«Լարուած Տարի Էր ԼՂՀ Պաշտպանութեան Բանակի Համար». Սէյրան Օհանեան
ԵՐԵՒԱՆ.– 2014 թուականը Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան բանակին համար բաւական լարուած տարի էր, ըսած է Հայաստանի պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեան՝ խօսելով հայ-ատրպէյճանական սահմանի վերջին միջադէպերուն մասին: Լրագրողներուն հետ ունեցած զրոյցին ընթացքին ան յայտնած է, որ այդ լարուածութիւնը բնորոշուած է տարբեր տեսակի ներթափանցման-հետախուզական դէպքերով, եւ բանակին առաջադրանքը ո՛չ միայն պաշտպանական խնդիրներ լուծելն էր, այլ նաեւ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելը՝ յաճախ տարածքէն դուրս:
«Պատճառը պէտք է փնտռել այդ սադրանքների մէջ, եւ մեղքի մեծ բաժինը հակառակորդը պէտք է վերցնի իր վրայ: Այդ գործողութիւնները գաղտնիութիւն են պարունակում, դրա համար բաւարարուենք այնքանով, ինչ ես ասացի», դիտել տուած է նախարարը:
Ըստ անոր՝ «այսօր լարուածութիւնը մէկ բարձրանում է, մէկ իջնում: Նախկինում, եթէ պաշտպանութեան բանակի հատուածում նուազագոյնը լինում էր կրակոցների 35-50 դրուագ, այսօր կրակոցների թիւը հասնում է 170-200ի»:
«Հայկական կողմը միայն պատասխանում է դիպուկահարների կանոնաւոր կրակոցներին, անկանոն կրակոցներին ուշադրութիւն չենք դարձնում: Իսկ եթէ լինում են սադրանքներ, ապա դրանք կանխում ենք», յայտնած է նախարար Օհանեան: