակ քանակով տեղական ապրանքների վաճառք, քանի որ ապրանք չկայ: Սպառում են բացառապէս բանջարաբոստանային կուլտուրաներ:
Շրջվարչակազմը մշտապէս աջակցում է բոլոր ոլորտներին՝ հնարաւորութեան սահմաններում:
«Վարանդաշին» ՓԲԸ-ի միջոցով որոշակի աշխատանքներ են կատարուել ճանապարհաշինութեան եւ բնակարանաշինութեան ուղղութեամբ, այդ թուում՝ աւտոճանապարհների պահպանման եւ շահագործման, բնակավայրերի արտաքին լուսաւորութեան ուղղութեամբ, որոնք տարբեր՝ առաջնահերթ՝ շինանիւթի եւ վառելիքի բացակայութեան պատճառով, այսօր արդէն լրիւութեամբ դադարեցուած են: Բայց ընկերութիւնը շարունակում է կանաչապատման, սանմաքրման աշխատանքները, աջակցութիւն ցուցաբերում տարբեր ոլորտների գործունէութեանը:
Որոշակի աշխատանքներ են կատարուել կրթութեան, սպորտի եւ մշակոյթի ոլորտներում: Ժամանակին կազմակերպուել են աւարտական եւ ընդունելութեան քննութիւնները, շարունակւում են մարզական միջոցառումները, դպրոցականների ամառային հանգիստը հետաքրքիր դարձնելու նպատակով անց են կացւում ճամբարներ, նաեւ շրջվարչակազմի ղեկավարի անմիջական հովանաւորութեամբ սովորողների համար էքսկուրսիաներ են կազմակերպուել դէպի պատմամշակութային եւ տեսարժան վայրեր, տեղի են ունեցել մշակութային միջոցառումներ՝ տօնական, յիշարժան օրերին նուիրուած ու այլ բովանդակութեամբ: Շուտով նոր ուսումնականը կը սկսուի, ուստի նախապատրաստական աշխատանքներն արդէն սկսուած են՝ ստեղծուած ծայրայեղ ծանր պայմաններում ուսումնական գործընթացը կազմակերպելու համար:
Չնայած հնարաւոր բոլոր միջոցների ներդրմամբ շարունակւում է գործունէութիւնը, շրջափակումն ամէնուր իր ցաւալի ու որոշող ներգործութիւնն է ունեցել, որը շարունակում է աւելի խորանալ: Շրջվարչակազմի կողմից ձեռնարկուած միջոցների շնորհիւ Հացի, Նորշէն, Եմիշճան, Կաղարծի, Պառաւաթումբ, Կոլխոզաշէն, Քերթ, Քարահունջ, Հերհեր, Կարմիր շուկայ եւ Թաղավարդ համայնքներում սկսել էր գործել ներշրջանային երթուղային հասարակական տրանսպորտ: Արդէն տեւական շրջան է՝ չեն գործում ինչպէս վերոնշեալ, այնպէս եւ մնացած երթուղիները, ինչը մեծ խոչընդոտ է հանրային կեանքի կազմակերպման, մեր քաղաքացիների ազատ տեղաշարժի համար:
Շրջվարչակազմի ղեկավարի կողմից դրամական միջոցներով ու պատուոգրերով խրախուսուել են տարբեր հիմնարկ-ձեռնարկութիւնների բարեխիղճ աշխատողներ, մարզական, մշակութային մրցոյթներում, օլիմպիադաներում առաջնակարգ տեղեր գրաւած եւ բարձր միաւորներ ստացած մասնակիցները, պարգեւատրուել են Մարտունի քաղաքի թոշակառու ուսուցիչները, մի շարք հիմնարկութիւններ ստացել են դրամական աջակցութիւն՝ առաջացած խնդիրների լուծման համար: Շրջվարչակազմի կողմից բարեգործական հիմունքներով իրականացուել են տարբեր միջոցառումներ:
Ստեղծուած իրավիճակով պայմանաւորուած՝ շրջվարչակազմի հաստիքացուցակում եւ շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքացիական ծառայութեան պաշտօնների անուանացանկում կատարուել են որոշակի փոփոխութիւններ:
«Վերոնշեալ եւ այլ խնդիրների շուրջ շրջվարչակազմում ամէնօրեայ քննարկումներ են անցկացւում, մտածում ու շատ դէպքում գտնում ենք լուծումներ, որոնք, ցաւօք, վերջնական չեն լինում, քանի որ աւելանում են նորերը: Ամէն դէպքում, ես հաւատում եմ մեր ժողովրդի հաւաքական ուժին, ողջախոհութեանը: Այո, անսահմանափակ չեն մեր հնարաւորութիւններն ու համբերութիւնը, բայց պիտի դիմակայենք, որ կարողանանք շարունակել ապրել: Իւրաքանչիւր բնակիչ՝ պաշտօնեայ, շարքային աշխատող ու քաղաքացի, պէտք է իր հնարաւորութիւններով կատարի առաւելագոյնը, աջակցութեան ձեռք մեկնի կարիք ունեցողին: Ես համոզուած եմ, որ այսպէս երկար չի մնայ եւ ամէն ինչ լաւ կը լինի», մեր զրոյցի վերջում ասել է շրջվարչակազմի ղեկավարը:
Comments are closed.